Վերջին օրերին ՀԱՊԿ-ից եւ անդամ պետությունների ղեկավար կազմից ավելի հաճախ են հնչում կազմակերպությունն ամրապնդելու մասին հայտարարությունները: Դրանցում ճշգրտորեն բարձրաձայնվում են ռազմաքաղաքական կառույցում առկա խնդիրները, սակայն խոսք չի հնչեցվում դրանց պատճառների մասին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս հայտարարեց, թե կառույցը լուրջ մարտահրավերներ ունի անդամ երկրների սահմաններին: Ընդունելով, որ խնդիրները բարդ են, Լուկաշենկոն հայտարարեց, թե ՀԱՊԿ-ում նախագահության ժամանակահատվածում իր ղեկավարած պետությունն այդ խնդիրները բերել է օրակարգի առաջին պլան եւ կառաջարկի լուծել դրանք, որպեսզի ամրապնդվի կառույցը:
Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին խուսափեց առկա խնդիրների պատճառների մասին գնահատականներ հնչեցնելուց, բայց նրա փոխարեն հաջորդ օրն ավելի բաց տեքստով հայտարարություն արեց ՀԱՊԿ միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը: Երեկ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս ասաց. ,Առանձին երկրներ Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելի դառնալու ու Կենտրոնական Ասիա ուղիղ մուտք ունենալու փորձեր են անում, եւ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության բարձր պոտենցիալը՝ նպաստում են ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում ճգնաժամի սրմանը։ Այստեղ հակամարտությունների ներուժը շարունակում է աճել՝ առաջին հերթին առանձին պետությունների միջեւ չլուծված տարածքային խնդիրների պատճառով։ Ռուսաստանը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանումե: Նա նաեւ հայտարարեց, որ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության փաստին, Վաշինգտոնն ու Բրյուսելը հետկոնֆլիկտային կարգավորման սեփական տեսլականը եւ անվտանգության մոդելն են պարտադրում՝ ձգտելով չեզոքացնել կազմակերպության ջանքերն այս ուղղությամբ։
Այս հայտարարություններում, ճիշտ նկարագրելով իրավիճակը, շրջանցվում են առկա խնդիրների հիմքերը, չի բարձրաձայնվում այն փաստի մասին, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմաններին ստեղծված լարվածության հեղինակն Ադրբեջանն է՝ իր ագրեսիվ գործողություններով եւ ապակառուցողական մոտեցմամբ: Ստեղծված իրավիճակում Հայաստանի անվտանգային համակարգի առանցքային բաղադրիչը՝ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքը կոնսենսուսի չի գալիս նույնիսկ ադրբեջանական ագրեսիային քաղաքական գնահատական տալու հարցում:
ՀԱՊԿ-ը, մեղմ ասած, չի իրականացնում իր կանոնադրությամբ սահմանված առաքելությունը, ինչի մասին տեւական ժամանակ բարձրաձայնում է Հայաստանը, որը կառույցում իր նախագահության ժամանակահատվածում նախաձեռնություններով էր հանդես գալիս կազմակերպության գործողությունների արդյունավետության բարձրացման մեխանիզմները կատարելագործելու եւ գործնական ռելսերի վրա դնելու նպատակով:
Ստացվում է, որ այս կառույցի հնարավորությունները լիարժեք չօգտագործելու հետեւանքով ՀԱՊԿ անվտանգային տարածքում առաջանում են բացեր, որոնք լրացնելու փորձեր միշտ էլ կլինեն՝ հաշվի առնելով ուկրաինական հակամարտության հետեւանքով ձեւավորված աշխարհաքաղաքական իրողությունները:Հետեւաբար, ՀԱՊԿ տարածքում այդ բացերը լրացնելու ուղղությամբ քայլեր պետք է արվեն, այլ ոչ թե դավադրության մեջ մեղադրանքներ հնչեցվեն՝ այդ տարածքի անվտանգությանը նպաստող, բաց սեփական ձեւաչափով մուտք գործելու փորձ կատարող կենտրոնների ուղղությամբ, եթե, իհարկե, նման ձգտում կա ընդհանրապես: