«Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի: Ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես…
…Զարմանքը հասարակ բան չէ: Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգեւներից է: Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով եւ այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը: Իսկ անտարբերությունը բթացման առաջին եւ ամենահիմնական պայմանն է…»:
Մարտիրոս ՍԱՐՅԱՆ
Վարպետի կախարդիչ գունաշխարհին աշխարհն է ծանոթ: Իսկ իր ժամանակի աշխարհի մեծերից շատերը նրան ծանոթ էին անձնապես՝ եկել էին մոտիկից ճանաչելու մեր արեւոտ երկրի Նկարչին, տեսնելու այն երկիրը, որով ներշնչված, իր հանճարեղ գործերն էր արարել դարի նկարիչը: Եկել էին ու զարմացել, եկել էին ու անմահացել սարյանական դիմապատկերներում: Եվ ոչ միայն օտարները՝ նրանցից առաջ՝ հայոց մեծերը, ովքեր որպես հարազատ օջախ էին մտնում Վարպետի տան կամ արվեստանոցի դուռը բացելիս:
Եվ ահա իր ծննդյան օրը կրկին բաց էին Սարյանի տուն-թանգարանի դռները հարյուրավոր արվեստասերների, վրձնի մարդկանց ու հյուրերի առջեւ: Հերթական միջոցառումն էր ոչ միայն ծննդյան օրվա, այլեւ մշակութային այս սուրբ օջախի 55-ամյա գործունեությունը վերաիմաստավորելու խորհրդով: Վարպետի թոռնուհին՝ տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը՝ աշխատակիցների եռանդուն ջանադրությամբ, յուրօրինակ ծրագիր եւ ցուցադրություն էր կազմակերպել, որն առաջինն էր թանգարանի տարեգրության մեջ. վաղնջական, շատերին անծանոթ լուսանկարներ, որ արվել են Վարպետի տանը, բակում նարդի խաղալիս, իր սիրասուն զավակների, թոռնիկների, մեծանուն հյուրերի հետ: Ապա՝ նկարչի վրձնած այն մարդկանց դիմանկարները, ովքեր եկել են ծանոթանալու եւ «առնելու վարպետի օրհնությունը»: Ներկայացվեցին նաեւ հրաշքով պահպանված հազվագյուտ շարժապատկերներից հատվածներ՝ նկարահանված հոբելյանական, տուն-թանգարանի հիմնադրման, պատվարժան հյուրերի, նրանց թվում՝ մեր երկրի, նախկին Միության ամենաբարձր ղեկավար անձանց այցերի առիթներով: Եվ այս ամենը՝ զուգորդված Ռուզան Սարյանի հանգամանալից մեկնաբանություններով, երբեմն-երբեմն էլ անմոռաց հուշերի պատառիկներով: Վարպետի թոռնուհին վերհիշեց նաեւ այն ժամանակ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինի այցն ու շնորհավորանքը նկարչին, նրանց արտաբերած նախադասությունները. «Երբ Սարյանը նրան նվիրեց Արարատ լեռան պատկերով կտավը, Կոսիգինը հարցրեց. «Իսկ ե՞ս ինչ եմ նվիրելու մեծարժեք այս նվիրաբերումի դիմաց»: Պատասխանը եղավ. «Ես Ձեզ Արարատ լեռան նկարն եմ նվիրում, իսկ դուք մեզ նվիրեք հենց Արարատ լեռը…»:
Երեկոյի երկրորդ հատվածը նվիրված էր թանգարանի սկզբնավորմանը, զարգացմանը, ընդարձակման ու ծաղկման ընթացքին, հայրենիքում, նրա սահմաններից դուրս կազմակերպված ցուցահանդեսներին, դրանց արձագանքներին: Ռուզան Սարյանն անդրադարձավ դրանցից մի քանիսին. 2007 թ. հայտարարված էր Ֆրանսիայում Հայաստանի տարի՝ «Հայաստան՝ իմ բարեկամը» խորագրով: Այդ շրջանակներում թանգարանն իր գործուն մասնակցությունն է բերում Իսսի-լե-Մուլինո քաղաքի պատմության թանգարանում «Սարյանը կամ Հայաստանի գույները» ցուցահանդեսի կազմակերպմանը, ինչի համար Վարպետի արժանավոր տնօրեն-թոռնուհին արժանանում է Ֆրանսիայի Արվեստի եւ գրականության ասպետի շքանշանին: 2010-ին Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքի «Գրոնինգեր» ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվում է շատ հետաքրքիր ցուցահանդեսային ծրագիր՝ «Ռուսաստանի անհայտ Արեւելքը» խորագրով: Մոսկվայի Տրետյակովյան, Հայաստանի ազգային պատկերասրահներից եւ Սարյանի տուն-թանգարանից բերված 12 ստեղծագործություն ներկայացվում է առանձին ցուցասրահում: Արձագանքը պատկառելի էր՝ 2011-ին Սարյան թանգարանը, ասել է թե՝ Հայաստանն ապահովում են հոլանդացի զբոսաշրջիկների աննախադեպ հոսք. նրանք ցուցահանդեսում տեսել էին եւ շտապել նկարչի ոգեշնչման աղբյուր մեր հայրենիքը տեսնել…
Ռուզան Սարյանը երախտագիտությամբ հիշեց 2013 թ., երբ թանգարանն անսպասելի եւ բացառիկ օգնություն է ստացել «Խոլստ» միավորման նկարիչների կողմից, ովքեր «Սոթբիս» աճուրդի մոսկովյան մասնաճյուղի միջոցով վաճառքի էին հանել Հայաստանում ունեցած իրենց բնանկարները եւ շահած 135 հազար ԱՄՆ դոլար գումարն ամբողջությամբ նվիրաբերել Վարպետի թանգարանին, ինչը թանգարանի վերակառուցման հետ կապված բազմաթիվ խնդիրների լուծման հնարավորություն էր տալու: Ի պատասխան օրհնյալ այս բարերարների, նույն թվականին «Թանգարանային գիշերվա» շրջանակում Վարպետի հարկի տակ բացվում է «Խոլստ» միավորման նկարիչների ցուցահանդեսը՝ Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի մասնակցությամբ:
Թանգարանի պատմության մեջ հիշատակման է արժանի 2012-ը, երբ ՀՀ նախագահի կարգադրությամբ՝ կառավարությունը որոշում է ընդունում հանձնարարել Քաղաքաշինության նախարարությանը՝ հիմնանորոգել շենքը: Ճարտարապետ Իսահակ Ներսիսյանի նախագծով հիմնովին վերակառուցվում է եւ վերազինվում տեխնիկապես՝ ամրակայվում են շենքի հիմքերը կրող պատերը, ներդրվում ջեռուցման, օդորակման, լուսավորման, տեսահսկման համակարգեր, ավելացվում է չորրորդ հարկը, տեղադրվում վերելակ, մուտքի առջեւ կառուցվում թեքահարթակ, վերանորոգվում նկարչի տան բնակելի հատվածը, որտեղ, շնորհիվ Սարյան ընտանիքի նվիրատվությունների, կազմակերպվում է նոր ու հարուստ հուշային ցուցադրություն: Թանգարանը նոր շունչ է առնում:
Հագեցած էր միջոցառումը, եւ «տեղեկատվությունը»՝ անսպառ. քանդակագործ Աշոտ Թադեւոսյանի հեղինակած՝ նկարչի հուշատախտակի տեղադրումը Կարմանիցկի նրբանցքի 2/3 շենքի պատին, որտեղ 1937-1970 թթ. գտնվել է Սարյանի մոսկովյան արվեստանոցը, 2017-ին Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Տրետյակովյան պետական պատկերասրահում, նույն թվականին՝ թանգարանի պատմության մեջ առաջին միջազգային գիտաժողովը: 2019-ին Մոսկվայի տիեզերագնացության թանգարանի հետ համատեղ Սարյան թանգարանում կազմակերպվում է «Տիեզերքը եւ վրձինները» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ոչ նկարիչ տիեզերագնացների ստեղծած տիեզերքի նկարները, եւ հակառակը՝ տիեզերքում չեղած, բայց իրենց կտավներում այն պատկերած նկարիչների գործերը: Բացառություն էին կազմում Ալեքսեյ Լեոնովի նկարները, ով եւ՛ նկարիչ էր, եւ՛ տիեզերագնաց: Պատմական է Լեոնովի եւ Սարյանի հանդիպումը Վարպետի տանը: Ցուցահանդեսին ներկա էր ԽՍՀՄ կրկնակի հերոս, տիեզերագնաց Ջանիբեկովն իր տիկնոջ հետ:
Էկրանին ցուցադրվեցին նաեւ Վարպետի վերականգնման ենթակա եւ արդեն վերականգնված կտավներից մի քանիսը, դրանց թվում նաեւ՝ գլուխգործոցային «Կոստանդնուպոլսի շները»: Առ այսօր վերականգնվել է շուրջ 40 կտավ: Վերջում հավելենք, որ Վարպետի ծննդյան օրվան եւ թանգարանի 55-ամյակին նվիրված գեղեցիկ ու ինքնատիպ այս միջոցառումը, որը վարում էր արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը, մերթ ընդ մերթ «ծաղկում» էր երաժշտական հոգեպարար կատարումներով…