Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ Արցախի ժողովրդի իրավունքների մասին հիմնական բարձրաձայնողը պետք է լինի արցախցին՝ նաեւ ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխանած ընտրություններով ձեւավորված օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների միջոցով: Միջազգային կառույցներն ու մարմինները հակված են հիմնարար իրավունքների պաշտպանի դերում տեսնել հենց շահառուին՝ տվյալ ժողովրդին, քանի որ վերջինիս խոսքն ավելի ազդեցիկ է, քան միջնորդներինը:
Ներկայիս իրողություններում արցախյան գոյապայքարը թեւակոխել է մի փուլ, երբ գերխնդիր է դառնում հետագա գործընթացներում արցախցիների ձայնը լսելի դարձնելը՝ դրանից բխող, նրա սուբյեկտայնության բարձրացման օրինաչափ դրական հետեւանքներով: Միջազգային կառույցներում գործող կանոնակարգերը թույլ չեն տալիս չճանաչված պետություններին որոշակի իրավական գործընթացներ նախաձեռնել, եւ այդ բացը լրացնում են Հայաստանի Հանրապետությունն ու բարեկամ պետությունները, բայց մնացած բոլոր՝ հասարակական-քաղաքացիական հարթակներում Արցախի Հանրապետության ակտիվ գործողություններն այլեւս հրամայական են:
Վերոշարադրյալի համատեքստում խրախուսելի գործունեություն է ծավալել Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Օրերս նա Արցախի՝ արդեն երկու ամիս ձգձգվող շրջափակման պատճառով, տեսակապի միջոցով մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի խաղաղության հաստատման եւ մարդու իրավունքների ինստիտուտի կազմակերպած «Հայոց երկրորդ ցեղասպանության կազմակերպում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը եւ Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով քննարկմանը: Միջոցառման վերնագիրն արդեն միջազգային հանրությանն ամբոջականորեն ծանուցում է այն մասին, թե ինչ է կատարվում Արցախում, եւ որոնք են պաշտոնական Բաքվի հետապնդած նպատակները:
Վեբինարի մասնակիցներն էլ հասարակական-քաղաքական եւ գիտական աշխարհում հեղինակավոր մարդիկ էին, ինչը նպաստում է էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության մասին տեղեկություններն աշխարհին հասցնել: Բանախոսները եղել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը, Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման եւ մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը:
Այդ ձեւաչափի խողովակի միջոցով համաշխարհային հանրությանը տեղեկացվել է ոչ միայն ներկայում Արցախում ստեղծված իրավիճակի, այլեւ դրանց հիմնական խորքային պատճառների մասին, որոնք գալիս են պաշտոնական Բաքվի հայատյաց, էթնիկ զտումների միջոցով Արցախը հայաթափելու քաղաքականությունից: Քննարկմանը հնչեցվել է այն իրողությունը, որ Բերձորի միջանցքի փակումը միայն մի օղակն է Ադրբեջանի վարած պաշտոնական համակարգային քաղաքականության, որով Արցախում խախտվում են մարդու բոլոր հիմնարար իրավունքները՝ սկսած կյանքի իրավունքից:
Այս առումով բավականին ազդեցիկ եւ արդյունավետ էր նաեւ BBC «Hard Talk»-ին տված Ռուբեն Վարդանյանի ծավալուն հարցազրույցը: Դրա առանձնահատկությունն այն է, որ այդ հեռուստաընկերության լսարանը հիմնականում Անգլիայում է, բացի այդ, այն նախկինում աչքի էր ընկնում ադրբեջանամետ նյութերի հրապարակումներով: Պատահական չէր, որ հարցազրույցի ժամանակ վարողը Արցախի պետնախարարին ուղիղ հարցնում է արցախցիների՝ իրենց բնօրրանը լքելու մասին՝ օրինաչափորեն ստանալով բնական պատասխան՝ իր հազարամյակների բնօրրանում ապրելու Արցախի ժողովրդի անբեկանելի որոշման մասին:
Արցախում արցախցու ապրելու համար ընթացող պայքարի այս գործընթացներում վերեւում ներկայացված միջոցները, թերեւս, ամենակարեւորն են այս պահին: Դրանք աշխարհին արցախյան ճշմարտությունը հասցնելու կարեւոր գործիքներից են՝ հսկայական ռեսուրսներով ադրբեջանական կեղծիքի տարածմանն ի հակակշիռ: Բացի այդ, արտերկրում հնչող արցախցու խոսքին վաղ, թե ուշ ստիպված է լինելու պատասխանել հենց Բաքուն՝ որքան էլ ջանքեր թափի խուսափելու դրանից, ինչը կդառնա երկխոսության սկիզբ: