Արցախի իշխանություններն այսօր ստիպված են պետության բոլոր ոլորտներն ամբողջությամբ անցկացնել արտակարգ ռեժիմի: 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունը չհասցրեց դուրս գալ դրա հետեւանք հանդիսացող պատերազմական վիճակից, իսկ դրությունն էլ ավելի բարդացավ արդեն երկու ամիսը գերազանցող շրջափակման պատճառով: Տեղի իշխանությունները ոչ միայն անցել են սննդամթերքի վաճառքի կտրոնային համակարգին, սահմանափակել կրթական գործընթացները, դադարեցրել պլանային վիրահատությունները եւ այլն, այլեւ ստիպված են օրենսդրական համակարգը համապատասխանեցնել պատերազմական վիճակի:
Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել Սահմանադրության փոփոխման գործընթաց սկսելու նպատակով, որով նախատեսվում է ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովին լիազորություններ տալ նրան ընտրելու: 44-օրյա ռազմական գործողություններից հետո, երբ Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության մի քանի շրջաններ, գործնականում առարկայական խոչընդոտներ են առաջացել համապետական ընտրություններ անցկացնելու համար, բայց մյուս կողմից՝ պետական համակարգի կենսագործունեության պահպանումն առաջնայնություն է արցախահայության համար:
Արցախի օրինական իշխանությունների առաքելությունն այսօր ոչ միայն հանրապետության ներքին բնականոն կյանքի եւ տարբեր ոլորտների գործառնությունների լիարժեք պահպանումն է, այլեւ, առաջին հերթին, Արցախի ժողովրդի իրավունքների ներկայացումը միջազգային հանրությանը եւ պատկան իրավապաշտպան կառույցներում: Արցախահայության իրավունքների համար պայքարը թեւակոխել է որակական նոր փուլ, երբ միջազգային հանրությունը կարող է ընկալել միայն Արցախից հնչող ուղերձները, իսկ դա հնարավոր է միայն ժողովրդավարական սկզբունքով ընտրված Արցախի Հանրապետության իշխանությունների եւ համապատասխան կառույցների լիարժեք աշխատանքն ապահովելու միջոցով:
Խնդիրը կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ Ադրբեջանը շրջափակման միջոցով ցանկանում է կաթվածահար անել Արցախի Հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտները: Բաքվի հակամարդկային գործողությունների հետեւանքով արդեն ահռելի վնաս է հասցվել տնտեսությանը, առանձին ճյուղեր դադարել են գործել, կտրուկ մեծացել է գործազրկության մակարդակը: Դադարեցվել է նաեւ Արցախի բռնազավթած տարածքներից տեղահանվածների համար կացարանների կառուցման գործընթացը, ինչն էլ ավելի է խորացնում իրավիճակը:
Այս պայմաններում, երբ գրեթե կաթվածահար են արվել պետական բոլոր հիմնական օղակների աշխատանքները, առաջնային խնդիր է դառնում Արցախի պետական համակարգերի կենսագործունեության բնականոն ընթացքի պահպանումն ու դրանք առկա իրողություններին համապատասխանեցումը: Օրենսդրական նախաձեռնությանը զուգահեռ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին դիմեց միջազգային հանրությանը՝ հորդորելով գործուն միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, քանի որ տարբեր կառույցներից եւ երկրներից Արցախն ապաշրջափակելու հորդորներն ազդեցություն չեն ունենում պաշտոնական Բաքվի վրա:
Արցախի նախագահն առաջին հերթին դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ միասին կամ առանձին-առանձին միջոցներ ձեռնարկել «կյանքի ճանապարհը» բացելու համար, հակառակ դեպքում խրախուսվելու են Բաքվի գործողությունները, որոնք տեղավորվում են մարդկության դեմ հանցագործությունների իրավական եզրույթի մեջ, ինչի կանխումը ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների պարտավորությունն է:
Արցախի Հանրապետության նախագահի տարածած հայտարարությունից մեկ օր անց Մինսկի խմբի անդամ պետության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիեւի հետ, եւ շեշտվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթներն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտությունը: Լաչինի միջանցքով մարդկանց եւ բեռների անխափան տեղաշարժի ապահովման համար պատասխանատու երկու պետությունների ղեկավարների հերթական հեռախոսազրույցը կարող է փոխել իրավիճակը տարածաշրջանում՝ առանց Բաքվի վրա միջազգային այլ ճնշման գործիքներ կիրառելու, առավել եւս, որ այն կարվի հետպատերազմյան ստատուս քվոն ապահովող միակ փաստաթղթի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Եթե չգործեն եռակողմ պայմանավորվածությունները, ապա այլընտրանքային ճանապարհը միջազգային պատժամիջոցներն են Ադրբեջանի նկատմամբ: