ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 22-ին ասել է, թե կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Անկեղծ ասած՝ նույնիսկ ամենավառ պատկերացումներում չենք հասկանում, թե ինչու է այդպես կարծում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, երբ Ադրբեջանը գրեթե ամեն օր փաստացի մերժում է Հայաստանի հետ այդ խաղաղությունը։ Եվ դա չի անում տեսականորեն՝ կոչերով, հայտարարություններով, այլ գործնականում՝ քայլերով, 44-օրյա պատերազմից հետո ռազմական լայնածավալ հարձակումներով, սադրանքներով, ագրեսիվ պահվածքով։
Մարտի 21-ին Բլինքենը զանգահարել էր Ալիեւին, «քաջալերել էր չլուծված խնդիրներին լուծում գտնելը եւ ընդգծել էր, որ չկա ռազմական լուծում», վերահաստատել էր Լաչինի միջանցքի վերաբացման կարեւորությունը: Ըստ ադրբեջանական կողմի փոխանցման՝ Ալիեւն էլ Բլինքենի հետ հեռախոսազրույցում ընդգծել էր Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը՝ այն պատճառաբանությամբ, թե, իբր, հայկական կողմը «շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ»։ Թեեւ հայկական կողմը բազմիցս հերքել է Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումները, եւ Ադրբեջանն էլ վստահ է, որ այդպիսի փոխադրումներ չկան, բայց անընդհատ գոռում է այդ մասին, որովհետեւ դա իրեն ձեռնտու է հետագա քայլերի համար հող նախապատրաստելու առումով։
Ճշտենք՝ այդ «հետագա քայլերը» սկսված են վաղուց՝ 44-օրյայից ցայսօր։ Այդ համապատկերում նա հայտնվեց Սյունիքի քաղաքներից մեկի՝ Կապանի մատույցներում, հետո «կանգնեց» Ջերմուկի ուղիղ գլխին, թե քանի տեղ է բնավորվել Սյունիքում, բոլորս գիտենք։ Այսինքն՝ իր համար ապահովել է նոր դիրքեր, որ վաղն օգտագործելու է։ Ի դեպ, թշնամին անկեղծ է, չի թաքցնում իր նպատակները։ «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա նույն թշնամի պետության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է ասել` 2023 թ. մարտի 18-ին հայապատկան Թալիշում, որտեղ 44-օրյայից հետո Ալիեւը կարողանում է ոտք դնել։
Ալիեւն ասում է՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու, Բլինքենն ասում է՝ լինելու է։ Չէ, Բլինքենի վստահությունից չենք ուզում, պատճառը «հասկանալ» չենք ուզում, որովհետեւ տեղյակ ենք գոնե առերեւույթ գլոբալ խաղերից ու դրանց Հայաստանին (ու Արցախին) զոհաբերելու կեղտոտ նպատակներից։ Մեր խնդիրն է մեր հանրության լայն զանգվածներին ցույց տալ մեզ պարտադրվող՝ թշնամու հետ, իբր, խաղաղության կեղծ թեզերի՝ աստված մի արասցե, իրականացման դեպքում մեզ սպառնացող վտանգները։
Այդ վտանգներն այնքան ակնհայտ են, որ տեսանելի կլինեն հանրության նույնիսկ այն շերտի համար, որ չգիտի համաշխարհայինը մի կողմ՝ սեփական երկրի պատմությունը, սեփական երկրի աշխարհագրությունը, իր ու թյուրքի ծագումը, այնքան չգիտի, որ Արցախի պատկանելությանն էլ տեղյակ չէ։ Հայաստանի Հանրապետությունում ապրող այդ շերտն ընդամենը պետք է հիշի, որ Ադրբեջանը 2021 թ. մայիսի 12-ին, նույն տարվա նոյեմբերի 17-ին եւ 2022 թ. սեպտեմբերին օկուպացրել է ՀՀ տարածքներ։ Ընդ որում՝ միայն սեպտեմբերի 13-ի լույս 14-ին ՀՀ-ն տվել է ավելի շատ զոհ, քան 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Այս շերտին պետք է բացատրել, որ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, որ Ալիեւն այսօր շրջանառում է, դրանով ադրբեջանական տարածք է համարում ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։
Բլինքենն ասում է՝ «Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի այս միջանցքը (Լաչինի,-Ա.Մ.)»։ Արցախը 100 օրից ավելի է՝ շրջափակված է, Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ըստ էության, «սառույցին է գրվել»։ Եթե սա է ճնշումը, ապա ոչ մի խնդիր։ Այնքան միամիտ լինել ու հավատալ, որ անհնար է Ադրբեջանին ճնշելը, չենք պատրաստվում։ Բայցեւ չենք պատրաստվում ամբողջ մեղքը բարդել միջազգային այս կամ այն կառույցի, պետության «լավ չճնշելու վրա»։ Որովհետեւ գիտակցում ենք, որ իրական ճնշում կլինի միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը ի՛նքը քայլեր կձեռնարկի՝ չմնալով կոչերի դաշտում։ Երբ սեփական երկրիդ տարածք մտած թշնամուն ոչ թե շպրտում, այլ կոչ ես անում դուրս գալ, նա հետագա վայրագությունների «իրավունք» է ստանում։ Սա՛ է ճշմարտությունը։ 2021 թ. մայիսի 12-ից հետո թշնամին համարձակություն ստացավ նոյեմբերի 17-ի համար, այդ օրն էլ համարձակություն ստացավ 2022 թ. սեպտեմբերի համար։
Ճշմարտությունը նաեւ այն է, որ մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները շարունակվելու են, որովհետեւ ճանապարհների, իբր, ապաշրջափակման, իբր, խաղաղության կեղծ թեզերի ներքո թշնամին վարում է Արցախը լիովին հայաթափելու եւ ՀՀ բնակավայրերը մեկուսացնելու քաղաքականություն՝ մինչեւ հասնի իր վերջնական՝ հայկական հարցի լուծման նպատակային քաղաքականությանը։ Ապացույցն Ալիեւի մարտի 18-ի ելույթն է, որտեղ Հայաստանի հասցեին ոչ թե վերջնագիր-սպառնալիքներ էին, այլ՝ դրանցից մի ամբողջական փունջ, որտեղ է՛լ «Արեւմտյան Ադրբեջան» էր, է՛լ «հայրենի Ղարաբաղ», «հայրենի Զանգեզուր» եւն…
Արդյոք այս ամենը ենթադրո՞ւմ է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն ընդհանրապես հնարավոր չէ։ Հնարավոր է, ինչպես դա եղավ Արցախյան առաջին ազատամարտից հետո տեւական ժամանակաշրջան, երբ թշնամին գիտեր, որ չի հաջողելու հայկական երկու պետությունների դեմ գործելը։ Մենք կրկին կարող ենք այնպես անել, որ Ադրբեջանը չհաջողի, եւ դրա հնարավորությունը մանանայի պես մեզ վրա չի թափվելու, հայկական կողմն ինքը պետք է ստեղծի այդ հնարավորությունները՝ գործնական քայլերով։