Երկրների միջեւ բաց սահմանը վատ բան չէ՝ ազատ տեղաշարժ, հնարավորություններ եւ այլն։ Բայց այդ բաց սահմանը նաեւ ռիսկեր ունի, եւ ռիսկերի կառավարման մակարդակից է կախված, թե, ասենք, երկու երկրի միջեւ բաց սահմանը ավելի շատ առավելություններ, թե վտանգներ է պարունակում։ Սա՝ առհասարակ։ Մասնավորի պարագայում արդեն պետք է խոսել՝ ո՛ր երկրների եւ ի՛նչ հնարավորությունների մասին է խոսքը։ Իմա՝ Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն դռան մոտ ենք։
Մինչ դռանը հասնելը մի բան հստակեցնենք. երբ Հայաստանն անկախացավ, երկու հանրապետությունները բացեցին սահմանը, Թուրքիան 1993 թ. հենց ինքը փակեց սահմանը՝ միակողմանի։ Այսինքն՝ նույն փակողն էլ պետք է բացի սահմանը միակողմանի։ Հետեւաբար՝ «անհասկանալի» է երկկողմ բանակցությունների իմաստը։ Բայց քանի որ դիվանագիտության մեջ ոչինչ հենց այնպես չի լինում, ուրեմն վստահաբար կարելի է ասել, որ միակողմանին երկկողմ դարձնելը հստակ նպատակներ է հետապնդում։ Դատելով այն հանգամանքից, թե առհասարակ ինչ քաղաքական նկրտումներ ունի Թուրքիան, հասկանալի է, որ «երկկողմ» պատկերի առաջքաշումը իրականում պատրանք է՝ ուղղված Հայաստանից ինչ-որ բան կորզելուն։ Ու սա ըմբռնելու համար խոր վերլուծություններ պետք չեն՝ Թուրքիան գրեթե ամեն Աստծո օր այդ մասին բացահայտ հայտարարում է` Ադրբեջանի փաստացի հովանավորի դերում։
Ինչեւէ, մի պահ հանդես գանք դյուրահավատի դերում ու հավատանք, որ այն պետությունը, որ չի զղջում իր ցեղասպան էության համար, որ չի ափսոսում, որ աջակցել է իր կովկասյան՝ դարձյալ ցեղասպան տարրին Արցախյան պատերազմում՝ մատակարարելով զենք ու ահաբեկիչներ, հիմա իսկապես համագործակցություն է ուզում Հայաստանի հետ։ Փոխգործակցության մեր տալիք բաժինը ո՞րն է լինելու։
Այո, չենք հերքում, թուրքական տնտեսությունն այսօր լավ վիճակում չէ, ֆինանսական շուկան՝ նույնպես, գործազրկության ու գնաճի թվերն ավելանում են, երկրաշարժի վնասն էլ՝ վրադիր, արտաքին աշխարհում էլ բազմաթիվ խնդիրներ ունի, բայց, այնուամենայնիվ, մանավանդ մեզ հետ համեմատած հզոր երկիր է՝ բազմաճյուղ տնտեսությամբ, որոշ ճյուղերի (ջրային տնտեսություն, էներգետիկա) զարգացման համար հիմնավոր ռազմավարություններով, պետական ընկերություններով լցված ռազմարդյունաբերությամբ, ատոմային էներգետիկայի զարգացման հստակ հեռանկարով, արտաքին հատվածում տարվող ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականությամբ։ Եթե նույնիսկ այս ամենը չգիտենք, կարող ենք մեր շուրջբոլորը նայել՝ տեղական շուկայում թուրքական սնունդ, հագուստ, էլտեխնիկա, կենցաղային սարքավորումներ եւն։ Եվ այս ամենը՝ նույնիսկ 2020-ից հետո։ Ինչ ենք տալու մենք, կամ՝ ինչ է տալու 3 մլն-անոց շուկան 90 մլն-անոցին։ Քավ լիցի, այնպես չէ, որ 3 մլն-անոց շուկան մեծ շուկաներին բան տալ չի կարող, դրա համար ենք հարցնում՝ ի՞նչ։
Ձեւակերպենք այլ կերպ՝ մեծածավալ տնտեսություններն առավելություն ունեն՝ շատ ու էժան ապրանք։ Ինչի շնորհիվ մեծածավալը նաեւ մրցունակ է դառնում։ Ի՞նչ ունենք մենք, որ շատ-էժան-մրցունակ է։
Մեկ այլ ձեւակերպում էլ արծարծենք։ Ենթադրենք ունենք այդ շատ-էժան-մրցունակը, Թուրքիայի պես պետությունը, որ ամենաբարձր մակարդակով չի թաքցնում հայատյացությունը, թո՞ւյլ է տալու փոխգործակցություն կոչվածը։ Ո՛չ։ Հապա՞։ Անելու է այն, ինչ անում է այն երկրներում, որտեղ ուզում է իր տնտեսական քաղաքականությունը գերակշռող դարձնել։ Թուրքական տնտեսական քաղաքականությունն էլ է ագրեսիվ։
Հաջորդ խնդիրն այն է, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը։ Այո, խոսում է տնտեսական աճից սահմանի բացումից հետո։ Հստակեցնենք «տնտեսական աճ» ասվածը։ Հենց այնպես չհարցրեցինք՝ մե՞նք ինչ ենք տալու։ Հայաստանը տնտեսական տեսակետից հետաքրքրո՞ւմ է Թուրքիային, ինչո՞վ, այդ աճ ասվածը ավելի շատ թուրքական ապրանքի մո՞ւտք է ենթադրում։ Կարելի է հակադարձել մեզ, թե Հայաստանը խաչմերուկային դիրքում է, Թուրքիան մեր միջոցով կգնա Կենտրոնական ու Միջին Ասիա, դրա համար է շահագրգռված։ Կհետեւի հարցը՝ մեր միջոցով ո՞ր ճամփով։ Միայն թե պետք չէ խոսել տարանցիկության մասին, որովհետեւ թուրքական կողմին տարանցիկ ճանապարհ պետք չէ, նա միջանցք է ուզում՝ սպառնալիքով է ուզում ու կոչ է անում մեզ «խելոք մնալ»։ Այսինքն՝ Հայաստան-Թուրքիա տնտեսական իրապե՛ս համագործակցության համար անհրաժեշտ քաղաքական իրապես երկխոսությունը չկա։ Կա բացառապես թյուրքական կողմից ներկայացվող պահանջ եւ սահմանի դռների բացման առաջ կանգնած մեր անպատրաստ տնտեսությունը։ Սա կարող է մեծագույն ռիսկերի առաջ կանգնեցնել մեզ՝ քաղաքական ու տնտեսական վատթարագույն բոլոր հետեւանքներով հանդերձ։ Պատրա՞ստ ենք այս պահին։ Հարցի պատասխանը մեր իրականությունն է։