Կան տոհմեր, որոնց ազգանվանը հանդիպելիս ազգային հպարտության զգացումով ես համակվում, սքանչանում նրանց վաստակած պատվով ու փառքով, արած գործերով, թողած ժառանգությամբ: Այդպիսին են Լազարյանները՝ հայ ազնվականական նշանավոր տոհմ ցարական Ռուսաստանում՝ հայտնի որպես մեծահարուստ բարեգործներ, հայ ազգային-ազատագրական շարժման, կրթամշակութային, հասարակական-քաղաքական, պետական, ռազմական գործիչներ: 1774 թ. Եկատերինա 2-րդ կայսրուհու հրամանագրով նրանց շնորհվել է ռուսական ժառանգական ազնվականի տիտղոս:
Գանք ակունքներից. Լազարյանների նախնիներն այս էլ հարյուր տարուց ավելի շան երախում հայտնված մասիսոտն Նախիջեւանի Դաշտ գյուղից էին: Տոհմի անվանադիրը՝ Ղազարի որդի Խոջա Մանուկը, Շահ Աբասի ժամանակներում՝ 1605-ին գաղթել է Իրանի Սպահան, 1656-ին հաստատվել Նոր Ջուղայի Դաշտ թաղամասում: Լազարյանները կարեւոր դեր են ունեցել Նոր Ջուղա հայկական ավանի, որն այժմ Սպահան քաղաքի թաղամասերից է, հայության կյանքում: Խոջա Մանուկի որդի Աղազարը Սբ Լուսավորիչ վանքում կառուցել է կուսանոց եւ մի շարք շինություններ: Լինելով մեծահարուստ վաճառականներ՝ Լազարյաններն առեւտրական լայն կապեր են ունեցել Ռուսաստանում եւ էապես նպաստել Պարսկաստանի տնտեսության զարգացմանը:
Իսկ Ռուսաստանում այս տոհմի հիմնադիրը Նոր Ջուղայի կառավարիչ եղած Աղազար Լազարյանն է, ով իր Հարություն եւ Մանուկ եղբայրների հետ ընկերություն է ստեղծել եւ առեւտրային կապեր հաստատել ռուսաց երկրի հետ: Նա 1747-ին տեղափոխվել է Աստրախան, ապա հաստատվել Մոսկվայում, այստեղ գնել եւ ընդարձակել է Ֆրյանովոյի մետաքսագործական ֆաբրիկան, որդու՝ Խաչատուրի կտակած միջոցներով կառուցել հայկական Սբ Խաչ եկեղեցին:
Առավել լայն ու ընդգրկուն են Աղազարի որդու՝ Հովհաննես Լազարյանի ազգային ու հասարակական-քաղաքական, գործարարական ու բարեգործական ձեռնարկումների շրջանակները: Նա հայ ազատագրական շարժման գործիչ էր, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական եւ արդյունաբերող-կալվածատեր: Մեծ հեղինակություն եւ համարում ունեցող այս հայորդին արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի հետ կազմել եւ ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պարոն Իվան Լազարեւի նոտան»՝ հայոց պետականության վերականգնման ծրագիրը՝ Ռուսաստանի հովանու ներքո:
Շռայլ ու առատաձեռն է եղել Հովհաննես Լազարյանն իր բարեգործական բնագավառում. սեփական միջոցներով դպրոցներ է բացել Թիֆլիսում, Նոր Նախիջեւանում, Գրիգորիուպոլսում, 1815-ին հիմնադրել է Մոսկվայի հանրահայտ Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոցը Ցարսկոյե Սելոյում, այժմ՝ քաղաք Պուշկին, կառուցվել են հայկական եկեղեցիներ Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում, այլուր: Նրան բարոնի եւ կոմսի տիտղոսներ է շնորհել Ավստրիայի Իոսիֆ 2-րդ կայսրը:
Տոհմի տարեգրության էջերում իրենց լուսավոր հետագիծն են թողել նաեւ Հովակիմ, Եղիազար, Խաչատուր Լազարյանները: Վերջինը մեծ ջանքեր է գործադրել Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու համար: Կազմել եւ ռուսական կառավարությանն է ներկայացրել «Մի շարք առաջարկներ Վրաստանի եւ հարակից երկրամասերի մասին» ծրագիրը՝ առաջարկելով Ռուսական կայսրությանը ենթակա Հայաստանի տարածքում ստեղծել Հայոց ինքնավար թագավորություն: Նրա հանձնարարությամբ կազմվել եւ Մոսկվայում ռուսերեն հրատարակվել է «Հայ ժողովրդի պատմության տեսությանը վերաբերող ակտերի ժողովածուն», որը հայ-ռուսական հարաբերությունների պատմության կարեւոր սկզբնաղբյուր է:
Խաչատուրի եւ Եղիազարի մահվամբ ընդհատվել է մեծահամբավ Լազարյանների արական ճյուղը: 1873 թ. կայսերական հատուկ հրամանագրով Լազարյանների ազգանունը փոխանցվել է Խաչատուր Լազարյանի դուստր Եղիսաբեթի ամուսնուն՝ իշխան Սիմեոն Դավթի Աբամելիքին, եւ Աբամելիքներն անվանվել են Աբամելիք-Լազարյաններ: Սակայն Սիմեոնի նույնանուն որդու մահվամբ մարել է նաեւ Աբամելիք-Լազարյանների շառավիղը՝ վերջակետելով փառահեղ այս տոհմի շուրջ երկդարյա փառավոր ընթացքի պատմությունը: