Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիաների վերաբերյալ միջազգային կազմակերպություններից, հանրության ներկայացուցիչներից եւ պետություններից, բացի շաբլոն քննադատական հայտարարություններից, այդպես էլ գործուն որեւէ արձագանք չեղավ, ընդ որում՝ հայտնի բոլոր բեւեռներից: Արեւմուտքի նման պահվածքը բացատրվում է վերջինիս՝ ադրբեջանական գազից եւ նավթից կախվածության մեծացմամբ, իսկ ՌԴ-ի դեպքում որպես պատճառ հիշատակվում է ուկրաինական ճգնաժամի գործոնը:
Պարզվում է, որ Արեւմուտքից ակնկալված արձագանքի բացակայության պատճառներից մեկը պաշտոնական Բաքվի հերթական կեղծ թեզն է: ՀՀ վարչապետը գործադիրի վերջին նիստում հերթական անգամ հայտարարեց, թե արեւմտյան երկրների հետ հարաբերվելիս Ադրբեջանը Հայաստանի սահմանների վրա կատարած ոտնձգությունները հիմնավորել է այն կեղծիքով, թե իբր ստիպված է այդ քայլին գնում, քանի որ Հայաստանից եւ այնտեղ տեղակայված ՌԴ ռազմաբազայից վտանգի ռիսկեր է տեսնում: Ադրբեջանական ղեկավարությունն իրականության հետ աղերս չունեցող այս իրողությունն է որպես փաստարկ ներկայացնում, որպեսզի ինչ-որ կերպ հիմնավորի ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու իր գործողությունները:
Ուկրաինական հակամարտության պատճառով գերբեւեռացված աշխարհի արեւմտյան թեւի համար ռուսական գործոնի շահարկումը կարող է ականջահաճո լինել՝ ինչքան էլ իրականությունից հեռու լինի: Արեւմուտքն այսօր գերզգայուն է դարձել ՌԴ-ի հետ առնչվող ցանկացած երեւույթի հանդեպ: Թերեւս, այդ հանգամանքով է նաեւ բացատրվում Հայաստան ԵՄ դիտորդական նոր՝ երկարաժամկետ առաքելություն ուղարկելու օպերատիվ որոշումը:
Այս դեպքում անսպասելի եւ անտրամաբանական է Ռուսաստանի լռությունը, այն դեպքում, երբ Բաքուն ակնհայտորեն «տակառ է գլորում» իր ուղղությամբ, առավել եւս, որ արձագանքելու թարմ օրինակը կա: ՌԴ ԱԳՆ-ն վերջերս քննադատող հայտարարություն տարածեց, երբ Ադրբեջանը գեներատորներ էր ուղարկել Ուկրաինա, բայց Հայաստանի դեպքում Հյուսիսում քար լռություն է տիրում: Ադրբեջանը բացահայտորեն մեղադրում է Ռուսաստանին իր նկատմամբ հնարավոր ագրեսիա կիրառելու մեջ: Այստեղ էականն այն չէ, թե ինչ աստիճանի անհեթեթություն է առաջ քաշված այդ վարկածը, այն դեպքում, երբ Արցախում նույնպես ռուսական զորքեր կան՝ թող որ խաղաղապահ առաքելության ներքո, կամ գոյություն ունի Ադրբեջան-ՌԴ սահմանը, որտեղից պարբերաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունում վերապատրաստված գրոհայիններ են ներթափանցում ՌԴ:
Ռուսաստանը չի արձագանքում Ադրբեջանի այդ կեղծ փաստարկին, որը միակը չէ հետպատերազմյան պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության զինանոցում, դրա փոխարեն անհամաձայնություն է հայտնում Հայաստան ԵՄ դիտորդներ ուղարկելուն՝ շեշտելով, թե նման որոշում կայացնելիս ԵՄ-ն Ադրբեջանի կարծիքը չի հարցրել, ինչը կարող է անկայունության պատճառ դառնալ: Սակայն ՀՀ վարչապետի հրապարակած տեղեկատվության ֆոնին ԵՄ դիտորդների՝ Հայաստան գալու մեջ առաջին հերթին պետք է, որ շահագրգռված լինի հենց Բաքուն, եթե ոչ, ապա կրկին կհաստատվի այն բացարձակ ճշմարտությունը, որ ՀՀ-ի հանդեպ կիրառած ագրեսիայի պատճառների մասին Ադրբեջանի քաղաքական ղեկավարության բերած փաստարկները հերթական էժանագին ստերն են:
Մյուս կողմից էլ ադրբեջանական կեղծիքը Արեւմուտքի կողմից «հալած յուղի տեղ» ընդունելը եւ իրեն ուղղված անհեթեթ մեղադրանքներին ՌԴ-ի չարձագանքելն ադրբեջանական քաղաքական էլիտայի համար «կանաչ լույս» են վառում նույն ապակառուցողական քաղաքականությունը եւ ագրեսիայի դեպքերը շարունակելու համար: Այլ կերպ ասած՝ այսօր աշխարհն իր պահվածքով խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, հետեւաբար նաեւ՝ Հայաստանում ու Արցախում, ինչպես եւ ամբողջ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու նրա քայլերը: