Հումանիտար ճգնաժամն Արցախում գնալով խորանում է: Տեղի իշխանությունները հրապարակել են ապրիլի համար սննդամթեքի կտրոնների նոր խմբաքանակի տրամադրման մասին հայտարարությունը: Տրամադրվող չափաբաժիններից պարզ է դառնում, որ որոշ պարենամթերքների մասով անբավարարությունն իրեն զգացնել է տալիս: Նոր կտրոններից պարզվում է, որ որոշ ապրանքատեսակների չափերը կրճատվել են: Մասնավորապես, 50 տոկոսով նվազել է հավի ձու գնելու հնարավորությունը, եթե նախկինում արցախցիները կարող էին 10 ձու գնել, ապա ապրիլին՝ ընդամենը 5 ձու, եւ այս վիճակը ստեղծվում է Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ:
Ապրիլին Արցախում մեկ կտրոնով հնարավոր կլինի գնել 0,9 լիտր բուսական յուղ, կես կլիոգրամ շաքար, մեկական կիլոգրամ հնդկաձավար եւ բրինձ, մեկ կիլոգրամ մակարոնեղեն: Արցախի քաղաքացիները կտրոնները ստանալու համար պետք է նաեւ իմանան համապատասխան վայրերում հոսանքի հովհարային անջատման գրաֆիկները, քանի որ այդ ժամանակահատվածում չեն կարողանա ստանալ կտրոնները եւ անտեղի ժամանակ կվատնեն եւ ճանապարհ կանցնեն դրանք ստանալու նպատակով այնտեղ հասնելու համար:
Պարենամթերքի եւ որոշ ապրանքների սղությունը օրինաչափորեն բերել է նաեւ դրանց գների թանկացման, ինչն իր հերթին էլ ավելի է բարդացնում շրջափակման մեջ գտնվող արցախցիների սոցիալական վիճակը: Միջանցքի լիարժեք գործելու ժամանակահատվածի հետ համեմատած շրջափակման ժամանակահատվածում 12 անգամ պակասել է կենսական անհրաժեշտության ապրանքների ներմուծումը՝ այն էլ միայն ՌԴ խաղաղապահների եւ Կարմիր խաչի աջակցությամբ՝ 44000 տոննայի փոխարեն ներկրելով ընդամենը 3800 տոննա:
Հումանիտար ճգնաժամն իրեն զգացնել է տալիս կյանքի բոլոր ոլորտներում: Ծայրահեղ վատացել է բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Մարտի վերջի դրությամբ Կարմիր խաչի միջոցով Հայաստան է տեղափոխվել մոտ 300 հիվանդ, իսկ բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման հետեւանքով մոտ 1000 արցախցի չի կարողացել վիրահատվել: Ըստ Արցախի կառավարության տարածած հաղորդագրության՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղով մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են 186 անգամ, որոնք կրկին ապահովվել են միայն Կարմիր խաչի եւ ՌԴ խաղաղապահների միջոցով:
Մինչ օրս 3900 քաղաքացի դեռ չի կարողանում վերադառնալ Արցախ, որից 570-ը երեխաներ են: 782 տնտեսավարող սուբյեկտ պարտադրված դադարեցրել է իր գործունեությունը, ինչի հետեւանքով մոտ 10000 արցախցի զրկվել է աշխատանքից եւ եկամտից, նրանց մեծ մասն ընտանիքի միակ աշխատողներն են: Ըստ Արցախի պետական մարմինների հաշվարկների՝ շրջափակման հետեւանքով Արցախի Հանրապետության տնտեսությանը մարտի վերջի դրությամբ հասցվել է 210 մլն ԱՄՆ դոլարի վնաս, որն Արցախի ՀՆԱ-ի 23 տոկոսի թերակատարում է նշանակում:
Այս ընթացքում Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն արձագանքել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի ու միջազգային կառույցների հորդորներին եւ չեն բացել միջանցքը, այլեւ ավելի են խստացրել շրջափակումը՝ փակելով նաեւ գրունտային եւ միջհամայնքային այլ ճանապարհներ եւ զուգահեռ ավելացնելով հրադադարի խախտման դեպքերը: Այսպես՝ միայն մարտի վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանը 4 անգամ խախտել է հրադադարն Արցախի հետ շփման գծի երկայնքով՝ թույլ չտալով գյուղացիներին զբաղվել հողագործությամբ: Եթե արցախցին չկարողանա այսօր հողը մշակել եւ Լաչինի միջանցքը չբացվի, ապա առաջիկա ամիսներին մարդասիրական աղետն իր բոլոր դրսեւորումներվ կարելի է տեսնել Արցախում:
Այս պայմաններում միջազգային կազմակերպություններն այլեւս չեն կարող հավատալ պաշտոնական Բաքվի հայտարարություններին, թե իրենք չունեն Արցախն էթնիկ զտման ենթարկելու նպատակ: Սա էլ իր հերթին կնշանակի, որ բանավոր հորդորներից եւ թղթի վրա գրված պահանջներից զատ պատկան կառույցները պետք է անցնեն Ադրբեջանի հետ խոսելու պարտադրանքի լեզվին՝ պատժամիջոցներին: