Անկախության հանրաքվեից ի վեր Հայաստանում նման բախտորոշ իրավիճակում ընտրություններ չէին անցկացվել: Հունիսի 20-ին ընտրելու ենք այն երկրի առաջընթացի ուղին, որը նորովի արժեւորեց մեր ժողովրդի ընտրյալ հերոս նահատակների հերթական սերունդը: Պահն աննկարագրելիորեն պատասխանատու է, եւ օրինաչափ է, որ այսօր խոսք ասողներն էլ են շատ: 26 կուսակցություն ու դաշինք իրենց ծրագրերով փակում են երկրի զարգացման արտաքին քաղաքականության վեկտորների եւ տնտեսական մոդելների գրեթե ողջ տեսահորիզոնը:
Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած նման թիվը խոսում է նաեւ մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր հանգամանքի մասին: Այս ընտրություններն անցնելու են քաղաքացու ընտրության սահմանադրական իրավունքի առավելագույնս պահպանության եւ պաշտպանության պայմաններում, այլ կերպ ասած՝ ազատ կամարտահայտման համար ստեղծված են երբեմնի ամենաբարենպաստ պայմանները, ինչն էլ նման թվով քաղաքական սուբյեկտների համար առարկայական նախադրյալներ է ստեղծել այս կարեւորագույն քաղաքական գործընթացում իրենց խոսքն ասելու համար: Այս ընտրությունների ազատ անցնելու մասին է փաստում նաեւ ստեղծված ներքաղաքական քարտեզը: Իշխանությունը եւ ընդդիմությունը ներկայացնող ուժերն ունեն հավասար ու անհրաժեշտ բոլոր լծակներն ընտրական գործընթացների ընթացքը վերահսկելու համար: Փոխադարձ վերահսկման ուժեղ մեխանիզմների առկայությունն առաջնային է օբյեկտիվ ընտրություններ անցկացնելու եւ ժողովրդի իրական կամքն ամրագրելու համար:
Հունիսի 20-ին ընտրողի ազատ կամարտահայտման սահմանադրական պահանջի իրացումն առաջնային է հետընտրական զարգացումները սահմանադրական կարգի շրջանակներում պահպանելու համար, ինչն այսօր ամենաառաջնային խնդիրներից է: Հետընտրական հնարավոր բախումները կապահովեն թշնամու հաղթանակը Հայոց միջնաբերդում, իսկ դրան տանող ուժը կլինի թշնամու Տրոյական ձին: Ազատ ընտրության իրավունքի պահպանմամբ անցկացված ընտրությունների արդյունքները հունիսի 21-ին պետք է ընդունելի լինեն բոլոր մասնակիցների համար: Պետք է միշտ հիշել, որ ընտրությունները քաղաքական կոնյուկտուրայի փոփոխության հերթական, ժամանակավոր փորձ են՝ 5 տարի ժամկետով՝ թեկուզ եւ տեղի են ունենում մեր ժողովրդի համար շատ բախտորոշ պատմական շրջափուլում, իսկ ժողովրդի միասնությունը մեր հզորության եւ հարատեւման գրավականն է:
Հունիսի 20-ին քաղաքացին է որոշելու իր եւ պետության առաջընթացի ապագա ուղին: Գիտակցված եւ մեծ պատասխանատվությամբ ընտրության գնալն այսօր այլընտրանք չունի: Իսկ դրա համար անհրաժեշտ է, մի կողմ դնելով զգացմունքները, ընտրել իրականը, այլ ոչ թե փսեվդոիմիջները: Անկախ Հայաստանի բոլոր իշխանություններն ընդունել են, որ իրենց ժամանակ երկրում եղել է ստվեր: Ստվերը չի կարող միայն տնտեսական օազիս լինել, եթե այն կա, ապա ընդգրկում է հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները՝ նաեւ քաղաքականը: Իսկ քաղաքական ոլորտում ստվերն առաջին հերթին նշանակում է քաղաքացու ընտրությանը քաղաքական ուժերի կեղծ իմիջի առաջարկ: Վաղվա ընտրություններն աննախադեպ են նաեւ այն բանով, որ եղած ստվերը քաղաքական դաշտում պատմական նվազագույնի է հասել, եւ քաղաքական ուժերն ստիպված են ներկայանալ իրական դեմքով, իսկ ընտրողն էլ արդեն առավելագույնս է տարբերում իրականը կեղծից:
Այսօր քաղաքացին առավել հասուն է, եւ հնարավոր չէ նրան խաբել: Հետեւաբար, հունիսի 20-ին, առավել քան երբեւէ, ՀՀ քաղաքացին գիտակցված է գնալու ընտրության: Իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, ով կգնա ընտրատեղամաս, պետք է իր ուսերին զգա պատասխանատվության ահռելի բեռը: Ընտրաթերթիկը ձեռքը վերցնելիս պետք է հիշի, որ քվեարկում է Հայաստանի եւ Արցախի այն ապագայի ճանապարհի համար, որն իր հոգու անմար լույսով լուսավորել է ազգիս ընտրյալների մի ամբողջ մատաղ սերունդ: Նրանց պահած Հայաստանների ապագան մսխելու իրավունք ոչ մեկիս չի տրված: Ուրեմն՝ պայքարենք նրանց սուրբ արյամբ իմաստավորված հայրենիքի համար եւ համերաշխ լինենք առաջին հերթին սեփական խղճի հետ: Հայոց հերոսական սերունդները մեծ պատգամ ու ահռելի պատասխանատվության բեռ են դրել մեր ուսերին: Հերոս, ազնվագույն տղերքի նախանշած ճամփով ճիշտ գնալու համար պետք է միայն գնահատել տեսածը, զգացածը, իրականը, այլ ոչ թե կեղծը, այլ կերպ ասած՝ պետք է քվեարկել Հայաստանի ու հայ ժողովրդի օգտին:
Մենք սպառել ենք սխալվելու բոլոր ժամանակների ռեսուրսը: Հունիսի 20-ին դատապարտված ենք ճիշտ ընտրություն կատարելու: Այլեւս «Կներեք, սխալվեցի» արդարացումները չեն ընդունելու ոչ ներկա, ոչ գալիք սերունդները: Այս ընտրություններում հայկական շահը, պետականության զարգացման ճիշտ ուղին դրված են ընտրատեղամասերի սեղաններին, եւ ընտրելու հնարավորությունն էլ ընձեռված է: Պետք է ընդամենն անտեսել ամեն ինչ եւ ընտրել այն, ինչը մեր համոզմունքն է, եւ որի համար վաղը պատասխան ենք տալու: Ընտրության գնալիս հիշենք, որ մեր քայլի համար պատասխանատու ենք մեր խղճի, հերոս տղերքի, մեր ներկա ու ապագա սերունդների եւ Աստծո առաջ: