ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ տվյալ զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին մշտապես հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ:
Չնայած այս հորդորներին, այնուամենայնիվ, շարունակելով զորամասերում ամենօրյա հետեւողական աշխատանքները, ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերում են սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ եւ այլ արգելված պարագաներ:
Զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար եւս մեկ անգամ կոչ ենք անում զինծառայողների ծնողներին, ընկերներին սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ չփոխանցել զինվորներին:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են միայն ժամկետային զինվորական ծառայությունն ավարտվելուց հետո:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը եւ կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ: