2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցան աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժեր: Հարավային Կովկասում, նաեւ Ռուսաստանի գործողությունների արդյունքում, ակտիվացավ Թուրքիան, եւ ուժեղացած թյուրքական տարրը որոշեց, որ կարող է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, ինչպես նաեւ Իրանին: Հայաստանի դեպքում Ադրբեջանի նախագահը իր հավակնությունները ներկայացրեց Սյունիքի նկատմամբ՝ հորինելով ու շրջանառության մեջ դնելով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, իսկ Իրանի դեպքում՝ Ատրպատականի նկատմամբ՝ վեր հանելով ավելի քան մեկ դար իր «սնդուկում» պահած կեղծիքը: Իհարկե, Թեհրանը հասկանում է Ադրբեջան կոչված պետության գոյության թյուրքական իմաստն ու նշանակությունը, որոնք առաջ են քաշվել այլ կենտրոնների կողմից:
Տարածաշրջանում զարգացող իրադարձությունները Իրանին ու Նյու Դելիին ստիպեցին «Հյուսիս-Հարավ» ճանապարհային նախագծի շրջանակներում նոր երթուղիների առաջարկներ ներկայացնել, այդ թվում՝ Հայաստանի միջոցով: Առաջին անգամ նման հայտարարությամբ հանդես եկավ Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրայը. «Մենք պլանավորում ենք Չաբահարի արեւմտյան մասն ու Հնդկական օվկիանոսը Հայաստանի տարածքով կապել Եվրասիայի ու Հելսինկիի հետ՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը»:
Հնդկաստանը հետաքրքրված է Հայաստանի տարանցիկ ներուժով: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ Նյու Դելին անհանգստացած է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աճող համագործակցությունից: Այս եռյակի արտաքին գործերի նախարարները 2021 թ. հունվարին ստորագրեցին Իսլամաբադի հռչակագիրը, որում անդրադարձ է կատարվում նաեւ Ջամմուի ու Քաշմիրի, Կիպրոսի ու Արցախի հիմնահարցերին: Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը 44-օրյա պատերազմից հետո իրենց շփումները հասցրեցին նոր մակարդակի: Այս ֆոնին սեպտեմբերի 12-13-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան համատեղ զորավարժությունները, թուրքական ռազմական ներկայությունը Կասպից ծովում, Թուրքիայի ու Իսրայելի դերը պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ նկրտումներն իրանական կողմին նույնպես պարտադրեցին ակտիվանալ՝ կապված «Հյուսիս-Հարավ» միջանցքին Հայաստանի մասնակցության հռետորաբանության հետ:
Ուշագրավ է, որ Թեհրանը առաջ է քաշել նաեւ «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նվազեցնել կախվածությունը Թուրքիայից՝ կապված Եվրոպա ելքի հետ: Նախաձեռնությանը մասնակցում են Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը եւ Բուլղարիան: Այլ երկրներ նույնպես նախատեսում են միանալ, այդ թվում՝ Արեւելքի խոշորագույն տնտեսություններից մեկը՝ Հնդկաստանը:
Բաքուն նույնպես սերտորեն աշխատում էր Թեհրանի հետ: Ադրբեջանցիները դրան զուգահեռ տեղեկություններ էին տարածում, թե Հայաստանը դուրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծի մասնակիցների թվից: Ճիշտ է՝ նման տեղեկություններին միշտ հետեւում էին հերքումները, ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան մասնագետների ու պաշտոնյաների կողմից: Բայց Թուրքիայի ու Ադրբեջանի ձգտումները հասկանալի էին՝ շեղել Իրանի ուշադրությունը Հայաստանից՝ առաջարկելով այլընտրանքային նախագծեր: Նրանք միեւնույն ժամանակ փորձում էին խաղարկել այն հանգամանքները, որ Հայաստանը միջազգային չափանիշներին համապատասխանող տրանսպորտային ենթակառուցվածքների դեֆիցիտ ունի, մասնավորապես՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը չի ավարտվել, որոշակի հատվածներում ընդհանրապես երկաթգիծ չկա: Ադրբեջանի սադրիչ գործողությունները, աշխարհաքաղաքական պայքարը Սյունիքի համար, տարածաշրջանային որոշ խաղացողների փորձերը՝ խափանելու համար միջանցքի այլընտրանքային երթուղիների ստեղծումը նվազեցնում էին մեր պետության գրավչությունը, սակայն Իրանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վատթարացումը, որն այսօր հասել է նախապատերազմական վիճակի, ամրացնում է Հայաստանի՝ որպես տարանցիկ երկրի, հնարավորությունները: Միաժամանակ առավել ընկալելի են դառնում թուրք-ադրբեջանական զույգի հեռագնա նպատակները, որոնք ճանապարհային ու էներգետիկ նախագծերը դիտարկում են ոչ թե որպես խաղաղ ու փոխշահավետ գոյակցության հիմք, այլ որպես հարեւաններին կախվածության մեջ գցելու եւ հետագայում նրանց խժռելու միջոց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած վերջին այցի ընթացքում նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Քաջարանի թունելի կառուցման վերաբերյալ: 7.2 կիլոմետր երկարություն ունեցող թունելի շինարարական աշխատանքները, ըստ նախատեսվածի, պետք է սկսվեն 2023 թ. գարնանը: Երկու երկրները համաձայնության են հանգել «Հյուսիս-Հարավ» միջանցքի շինարարության նախագծի իրացման վերաբերյալ Նորդուզի սահմանից մինչեւ Վարզագան ու Թավրիզ:
Հայաստանն արդեն 260 մլն դոլար է ծախսել այն հատվածների շինարարության համար, որոնք «Հյուսիս-Հարավ» ճանապարհի մաս են կազմում: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա արդեն 2023 թ. ամռանը կվերականգնվեն այն ճանապարհները, որոնք դուրս են գալիս Իրանի հետ սահման: Խոսքը «Տրանշ-4»-ի շրջանակներում 32 կմ հատվածի մասին է, որն սկսվում է Ագարակ համայնքից, անցնում է Վարդանիձոր գյուղով եւ հասնում Քաջարանի թունել: Վերանորոգումից հետո մայրուղին կհամապատասխանի երկրորդ տեխնիկական կարգին: Այն կունենա երկու շարք, 18 կամուրջ եւ երեք թունել: Թույլատրելի արագությունը՝ 80 կմ /ժ: Բեռնատարների համար առանձին շարք է նախատեսվում:
Հայաստանի 2023 թ. բյուջեի համաձայն՝ այս տարի «Հյուսիս-Հարավ» նախագծի շինարարությունը կիրականացվի 50.5 մլրդ դոլարի շրջանակներում: Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը շարունակում է մնալ նախագծի մասնակիցների շարքում: «Հյուսիս-Հարավ» նախագիծը կկրճատի Իրանի սահմանից մինչեւ Վրաստանի սահման ճանապարհը՝ 556-ից հասցնելով 490 կմ-ի եւ կհեշտացնի ոչ միայն Հայաստանի, ալյեւ Իրանի ելքը Սեւ ծով:
Սակայն Հայաստանը չի սահմանափակվում միայն «Հյուսիս-Հարավ» եւ «Պարսից ծոց-Սեւ ծով» նախագծերում իր դերակատարության շուրջ առաջացած հարցերի լուծմամբ, այլեւ հանդես է գալիս նախաձեռնողականությամբ, ինչը որոշ առումով պատասխան է թշնամաբար տրամադրված պետությունների կողմից իրականացված Հայաստանի մեկուսացման քաղաքականությանը: Հայաստանը Հնդկաստանին առաջարկել է Սեւ ծովով առեւտրային միջանցք ստեղծել՝ հնդկական ապրանքների տեղափոխությունը դեպի Ռուսաստան եւ Եվրոպա ավելի արագացնելու համար։ Առաջարկն արվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է «The Economic Times»-ը։
Ինչպես նշում է թերթը, Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ հարաբերությունները ջերմացել են պաշտպանական ոլորտում ակտիվ համագործակցության շնորհիվ: Առեւտրային միջանցքը կանցնի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին զուգահեռ։ Այն Իրանի եւ Հայաստանի միջոցով Մումբայը կկապի Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը սառը հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Պակիստանի հետ վերջինիս սերտ կապերի պատճառով։
Ըստ «Economic Times»-ի՝ միջանցքը լրացուցիչ երթուղի կստեղծի՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առճակատումից խուսափելու համար։ Քանի որ նոր սառը պատերազմը խաթարում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի տնտեսական, քաղաքական հարաբերությունները, Ռուսաստանի ու Եվրոպայի սահմանով անցնող ապրանքների ցանկացած լայնածավալ տարանցում չափազանց ռիսկային է թվում միջազգային լոգիստիկ, ապահովագրական ընկերությունների համար:
Նշված տրանսպորտային նախագծերում, որոնք հեռանկարում կարող են վերաճել նաեւ էներգետիկ նախագծերի, ի՞նչ դեր կարող է ունենալ Բաքուն, որը սեփական ձեռքերով փոս է փորել իր համար՝ հակադրվելով Իրանին ու Հնդկաստանին, որոնք այդ նախագծերում առաջնակարգ դեր ունեն…