«Ազգերի պատմությունը գրվում է ցեղի արյունով եւ ոգու տանջանքով, բայց ո՛չ` ժողովրդի քրտինքով եւ հացի ժխորով»։
Հայկ Ասատրյան
«Թեքեյան» կենտրոնում «Վերելք» միության նախաձեռնությամբ անցկացվեց հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա, Հայկական ցեղային շարժման գլխավոր գործիչներից՝ Գարեգին Նժդեհի գաղափարակից ու խորհրդական Հայկ Ասատրյանի 123-ամյակին նվիրված միջոցառում: «Հայկ Ասատրյանի խորհուրդները» խորագիրն էր կրում քաղաքական քննարկումը, որին ներկա էին նշանավոր հայի գաղափարներով, գործունեությամբ, կյանքի պատմությամբ հետաքրքրվող մտավորականներ, երիտասարդներ։ «Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը ողջունեց ներկաներին, տեղեկացրեց, որ հանդիպումը Հայկ Ասատրյանի գործունեության, նրա գաղափարների, իրականացված եւ չիրականացված ծրագրերի քննարկում է լինելու։ Ներկայացրեց Հ․ Ասատրյանի կենսագրությունը։
Հայկ Ասատրյանը ծնվել է 1900 թ. փետրվարի 5-ին Ալաշկերտի գավառի Երից գյուղում։ Արմատները Տարոնից են։ 8 տարեկանում կորցրել է հորը (հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր) եւ քրոջ ու եղբոր հետ մնացել մոր խնամքին։ Սկզբնական կրթություն է ստացել ծննդավայրում, որն ավարտելուց հետո համալրել է ՀՅԴ աշակերտական միության շարքերը։ Այնուհետեւ ուսումը շարունակել է Երեւանի թեմական դպրոցում։ Հայկ Ասատրյանը՝ որպես պատգամավոր աշակերտական կազմակերպությունից, մասնակցել է ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովին։ 1918-1919 թթ. նրա ջանքերով Երեւանում լույս է տեսնում ՀՅԴ աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը։ Մասնակցել է 1921 թ. փետրվարյան ապստամբությանը, ապա ձերբակալումից ազատվելու համար հաստատվել է Թավրիզում, այստեղ է եկել նաեւ Նժդեհը, եւ միասին գնացել են Եվրոպա։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը եւ Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով (1930)։ Այնուհետեւ Հ. Ասատրյանը մեկնել է Բուլղարիա, որտեղ ապրել է Գ. Նժդեհի հետ։ Ապա որպես ուսուցիչ՝ աշխատել է Սոֆիայի Գեւորգ-Մեսրոպ ճեմարանում։ 1932 թ. Հ. Ասատրյանի խմբագրությամբ լույս է տեսել «Խռովք» գիտական ամսագիրը։ 1933 թ. Սոֆիայում հրատարակել է «Ցեղանենգ շեյթանը» եւ «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության եւ Մայիս 28-ի մասին» գրքույկները։
Հայկ Ասատրյանը, որպես ՀՅԴ Բալկանների կենտկոմի անդամ՝ քարտուղար, զբաղվել է կուսակցական գործունեությամբ, ունեցել է տարաձայնություններ գործընկերների հետ, որի հետեւանքով 1935 թ․ հեռացվել է կուսակցությունից։ Ասատրյանը ՀՅԴ-ից հեռացվել է ավելի շուտ, քան Նժդեհը։ Եղել է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնության գաղափարակիցը։ Նժդեհի հետ միասին 1937-1944 թթ․ խմբագրել է պարբերականներ, հատկապես նշանավոր «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը։ Համատեղ հիմնադրել եւ քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրել «Ցեղ եւ հայրենիք» ամսագիրը։ Գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն իբրեւ թե հայերը ոչ թե հնդեվրոպական (արիական), այլ սեմական ծագում ունեն, եւ որը կարող էր սպառնալիք դառնալ հայերի ջարդի համար, ինչպես դա տեղի ունեցավ հրեաների հետ։ Հայկ Ասատրյանը հանդես է եկել «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը լույս է տեսել 1943 թ. Սոֆիայում, Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացել է անտիպ։ 1944 թ. Բուլղարիայում ձերբակալվել է «Սմերշի» կողմից, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման եւ մինչեւ 1955 թ. տառապել խորհրդային բանտում։ Ազատվում է բանտից՝ հիվանդ ու հյուծված։ Տանն ավելի տհաճ անակնկալ է ունենում․ խորհրդային հատուկ ծառայությունները խաբել էին նրա կնոջը, թե Հայկը մահացել է։ Բացի այդ, քանի որ ինքն ու երեխան համարվում էին ժողովրդի թշնամու ընտանիք, իրավունք չունեին աշխատել, նպաստ ստանալ, ինչն էլ բերելու էր սովամահության։ Եվ Հայկի կնոջն ստիպում են ամուսնանալ ուրիշի հետ։ Այս փաստն էլ առավել ծանր է տանում քաղաքական գործիչը։ Մահացել է 1956 թ. նոյեմբերի 13-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Ա․ Պեպանյանն այնուհետեւ ներկայացրեց Հ. Ասատրյանի՝ 1930-40 թթ. հայ իրականության նկարագրությունը, այդ իրականության բացատրությունը, ինչպես նաեւ իրականության վերափոխման հարցում նրա խորհուրդները. «Ուրիշ ժողովուրդները ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ» եւ այլն: «Նրա բոլոր դիտարկումները արդիական են եւ ներկա աղետից ազատվելու ուղենիշ»,- ասաց բանախոսը: Այնուհետեւ արծարծվեցին մի շարք հարցեր, որոնք մշտապես եղել են մեր ժողովրդին ուղեկից, սակայն այդպես էլ դասեր չենք քաղել պատմությունից, մեր սխալներից։ 100 տարի առաջ նվիրյալ հայորդու առաջ քաշած նույն խնդիրները մնացել են նաեւ այսօր։ Այնուհետեւ ծավալվեց Ասատրյանի դիտարկումների արդիականությանը նվիրված քննարկում՝ «Ո՞ր չափով են Ասատրյանի դիտարկումները ամբողջական, որքանո՞վ են դրանք արդիական, ի՞նչ կերպ իրագործել նրա խորհուրդները աղետից խուսափելու համար» թեմաներով: Ընթացքում Նժդեհին, Սարդարապատի հերոսամարտին նվիրված եւ այլ հայրենասիրական հեղինակային երգերով հանդես եկավ Արսեն Համբարյանը։ Քննարկումից հետո, քանի որ Երեւանում Հայկ Ասատրյանին նվիրված որեւէ հուշարձան չկա, ներկաներն այցելեցին Գարեգին Նժդեհի արձանին եւ ծաղիկներ խոնարհեցին՝ բացելով Հայոց եռագույնը։