ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն 1995-ից համագործակցում է ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի հետ։ 1997 թ. սեպտեմբերի 30-ին մեր կոմիտեի ու ամերիկյան հանձնաժողովի միջեւ ստորագրվել է համաձայնագիր՝ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագիրը վերաստորագրվել է 2007 եւ 2017 թվականներին։
Նշված համաձայնագրի շրջանակներում Հայաստանը ոլորտի մի շարք ուղղություններով աջակցություն է ստացել՝ 1. անձնակազմի պատրաստում եւ վերապատրաստում (ԱԷԿ-ի ջերմահիդրավլիկ, նեյտրոնաֆիզիկական եւ վթարային իրավիճակների հաշվարկներ ժամանակակից համակարգչային կոդերով, ԱԷԿ-ի անվտանգության հիմնավորման հաշվետվությանը ներկայացվող կարգավորող պահանջների մշակում, ԱԷԿ-ի եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանություն, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգություն), 2. փորձագիտական աջակցություն (ԱԷԿ-ի անվտանգության գնահատումներ եւ վերլուծություններ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում), 3. ԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատում եւ լիցենզավորում, 4. ԱԷԿ-ի անվտանգության հավանականային վերլուծություն, 5. ժամանակակից սարքերի եւ սարքավորումների տրամադրում, 6. Հայաստանում իոնացնող ճառագայթման աղբյուրների գույքագրում, գրանցում եւ ազգային ռեգիստրի մշակում, վարում, անվտանգության գնահատում եւ լիցենզավորում, 7. իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության եւ ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ կարգավորող փաստաթղթերի մշակում եւն։
Կոմիտեի եւ ԱՄՆ ՄԿՀ-ի միջեւ գործող համաձայնագրի ժամկետը լրացել է նախորդ տարվա մարտի 29-ին: Դեռ 2021 թ. դեկտեմբերին կոմիտեն ԱՄՆ ՄԿՀ-ից ստացել է նոր համաձայնագիր ստորագրելու առաջարկ, որը նախորդ համաձայնագրերով ամրագրված ուղղություններից բացի, ընդլայնում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։
Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի եւ ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի միջեւ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկին։
Ըստ մեր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի՝ համաձայնագիրը կազմված է 4 բաժնից (ենթաբաժիններով) եւ 1 հավելվածից: Նոր համաձայնագիրը կնպաստի անվտանգության հարցերով առաջավոր փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։
Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, որը, ընդգծենք, կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։ Իսկ համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի դիտարկման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակմանը։
Հայաստանը նպատակահարմար է համարում համաձայնագրի կնքումը մեր երկրում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար։
Որոշման ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում, այլ իրավական ակտերի ընդունում կամ այլ իրավական ակտերի փոփոխություն չի նախատեսվում։