Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում նահատակված հազարավոր քաջորդիներից շատերը հուղարկավորված են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Անմահ հերոսների շարքերում են նաեւ Արցախի՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածքներից (Հադրութ, Շուշի, Ավետարանոց, Քաշաթաղ, Քարվաճառ, Թալիշ եւ այլն) մարտերում անմահացած հարյուրավոր քաջորդիներ։ Արդեն 4-րդ ամիսն է, ինչ Արցախի մնացած հատվածն էլ ազերիների կողմից շրջափակված է, եւ նահատակ հերոսների շիրիմներին շատ հարազատներ չեն կարողանում այցելել։ Շատ արցախցիներ նաեւ չեն կարողանում տուն վերադառնալ։
Նահատակ քաջորդիների ծնողների, հարազատների առաջարկով ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը շաբաթօրյակ իրականացրեց, որին մասնակից եղան ներկայացուցչության ողջ կազմը, ՀՀ տարբեր բուհերում, քոլեջներում սովորող արցախցի ուսանողներ, Արցախ՝ տուն վերադառնալ դեռ չկարողացող երիտասարդներ, ինչպես նաեւ այլ քաղաքացիներ, ովքեր արձագանքել էին ներկայացուցչության կոչին։ Օրեր առաջ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը ֆեյսբուքյան էջում զետեղել էր հայտարարություն կազմակերպվող այցի եւ շաբաթօրյակի մասին։ Շաբաթօրյակի մասնակիցները հանդիպեցին «Եռաբլուր» պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու բակում։ Այստեղ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի պատասխանատու Արմինե Հայրապետյանը ներկայացրեց կազմակերպվող միջոցառման նպատակները։
Շաբաթօրյակի ընթացքում ծաղիկներ խոնարհվեցին Եռաբլուրում հանգչող 44-օրյա պատերազմի բոլոր նահատակների շիրիմներին։ Մասնակիցները բաժանվեցին խմբերի եւ պանթեոնի աշխատակիցների ուղեկցությամբ սկսեցին աշխատանքը։ Պանթեոնի աշխատակից կանանցից, ովքեր արցախյան տարբեր պատերազմներում նույնպես հարազատներ են կորցրել, ուղեկցեցին մեր խմբին։ Ասացին, որ իրենք մշտապես են մաքրում շիրմաքարերը, խնկարկում նահատակների շիրիմներին, խնամում տարածքը։ Պետք է ասել՝ այդպես էլ կար։ Բայց կազմակերպվող շաբաթօրյակը խորհրդանշական էր՝ այց սրբավայր եւ ուխտագնացություն։ Եռաբլուրում ննջող քաջորդիների՝ Արցախում շրջափակված հարազատներին էին փոխարինում այցելողները։ Պանթեոնի կին աշխատակիցներից մյուսն էլ, ով նույնպես հարազատ է կորցրել պատերազմում, ասաց, որ ամեն առավոտ շրջում է տարածքում, սրբում շիրմաքարերը, խնկարկում շիրիմներին, եթե կրակ ու խունկ կա։
Տխուր է Եռաբլուրում, ծանր է օդը, տղերքի ժպտուն ու խոհուն, տխուր ու հեռու նայող հայացքները դաջվում են մտքիդ մեջ, լուռ զրուցում ես նրանց հետ։ Հատկապես՝ երբ ճանաչում էիր նրանց, մտերիմ էիր՝ մարտական ընկեր, ուսուցիչ, բարեկամ, հարեւան, ծանոթ… Քաշաթաղցի Հրաչն ու Ռոբերտը, Արմենը նույն շարքում են «ննջում»։ Տղերք, ովքեր շենացնում էին շրջանը եւ մշտապես առաջնագծում էին, երբ կար կարիքը։ 44-օրյա պատերազմը վերջինը եղավ նրանց համար։ Մի քանի ժամ տեւեց շաբաթօրյակը, որի մասնակիցները տուն գնացին՝ հետները տանելով հերոսների մասին պատումներ, հիշողություններ ու մեծ ցավ, սակայն նաեւ հավատ՝ ազատագրվելու են Արցախ աշխարհի գերված տարածքները, բացվելու է «Կյանքի ճանապարհը», եւ սեւազգեստ մայրերն ու քույրերը, կանայք ու դուստրերը, հայրերն ու եղբայրները, որդիները կայցելեն հարազատների շիրիմներին, իրենց բերած ծաղիկները կխոնարհեն ու կխնկարկեն ՔԱՋԻ շիրմաքարին։ Իսկ ծփացող բազում Եռագույնները կազդարարեն քաջերի մասին ու մեզ՝ ողջերիս, կստիպեն հանգիստ չնստել, այլ տեր մնալ հայրենիքին եւ գերությունից ազատել Դադիվանքն ու Ավետարանոցի Գայանեի մենաստանը, Գտչավանքն ու Ծիծեռնավանքը, Կանաչ ժամն ու Դիզափայտի Սուրբ Կատարոն…
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ