Ուղիղ 31 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ջոկատները, դիրքավորվելով Խոջալուի արեւմտյան ափի ուղղությամբ եւ ռազմական ակտիվ գործողություններ ծավալելով հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ, կարողացան լռեցնել Ստեփանակերտն անդադար հրետակոծության տակ պահող կրակակետերը, լիովին մաքրել հայ բնակչության անվտանգությանն սպառնացող զինյալների որջը: Ռազմական այդ պլացդարմի վերացմամբ, փաստորեն, հնարավորություն ընձեռվեց վերականգնելու մայրաքաղաքի եւ Ասկերանի միջեւ Բաքվի ցուցումով խափանված հաղորդակցությունը: Միջանցքը, որի բացումը ռազմավարական կարեւոր նշանակություն ուներ, փաստորեն Ստեփանակերտը սահմանամերձ բնակավայրերի հետ կապող միակ մայրուղին էր: Հատկանշական է, որ, շնորհիվ ազատագրված օդանավակայանի, վերականգնվեց նաեւ կապն արտաքին աշխարհի հետ: Ամենակարեւորը` կանխվեց Ասկերանի վրայով Ստեփանակերտ ներխուժելու` ազերի ելուզակների վաղեմի մտադրությունը:
Ինչպես վկայում են պատմական աղբյուրները, չարաբաստիկ Խոջալուն իր անունը ստացել է պարսկերեն «խոջա» բառից, որ նշանակում է հարուստ վաճառական (հայ վաճառականներին այդպես էին կոչում պարսիկները): Շուշին, հետագայում դառնալով մշակույթի եւ առեւտրի կենտրոն, շրջակա գյուղերից, այդ թվում` Խոջալուից, բազմաթիվ հայ ընտանիքների ընդունեց իր գրկում: 20-ական թվականներին Բերդաձորի բնակչության մի զգալի մասը, թուրք-թաթարների կողմից ենթարկվելով հարձակումների եւ հալածանքների, ստիպված եղավ բնակություն հաստատել Խոջալու գյուղում: Համարյա թե միաժամանակ այստեղ հաստատվում են Դարալագյազից (Եղեգնաձոր) փախած թուրք-թաթարները: Վերջիններիս թաղամասն օրեցօր ընդարձակվում էր: Գետնափոր կացարաններին արագ փոխարինեցին հայ վարպետների կառուցած երկհարկանի տները: Մինչդեռ հայ ընտանիքները, հայտնվելով Բաքվի իշխանությունների ճնշման տակ (մի կողմից էլ` ամբարիշտ հարեւանների անբարո գործողությունները, մասնավորապես` սովորություն դարձած գողությունները պղտորեցին նրանց հոգիները), հուսալքված հեռացան օտար կողմեր: Եվ ադրբեջանցիները ոգեւորված տիրացան նաեւ հայերի լքված տներին…
Խոջալուն աստիճանաբար տարածեց «թեւերը», Բաքվի քաջալերմամբ եւ ֆինանսական հսկայական միջոցների օժանդակությամբ արագ կերպարանափոխվեց: Բավական է նշել, որ մինչեւ Արցախյան շարժումն այնտեղ ավելի քան 2 հազար բնակիչ կար (նույնքան բնակչություն հազիվ Ասկերան շրջկենտրոնն ուներ): Ոչ մի սահմանափակում նրանց չէր վերաբերում: Ազերիները որքան ցանկանում` այնքան հողատարածք էին զբաղեցնում, անասուններ խնամում, չնայած շարունակ դժգոհում էին արոտավայրերի սակավությունից: Իսկ շռայլ արտոնություններ` հատուկ կարգավիճակ, Բաքուն միշտ էլ նախատեսում էր խոջալուցիների համար: Նրանց արտոնությունների շրջանակներն հատկապես ընդլայնվեցին, երբ սկիզբ առավ արցախյան գոյապայքարը: Ավտոբուսային նոր երթուղիներ բացվեցին Բաքու-Խոջալու, Գյանջա-Խոջալու, Աղդամ-Խոջալու ուղղություններով: Իսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունների պահանջով անվանափոխվեց Ստեփանակերտի օդանավակայանը, Բաքու-Խոջալու օդային թռիչքները դարձան ավելի հաճախակի: Թե Բաքուն որքանով էր առաջնահերթ համարում Խոջալուի բարգավաճումը, այս մասին փաստեցին նախկին գյուղը 15-20 հազար բնակչությամբ քաղաք դարձնելու` Ադրբեջանի ղեկավարների նկրտումները:
Քոչվորների գյուղը հաշված ամիսների ընթացքում քաղաքի վերածվեց` ԽՍՀՄ իշխանության կողմից Լեռնային Ղարաբաղին տրամադրված 400 մլն ռուբլու տնտեսական օգնության հաշվին: Բաքվի դրածո Վ. Պոլյանիչկոյի աջակցությամբ շուտով արտակարգ թափ ստացավ բնակարանաշինությունը, ամիսների ընթացքում վեր խոյացան բարձրահարկեր, կառուցվեց Մահուդի գործարան, ուրվագծվեցին մեկ տասնյակի հասնող ձեռնարկությունների եւ կենսական նշանակության օբյեկտների շինությունները: «Անկարելի» հասկացությունը վաղուց դուրս էր մղվել խոջալուեցու հոգեբանությունից: Նա ամենաարտոնյալն էր, որին Բաքուն պատրաստ էր հանուն իր շահերի անվերջ սիրաշահել եւ նվիրաբերել պետական բյուջեի 50 տոկոսը, միայն թե իրեն հատուկ վախկոտությամբ չդիմի փախուստի, եւ հանկարծ Խոջալուն նորից հայերի ձեռքը չընկնի…
Ադրբեջանի ղեկավարությունը հետապնդելով հեռահար նպատակներ, երիտասարդ խոջալուեցու ապագայի համար առանձնակի հոգածություն էր դրսեւորում: Միայն այն փաստը, որ Խոջալուի շրջանավարտներն առանց քննությունների կարող էին ընդունվել երկրի ցանկացած բուհ, ինքնին խոսուն վկայություն է: Եվ հեռու գնացող իրենց նպատակներն իրականացնելու համար, Ստեփանակերտի սիրտը «սեպ խրելու» մոլուցքով արվում էր ամեն ինչ, որպեսզի Խոջալուն վերածվի ադրբեջանական խոշոր ռազմակայանի, եւ սարսափի մեջ պահվի Արցախի խաղաղ բնակչությունը: Հենակետերից շարունակ հրետակոծվում էին Ստեփանակերտն ու Ասկերանը, շրջակա մյուս հայկական բնակավայրերը, եւ զոհվում էին տասնյակ անմեղ մարդիկ, երեխաներ: ԼՂՀ ինքնապաշտպանական ջոկատների առջեւ խնդիր դրվեց ամեն գնով ապահովել մայրաքաղաք մտնող մայրուղու անվտանգությունը եւ լռեցնել Խոջալուի կրակակետերը:
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը տրվեց Խոջալուի ճնշման ռազմագործողությունը սկսելու հրամանը: Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատ միջանցք թողնելով բնակչության համար, բոլոր ուղղություններով հարձակման անցան: Առաջնահերթ ազատագրվեց դեռեւս 1990 թ. հոկտեմբերից ազերիների կողմից զավթված Ստեփանակերտի օդանավակայանը: Ապա, շարունակելով առաջխաղացումը, հայկական ջոկատները ձեռնամուխ եղան հակառակորդի ռազմական մյուս հենակետերի ոչնչացմանը: Թշնամուց առգրավվեցին հարյուրավոր միավոր մարտական զենք, զինամթերք եւ այլն: Մինչեւ ատամները զինված ելուզակները երկար դիմադրել չկարողացան, խուճապի մատնվեցին ու դիմեցին փախուստի: Ասել է թե` նրանք ավելի վաղ հայտնվեցին Աղդամի մատույցներում, քան խաղաղ բնակչությունը… Եվ պարտությունից գազազած թշնամին, կատարելով Ադրբեջանի քաղաքական որոշ ուժերի (նախագահ Ա. Մութալիբովի հակառակորդների) պատվերը, սկսեց ոչնչացնել ընդամենը մեկ օր առաջ իր պաշտպանության տակ առած բնակիչներին: Խոջալուի ճնշմամբ Բաքվի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ավելի սրվեց հակամարտությունը: Եվ ընդամենը մեկ շաբաթ չանցած Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը գահընկեց արվեց:
Անդրադառնալով Խոջալուի իրադարձություններին, Ադրբեջանի քարոզչական մեքենան մոլեռանգորեն փորձում է իրողությունը միջազգային հանրությանը ներկայացնել իբրեւ «ցեղասպանություն»: Եվ պաշտոնական Բաքուն չի խորշում հայերին «բարբարոսների» եւ «մարդասպանների» պիտակներ կպցնել…
Ահա արդեն 31 տարի է, ինչ իրական փաստերը կեղծելու եւ միջազգային հանրության աչքերում հայ ժողովրդին վարկաբեկելու նպատակով նա դիմում է միջազգային ամենատարբեր ատյանների` համառորեն բորբոքելով հակաղարաբաղյան հիստերիա: Սակայն զուր են արհեստական եղեռն մոգոնելու վերաբերյալ նրա ճիգերը, մանավանդ որ Խոջալուի դեպքերի իրական պատկերը` ընդգծված մանրամասներով զանգվածային լրատվամիջոցներին ներկայացրել են հենց Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները:
Անժխտելի է, որ Խոջալու բնակավայրում անհամեմատ շատ են եղել սպանված ադրբեջանցիները: Դժբախտաբար, նրանց մեջ կային ոչ քիչ թվով կանայք ու երեխաներ: Սակայն նրանք սպանդի են ենթարկվել ոչ թե Խոջալուի, այլ` Աղդամի մատույցներում, Շելի գյուղի մոտ, ուր «հսկում էին» ազերի զինյալները: Ու, եթե դրան ավելացնելու լինենք, որ հայկական կամավորական ջոկատները հեռանալու համար Կարկառի հունով միջանցք էին տրամադրել խաղաղ բնակիչներին, իսկ ծերերին, կանանց ու երեխաներին տեղափոխել Ասկերան եւ հանձնել Աղդամի ներկայացուցիչներին, ապա ավելի պարզորոշ կդառնա, թե ովքեր են եղել «Խոջալուի եղեռնի» անմիջական կազմակերպիչները:
Ինչպես հայտնի է, այդ մասին առավել հստակ անդրադարձել է Ադրբեջանի նախկին նախագահ Ա. Մութալիբովը` «Նեզավիսիմայա գազետա» թերթի 1992 թ. ապրիլի 2-ի համարում հրապարակված հարցազրույցի մեջ. «Այդ ամենը, ինչպես վկայում են սպանդից հրաշքով փրկված մի խումբ ադրբեջանցիներ, կազմակերպել է ընդդիմությունը, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար: Ինչ-որ ուժեր գործել են նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թե հայերը, որ շատ կազմակերպված ու գործիմացաբար են վերաբերվում նման իրադարձություններին, թույլ տային, որ ֆաշիստական գործողությունների մեջ իրենց մերկացնող փաստաթղթեր ձեռք բերեն ադրբեջանցիները: Միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը թողել էին: Հետեւաբար, ինչո՞ւ պիտի նրանք կրակեին: Դա բացառվում էր: Հենց որ տեխնիկան շրջապատեց Խոջալուն, հարկավոր էր դուրս բերել բնակչությունը: Ես նման հանձնարարություն տվել էի, բայց թե ինչու չէին կատարել, ինձ համար պարզ չէ…»:
Խոջալուի իրադարձությունները, որոնք խաղաղ բնակչության սպանդի պատճառ դարձան, անկասկած, Ադրբեջանում ներքաղաքական մթնոլորտի ծայրաստիճան լարման, մասնավորապես` քաղաքական խարդավանքների եւ իշխանափոխության հետեւանք են: Դա են հաստատում դեպքերին քաջատեղյակ ադրբեջանցիների վկայություններն ու փաստարկները, Խոջալուի ռազմագործողությունների ականատես ադրբեջանցի լրագրողների հրապարակումները, հենց «գլխավոր» վկայի` Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովի խոստովանությունը:
Ի դեպ, Ա. Մութալիբովը «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում հաստատել է նաեւ, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հետ եւ տեղեկացել, որ «Խոջալլու բնակիչներին միջանցք է տրամադրվել»: Խոջալլու ողբերգական դեպքերի մասին հավաստի տեղեկություններ է հաղորդում տեղանքում նկարահանումներ կատարած ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւը, ով 1992 թ. մամուլում հայտարարել է, թե երբ ինքը երկրորդ անգամ նկարահանել է զոհվածների դիակները, նկատել է, որ «առաջին եւ երկրորդ նկարահանումների միջեւ ընկած ժամանակահատվածում որոշ դիակներ խոշտանգված են»: Նա փաստորեն ակնարկել է, որ դրանք կատարվել են ոչ հայկական կողմից, քանի որ «դիակները գտնվել են այն տարածքում, որոնք այդ պահի դրությամբ չէին վերահսկվում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից»: Հատկանշական է, որ տված հարցազրույցից մի քանի ամիս անց Չ. Մուստաֆաեւն անհասկանալի հանգամանքներում զոհվել է…
Զավեշտական է, սակայն, որ ադրբեջանական քարոզչական մեքենան, քաղաքականացնելով խնդիրը, փետրվարի 27-ը հայտարարել է «հայ ժողովրդի դեմ բողոքի օր» ու շարունակում է ամենատարբեր ձեւաչափերով շրջանառել Խոջալուի թեման: Բաքվի փորձերը` նույն հարթության վրա դնելու Սումգայիթի խաղաղ բնակչության սպանդը եւ ԼՂՀ Ասկերանի շրջանի Խոջալու գյուղի դեպքերը, որտեղից ամեն օր հրետակոծության էին ենթարկվում Ստեփանակերտ քաղաքի եւ շրջակա հայկական գյուղերի քաղաքացիական ու հումանիտար հաստատությունները, նպատակ ունեն ապակողմնորոշել միջազգային հանրությանը, վարկաբեկել հայերին: Կեղծելով իրականացված ողբեգության իրական պատճառները, ադրբեջանական վերնախավը նախ եւ առաջ մոլորեցնել է փորձում սեփական ժողովրդին` խորացնելով թշնամանքը, հակահայկական տրամադրություններ ստեղծում, լռության մատնելով, որ այդ գյուղը դարձել էր Ադրբեջանում իշխանության համար ներքաղաքական պայքարի թատերաբեմ, եւ որ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը մարտական գործողությունների գոտուց անարգել դուրս գալու մարդասիրական միջանցք էին թողել…