«Հայրս ֆայտոնչի է եղել Ախալցխայում, որտեղ ես ծնվել եմ, եւ Բաթումիում, ուր տեղափոխվել է մեր ընտանիքը եւ ուր ես մեծացել եմ… Հիշում եմ՝ ինչպես էի դողում երջանկությունից ու վախից, երբ առաջին անգամ հայրս ինձ ձի նստեցրեց: Հազիվ չորս-հինգ տարեկան էի: Ես սեղմվել էի ձիու վզին, բռնել բաշից ու քար էի կտրել… Այդ բանը պատահեց Բաթումիում, պիոներական այգուց ոչ հեռու, անմոռանալի այն օրը, երբ իրիկնային արեւով լցված խաղաղ փողոցով, սանձատակից բռնած տանում էր հայրս իր երկու լծարձակված աշխետ ձիերին:
Արագավազ ձիեր էր սիրում հայրս եւ դիպուկ խոսք: Եվ ինչպես իսկական ֆայտոնչի՝ սիրում էր խմել: Իսկ երբ խմած էր լինում, սիրում էր գլուխ գովել: Մենք աղքատ էինք ապրում, իսկ նա տուն էր գալիս եւ մորս ասում. «Փո՞ղ: Կուզես փթերով բերեմ: Փողն ի՞նչ է որ: Ֆայտոնչի մարդ եմ՝ թե պրոֆեսոր չեմ, յարըմ (կիսով չափ) պրոֆեսոր եմ: Օրվա մեջ մի խոսք միտս մնա՝ հերիք է…»:
Աղքատ կյանքով ապրած ֆայտոնչու տղան հայ գրականագիտական մտքի վաստակաշատ դեմքերից մեկը՝ ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանն է, հոբելյար, ում ակնածալից հարգանքով, սիրով են հիշում նրա հետ ընկերություն արած, համատեղ աշխատած ու նրա ծանրակշիռ վաստակին քաջածանոթ մարդիկ: Նման անհատների կյանքն ու գործը երբեւէ չեն հանձնվում մոռացության մշուշներին: Ասել է, թե շարունակում են կրկնակի կյանքով:
Վերապրեցումի այդ խորհուրդն ուներ նրա հիշատակի խնկարկումը մայրաքաղաքի քաղաքային պանթեոնում, որտեղ հավերժական նինջի մեջ է ակադեմիկոս հայորդին: Այնտեղ էին նրա հարազատները, գրականության ու գրչի մարդիկ, դասախոսներ, ընկերներ, ուսանողներ: Նրա շիրմին ծաղիկներ խոնարհեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, գրականագետներ Սամվել Մուրադյանը, Արծրուն Ավագյանը, հանրահայտ գործիչ Գուրգեն Մելիքյանը, բարերարներ Արարատ եւ Վարդան Գոմցյանները, մտերիմ ընկեր Սպարտակ Սարգսյանը, «ՀՀ» գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը, հոբելյարի հանդեպ անխառն սիրով լցված այլ մարդիկ: Հոգեւոր այրերը հիշատակումի ու Տերունական աղոթքի ծիսակատարումով վերաօծեցին գրականագետի ննջելատեղին, եւ խնկահոտով լցվեց շուրջբոլորը: Լեւոն Մկրտչյանի գրականագիտական, թարգմանական վաստակին սեղմ խոսքով անդրադարձավ Սամվել Մուրադյանը:
Հիշատակի օրվա այցի հաջորդ հանգրվանը երախտաշատ գիտնականի հիմնադրած Հայ-ռուսական համալսարանի բակում էր, նրա հարթաքանդակի մոտ, որտեղ բուհի ռեկտորի սրտաբուխ խոսքից հետո երջանկահիշատակ մտավորականին նվիրված բանաստեղծությունների ասմունքով հանդես եկան հայ եւ այլազգի՝ չինացի, անգլիացի ուսանողները: Հուշի պատառիկներ ներկայացրին բուհի հնօրյա դասախոս Մագդա Ջանփոլադյանը, այլ գործընկերներ: Այնուհետ ներկաները բարձրացան այն աշխատասենյակ, որտեղ բուհի հիմնադրման օրվանից աշխատել է նաեւ կրթական գործի նվիրյալը: Յուրօրինակ այս հուշասրահում ամենուր ռեկտոր Լեւոն Մկրտչյանի պատկերով նկարներ են, նրա օգտագործած բազմազան իրերն ու առարկաները: Հիշատակի օրվա մասնակիցներն այստեղ նույնպես վերհիշեցին սիրված ընկերոջը, գրականագետին, կրթական գործի անխոնջ մշակին:
-Այսօր Լեւոն Մկրտչյանի՝ մեծ մարդու եւ գրականագետի ծննդան ու հիշատակի օրն է, որը, ինչպես տեսնում ենք՝ վերածվում է տոնակատարության,- ասաց հայտնի գրականագետ Սամվել Մուրադյանը:- Երանի այն մարդուն, ում հիշատակի օրը տոնի կվերածվի: Լեւոն Մկրտչյանն այդ «երանին» ինքն է վաստակել իր գործունեությամբ. նա կարողացել է ռուս մտավորականությանը կապել Հայաստանի հետ, հայ գրականության եւ մշակույթի հետ: Այսօր մենք չէինք ունենա ռուս բարեկամների այս քանակությունը (ես պետական քաղաքականությունը նկատի չունեմ, նկատի ունեմ այդ ժողովրդի ազնիվ մտավորականների վերաբերմունքը): Կարող եմ վկայակոչել, որ առանց Լեւոն Մկրտչյանի անձնական միջամտության չէինք ունենա ոչ Նաում Գրեբնեւի նարեկյան թարգմանությունը, ոչ Վլադիմիր Միգուշեւիչինը, որի՝ «Նարեկին» նվիրված «Բուժիչ լույս» հոդվածը տպագրել ենք համալսարանի հայտնի ամսագրում: Բուժիչ, դարմանիչ լույս՝ սա ռուս մտավորականի կարծիքն է Նարեկացու մասին՝ վերնագրից սկսած: Այս հոդվածն ինձ անձամբ Լեւոնն էր տվել՝ թարգմանաբար հրատարակելու համար: Կարող եմ նույն կերպ վկայակոչել Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գիրքը, «Հարյուր եւ մեկ հայրեն» գրքի հայերենով եւ ռուսերենով հանդիպադրված էջերը: Կարող եմ շատ ու շատ բաներ վկայակոչել: Լեւոն Մկրտչյանը մեծ հայրենասեր էր, որ կարող էր կազմակերպել հայ գրական կյանքը այնպես, որպեսզի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը չլինի սոսկ խոսք: Իսկ դա ժողովուրդների բարեկամություն է եւ ո՛չ պետությունների խարդախություն: Սա պիտի ճիշտ հասկանանք: Եվ ինչքան մոտ լինենք ռուս մեծ մշակույթին, այնքան մեր ազգային արժեքը, մշակույթը կբարձրանան, եւ ավելի շատ կբարձրանա հենց ռուս մշակույթի արժեքը: Որովհետեւ մեր գրականության արժեքները ռուս ընթերցողին ներկայացնելով, զարգացնում ենք ոչ միայն մեր, այլեւ ռուսների քաղաքակրթական մակարդակը: Վալերի Բրյուսովը՝ մեր ժողովրդի մեծ բարեկամը, միջնադարի հայ քնարերգության ու Սայաթ-Նովայի իմացության մակարդակով էր չափում մարդու քաղաքակրթվածության աստիճանը: Սա չպիտի մոռանանք: Այս առոմով Լեւոն Մկրտչյանն իսկապես կատարել է անփոխարինելի դեր իր անձնական նախաձեռնություններով: Եվ բնավ պատահական չէ, որ իր հիշատակի օրով այսպես մեծարում ենք նրան…
Խնդրեցինք խոսք ասել նաեւ Գուրգեն Մելիքյանին, ով սիրով նշեց. «Ինձ համար կարեւորը՝ նա ուղղորդող հայ էր: Նա օրինակ էր իսկական գիտնականի եւ՛ իր կեցվածքով, եւ՛ ապրելակերպով: Մեծ հայ էր: Երախտապարտ եմ իրեն, որ քայլել եմ իր հետ հավասար եւ իր առաջարկությամբ դարձել «Դուդինյան» հիմնադրամի խորհրդի նախագահը: Եզակի անձնավորություն էր, որի կողքին վայրկյաններ լինելն անգամ երջանկություն էր…»: