Գիտության ու մանկավարժության նվիրյալ մտավորականների մի քանի սերունդ իր մեծ ավանդով կերտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կայացման ճանապարհը՝ ձեւավորելով ու փոխանցելով ակադեմիական կրթօջախի ավանդույթներ, մասնագիտական ու մարդկային բարձր արժեքներ։ Մենք չենք մոռանում մեր նվիրյալներին եւ հատկապես այն գիտնական-մանկավարժներին, ովքեր հեռավոր 1975 թ. դարձան նորաստեղծ ԵրԺՏԻ-ի (այժմ՝ ՀՊՏՀ) հիմնասյուները եւ իրենց վաստակած հեղինակությունը ծառայեցրին բուհի առաջընթացին։
Այդպիսի վառ անհատականություններից էր 1975-1988 թթ. մեր համալսարանի ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Վարդի Վարդապետյանը, մարդ, ով սովորելով, զարգանալով ու պայքարելով անցել էր կյանքի քառուղիներով, պահպանել մտքի ուժն ու հոգու վեհությունը եւ իր ապրած տարիները նվիրաբերել սերունդների կրթությանն ու դաստիարակությանը, գիտության զարգացմանը։
Արշակ Վարդապետյանի կենսագրությունը սկիզբ է առնում Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղից, որտեղ եւ ծնվել է 1923 թ. փետրվարի 18-ին։ 1940-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որը 1990-ից կոչվում է նրա անունով, ապա ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Հայրենական պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է բանակ, 1945-ին վիրավորվել եւ զորացրվել։
1946-ից շարունակել է ուսումը ԵՊՀ-ում, 1948-1949 թթ. աշխատել է ԼԿԵՄ Երեւանի Կիրովյան շրջկոմում, 1949-ին տեղափոխվել Կիրովական (այժմ՝ Վանաձոր) եւ աշխատել որպես դպրոցի տնօրեն։ 1953-1956 թթ. եղել է ԵՊՀ ասպիրանտ, այնուհետեւ պաշտպանել թեկնածուական, 1967-ին՝ դոկտորական ատենախոսությունը, ստացել դոցենտի, ապա պրոֆեսորի կոչում։ Մինչեւ 1975 թ. Հայաստանի մայր բուհում կատարել է դասախոսական աշխատանք, միաժամանակ ղեկավարել ԵՊՀ միացյալ արհմիութենական կոմիտեն։
Այնուհետեւ՝ տասներեք տարի շարունակ, պրոֆեսորն իր գիտամանկավարժական գործունեությունը սերտորեն կապել է տնտեսագիտական մայր բուհի հետ. բեղմնավոր գրչով հեղինակել է շուրջ 200 աշխատություն, ճանապարհ հարթել երիտասարդ գիտնականների համար, իր ղեկավարած ամբիոնում ձեւավորել ստեղծագործական ու ջերմ մթնոլորտ, եղել է սրտառուչ, հոգեհարազատ գործընկեր եւ խորհրդատու։ Ուշագրավ են պրոֆեսորի՝ ռազմական գիտության եւ արվեստի պատմության հիմնահարցեր շոշափող ուսումնասիրությունները, որոնց շարքում առանձնանում են ծովակալ Իսակովի ժառանգությանը նվիրված գիրքը, ինչպես նաեւ Սուրեն Սպանդարյանի մասին մենագրությունը։
Արգասաբեր գործունեության համար Արշակ Վարդապետյանը պարգեւատրվել է Կարմիր աստղի շքանշանով, բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով։ Այսօր, 100-ամյա հոբելյանի առիթով, մեր խոնարհումն ենք նվիրաբերում մեծ մտավորականի հիշատակին, դասեր քաղում եւ կենդանի պահում մեր անցյալը։
Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան