Պետություններն իրենց հարաբերությունները կարգավորելու համար միմյանց հետ կնքում են դաշնակցային, բարեկամության, գործընկերության, համագործակցության պայմանագրեր: Սակայն այդ շարքում կարծես թե չկան հարեւանության վերաբերյալ պայմանագրեր: Անշուշտ, կլինեն առարկություններ, թե վերը թվարկածներն իրենց մեջ նաեւ հարեւանության իմաստ են ներառում, եթե, իհարկե, խոսքը հարեւան երկրների մասին է: Օրինակ, Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ են ներառված նաեւ այնպիսի երկրներ, որոնք սահմանային առումով այնքան էլ հարեւան չեն Եվրամիությանը, թեեւ հարեւանների շարքն են դասված:
Բայց հայերիս համար, որպես ժողովուրդ, հարեւանությունն առանձնահատուկ կատեգորիա է, թեպետ կատեգորիա բառը կարծես թե պաշտոնականացնում է այդ երեւույթը: Մինչդեռ հարեւանություն ասվածն իր մեջ բազում մարդկային տարրեր է պարունակում: Ու իզուր չենք ասում, որ մոտիկ հարեւանը հեռու բարեկամից լավ է, որովհետեւ մենք գիտենք հարեւանի արժեքը, դրա համար էլ ունենք ավելի ջերմ՝ դրկից բառը (ոմանց դեպքում անպայման չէ, որ դրկիցի դուռը կպած լինի քո դռանը): Դրկիցի հետ կիսում ենք ցավ ու ուրախություն, մի կտոր հաց ուտում, միմյանց օգնության ձեռք մեկնում ու նաեւ օգնություն խնդրում (այդ թվում՝ անգամ հաց խնդրում, ինչը դժվար է պատկերացնել իրենց քաղաքակիրթ համարող շատ ժողովուրդների դեպքում)… Իհարկե, լինում են նաեւ հարեւաններ՝ դրկիցներ, որոնց դուռը ծեծում ես, ներսից պատասխանում են, թե՝ տանը մարդ չկա…
Մեր ունեցած հարեւանության առումով մենք դրկիցություն ենք անում չորս հարեւաններից երկուսի՝ Վրաստանի եւ Իրանի հետ: Մյուս երկուսի հետ կարծես թե անգամ հարեւան չենք՝ Ադրբեջանի հետ թաքնված կամ անթաքույց պատերազմի մեջ ենք, Թուրքիայի հետ՝ թաքնված կամ անթաքույց թշնամության, համենայնդեպս` մինչեւ հիմա:
Թե ինչ կլինի վաղը, միանշանակ չէ, որովհետեւ հարեւանների միջեւ թշնամությունը կամ, մեղմ ասած, չհասկացվածությունը մարդկային հարաբերություններում վերանում է կամ հնարավոր է, որ վերանա, օրինակ, ինչ-որ ծանր դեպքի պարագայում: Թեպետ դա միշտ չէ, որ տեղի է ունենում, որովհետեւ 1988 թ. երկրաշարժը ոչինչ էլ չփոխեց հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում, որքան էլ ընդունենք, թե այն ժամանակ առանձին պետություն չէին ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը: Երբեմն լինում են դեպքեր, որոնք հնարավոր չէ մոռանալ: Երբեմն հարեւանի մեկնած ձեռքը մնում է օդում: Ոմանց դեպքում էլ պետք է հիշել հայտնի խոսքը՝ «Շան հետ ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր». միգուցե այն կոպիտ է հնչում, սակայն միշտ զգոնության է կոչում, որովհետեւ այդ պայմանական «շունը» միշտ չէ, որ ձայնով է հաչում, բայց նրա կծելը երկար է հիշվում…
Պետությունների, նույնիսկ հարեւան պետությունների դեպքում հարաբերությունների կարգավորման հարցն ավելի բարդ է, որքան էլ պետությունները բաղկացած են ժողովուրդներից՝ մարդկանցից…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ