«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահ» խորագրի ներքո մեր հյուրն է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դերմենջյանը:
-Պարոն Դերմենջյան, նախ պիտի խնդրենք ներկայացնել ընկերակցության գործունեությունն ու նրա առջեւ դրված խնդիրները Հայաստանում:
-Շուրջ երեք տասնամյակ է, ինչ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը գործում է նաեւ մեր հայրենիքում: Գրանցված կազմակերպություն է, մասնաճյուղ ունի Արցախում: Ավետարանական եկեղեցու աշխատակազմի հետ համատեղ ունենք մոտավորապես 500 աշխատակից: Ընդգրկուն են մեր գործունեության շրջանակները, եւ ոլորտները՝ տարբեր՝ սոցիալական, կրթական, բժշկական: Կան շատ ծրագրեր, որոնք զարգացման բնագավառում են: Մեր ուշադրության կենտրոնում մշտապես եղել եւ մնում է հայ մարդը, թե ինչ կերպ կարող ենք բարձրացնել նրան թե՛ կրթական մակարդակի, թե՛ հոգեւոր առումով եւ թե՛ մարդկային բարձր արժանիքների տեսանկյունից: Սա մեր ծրագրերի առանցքային նպատակն է:
-Փորձենք համառոտ ներկայացնել ծրագրային այն առաջնահերթությունները, որոնք իրականացվում են Հայաստանում՝ կրթական, բարեսիրական…
-Շատ բարի. մենք ունենք թվով վեց ցերեկային կենտրոններ, որոնք կոչվում են «Շող» անունով: «Շող» ծրագրի հիմնական՝ թիրախային խումբը լինում է սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդկանց միջավայրում, ովքեր, չունենալով իրենց կյանքը բարելավելու միջոցներ, չեն կարողանում առաջընթաց ունենալ եւ անձնապես հաջողություններ գրանցել: Մեր նշյալ կենտրոններն ապահովում են նրանց համար պատշաճ միջավայր, որտեղ նրանք կարողանում են մշակել իրենց ձիրքերն ու շնորհները, հոգեբանների հետ աշխատանքի շնորհիվ լուծում առկա որոշակի խնդիրներ: Կենտրոններում մնում են մինչեւ 18 տարեկան դառնալը՝ այդ ընթացքում էապես պատրաստված լինելով հետագա կյանքին: Հայտնի է, որ խոցելի ընտանիքներում լինում են ամենատարբեր խնդիրներ: Մենք այցելում ենք նրանց եւ փորձում աջակցել ծառացած խնդիրների լուծմանը: Հավելեմ նաեւ, որ ունենք «Ավետիսյան» մասնավոր դպրոցը, որի գործունեության թիրախում Մալաթիա թաղամասի բնակչությունն է: Այստեղ նույնպես առաջնահերթությունը տալիս ենք սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին՝ օգնելով նրանց նաեւ ֆինանսապես: Դպրոցում ուսումնառությունն ամբողջովին անվճար է, ունի շուրջ 700 աշակերտ: Այն ստեղծվել է վեց տարի առաջ, բավական մեծ ծախսերի գնով՝ պարոն Էդվարդ Ավետիսյանի նվիրական վերաբերմունքի, նաեւ Ավետարանչական ընկերակցության աջակցությամբ:
-Մեր թերթը հաճախակի է անդրադառնում Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործունեությանը, ուստի քաջատեղյակ ենք, որ որոշակի ծրագրեր են իրագործվել նաեւ հայրենի Արցախում: Պիտի խնդրեմ անդրադառնալ այնտեղ տարված աշխատանքներին ու նաեւ, թե ինչ է արվում այսօր՝ Արցախի համար դժվարին այս շրջանում: Գիտենք, որ այդ աշխատանքները չեն դադարել:
-Քառասունչորսօրյա պատերազմից հետո կրկնապատկել ենք մեր ջանքերը՝ շարունակելով ընթացիկ ծրագրերը, մշակելով նոր ծրագրեր եւ ընթացք տալով դրանց: Այս պահին դիմագրավում ենք խնդիրների, որոնք ստեղծվել են շրջափակման պատճառով. հիմնականում տուժում են մեր շինարարական ծրագրերը. մենք նպատակ ունեինք այս տարվա ընթացքում կառուցել երկու մանկապարտեզ՝ մեկը մայրաքաղաք Ստեփանակերտում, մյուսը՝ Նախիջեւանիկ գյուղի երեխաների համար: Սակայն, անկախ առկա իրավիճակից, մեր ծրագրերը չեն փոխվել, եւ շարունակում ենք նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրել՝ 2 մլն դոլար: Դժվարություններն ու խոչընդոտները հաղթահարելու ենք, որպեսզի կրկին շենանա Արցախ աշխարհը, արարի եւ ապրի հայեցի կյանքով: Ունենք մեկ այլ՝ «Զորացրու արցախցու ընտանիք» հատուկ ծրագիր, որի շրջանակներում ֆինանսապես աջակցում ենք ընտանիքներին, որպեսզի կարողանան հիմնել փոքր բիզնեսներ եւ ապահովել իրենց ապրուստն ու եկամուտները: Այս դաշտում արդեն իսկ ունենք շատ հաջողված օրինակներ: Շարունակում ենք նաեւ մեր կաթի ծրագրով օգնել մարդկանց՝ տրամադրում ենք կաթի փոշի այն ընտանիքներին, որոնք անհրաժեշտ այս սննդամթերքից օգտվելու հնարավորություն չունեն: Այսօր արդեն ունենք շուրջ 500 շահառու, ովքեր օգտվում են այս ծրագրից:
-Ընկերակցությունը կոչվում է Ամերիկայի Հայ ավետարանչական՝ անվանում, որի մեջ կան եւ՛ Ամերիկա, եւ՛ Հայաստան, եւ՛ հայություն բառերը: Ուզում ենք, որ հենց այս անվանումների ծիրում փոքր-ինչ բացեք ընկերակցության դրական դերակատարությունը:
-Ընկերակցությունն ստեղծվել է 105 տարի առաջ՝ Ամերիկայում, հայոց ցեղասպանության տարիներին: Բուն նպատակը՝ օգնել մեր արյունակիցներին ողջ աշխարհով մեկ: Այն ժամանակ աշխատանքները տարվում էին հեռակա կարգով, միայն երեսունմեկ տարի առաջ էր, որ մասնաճյուղ հիմնվեց մայր հայրենիքում: Կառույցի բոլոր գործողությունները կարգավորվում են ամերիկյան գլխամասային կենտրոնի հետ համատեղությամբ: Մեր դոնորների գերակշռող մասն ԱՄՆ-ում է, ովքեր տրամադրում են իրենց միջոցները՝ վստահելով, որ դրանք կիրառվում են խիստ նպատակային եւ ուղղորդվում են դեպի հայրենիք ու դեպի հայ մարդը:
-Այսպիսի հարց ծագեց. կա Հայ Ավետարանական եկեղեցի, եւ կա Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցություն: Կուզեի խոսենք այս երկուսի ծրագրերի, հիմնականում՝ բարեսիրական եւ հոգեւոր հենքի վրա առնչությունների ու աղերսների մասին:
-Ավետարանական համայնքի ծնունդ է մեր ընկերակցությունը, որը ոչնչով չի սպառնում եկեղեցու քարոզչությանն ու հոգեւոր գործերին: Սակայն մեր ընկերակցությունն ունի ծրագրեր, որոնց նպատակը մարդու հոգեւոր զարգացումն է, այսինքն՝ որ ինքը Աստծո զավակ է, որ ինքը հոգեւոր եւ քրիստոնեական արժեքների տեր ու կրող լինելով է, որ լիարժեք մարդ պիտի դառնա: Մենք այս բոլորն իրագործում ենք՝ հիմնված աստվածային սիրո վրա: Ասեմ, որ Ավետարանական եկեղեցին այստեղ՝ Հայաստանում ունի ներկայացուցչություն, ունի 23 եկեղեցի: Ավետարանչական ընկերակցությունը աջակցում է այս կառույցին եկեղեցաշինության գործում, հետեւում է նրանց ճշմարիտ աշխատանքներին եւ նպաստում ըստ պատշաճի:
-Խոսեցիք ընկերակցության ազգաշահ ծրագրերի, կատարած գործերի մասին: Իսկ ի՞նչ կասեք տարվող քարոզչական աշխատանքների առնչությամբ՝ հրատարակչություն, եթերային: Ու նաեւ՝ թե ինչպես եք գնահատում Ավետարանչականի եւ մամուլի հարաբերությունները:
-Շատ ենք կարեւորում հրատարակչական գործունեությունը եւ ամեն տարի ունենում ենք հրատարակություններ՝ նվիրված ինչ-ինչ կարեւոր առիթների: Օրինակ՝ անցած տարի նշեցինք մեր եկեղեցու 175-ամյակը, տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ, եւ հիմա ընթացքի մեջ է եկեղեցու 175 տարվա պատմությունը ներկայացնող գրքի հրատարակման գործը՝ մեր Անդրանիկ Մարդոյանի հանձնառությամբ: Ունեցել ենք մի շարք այլ հրատարակություններ՝ նպատակ ունենալով հասարակությանը ներկայացնել մեր ով լինելը, մեր առաքելությունը, մեր որտեղից գալն ու ակունքները: Շատ ենք կարեւորում այս ամենը եւ դա անում ենք ոչ միայն քարոզչությամբ կամ մամուլով, այլեւ տարբեր միջոցառումներ կազմակերպելով՝ թատերական ներկայացումներ, հանդիպումներ կառավարության անդամների, այլ կառույցների հետ:
-Զրույցի ավարտին կցանկանայի՞ք անդրադառնալ բարեգործական հիմնադրամի հետ Ավետարանչականի կնքած հուշագրին:
-Այո, իհարկե. վերջերս հուշագիր կնքեցինք «Իմ քայլը» հիմնադրամի հետ: Նպատակը՝ աջակցել պատերազմից տուժած զինվորների ընտանիքներին: Առայժմ նախընտրել ենք Շիրակի մարզի սահմանամերձ բնակավայրերում ապրողներին, ովքեր հնարավորություն չունեն վաստակելու: Այստեղ նույնպես աջակցելու ենք փոքր բիզնես ստեղծելու՝ իրենց հացը սեփական քրտինքով ու աշխատասիրությամբ վաստակելու սկզբունքով:
-Այսինքն՝ ձուկ տալու փոխարեն ձկնորսությո՞ւն եք սովորեցնում…
-Այդպես է ճիշտը: