Պաշտոնական Բաքվից անդադար հորդող ապատեղեկատվությունն ու սուտը հայկական պետությունների առջեւ առաջնահերթ խնդիր են դնում դրանց դեմ պայքարի հարցում օգտագործել բոլոր հնարավորությունները՝ բազմազանեցնելով միջոցները: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի միջնորդության կետերից մեկի մերժումը փաստեց, որ միջազգային կառույցների որոշումների վրա կարող են ազդել ադրբեջանական ապատեղեկատվական հոսքերը, որոնք տարածվում են այդ պետության քաղաքական ղեկավարության առաջին դեմքերի մակարդակով:
Միջազգային դատարանը, մերժելով Հայաստանի հայցը, որով Ադրբեջանին պարտադրվելու էր դադարեցնել գազի, էլեկտրականության մատակարարման եւ կապի այլ միջոցները խափանելու գործելաոճը, որոշեց, որ հայկական կողմը բավարար հիմքեր չի ներկայացրել փաստն ապացուցելի համարելու համար: Այստեղ պետք է արձանագրել, որ մինչ այդ որոշումը ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչները եվրոպական կառույցներում ունեցած իրենց հանդիպումներում հայտարարում էին, թե գազը, էլեկտրականությունը եւ կապի միջոցները խափանվում են Հայաստանից: Չնայած նման պնդումն անհեթեթություն է, բայց այն հերքելու համար հայկական կողմը որեւէ փաստարկ չունի:
Ձմռան ամիսներին դեպի Արցախ գազի եւ էլեկտրականության մատակարարման դադարեցումը կամ սահմանափակումը հումանիտար իրավիճակը բարդացնելու լուրջ գործիք է Բաքվի ձեռքում, եւ տեղի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելն անհնարին դարձնելու քաղաքականության հիմնական գործողություն: Մատակարարումների վերականգնման հարցը գրեթե նույն կարեւորությունն ունի, ինչ Բերձորի ճանապարհի բացումը: Պատահական չէ, որ Հաագայի դատարանի որոշման հրապարակման հաջորդ իսկ օրը ՀՀ վարչապետը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի հիմնական թեման Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ դրա հաղթահարման հարցերն են եղել: Դատելով տարածված պաշտոնական հաղորդագրությունից՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման համատեքստում Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկել: Թերեւս, միայն այս մեխանիզմով եւ տեղում դիտարկումներ կատարելու արդյունքում կբացահայտվի այն կեղծիքը, որը պաշտոնական մակարդակով տարածվում է Բաքվից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կայացած հեռախոսազրույցից հետո տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի առաքելության ուղարկման հարցի շուրջ քննարկումները շարունակել, եւ Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում: Հատկանշական է, որ նույն օրը Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կրկին նույն թեմայով: Մյուս կողմից էլ նաեւ ռուս խաղաղապահները հասանելիություն չունեն գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման գծերի այն հատվածներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, եւ որտեղից խափանվում է դրանց մատակարարումն Արցախ:
Հայկական կողմի առաջարկը կյանքի կոչելու դեպքում հնարավոր կլինի տեղեկանալ գազի խողովակի, էլեկտրաէներգիայի գծերի եւ կապի միջոցների հաղորդակցության ուղիների վիճակից հենց ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ինչը կդյուրացնի նաեւ ռուս խաղաղապահների բուն առաքելության իրականացումը: Սա նշանակում է, որ հնարավոր փաստահավաք խումբը Լաչինի միջանցքից եւ Արցախից բացի նաեւ պետք է գործունեություն ծավալի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ինչի համար անհրաժեշտ կլինի վերջինիս համաձայնությունը:
Հայաստանի այս առաջարկի քննարկման հետագա ընթացքը կախված է հենց Բաքվի դիրքորոշումից, սակայն, դատելով վերջինիս այսօրվա գործելաոճից, նա կընդդիմանա նման փաստահավաք առաքելության ստեղծմանը, քանի որ այդ դեպքում աշխարհին ի ցույց կդրվի այն էթնիկ զտումների քաղաքականությունը, որն այսօր հետեւողականորեն եւ պետական մակարդակով իրականացնում է Ադրբեջանն Արցախում: