Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը, ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարեւորել է կապերի ընդլայնումն ու ընդգծել Երեւանի պատրաստակամությունը փոխգործակցության հաստատման ու զարգացման ծրագրերում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովը, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Երեւան այցի շրջանակներում կձեւավորվի փոխշահավետ գործակցության լայն դաշտ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորության շուրջ:
Երեւանի քաղաքապետն ու Եկատերինբուրգի քաղաքապետը ստորագրել են Եկատերինբուրգի վարչակազմի եւԵրեւանի քաղաքապետարանի միջեւ համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիր, որը հնարավորություն կտա գործակցել եւ զարգացնել երկկողմ կապերը տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության, երիտասարդական նախագծերի, ինչպես նաեւ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
«Քաղաքները, իհարկե, ունեն իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները, բայց խնդիրները միանման են: Այսօր ստորագրեցինք մտադրությունների հուշագիր Երեւանի եւ Եկատերինբուրգի միջեւ համագործակցություն հաստատելու վերաբերյալ, ինչը կնպաստի հետագա արդյունավետ գործակցությանը, համատեղ ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը տարբեր ոլորտներում»,- նշել է Երեւանի քաղաքապետը:
«Սա երկու քաղաքների միջեւ ստորագրված առաջին փաստաթուղթն է, որը լայն հնարավորություն է՝ գործակցելու քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Պատրաստ ենք մեր փորձը փոխանակել երեւանյան գործընկերների հետ՝ միաժամանակ որոշ ոլորտներում առկա նոր լուծումները տեղայնացնելով մեզ մոտ: Հաշվի առնելով հատկապես տեղի ներդրումային հետաքրքրությունները՝ Երեւանում ենք բավական մեծ եւ ընդլայնված պատվիրակությամբ:Կշարժվենք առաջ՝ զարգացնելով մեր փոխգործակցությունը»,- ընդգծել է Եկատերինբուրգի քաղաքապետը: