Արցախի հիմնահարցը երբեւէ տարածքային վեճ չի եղել, ինչպես վերջին 30 տարիների ընթացքում աշխարհին փորձել է ներկայացնել ադրբեջանական պետության քաղաքական ղեկավարությունը, այլ եղել է իրենց ինքնորոշման իրավունքի եւ ազատ ապրելու համար արցախցիների պայքարի շրջանակում: Ընդ որում՝ Արցախի ժողովուրդը պատերազմի մեջ է մտել պարտադրված, երբ միջազգային գործող բոլոր իրավական ակտերին համապատասխան արցախցու ինքնորոշման ակտերի ընդունմանը Բաքուն պատասխանեց պատերազմով՝ զավթելով Արցախի տարածքի 60 տոկոսը:
170 հազար բնակչություն ունեցող Արցախին ավելի քան 5 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու եւ վերջնական հայրենազրկման սցենարը բացառելու հրամայականով համայն հայությունը եւ բարեկամ ժողովուրդների կամավորները միացան ազատագրական պատերազմին: Հայաստանը միշտ կանգնել է Արցախի Հանրապետության կողքին, վարել բանակցությունները խնդրի քաղաքական կարգավորման համար՝ այդ ընթացքում կանխելով ագրեսիաների մի քանի փորձեր եւ կանխարգելելով լայնամասշտաբ հարձակումները:
Ադրբեջանը, խախտելով բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիմնական երեք սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման պահանջը, 2020 թ. դաշնակիցների հետ աննախադեպ ագրեսիա նախաձեռնեց Արցախի նկատմամբ, որից հետո կրկին հիմնահարցի լուծման գործընթացը տեղափոխվեց քաղաքական բանակցությունների դաշտ: Սրան զուգահեռ մեկնարկեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Արցախի ժողովուրդը եւ ժողովրդավարական ընտրություններով ընտրված տեղի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտնել են, որ չեն պատկերացնում իրենց Ադրբեջանի հետ ընդհանուր պետության մեջ, այլ ընդունելի են համարում զուգահեռ հարաբերությունները: Ադրբեջանն այս ամբողջ ժամանակահատվածում մշտապես խուսափել է բանակցել Արցախի իշխանությունների հետ, ինչը տեղավորվում էր արցախյան հիմնահարցը որպես տարածքային վեճ ներկայացնելու սեփական քաղաքականության շրջանակներում: Սակայն եղել է նման երկխոսության մեկ փորձ, երբ իշխանության վերադարձած Հեյդար Ալիեւը Ադրբեջանի մեջլիսի նախագահին հանձնարարեց կազմակերպել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում, որն այդպես էլ իրականություն չդարձավ:
Այսօր՝ քաղաքական բանակցությունների հերթական փուլում, Բաքուն պարտավոր է խոսել Արցախի իշխանությունների հետ, առավել եւս, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը տարանջատվել է արցախյան հիմնախնդրից: Այս քայլն անխուսափելի է, եւ արդեն ընթացիկ տարվա փետրվարի 24-ին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպեց անդրանիկ հանդիպումը Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը քննարկվել են օրախնդիր հարցեր՝ երկու ամսից ավելի ձգվող Արցախի շրջափակման հետ կապված, ինչն օրինաչափ է: Ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստան-Արցախ գազամատակարարման անխափան ապահովման եւ Շինուհայր-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի նորոգման ու էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ:
Արցախի ժողովուրդն իր տեսակետը միանշանակ եւ ընկալելի հրապարակել է, ըստ որի՝ հնարավոր է ադրբեջանական պետության հետ ապրել կողք կողքի, բայց ոչ միասին, եւ այդ պնդման հիմքերը տվել է հենց Ադրբեջանը` իր ագրեսիայի բազմաթիվ դեպքերով, էթնիկ զտման հետեւողական քաղաքականությամբ, որի օրինակներն են հարյուրավոր հայաթափված հայկական բնակավայրերը եւ ոչնչացված հոգեւոր, մշակութային կոթողները:
Արցախի կարգավիճակի, արցախցու իրավունքի հարցերով հիմնական շահառուն եւ միակ բանակցողն Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական սկզբունքներով ձեւավորված տեղի իշխանություններն են: Այս բացարձակ ճշմարտությունը պարտավորված է եւ արդեն հասկանում է Բաքուն՝ կատարելով առաջին քայլերն այդ ուղղությամբ, իսկ Հայաստանը մշտապես եղել եւ կլինի արցախցու իրավունքների պաշտպանը, այն աշխարհին հիմնական ներկայացնողը, նոր ագրեսիայի դեպքում էլ՝ Արցախի կողքին պայքարողը: