Ձյան տեղումների ինտենսիվացմանը զուգահեռ Ադրբեջանը հերթական անգամ փակել է Հայաստանից Արցախ մտնող գազատարի փականը՝ ավելի խստացնելով արդեն երկու ամիս տեւող շրջափակման հետեւանքները եւ մեծացնելով հումանիտար աղետի ծավալները: Միջազգային հանրությանն ընկալելի լինելու համար արձանագրենք, որ էներգետիկ ճգնաժամում հայտնված Եվրոպայի համար գազի մատակարարման հարցում «փրկօղակներից» մեկը դարձած Ադրբեջանն իր ունեցած գազի ծավալների ողջ հզորություններն ուղղել է Արեւմուտք եւ դրան հակառակ խոր ձմռան խիստ եղանակային պայմաններում փակում է Արցախի 120 հազար բնակչի, այդ թվում 30 հազար երեխայի ջեռուցման աղբյուր գազի հոսքը:
Հայաստանից Արցախ մատակարարվող գազը ոչ միայն ջեռուցման եւ կենցաղային այլ նպատակներով է օգտագործվում, այլեւ տնտեսության կարեւոր բաղադրիչ է: Շրջափակմամբ Կաշենի եւ Դրմբոնի հանքավայրերի աշխատանքները կանգնեցնելուց հետո պաշտոնական Բաքուն գազի մատակարարումը դադարեցնելով՝ երկրորդ խոշոր հարվածն է հասցնում Արցախի տնտեսությանը, որն առանց այդ էլ 44-օրյա պատերազմից հետո ծանր վիճակում է: Այսօր արդեն Արցախում իրենց աշխատանքն են կորցրել 5000-ից ավելի քաղաքացիներ: Ադրբեջանի ղեկավարությունը հետեւողական քայլերով կաթվածահար է անում Արցախի Հանրապետության տնտեսությունը, վատթարացնում բնակիչների կենցաղային պայմանները, չեն գործում մանկապարտեզները եւ կրթական հաստատությունների հիմնական մասը, խիստ է բժշկական ծառայությունների մատչելիության հարցը:
Այլ կերպ ասած՝ 120 հազար արցախցի այսօր հումանիտար աղետի մեջ է, խախտված են քաղաքակրթությանը հայտնի մարդու բոլոր հիմնարար իրավունքները, իսկ աշխարհից համարժեք արձագանքն ուշանում է: Արցախցին իր հայրենի հողում ապրելու կամքով եւ վճռականությամբ փաստել է, որ Ադրբեջանը չի կարող նման մեթոդներով հայաթափել Արցախը: Արցախյան պատերազմները չստիպեցին արցախցիներին լքել իրենց հայրենի տները, ուր մնաց՝ շրջափակումը որեւէ ազդեցություն ունենա նրանց որոշման վրա, իսկ Ադրբեջանը շարունակում է իր սողացող էթնիկ զտման քաղաքականությունն ու դրան ուղղված հետեւողական, համակարգված եւ պլանավորած գործողությունները:
Արցախի ժողովուրդն ամուր կանգնած է իր հողին, եւ միակ ակնկալիքն իր իրավունքների պաշտպանության ուղղությամբ համապատասխան առաքելություն եւ գործառույթ ունեցող միջազգային կառույցների համարժեք արձագանքն է: Այս երկու ամիսներին Ադրբեջանի գործողությունները դատապարտող եւ Բերձորի միջանցքը բացելու հորդորների ու հայտարարությունների պակաս չի եղել, որոնք որեւէ կերպ չեն ազդել պաշտոնական Բաքվի գործողությունների վրա: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանին կարող է զսպել միայն հստակ պատժամիջոցների կիրառումը, իսկ միջազգային կառույցներն այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն անում, այն դեպքում, երբ ունեն գործիքակազմ, եւ ցանկության դեպքում այն գործի է դրվում, ինչպես անում են այսօր ՌԴ-ի դեմ կամ ինչպես արդեն 40 տարի կիրառում են Իրանի դեպքում:
Հերթական անգամ Արցախի գազամատակարարման խափանումը նման խնդիր ունեցող Եվրոպային ավելի ընկալելի եւ ակնառու է դարձնում այն հումանիտար աղետը, որում հայտնվել է Արցախի ժողովուրդը շրջափակման հետեւանքով: Բաքվի նման քայլերից հետո էլ հին աշխարհամասից պատժամիջոցներ չսահմանելը որեւէ կերպ ընկալելի չի լինի ոչ միայն արցախցիների, ողջ հայ ժողովրդի, այլեւ քաղաքակիրթ աշխարհի համար: Մյուս կողմից էլ՝ դա ուղղակիորեն կնշանակի մեղսակից լինել Ադրբեջանի՝ մարդկության դեմ իրականացվող հերթական հանցագործությանը: