ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջեւ երեկ եռակողմ փոխըմբռնման հուշագիր կնքվեց։ Դա նշանակում է, որ Ամուլսարի հանքը շահագործելու համար որեւէ օրենսդրական արգելք չկա, «Լիդիան Արմենիա» ընկերությունն ունի անհրաժեշտ բոլոր թույլտվությունները՝ աշխատանքները վերսկսելու համար։ ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթն ստորագրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Փաստաթուղթը 250 մլն դոլարանոց համաձայնագիր է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիայի տեր «Լիդիան Արմենիայի» հետ: Դա, ինչպես նշել է Վահան Քերոբյանը, «թույլ կտա վերսկսել եւս մեկ հանք, որի վերաբերյալ պարտավորությունները վաղուց կան»։
«Կողմերը նպատակ ունեն ներդնել 150 միլիոն դոլար այս պայմանագրով եւ եւս 100 միլիոն դոլար՝ այս պայմանագրից դուրս՝ «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող Ամուլսար հանքավայրի վերագործարկման համար։ Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու եւ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար։ Կառավարությունը ստանալու է Ամուլսարի բաժնետոմսերի 12.5 տոկոսը եւ դրա դիմաց որեւէ բան չի վճարելու, բայց փոխարենը ապահովագրելու է գործարքի որոշակի ռիսկեր՝ նաեւ որպես բաժնետեր»,- ասել է Քերոբյանը։
Նրա խոսքով՝ ազդակիր համայնքներն ամեն տարի ստանալու են 7 միլիոն դոլարի աջակցություն ընկերության կողմից։ «Լիդիան Արմենիան» հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում եւ էական տնտեսական աճ ու ակտիվություն է ապահովելու ոչ միայն մարզի, այլ նաեւ ընդհանուր Հայաստանի Հանրապետության համար։
«Գնահատված է, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 1 տոկոսով։ Դա բավական բարձր ցուցանիշ է։ Մենք իրավունք չունենք հրաժարվել այսպիսի հնարավորություններից»,-ընդգծեց Քերոբյանը։