«Է՜յ, դու, ջահել, հպարտ հասակ,
Անցար ոսկե ամպի պես…»:
Ավ. Իսահակյան
Ի՞նչ է պատանեկությունը, սիրելի՛ ընթերցող: Ի՞նչ է ջահել տարիքը: Իսկապե՞ս մարդու «ջահել հասակը» ոսկե ամպ է: Ա՞մպ է պատանեկությունը, շո՞ղ, մեղեդի՞, գիսա՞ստղ, երա՞զ, չվող հա՞վք…
Բոլոր մնացած բարեմասնություններից առաջ պատանեկության տարիքը գրքի երկրպագության տարիքն է: Ե՞րբ ենք մենք կարդում, կարդում ամեն օր, ամեն ազատ ժամ, եթե ոչ այդ տարիքում: Հանենք այդ տարիքում կարդացած գրքերը, եւ մեր հիշողության մեջ կմնան զանազան լրագրերի, ամսագրերի, վավերագրերի, տեղեկագրերի չոր «լեռնաշղթան» եւ սոցիալական ցանցերի` հաճախ զավեշտի նմանվող գրառումները:
Գրքերի աշխարհ
Այսօր էլ հիշում եմ լուսահոգի մորս բացատրած ընթերցանության «տեխնոլոգիան». « Պառկած մի կարդա, աչքերիդ հեռավորությունը գրքից 30 սմ, կարդալիս ոտքերդ մի շարժիր, թքոտ մատներով էջը մի շրջիր, կիսատ էջը մի ծալիր, գիրքը երկու տակ մի արա, մատներով մի ճմռթիր…»:
Մորս ձեռքի տակ եղած գրքերը քիչ էին, ինձ օգնության էր գալիս հատկապես հորս հորաքույրը՝ բնատուր մանկավարժական տաղանդով օժտված Սրբուհի տատը: Նա իր մորից ժառանգած մի սեւ սնդուկ ուներ՝ լեփ-լեցուն գրքերով: « Ոչ մեկին գիրք չեմ վստահում, բայց քեզ կտամ, տեսնում եմ՝ կարդում ես, մանավանդ գիտես պահել»,- ասում էր նա ինձ:
Նրա սնդուկից, որքան հիշում եմ, կարդացել եմ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները», Շիրվանզադեի «Քաոսը», Նար-Դոսի «Մեր թաղը», Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղությունը» եւ ամենավերջում՝ այդ ժամանակ նոր լույս տեսած Բոգդան Վերդյանի «Ծաղիկներս մնացին հեռվում» գիրքը: Ի դեպ, այն առաջին գիրքն էր, որի հանրային քննարկմանը ներկա եմ եղել Շնողի մշակույթի տանը: Քննարկմանը ներկա էին նաեւ մայրս եւ հորս հորաքույրը:
Գիրքը, կարծում եմ, ամենաանմոռանալի նվերն է: Ընծայագրով գիրքն ուղղակի սրբություն է: Խորին խորհուրդ ունի այն իրողությունը, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ նոր տոմարով փետրվարի 19-ը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Նույն ամսվա 10-ն էլ գրող-մանկավարժ, հրապարակախոս Ալբերտ Փարսադանյանի ծննդյան օրն է: Ու իմ գրադարակում մի առանձին անկյունում հավաքվել են նրա 17 գրքերը՝ 16-ը ընծայագրով, մեկը` առանց ընծայագրի՝ չհասցրեց:
Գիրքը նվեր, անմոռանալի նվեր է, ու մեր կողքին քիչ չեն նվեր ստացողները, անգամ անձնական միջոցներով գիրք ձեռք բերողները, ովքեր ուղղակի մոռանում են, որ գիրքը միայն կարդալու համար է: Սեփական գիրքն անգամ հարստություն է միայն այն դեպքում, երբ տիրոջ ուղեղին են հասնում նրանում ամրագրված գաղափարները, մտքերը, հույզերը:
Շատ անգամ եմ ափսոսանք ապրել, որ ժամանակակիցը չեմ եղել Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Ղազարոս Աղայանի… Ու ամեն անգամ ինձ օգնության են հասնում նրանց գրքերը: Հիմա, երբ հիշում եմ Հովհաննես Թումանյանին, առաջինը ձեռքս եմ առնում հայկական գրական հանրագիտարանների առաջնեկը՝ «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանը: Հատկապես որ բանաստեղծին հիշեցնող մի մեծ շրջապատ (Հովհաննես Այվազյան, Գառնիկ Շախկյան, Սուսաննա Հովհաննիսյան, Ռոզա Ղազումյան, Վահագն Սարգսյան…) ինձ քաջածանոթ է: Ուրախ եմ, որ, բացառությամբ լուսահոգի Գառնիկ Շախկյանի, նրանք դեռ մեր կողքին են ու պատրաստակամ լրացուցիչ մանրամասներ ավելացնելու գրքում տեղ գտած փաստական նյութին: Երբեք չեմ մոռանա այն զգացմունքները, որ ունեցել եմ Գառնիկ Շախկյանի խորիմաստ ընծայագրերին առնչվելիս:
…Գիրք նվիրելու օրը տոն է՝ ազգային տոն: Այդ օրը տնից կարելի է դուրս գալ գոնե մեկ գրքով՝ ճանապարհին նվիրելու ակնկալիքով: Գիրք նվիրելու արվեստում կարելի է ներառել նաեւ գրքի փոխանակությունը: Օրվա խորհրդով գոտեպնդված՝ ուզում եմ առաջարկել, որ բացօթյա սրճարաններում բացվեն «բաց գրադարաններ»: Նման մի գրադարան կար Վանաձորի «Արցախ» պուրակում: Եթե ուզում ես տեղում գիրք կարդալ, վերցրու եւ կարդա: Իսկ եթե ուզում ես այն տուն տանել, ապա պարտավորված պիտի լինես տեղը դնել մեկ ուրիշ գիրք: Շատ ափսոս, որ այն կարճ կյանք ունեցավ: Այս ճանապարհով կարող են տարածվել նաեւ նոր հրատարակվող գրքերը: Ուզում եմ` ընթերցողն իմանա, որ գիրք նվիրելու առթիվ իմ խոհերի ամբողջացմանը շատ օգնեց հանրաճանաչ Հրաչյա Հովհաննիսյանի «Ոսկե ամպ» հուշագրական վիպակի վերընթերցումը:
Եկեք միասին օրը տոն դարձնենք: Կարդա՛նք, նվիրե՛նք, փոխանակե՛նք գրքեր:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ