Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռաիսիի՝ պահպանողական շրջանակների ներկայացուցչի հաղթանակը երկրի նախագահական ընտրություններում հարց է առաջացնում, թե ինչպիսին կլինի պետության արտաքին քաղաքական կուրսը: Առավել եւս, որ հեռացող նախագահ Հասան Ռոհանին պատկանում է այն քաղաքագետների շարքին, որոնք միջազգային մի շարք խնդրահարույց դոսյեների համեմատաբար իրատեսորեն էին նայում: Նոր նախագահին աննախադեպ կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելը, իսկ ԱՄՆ-ն մտադրություն է հայտնել միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները շարունակել ցանկացած իշխանության օրոք:
Իրանական ժամանակակից պատմության մեջ նախագահի 13-րդ ընտրությունները զուսպ գնահատական են ստացել ԱՄՆ-ի կողմից: «Իրանի նկատմամբ մեր քաղաքականությունը միտված է ամերիկյան հետաքրքրությունների առաջմղմանը, անկախ նրանից, թե ով է իշխանությունը,- ՏԱՍՍ-ի թղթակցին ասել են պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից:- Մենք կցանկանայինք զարգացնել նշանակալից առաջընթացը, որը ձեռք է բերվել Վիեննայում կայացած բանակցությունների վերջին փուլում»: Իսկ վիեննական բանակցություններն ուղղված են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ «միջուկային գործարքի» վերականգնմանը, որից ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս է եկել 2018 թ.: Միեւնույն ժամանակ պետդեպարտամենտում նկատել են, որ «իրանցիներին մերժել են ազատ եւ արդար ընտրական գործընթացի միջոցով իրենց առաջնորդներին ընտրելու իրավունքի իրականացման հարցում»:
Նման չափավոր հայտարարությունները հակադրվում են ԱՄՆ նախկին նախագահի վարչակազմի հռետորաբանությանը, որը շեշտված «բազեի» դիրքորոշում էր զբաղեցնում: Ռաիսիի հաղթանակը, սակայն, մտահոգություններ առաջացրեց ԱՄՆ մերձավորարեւելյան դաշնակից Իսրայելում, որի արձագանքը շատ ավելի կոշտացավ: Իրանում կայացած ընտրությունները նոր կառավարության առաջին նիստի թեման էին: Վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է. «Սա վերջին հիշեցումն է տերություններին այն մասին, թե նրանք ում հետ են ցանկանում գործ ունենալ եւ գործարքներ կնքել»: Արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը պակաս նրբանկատ է եղել՝ Ռաիսիին անվանելով «թեհրանական դահիճ», «ծայրահեղական, որը պատասխանատու է հազարավոր իրանցիների մահվան համար»: Բանն այն է, որ այդ քաղաքական գործչին Իրանում ռեժիմին քննադատած հազարավոր մարդկանց արտադատական մահապատիժների մասնակից են համարում:
Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 48.8 տոկոսը կամ 28.9 մլն քաղաքացի: Մինչեւ վերջին պահն իրանական ղեկավարությունը զգուշանում էր, որ ցուցանիշը ցածր կլինի: Մեկնաբանելով ընտրություններին մասնակցության փաստը՝ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, դիմելով իրանցիներին, նկատել է. «Հաշվի առնելով բոլոր գործոնները, որոնք կարող էին հանգեցնել մասնակցության նվազման, երկրի բոլոր ընտրատեղամասերում ձեր ներկայության ցնցող տեսարանները դարձան վճռականության, հույսի ու արթնացման հստակ նախանշան»: Նա հատկապես շեշտել է, որ «ընտրություններում գլխավոր հաղթողը եղել է Իրանի ժողովուրդը՝ ի հեճուկս թշնամական ԶԼՄ-ների քարոզչության ու չարամիտների խորամանկության»:
Ռաիսիին ուղղված իր շնորհակալական հեռագրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Մեր երկրների միջեւ հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական, բարիդրացիական բնույթ: Հույս ունեմ, որ այդ բարձր պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի տարբեր ուղղություններով, ինչպես նաեւ միջազգային գործերում գործընկերային փոխգործակցությանը միտված համագործակցությանը»: ՌԴ ղեկավարը շեշտել է. «Դա լիովին համապատասխանում է ռուս եւ իրանական ժողովուրդների հետաքրքրություններին, համահունչ է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»:
Ժնեւում վերջերս ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջոզեֆ Բայդենի միջեւ կայացած բանակցությունները տպավորություն են թողնում, որ երկրների միջեւ իրանական դոսյեի վերաբերյալ փոխըմբռնում կա: Իր վերջին մամուլի ասուլիսում Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Իրանին վերաբերող հարցերում: Թեհրանի համար դա չէր կարող սպառնալից չհնչել, բայց «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում
«Ատլանտյան խորհուրդ» վաշինգտոնյան վերլուծական կենտրոնի «Իրանի ապագան» նախաձեռնության ղեկավար Բարբարա Սլավինը հայտարարել է, որ Բայդենի արտահայտությունները նման ենթատեքստ չունեն, այլ նշանակում են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին կաշխատեն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ «միջուկային գործարքի» շուրջ:
Իսկ Ռաիսիի հաղթանակն ինչպե՞ս կանդրադառնա Իրանի արտաքին քաղաքականության վրա: Այդ երկրում ապրող միջազգային հարցերի ռուսական խորհրդի փորձագետ Նիկիտա Սմագինը նույն «Նեզավիսիմայա գազետային» ասել է, որ արտաքին քաղաքական կուրսն իրականացվում է նախագահի կողմից, բայց կան նրբություններ: «Դա մոտավորապես նույն սխեման է, որն աշխատում է ներքին քաղաքականության մեջ: Մոդելի ներսում նախագահն անձամբ է զբաղվում քաղաքականության իրականացմամբ: Ինչ վերաբերում է ռուսական ուղղությամբ քաղաքականությանը, ապա այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ ռուս-իրանական հարաբերությունները զարգանում են, որովհետեւ ձեռնտու են կողմերին: Մոսկվայի ու Թեհրանի միջեւ համագործակցությունը վերջին տարիներին ամրապնդվել է, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ նրանց չի կարելի դաշնակիցներ անվանել: Դա իրավիճակային համագործակցություն է, հատկապես այնպիսի ուղղություններում, ինչպիսին է, օրինակ, Սիրիան: Դժվար թե նոր նախագահի օրոք այդ հարցում ինչ-որ բան փոխվի, որովհետեւ դա պայմանավորված է ազգային որոշ հետաքրքրություններով»,- ընդգծել է նա: