Արցախի Հանրապետության նոր ձեւավորված Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր (հետագայում՝ Ղազարապատ) գյուղում 1997 թ. բնակություն հաստատեց Գեղամ եւ Զարդար Մեսրոպյանների Ժորժիկ, Արման որդիներով ընտանիքը՝ թողնելով Արարատի մարզի Արեւշատ գյուղը։
Գեղամը նոր բնակավայրում աշխատում էր որպես անասնաբույժ, եւ կարեւոր էր նրա մասնագիտությունը։ 1992 թ. փետրվարի 5-ին ծնված Արման որդին առաջին դասարան հաճախեց Ղազարապատում, որտեղ այդ տարիներին էլ. հոսանք չկար։ Բայց գերազանց էր սովորում Արմանը։ Այդ ժամանակ աշխատում էի Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունում՝ կրթատեսչական բաժնի վարիչ, եւ հաճախ էի այցելում նորաբաց դպրոցներ։ Հարմարեցված շենքում գործող դպրոցում աշխատում էին նվիրյալ ուսուցիչներ, եւ այստեղ էին կրթություն ստանում աշխարհի ամենալավ, ամենահայրենասեր ու կիրթ երեխաները։ Նրանց շարքում էր Արմանը՝ իրենից մեկ տարով ավագ եղբոր հետ։ Լավ էին սովորում եղբայրները, եւ Արմանը գերազանցությամբ ավարտեց ութնամյակը։ 2008-ին՝ դարձյալ գերազանցությամբ, միջնակարգը։ 2010-2012 թթ. Հայոց բանակի զինվոր էր՝ կարգապահ ու իր անելիքը գիտակցող։ Բարեխիղճ ծառայության համար արժանացել է զորամասի հրամանատարության պատվոգրի, ծնողներն ստացել են շնորհակալագիր։
2012 թ. Արմանն ընդունվեց Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության բաժին, սակայն ավտովթարի պատճառած առողջական խնդիրներով պայմանավորված՝ ուսումը չշարունակեց։ 2013-ին 2 տարվա պայմանագրով աշխատանքի ընդունվեց ԱՀ ԱԱԾ-ում։ 2015-ի սեպտեմբերին այցելել էր Քաշաթաղի հարավային Մուշ գյուղ՝ ընկերոջը։ Այստեղ էլ սեպտեմբերի 1-ին ծանոթացել է ապագա կնոջ՝ Տաթեւի հետ։ 2016 թ. ապրիլյան պատերազմն սկսվելուց 3 օր անց Արմանն արդեն առաջնագծում էր՝ Թալիշ-Մատաղիս հատվածում։ Այդ ընթացքում հանդիպել եմ քաշաթաղցի կամավորականների, նաեւ՝ Արմանի հետ. տղերքը հայոց սահմանն էին պաշտպանում ու թույլ չտվեցին, որ թշնամին առաջ գա, պաշտպանեցին Թալիշը։ Այդ օրերին 1200-ից ավելի քաշաթաղցի կամավորականներ մեկնեցին առաջնագիծ, եւ մեծ մասը տուն եկավ հունիսի կեսին։ Արմանը նույնպես մոտ 3 ամիս առաջնագծում էր։ 2017-ին կայացավ Արմանի ու արմատներով գյումրեցի Տաթեւ Կարապետյանի նշանադրության արարողությունը, 2018-ի հոկտեմբերին՝ հարսանիքը։ Տաթեւը ծնվել է Ուկրաինայում, սակայն 1 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղ, որը Ողջիի ափին է։
Արմանը 2018 թ. դարձյալ ծառայության անցավ Արցախի ազգային անվտանգության ծառայությունում։ Կնոջ հետ ժամանակավորապես տեղափոխվել ու բնակվում էին Ստեփանակերտում։ Որդին՝ Գեղամը, ծնվեց 2019-ին եւ կրում էր պապի անունը։ ԱԱԾ-ում լավ ծառայության համար արժանացել է «Գերազանցիկ» կրծքանշանի։ «Ամուսնացանք եւ տեղափոխվեցինք Ստեփանակերտ. ես ուսանում էի այնտեղ, պետք է ավարտեի, ու վերադառնայինք գյուղ՝ Ղազարապատ,- ասում է կինը։- Արմանը շատ աշխատասեր ու ձգտող էր, ուզում էր տուն կառուցել Ստեփանակերտում՝ իր երազած տունը։ 15 օր ծառայության մեջ էր, մյուս 15 օրն աշխատում էր շինարարությունում։ Ցանկանում էր ամեն ինչի հասնել իր աշխատանքով. հայրն էլ հիվանդ էր, պետք էր նաեւ նրան օգնել։ Ես էլ համ սովորում էի, համ՝ աշխատում։ Երբ ծնվեց մեր որդին՝ Գեղամը, տեղափոխվեցինք գյուղ, որպեսզի այնտեղ մեծացնենք երեխային եւ նորից վերադառնանք Ստեփանակերտ։ Արմանը միշտ ասում էր՝ ես լավ պապա եմ լինելու։ Շատ էր սիրում Գեղամին, ամեն ինչ անում էր իր «Ցլոյի» (այդպես էր անվանում որդուն) համար։ Անհամբեր սպասում էր, որ նոյեմբերի 2-ին տոներ տղայի 1-ամյակը։ Բայց 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, եւ Արմանը, ով պայմանագրային զինծառայող էր արդեն, մեկնեց առաջնագիծ, հոկտեմբերի 15-ին Արաքսի ափին էր մարտնչում։ Այստեղ էլ մարտիրոսվել էր՝ փրկելով ընկերոջ կյանքը։ Մինչ այդ դեպքը Գեղամիկը կանչում էր՝ Արման պապա, բայց դրանից հետո էլ չկանչեց»։
Արմանին հուղարկավորեցին ծննդավայրում՝ Արեւշատում։ Նախատեսված էր, որ նրան նվիրված հուշաքար պետք է տեղադրվեր գյուղում, սակայն որդու մահվան ցավին չդիմացավ հայրը՝ Գեղամը, եւ վախճանվեց հիվանդանոցում 2021 թ. ապրիլի 23-ին։ Հունիսի 8-ին՝ երեկոյան, ծնվեց Արմանի երկրորդ որդին, ում մասին հայրն այդպես էլ չիմացավ։ Կրտսեր որդուն կոչել են հոր անունով՝ Արման՝ հավատով, որ շարունակելու է հերոս հոր կիսատ թողածը, հավատով, որ դառնալու է Հայոց երկրի լավագույն զավակ ու վառ է պահելու պապի, հոր հիշատակը, լինելու է նեցուկ մորը, թիկունք՝ եղբորը։ Հերոսի ծննդավայր Արեւշատի համայնքապետարանից գրում են. «Հավերժ փառք քեզ, լույս տղա… Ձեր արյամբ սրբագործված հայրենի հողի վրա ապրելը մեծագույն պատիվ ու այլեւս մեծագույն պատասխանատվություն է յուրաքանչյուր հայի համար։ Ձեզ նման տղաների կորուստը միայն ձեր մայրերինը կամ հարազատներինը չէ, ձեզ պես լույս տղաների կորուստն ամբողջ ազգի կորուստն է։ Թող լույս իջնի քո հոգուն, մեր Հերոս Ջան…»։