Երեւանի՝ «Էրեբունի» թանգարանում տեղի ունեցավ «Էրեբունի» ֆիլմի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Ինչո՞ւ ստեղծվեց թանգարանը, ինչպե՞ս սկսվեցին «Էրեբունի» հնավայրի հետազոտությունները, ովքե՞ր էին հուշարձանի առաջին հետազոտողները: Այս եւ այլ մի շարք կարեւոր հարցերի պատասխաններ ստանալու համար շնորհանդեսին ներկա էին մշակույթի գործիչներ, հայ հնադարյան պատմությամբ հետաքրքրվողներ, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք, ովքեր իրենց գործունեությամբ աջակցել են այս կարեւոր թանգարանի աշխատանքներին, ֆիլմի կայացմանը։
Ֆիլմը նկարահանվել է «Արտիս ֆուտուրա» հիմնադրամի եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի (ՊՀԱԹ) համագործակցության արդյունքում: Մինչ շնորհանդեսի սկսվելը «Էրեբունի» ՊՀԱԹ տնօրեն Միքայել Բադալյանը հյուրերին ներկայացրեց անցած տարվա ընթացքում տարբեր հնավայրերում կատարած պեղումների արդյունքում հայտնաբերված որոշ նյութեր, որոնք այժմ ցուցադրվում են թանգարանի ցուցասրահներում։ Անդրադառնալով ֆիլմին՝ նա ասաց. «Այսօր մեզ համար մեծ պատիվ է բոլորիդ հյուրընկալել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարկի տակ։ Չափազանց ուրախ ենք, որ հրավերն այսպիսի լայն արձագանք գտավ։ Ուրախ եմ նաեւ, որ շնորհանդեսին ներկա են Երեւանի ավագանու անդամներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ՊՈԱԿ-ների ղեկավարներ, տուրիզմի բնագավառի ներկայացուցիչներ եւ այլք»։ Այնուհետեւ տեղեկացրեց՝ այս տարվա ընթացքում թանգարանը շատ հաճելի անակնկալներ է ներկայացնելու մեր ժողովրդին, զբոսաշրջիկներին։ Նշեց նաեւ՝ մեծ ծրագիր են նախատեսել «Արտիս ֆուտուրա» հիմնադրամի հետ։ Խոսելով թանգարանի ստեղծած գիտահանրամատչելի ֆիլմերի մասին՝ մասնավորապես ասաց. «Ներկայացվող ֆիլմը «Էրեբունի» թանգարանի մասին է, եւ ներկայացված են փաստեր, որ շատերի համար առաջին անգամ են հայտնի դառնալու»։ Շնորհակալություն հայտնեց հիմնադրամի նախագահ Արաքսյա Մուշեղյանին, ով նույնպես ներկա էր, Երեւանի քաղաքապետարանին, որի հատկացրած դրամաշնորհի շնորհիվ փոխվել է թանգարանի Ֆոնդը։ Արդեն ունեն նոր գրադարան, նոր խոհանոց, հագեցած լաբորատորիա, վիրտուալ ակնոցներ, ապահովված է ամրոցի լուսավորությունը եւ այլն։
Հնագիտական մեծ ծավալի պեղումներ են կատարվել Կարմիր բլուրում, նախատեսում են Շենգավիթի հնավայրում ստեղծել վիրտուալ սրահ եւ բազում այլ աշխատանքներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը կարեւորեց Երեւանում գտնվող ուրարտական հնավայրերի դերը զբոսաշրջության զարգացման գործում՝ նշելով, որ դեռեւս շատ բան բացահայտված չէ։ Իսկ ներկայացվող ֆիլմն այդ բացերը լրացնելու հրաշալի միտում ունի։ Կարեւորեց «Էրեբունի» թանգարանում կատարված եւ ապագա անելիքները, եւ այն, որ յուրաքանչյուր այցի ընթացքում նոր առաջընթաց է տեսել։ Ներկայացնելով Երեւան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանին՝ Մ. Բադալյանը նշեց, որ նա իրենց թանգարանի լավագույն բարեկամներից է եւ մշտապես աջակցում է։ Հ. Միրզոյանն իր խոսքում նշեց, որ «Էրեբունին» բարձր ազգային-մշակութային արժեք ներկայացնող կենտրոն է, եւ իրենց պարտքն է մեծ ուշադրություն դարձնել այս օջախին։ Առավել կարեւորեց, որ թանգարանն իր տնօրենի գլխավորությամբ, բացի Հայաստանի գործընկերներից, գիտական կառույցներից, անհատներից, համագործակցում է նաեւ արտերկրի հեղինակավոր կառույցների հետ, եւ բավական լուրջ ծրագրեր են իրականացվել, որոնք լինելու են շարունակական։ «Արտիս ֆուտուրա» հիմնադրամի նախագահ, հայտնի ճարտարապետ Գ. Մուշեղյանի դուստրը՝ Արաքսյա Մուշեղյանը, ասաց, որ սիրով է աջակցել թանգարանի ցանկացած ծրագրի, ինչպես նաեւ ներկա ֆիլմի ստեղծմանը։ Կարեւորեց «Էրեբունիի» դերը, որ թանգարանն առավել ներկայանալի եւ ճանաչված լինի այսուհետ եւ՛ մեր երկրում, եւ՛ Հայաստանից դուրս։
Ելույթներից հետո կայացավ ֆիլմի ցուցադրությունը։ Մոտ 15 րոպե տեւողությամբ գիտահանրամատչելի ֆիլմում թանգարանի տնօրեն Մ. Բադալյանը ներկայացնում է նախ Ուրարտու պետության կայացումը, նրա հզորացումն ու անկումը եւ 400 տարիների ընթացքում կատարած շինարարությունների, թողած մշակութային արժեքների մասին։ Այս հարցում շատ կարեւորեց Քերթողահայր Խորենացուն, ով մեր պատմագրության մեջ առաջինն է անդրադարձել հայկական այս պետության պատմությանը։ Անդրադարձավ դեռեւս 19-րդ դարում հայտնի ուրարտագետ ու սեպագիր արձանագրություններ ուսումնասիրող գիտնականների գործունեությանը, նոր հայտնագործություններին։ Ֆիլմում ներկայացվում է նաեւ «Էրեբունի» թանգարանի ստեղծման պատմությունը, այն անձանց, ովքեր կատարել են պեղումներ, տարածքում հայտնաբերել սեպագիր արձանագրությունները, որոնց մեջ առավել կարեւորվում է Երեւանի ծննդյան վկայականի հայտնությունը, որ պեղումների արդյունքում գտել է մասնակից ուսանողներից մեկը։ 10 տողից բաղկացած արձանագրությունը վերծանվել է հետեւյալ տեքստով.
(1) Խալդիին՝ տիրոջը, այս տունը
(2) Արգիշթին Մինուայի որդին
(3) կառուցեց (նաեւ) բերդ հոյակապ.
(4) դրեցի Էր(ե)բունի անունը,
(5) Բիայնի երկրների փառքի համար,
(6) թշնամիներին ի սարսափ։
(7) Խալդյան մեծությամբ
(8)Արգիշթին Մինուայի որդին
(9) թագավոր (է) հզոր, թագավորը՝ Բիայնիլի երկրների
(10)տերը՝ Տուշպա քաղաքի
Ֆիլմում ներկայացված է նաեւ, թե ինչ մեծ շուքով է 1968 թ. նշվել Երեւանի 2750-ամյակը, եւ կայացել թանգարանի բացումը։ Գտնված սեպագիր արձանագրությունը նաեւ նշում է մեր մայրաքաղաքի անունը՝ Էրեբունի-Երեւան։ Ֆիլմի վերջում թանգարանի տնօրենն ընթերցում է մուտքի դիմաց գրված խոսքը. «Էրեբունի-Երեւանը 1968 թվին բոլորեց ի 2750 տարին։ Ի նշանավորումն այս հոբելյանի՝ մենք՝ նորօրյա երեւանցիներս, որ կոչվում ենք հայ, նորոգեցինք մեր նախնիների ձեռքով հրաշակերտած կառույցները եւ ի պահպանումն նվիրական մասունքների, հիմնարկեցինք սույն թանգարանը։ Հարգանք մեր վաղնջական նախնյաց եւ մեր հավատալիր ողջույնը գալիք սերունդներին»։