Արցախի շրջափակման հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումից հետո Բաքու մեկնած ՌԴ ԱԳ նախարարի վարած բանակցությունների թեմաներից մեկը, ինչպես կարելի էր սպասել, պետք է լիներ հենց այդ խնդիրը: Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Բերձորի (Լաչին) միջանցքի աշխատանքը պետք է համապատասխանի ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած առաջին համաձայնագրի նորմերին՝ շեշտելով, որ այնտեղ հսկիչ անցակետի տեղադրում նախատեսված չէ: Սակայն Լավրովը նաեւ հայտնեց, որ հնարավոր է կիրառվեն տեխնիկական միջոցներ՝ եղած մտահոգությունները վերացնելու համար:
Ըստ էության, ՌԴ արտաքին գործերի նախարարը Բաքվից հաստատում է, որ միջանցքը պետք է գործի 2020 թ. նոյեմբերի 9-ի կարգավիճակով: Այստեղ պետք է նկատել, որ Արդարադատության միջազգային դատարանի պահանջն էլ է դրա մասին՝ ապահովել մարդկանց, մեքենաների եւ բեռների անխափան տեղաշարժը դեպի Արցախ եւ հակառակ ուղղությամբ: Շրջափակման ենթարկելով Արցախի Հանրապետությունը՝ ադրբեջանական պետությունը գործընթացը տանում էր Բերձորի ճանապարհին հսկիչ կետ տեղադրելուն, ինչի մասին իր հրապարակային ելույթներում ակնարկել էր նաեւ Ալիեւը: Մինչդեռ Բաքվից արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսում հնչած ուղերձները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը ստիպված է հետ կանգնել այդ մտադրությունից, քանի որ այն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը եւ սկզբունքին: Մյուս կողմից էլ Արդարադատության միջազգային դատարանն անհիմն էր համարել ադրբեջանական պնդումը, թե միջանցքով ականներ են տեղափոխվել Արցախ՝ դրանով հերքելով հիմնական պատճառաբանությունը, որով պաշտոնական Բաքուն փակել էր միջանցքը:
Ադրբեջանական կողմը, ամենայն հավանականությամբ, պարտադրված մեղմացնում է իր պահանջները՝ բավարարվելով միայն մեքենաների ռենտգեն ստուգում անցկացնելու պահանջով: Դատելով Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հրապարակային ելույթներից՝ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ճանապարհի բացման, էլեկտրականության եւ գազի մատակարարման վերականգնման դիմաց թույլատրել ադրբեջանական կողմից դիտարկում իրականացնել Կաշենի եւ Դրմբոնի հանքավայրերում:
ՌԴ արտաքին գործերի նախարարի այցը Բաքու եւ այնտեղից Բերձորի միջանցքի բացման վերաբերյալ նման որոշակի մեսիջների հղումը խոսում է Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների մեծացման եւ ազդեցության ուժեղացման մասին: Հաագայի դատարանի որոշումից հետո Ադրբեջանն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ բացել Լաչինի միջանցքը, կա՛մ սպասել միջազգային ճնշումների նոր ալիքի՝ ընդհուպ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի դիտարկմանը: Պաշտոնական Բաքուն, երկու ամսից ավելի շրջափակման ենթարկելով Արցախի ժողովրդին եւ նրան մատնելով հումանիտար աղետի, այսօր հայտնվել է փակուղու առաջ: Շրջափակման հետագա շարունակումը Բաքվին վերջնականապես կպիտակավորի որպես ցեղասպան վարչակազմի, ինչը քաղաքակիրթ երեւալ ցանկացող Ալիեւի համար հավասարազոր է ինքնասպանության:
Գործելաոճին համապատասխան՝ ադրբեջանական պետությունը չի շտապում կատարել Հաագայի դատարանի եւ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ չբացելով Լաչինի միջանցքը եւ չվերականգնելով դեպի Արցախ գազի եւ էլեկտրականության մատակարարումը: Այս իրողության ֆոնին, սակայն, Բաքվից ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում հնչած ուղերձները դրական տեղաշարժեր են նշմարում: