Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին վերամիավորելու պատմական ակտի ընդունման 100-ամյակին էր նվիրված «Կաճառ» գիտամշակութային կենտրոնի եւ Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանը, որին հրավիրված էին նախագահի աշխատակազմի պատասխանատուներ, դիվանագետներ եւ քաղաքագետներ, պատմաբաններ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ըստ «Կաճառի» ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանի՝ հիշյալ փաստաթուղթը որոշակի նախապատմություն ունի: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Ադրբեջանի հեղկոմն իր հայտարարությամբ (որոշմամբ) Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջեւանը ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս: Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության (դեկրետ) տեքստը հրապարակվեց ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական մամուլում: Սակայն իրադարձությունների հետագա զարգացումներն ի վնաս Հայաստանի՝ «անհնարին դարձրին» փաստաթղթի իրագործումը, եւ Թուրքիայի ճնշման տակ բռնազավթվեցին Հայաստանի անքակտելի մաս կազմող Արցախն ու Նախիջեւանը:
Գլխավոր բանախոսի համոզմամբ՝ 100 տարի անց չիրականացած խնդիրը մնում է վիճարկելի, ու արդիական, պատմական եւ իրական փաստերը բազմիցս են ապացուցել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հայկական հողերի զավթողական քաղաքականության, մշակութային ցեղասպանության, մշտական բնակավայրերից հայ բնակչության բնաջնջման ու տեղահանման հեռահար ծրագրի էությունը, ինչը գրեթե մեկ դար անց կրկնվեց Արցախի նկատմամբ: Այսօր էլ թշնամին շարունակում է իր «հանցավոր հաղթարշավը», կտրականապես ժխտում հայ ժողովրդի արդար եւ օրինավոր պահանջը:
Ադրբեջանի կողմից 100 տարի առաջ ընդունված դեկրետը, Մ. Հարությունյանի խոսքերով, իրավաքաղաքական նշանակություն ունեցող կարեւոր փաստ է, որ մեր գիտնականները, քաղաքագետներն ու դիվանագետները կարող են շրջանառել միջազգային հարթակներում եւ հետամուտ լինել խնդրի լուծմանը: «Այսօր մեր քննարկման նպատակը ոչ այնքան պատմական փաստն արձանագրելն է, որքան իրադարձության արժեւորումը եւ փաստաթղթի կիրառման հնարավոր միջավայրի ձեւավորումն ու լայն շրջանառումը,- կարծում է պատմաբանը:- Իսկ թե ինչ կարող է տալ մեզ այդ փաստաթուղթը ստեղծված այդ բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, գլխավորապես կախված է միջազգային հեղինակավոր կառույցների՝ քաղաքագիտական օբյեկտիվ գնահատականից: Մնում է այդ անհերքելի իրողությունը դարձնել «քաղաքական լիարժեք գործիքակազմ» եւ լծվել գործի»: Նրա կարծիքով՝ պայքարի համար անհրաժեշտ է դրսեւորել հետեւողականություն եւ համբերություն, ունենալ մշակված համապատասխան սցենարներ եւ առաջնորդվել հստակ ծրագրով:
Զուգահեռներ անցկացնելով 100 տարի առաջ տեղի ունեցած խարդավանքների եւ այսօր Արցախի ու Հայաստանի նկատմամբ հակառակորդի կողմից դրսեւորվող նկրտումների միջեւ, Մհեր Հարությունյանն ընդգծեց՝ շատ կարեւոր է, որ Ադրբեջանի հեղկոմի ընդունած հռչակագիրը (փաստաթուղթ) գտնվի հայ քաղաքագետների եւ դիվանագետների զինանոցում եւ «կիրարկվի» թե բանակցային գործընթացներում եւ թե միջազգային ամենատարբեր շրջանակներում: Ելնելով ժամանակի իրողություններից, նա կարեւոր է համարում նաեւ փորձագիտական այնպիսի կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, որտեղ մանրակրկիտ կուսումնասիրվեն Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման տարբերակները՝ հաշվի առնելով ինչպես 1992 թ. սեպտեմբերի 2-ին անկախության հռչակման մասին որոշումը, այնպես էլ 1920 թ. հունիսի 20-ին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ճանաչելու վերաբերյալ դեկրետը:
Քննարկվող հարցի շուրջ ներկայացնելով իր տեսակետը՝ ԱՀ նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Նելլի Բաղդասարյանը «ներկա իրողությունների համայնապատկերի մեջ» այնքան էլ լուրջ չհամարեց «միջազգային հանրության հետ հույսեր կապելը, որովհետեւ 44-օրյա պատերազմի ընթացքում զգացվեց, որ միջազգային կառույցները ցածր ընկալում ունեն Արցախում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, եւ, ինչպես ասում են, ինքներս պիտի հետեւողական լինենք Արցախի ճակատագրի հարցում»: Նրա համոզմամբ՝ «անկախ այն բանից, թե Արցախի կարգավիճակի հարցը որքան կձգձգվի եւ ինչպիսի լուծում կստանա, տարբեր սցենարների փաթեթներ պիտի ունենալ ձեռքի տակ եւ արդյունավետ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ»:
Արտաքին գործերի փոխնախարար Անուշ Դոլուխանյանը խոստովանեց, թե 1921 թ. հունիսի 12-ի պատմական հռչակագրի կիրառական նշանակության շուրջ դիվանագիտական կորպուսը՝ ի դեմս Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության, պիտի ավելի ակտիվացնի իր գործունեությունը եւ իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրի: Միեւնույն ժամանակ վստահեցրեց, որ «արտգործնախարարությունը որդեգրել է ակտիվ գործելու եւ այդ մասին երբեք չբարձրաձայնելու քաղաքականություն»: Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նա կարեւորում է մտավորականության պատկերացումները եւ կարծում, որ քննարկումների ու վճիռներ կայացնելու ժամանակ «անհրաժեշտ է հաշվի առնել մտավորականության կարծիքը»:
Համամիտ լինելով գործընկերների հետ՝ ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը ցավով նշեց, որ պատմությունը կրկնվում է, եւ դարձյալ թիրախում են հայտնվել Հայաստանն ու Արցախը: «Այսօր վտանգված են ոչ միայն Արցախի, այլեւ Սյունիքի սահմանները,– ասաց նա:- Այն ամենը, ինչ ձեռք էինք բերել 1992-1994 թթ. Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, փաստացի մեծ մասը կորցրինք: Խնդիրն այն է, որ անցյալից դասեր չենք քաղում: Տարածաշրջանում աշխարհաքաղաքական բարդ իրադարձություններ են ծավալվել, եւ մենք ժամանակին չենք կարողացել գնահատել իրավիճակն ու կանխել վտանգը: Անհրաժեշտ է, որ սթափվենք եւ համապատասխան հետեւություններ անենք մեր բացթողումներից, լինենք միասնական եւ նոր իրողությունների պայմաններում հստակեցնենք մեր անելիքները»: