Արցախի ժողովուրդը, վերարժեւորելով ազգային ազատագրական շարժման 35-րդ տարեդարձը, որ ի պատիվ 1988-ի փետրվարի 20-ի հիշարժան իրադարձության Վերածննդի օր ձեւակերպումն է ստացել, վերահաստատեց իր հայրենիքում ազատ եւ անկախ ապրելու կամքը: Նման վճիռ կայացնելու անհրաժեշտությունը մասնավորապես հիմնավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից 70 տարի շարունակ արցախահայության դեմ վարվող խտրական քաղաքականությամբ եւ պատմական արդարությունը վերականգնելու պահանջով: Այն իրողությունը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ում ղեկավարը ջանք չի խնայում էթնիկ զտումներ իրականացնելու եւ բիրտ ուժով հայաթափելու համար, առավել ցայտուն է դրսեւորվում այսօր, ինչի ականատեսն է միջազգային հանրությունը: Ավելի քան երկու ամիս պաշարման մեջ պահելով 120 հազար բնակչությանը, խափանելով Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագիծը եւ գազատարը, թշնամին փորձում է զրկանքների ու տառապանքների ենթարկել մարդկանց, նրանց համար ստեղծելով անասելի ծանր պայմաններ՝ ստիպել հեռանալ հայրենիքից: Սակայն ժողովուրդը հերոսաբար հաղթահարելով բոլոր դժվարությունները, անդրդվելի է իր վճիռներում եւ բազմիցս է հայտարարել, որ ամուր է կանգնած իր նախնիների հողին ու այն երբեք չի լքի:
35 տարի առաջ` 1988 թ. փետրվարի 20-ին կայացավ ԼՂԻՄ 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին» պատմական որոշումը: Փաստաթուղթ, որ ցնցեց ողջ Խորհրդային Միությունը եւ արցախահայության հետագա մեծ պայքարի նախերգանքը դարձավ: Ինչպե՞ս կայացավ արտահերթ նստաշրջանը, ո՞րն էր շարժառիթը եւ ինչպիսի՞ պայմաններում անցկացվեց այն:
«Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրության նախկին շենքը կուսակցության մարզային կոմիտեի հարեւանությամբ էր: Եվ, բնականաբար, աշխատակիցներիս աչքից չէին վրիպում կայանալիք նստաշրջանից առաջ Ադրբեջանի բարձրաստիճան էմիսարների վերջ չունեցող այցերը կուսակցության մարզկոմ, որոնք հուսահատ վերջին քայլերն էին ձեռնարկում պատգամավորների մտահղացումը խոչընդոտելու եւ արտահերթ նստաշրջանի հրավիրումը տապալելու համար: Ստեփանակերտում բազմահազարանոց հանրահավաքներն արգելելու եւ կազմակերպիչներին խստորեն պատժելու նպատակով Արցախում գտնվող Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի բաժնի վարիչ Ա. Ասադովի փետրվարի 14-ին կուսակցության մարզկոմում արած այն հայտարարությունը, թե «100 հազարանոց ադրբեջանական բանակը պատրաստ է մտնելու Ղարաբաղ, կարգի հրավիրելու հայերին», ավելի էր զայրացրել արցախցիներին, եւ ժողովուրդն ավելի համախմբվելով՝ պատգամավորներից արդար որոշում էր պահանջում` պահ անգամ չլքելով հրապարակը:
Փետրվարի 19-ին մարզի շրջաններում (բացի Շուշիի շրջանից) հրավիրվել էին շրջխորհուրդների արտահերթ նստաշրջաններ, որտեղ համապատասխան որոշումներ էին ընդունվել մարզխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: Օրվա երկրորդ կեսին պատգամավորներ Վարդան Հակոբյանն ու Արմո Ծատուրյանը` գրող Գուրգեն Գաբրիելյանի հետ, այցելում են մարզգործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանին եւ նրա սեղանին դնում մարզխորհրդի 67 պատգամավորների ստորագրությամբ առաջարկը` արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին: «Նա մեզ բացատրեց, որ կանոնակարգի համաձայն նստաշրջան հրավիրվում է բացառապես խորհրդի գործկոմի որոշմամբ: Հետեւապես` նախ գործկոմի նիստ պիտի կայանար ու նոր միայն որոշվեր նստաշրջան հրավիրելու հարցը,- հիշում է ԱԺ պատգամավոր Արմո Ծատուրյանը:- Մենք համաձայնեցինք նրա հետ եւ խոստացանք ապահովել պատգամավորների մեծամասնության ներկայությունը հրավիրվելիք նստաշրջանին»:
Պայմանավորվածության համաձայն, Շ. Պետրոսյանը, հավատարիմ իր խոստմանը, աշխատասենյակ է հրավիրում գործկոմի անդամներին: Եվ երբ մեծամասնության ներկայությունն ապահովված էր, նա զանգահարեց մարզխորհրդի նախագահ Վլադիմիր Օսիպովին, ով այն ժամանակ Բ. Կեւորկովի աշխատասենյակից գրեթե դուրս չէր գալիս: Նա եկավ ուշացումով, սակայն իմանալավ Շմավոն Պետրոսյանի մտադրության մասին, գործկոմի նիստ հրավիրելու առաջարկը մերժեց` փորձելով ներկաներին համոզել, թե իբրեւ փետրվարի 20-ի առավոտյան Ադրբեջանի ղեկավարները Ք. Բաղիրովի գլխավորությամբ Ստեփանակերտ են ժամանելու եւ «այն ժամանակ էլ հարցը տեղում քննության կառնվի եւ համապատասխան վճիռ կկայացվի»:
Հաջորդ օրը` փետրվարի 20-ին, առավոտյան ժամը 9.00-ին Շ. Պետրոսյանին հրավիրում են մարզկոմ: Այցի պահին Բ. Կեւորկովի աշխատասենյակում էին Ադրբեջանի կոմկոսի Կենտկոմի բոլոր քարտուղարները, հանրապետության ներքին գործերի նախարարն ու պետանվտանգության կոմիտեի նախագահը, գլխավոր դատախազը, այլ պաշտոնյաներ, որոնք, ըստ երեւույթին, ամբողջ գիշերն այստեղ էին անցկացրել: «Թունոտ հայացքն ուղղելով ինձ վրա, Քյամրան Բաղիրովը սկսեց սպառնալ ու մեղադրել մարզում ստեղծված իրավիճակի համար,- հիշում եմ երջանկահիշատակ Շմավոն Պետրոսյանի խոսքերը:- Ես ասացի, որ պատգամավորների մեկ երրորդից ավելին արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջ է ներկայացրել ու առաջարկն անպայման պիտի քննարկվի գործկոմի նիստում: Ք. Բաղիրովն այդ մասին լսելով, փոքր-ինչ «մեղմացավ» ու սկսեց շողոքորթել, խնդրեց, որպեսզի օգտագործեմ իմ հեղինակությունը` գործկոմի նիստում բարձրացված հարցը մերժելու համար: Նա «խոստացավ» ամեն ինչ անել հանրահավաքը ցրելու համար` ընդգծելով, թե հույս ունի, որ անպայման կպաշտպանեմ Ադրբեջանի Կենտկոմի կարծիքը: Ք. Բաղիրովն ամեն կերպ փորձում էր սիրաշահել եւ խոստումներ տալ»:
Մինչեւ կուսակցության մարզկոմում համառ ջանքեր էին գործադրվում նստաշրջանի հրավիրումը տապալելու համար, Ստեփանակերտի քաղխորհրդի 110 պատգամավորներից 98-ը հավաքվել էին քաղխորհրդի նիստերի դահլիճում եւ պահանջում էին անհապաղ նստաշրջան հրավիրել: Քիչ հետո այն կայացավ, եւ որոշում կայացվեց մարզխորհրդին դիմել արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով: Հայերի համարձակ քայլերից գազազած էին Ադրբեջանի ղեկավարները, որոնց հրահանգով Ստեփանակերտ էին բերվել ոստիկանական մեծաթիվ ուժեր:
Համախոհների հետ մարզկոմում երկար խորհրդակցելուց հետո Ք. Բաղիրովը համոզվեց, որ գործկոմի նիստի կայացումն անխուսափելի է: Շուտով Բ. Կեւորկովը, Վ. Բոգոսլովակին (այն ժամանակվա մարզկոմի երկրորդ քարտուղարը) եւ Վ. Օսիպովը ներկայացան մարզխորհրդի շենք:
Նրանք պահանջեցին հրավիրել գործկոմի բոլոր անդամներին, նպատակ ունենալով համոզել նրանց` հրաժարվելու նիստ հրավիրելու մտքից: Հատկանշական է եւ այն հանգամանքը, որ լինելով գործկոմի անդամ, Բ. Կեւորկովն իր իշխանության 15 տարիների ընթացքում առաջին անգամ էր նիստին մասնակցում… Նրա պահվածքը հարձակողական էր: Եվ պատահական չէ, որ բացելով նիստը, առաջարկեց «որոշում ընդունել հանրահավաքներն արգելելու մասին եւ «ազգայնամոլներից» արագ մաքրել հրապարակը»: Իսկ դա նշանակում էր` իրավունք վերապահել ազերի ոստիկաններին եւ ուժային մյուս կառույցների պատժիչներին` բռնություններ կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք առանց որեւէ կարգազանցության, պահանջ էին ներկայացնում գործող Սահմանադրության շրջանակներում:
«Ես եւ Հենրիկ Պողոսյանը պնդեցինք, որ կհրաժարվենք մեր պաշտոններից ու կմիանանք հանրահավաքի մասնակիցներին,- Շ. Պետրոսյանի հետ կայացած զրույցի մանրամասներն եմ հիշում:- Մեր առաջարկությունը պաշտպանեցին գործադիրի անդամներ Վաչագան Գրիգորյանը, Վիգեն Հայրապետյանը, ուրիշներ: Բ. Կեւորկովը հեռախոսով խորհրդակցեց Ք. Բաղիրովի հետ, ով հետագայում պարզվեց, որ ամեն կերպ ձգտում էր խափանել նստաշրջանի հրավիրումը եւ «հոգ էր տարել» մինչեւ իսկ մարզխորհրդի գործկոմի կնիքն «ապահով» մարզային կոմիտե տեղափոխելու մասին: Այնուամենայնիվ, ձայների մեծամասնությամբ, 9 կողմ եւ 4 դեմ, որոշում ընդունվեց նույն օրը` փետրվարի 20-ին հրավիրել արտահերթ նստաշրջան: Ք. Բաղիրովը մինչեւ ցուցում կտար` պատգամավորների անունները «ճշգրտելու» եւ պարզելու վերաբերյալ, 20 պատգամավորներ եւս միացան մեզ»:
Շուտով տեղեկություններ ստացվեցին Քռասնի եւ Շոշ գյուղերից, որտեղ շուրջկալներ էին կազմակերպում ազերի ոստիկաններն ու պետանվտանգության աշխատակիցները, որ վերջիններս փակել են ճանապարհները եւ պատգամավորներին թույլ չի տրվում ներկայանալ Ստեփանակերտ: Չնայած պատժիչների կողմից ձեռնարկվող քայլերին, մի շարք պատգամավորների, այնուամենայնիվ, հաջողվեց անտառներով ու լեռներով, մի կերպ հաղթահարել արգելքներն ու ոտքով մարզկենտրոն հասնել: Ք. Բաղիրովը, համոզված լինելով, որ իր ջանքերն ապարդյուն են անցնում, դիմեց նոր խորամանկության: Նա մարզկոմ հրավիրեց կուսշրջկոմների քարտուղարներին ու շրջգործկոմների նախագահներին ու այնտեղ նրանց «պարփակելով», որոշեց ձախողել նստաշրջանի անցկացումը: Մինչդեռ քվորումն ապահովված էր, եւ նա ստիպված էր էմիսարների «շքախմբով» ներկայանալ մարզխորհրդի շենք, ուր պատգամավորները վաղուց էին իրենց տեղերը զբաղեցրել նստաշրջանի գումարման դահլիճում:
Բաղիրովը սկսեց թախանձագին խնդրել, որ նստաշրջան չգումարվի` ղարաբաղցիներին խոստանալով «աշխարհի բարիքները», սակայն զգալով, որ սպառված են համոզման եւ սպառնման բոլոր «մեթոդները», իր համախոհների հետ լքեց դահլիճն ու արագ հեռացավ:
Նստաշրջանի օրակարգում միայն մի հարց էր. «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհրդի միջնորդությունը` մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու մասին»: Քննարկմանը մասնակցած 111 պատգամավորներից ելույթ ունեցան 45-ը: Նստաշրջանը միաձայն որոշեց միջնորդել համապատասխան մարմինների առաջ` հարգել Ղարաբաղի հայ ազգաբնակչության խնդրանքը եւ ԼՂԻՄ-ը վերամիավորել Հայկական ԽՍՀ-ին: Հանրահավաքի մասնակիցները ոգեւորությունից չէին հեռանում հրապարակից:
Հ. Գ. Արցախյան շարժման 35-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձով ժողովրդին է դիմել նախագահ Ա. Հարությունյանը: Հիշարժան օրվա առիթով հանրապետությունում անցկացվել են տոնական մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կազմակերպվել է հանդիսավոր երեկո, որին ներկա են եղել երկրի ղեկավարները, արցախյան շարժման ակտիվ մասնակիցներ: