Արցախյան 2020 թ. աշնանային 44-օրյա կամ չորրորդ (ելնելով նախկին ռազմական բախումների տրամաբանությունից՝ 1918-20, 1991-94 եւ 2016 թթ. ) պատերազմի ընթացքում եւ դրանից հետո լրջագույն շատ փորձագետներ օրինաչափ հարց էին բարձրացնում, թե ինչու Ռուսաստանը, որպես Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, չի դատապարտել Ադրբեջանի կողմից 1994 թ. մայիսի 12-ի կրակի անժամկետ դադարեցման մասին համաձայնագրի խախտումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի նկատմամբ ագրեսիայի կիրառումը: Բայց պարտավոր էր դա անել, ինչպես պարտավոր էին անել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները: Այս մասին գրում է «russia-artsakh.ru»-ն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի հարցով 1992-1996 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՌԴ դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատակից, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ռուս ամենահեղինակավոր փորձագետ Վլադիմիր Կազիմիրովը 2020 թ. նոյեմբերի 26-ին «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակած հոդվածում գրեց, որ «հակամարտության կողմերից ու միջնորդներից եւ ոչ մեկը չի բարձրացրել հարցը, թե ով է խախտել զինադադարը Լեռնային Ղարաբաղում»:
«Տարօրինակ է, որ հակամարտության կողմերից կամ միջնորդներից եւ ոչ մեկն այդպես էլ չբարձրացրեց կարեւորագույն հարցը, թե ով է խախտել 1994 թ. մայիսի 12-ի զինադադարը: Չէ՞ որ այն գործողության ժամկետ չուներ, անժամկետ էր, ինչպես միջազգային շատ փաստաթղթեր: Մեզ համար անընդունելի է անտարբեր դառնալ զինադադարի խափանման նկատմամբ, եւ ոչ միայն այն պատճառով, որ դրան Ռուսաստանն էր հասել։ Խափանվել է մի կարեւոր միջազգային պայմանագիր, որի պատճառով հազարավոր մարդիկ են զոհվել, երկու անգամ ավելի շատ՝ վիրավորվել, տասնյակ հազարավորները փախել են, ավերածություններն անասելի են։ Բաքուն թաքցնում է իր կորուստները՝ հաջողությունը չստվերելու համար։
Հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են երկրորդ պատերազմն սկսելու համար։ Բայց այստեղ զգալի տարբերություններ կան. խոսքը ոչ թե առանձին միջադեպերի կամ կրակոցների մասին է, որոնք կարող են տեղի ունենալ պատահաբար, այս կամ այն կողմի մեղքով (միջնորդները համառորեն հենց հետաքննության էին ձգտում), այսինքն՝ ոչ թե տեղային դրվագի, այլ շփման ողջ գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման մասին։ Ուստի կասկած չկա, որ երկրորդ պատերազմը՝ ռեւանշը, նախաձեռնեց Ադրբեջանը: Ռեւանշը հանկարծակի չի լինում, ժամանակին եւ համատարած նախապատրաստություն է պահանջվում»,- նշել էր Կազիմիրովը:
Հիշեցնենք նաեւ, որ պատերազմի սկզբից ՏԱՍՍ-ը ներմուծել է (եւ շարունակում է օգտագործել այսօր) «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվեց սեպտեմբերի 27-ին» ձեւակերպումը, որը հավասարեցնում է ագրեսորին եւ պաշտպանին, մթագնում է բնական հարցը՝ իսկ ո՞վ խախտեց 1994 թ. մայիսի 12-ի կրակի անժամկետ դադարեցման մասին պայմանագիրը եւ սկսեց ագրեսիան։
Ըստ էության, համանախագահող երկրներից միայն մեկը՝ Ֆրանսիան, դատապարտեց ագրեսիան, թեեւ դա արեց ուշացումով՝ պատերազմի ավարտից եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից երկու շաբաթ անց։
ԱՄՆ-ի դիրքորոշումը կարելի է բացատրել տարածաշրջանում Ռուսաստանին «գերազանցելու» ցանկությամբ՝ հենվելով ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիայի եւ իր մյուս քաղաքական դաշնակցի՝ Մեծ Բրիտանիայի վրա, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի եւ լիովին օգտվել է այդ իրավունքից Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախապատրաստման ժամանակ։
Բայց ինչո՞ւ է լռել Կրեմլը, որը 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրի նախաձեռնողն էր։ Դեսպան Վլադիմիր Կազիմիրովը բազմիցս տարակուսանք է հայտնել այդ առնչությամբ։ «Շատ անշնորհք է չնկատել, չճանաչել կամ թաքցնել զինադադարի տապալման եւ մարդկային կորուստների առատության «հեղինակին»։ Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, առավել եւս՝ Ռուսաստանի համար: ՌԴ-ն հասավ եւ ապահովեց այդ զինադադարը: Միջնորդների համար կա աքսիոմ՝ չեզոք լինել հակամարտության կողմերի նկատմամբ։ Բայց կա եւս մեկը՝ ծառայել ճշմարտությանը, չթաքցնել այն։ Իսկ այստեղ նույնիսկ հակամարտության տարածաշրջանից հեռու գտնվող Ֆրանսիայի ու Բելգիայի խորհրդարանականները, նշելով այդ զինադադարի փաստը, խոստովանել են, որ հենց Ադրբեջանն է սկսել Ղարաբաղում այս պատերազմը, եւ նրան ագրեսոր են անվանել։ Իսկապե՞ս Ռուսաստանի համար այդքան դժվար է հասկանալ, թե ով ինչում է մեղավոր: Այլ ոչ թե առեղծվածային կերպով լռել»,- Կազիմիրովի խոսքերը մեջբերել է «regnum.ru»-ն:
Կրեմլն այդ ժամանակ լռում էր՝ բերանը ջուր առած: Ըստ Կազիմիրովի բնորոշման՝ «լռում էր խորհրդավոր կերպով»:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2023 թ. փետրվարի 2-ի իր հայտնի հարցազրույցում բավական հստակ պատասխանում է 1994 թ. մայիսի 12-ին անժամկետ հրադադարի վերաբերյալ համաձայնագրի խախտման հեղինակի մասին դեսպան Վլադիմիր Կազիմիրովի հարցին։
Հարկ է նշել, որ պատերազմի ընթացքում ու դրանից որոշ ժամանակ անց Ադրբեջանը անընդհատ մատուցում էր այն սուտը, որ զինադադարը խախտել է Հայաստանը, իսկ ինքը պաշտպանվել է եւ դիմել հակահարձակման: Սակայն ավելի ուշ Ալիեւը չդիմացավ գայթակղությանը եւ բառացիորեն հայտարարեց, որ պատերազմն ինքն է սկսել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի «հանելուկային լռությանը», ապա Մոսկվան, կանգնելով Բաքվի կողքին, իր դաշնակցի թշնամուն զենքի մատակարարմամբ խախտելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը՝ ըստ էության, ակնհայտ դարձրեց, որ իր խնդիրը ոչ թե զինանադարը խախտողին գտնելն է, այլ Ադրբեջանի հաղթանակի ապահովումը: Ահա եւ ՌԴ-ի լռության իրական պատճառը, որն ամբողջությամբ, իհարկե, ընկալվել է մեր երկրում: Այլեւս ոչ ոք պատրանքներ չունի, թե համապատասխան պայմանագիր ստորագրած Ռուսաստանը, օրինակ, ինչու չէր փակել Հայաստանի երկինքը, որտեղ ազատ տնօրինում էին Ադրբեջանին պատկանող թուրքական ու իսրայելական անօդաչու թռչող սարքերը: Իսկ միգուցե հայ-ռուսական «օդային» պայմանագիրը ստորագրվել էր հենց այն բանի համա՞ր, որ մեր պետության երկինքը զրկված լինի հակաօդային պաշտպանությունից դրա անհրաժեշտության դեպքում…
Պատմությանը, սեփական երկրի ստորագրած կարեւոր փաստաթղթերի էությանը չտիրապետող ՌԴ արտգործնախարարը, թերեւս, այդպես էլ չհասկացավ, որ նման կերպ նույն ռուսական հասարակայնության մեջ խորացնում է այն բանի գիտակցումը, որ հաճախ «հանելուկային լռությունը» սեփական ամոթը թաքցնել փորձելու միջոց է: