Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդերի մասին ավելի շատ հուզել կամ անհանգստացրել է ուրիշներին, քան Ռուսաստանին, համենայնդեպս՝ արտաքուստ: Ռուսաստանը հայտարարել է, թե «թքած» ունի այդ որոշման վրա, եւ այն իր համար ոչինչ չի նշանակում: ՌԴ նախագահին եւ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային մեղադրում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը, իր հերթին եւ ավելի վաղ որոշում էր ընդունել բավարարել Հայաստանի միջնորդությունը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ապահովել տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Ադրբեջանը չի հայտարարել, բայց իր գործողություններով՝ Լաչինի միջանցքը շարունակաբար փակ պահելով եւ Արցախի բնակչության կյանքը վտանգելով, ցույց է տալիս, որ «թքած» ունի միջազգային հեղինակավոր ատյանի որոշման վրա, եւ այն իր համար ոչինչ չի նշանակում:
Այս երկու դատարանները, մասնավորապես, նման են նրանով, որ երկուսն էլ Նիդեռլանդներում են՝ Հաագայում, երկուսն էլ միջազգային կարեւոր կառույցներ են, երկուսն էլ ընդունում են համաշխարհային մակարդակի որոշումներ: Իսկ վերջին դեպքում ունենք նաեւ, մեղմ ասած, վատ օրինակ՝ երկուսի որոշումներն էլ, փաստորեն, հնարավոր է անտեսել ու, կոպիտ ասած, «թքած» ունենալ, թե ինչ է որոշվել: Թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի գործողություններն այս դեպքում նույնն են, տարբերությունն այն է, որ Պուտինին ձերբակալելու մասին որոշումն Արցախի հետ առնչություն չունի:
Ինչ վերաբերում է երեխաների ապօրինի արտաքսմանը, արդյոք Ադրբեջանի նախագահը չի՞ գործել նույն արարքը, որը մեղսագրվում է ՌԴ նախագահին: Բավական է հետ գնալ եւ հիշել, թե ինչպես շրջափակման հետեւանքով արցախցի երեխաները բաժանված էին իրենց ընտանիքներից եւ Ադրբեջանի նախագահի հրամանով փակված Լաչինի միջանցքի պատճառով չէին կարողանում միանալ ծնողներին, հարազատներին: Արցախցի երեխաներն Ադրբեջանի նախագահի հրամանով սանձազերծված պատերազմի հետեւանքով բռնի տեղահանվել են իրենց բնակավայրերից, դարձել փախստական ու գաղթական, ոմանք զրկվել են ծնողից/ծնողներից ու որբացել, զրկվել բուժում, կրթություն ստանալու հնարավորությունից: Մի՞թե սա ավելի լավ վիճակ է կամ ավելի մեղմ հանցանք է, քան երեխաների ապօրինի արտաքսում ասվածը:
Երեխան մնում է երեխա՝ Ուկրաինայից է, թե Արցախից, ազգությամբ ուկրաինացի է, թե հայ: Եվ անհասկանալի է միջազգային ինչպես վերոհիշյալ, այնպես էլ մյուս ատյանների անտարբերությունն արցախցի երեխաների ճակատագրի եւ Ադրբեջանի նախագահի հանցավոր գործողությունների հանդեպ: Ադրբեջանի նախագահը կարող է մեղադրվել առնվազն արցախցի երեխաների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու կամ դրան հովանավորելու, աջակցելու մեջ՝ չհաշված Արցախի բնակչության նկատմամբ իրագործված այլ՝ շատ դեպքերում ավելի դաժան եւ ցեղասպանության հավասար գործողությունները:
Վերադառնանք վերը նշված որոշումներին. արդյոք դրանց արհամարհումը, դրանց վրա «թքած» ունենալը չեն հարվածում այդ կառույցների հեղինակությանը, արդյոք դրանից հետո ընդունված որոշումներն արժանահավատություն են ներշնչելու եւ արդյունավետ են լինելու: Այս մասին պետք է մտածեն ոչ միայն Հաագայում եւ ոչ միայն հայտարարությունների մակարդակով, քանի դեռ «թքած» ունենալը չի դարձել օրինաչափություն կամ սովորություն:
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ