22 տարի առաջ՝ մարտի 31-ին, Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղում տոնական էր։ Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառի երբեմնի կենտրոն Վակունիսն ազատագրվեց 1993 թ. մարտի 31-ին։ Ազատագրվեց՝ հայ ազատամարտիկների հերոսացման ու տասնմեկ քաջորդիների նահատակության գնով։
30 տարի առաջ Սյունիքի «Սիսական» գնդի վաշտերից մեկը, Վուրգ Ոսկանյանի հրամանատարությամբ, Լաչինից հասել էր Վակունիս, որ միանային Քարվաճառի ազատագրման մարտերին։ Ըստ տեղեկությունների՝ Լաչինից 40 կմ հյուսիս ընկած այդ բնակավայրը պետք է ազատագրված լիներ, եւ ջոկատի «Ուրալ» ավտոմեքենան թեքվում է մայրուղուց դեպի աջ եւ շարունակում ճանապարհը դեպի գյուղ: Սակայն հասնելով գյուղի մատույցներին՝ նրանց շարասյունն ընկնում է թշնամու կրակի տակ։ Մարտը տեւում է մինչեւ մութն ընկնելը, երբ օգնության են հասնում մեր ջոկատները: Մարտի մասնակից եւ պատահաբար ողջ մնացած Մկրտիչ Ջավադյանը պատմեց, որ ինքն էլ էր ծանր վիրավորվել ու սողալով հասել մոտակա ձորակը: Տղաներից շատերի համար այդ ձորակը դառնում է փրկության ապաստարան: Օգնության հասած մեր տղաները դուրս են քշում թշնամուն: Սակայն անսպասելի ու անհավասար մարտում քաջի մահով ընկել էին Վուրգ Արշակի Ոսկանյանը, Վոլոդյա Մկրտչի Կարապետյանը, Հրայր Պարգեւի Եղիազարյանը, Վարդան Մարտիրոսի Բաբայանը, Զոհրակ Պալինոսի Գեւորգյանը, Ալբերտ Ռուբիկի Ազարյանը, Գեւորգ Իսահակի Ավետիսյանը, Վալերիկ Շուրկայի Ավետիսյանը, Լավրենտ Հրանտի Նազարյանը։ Անհետ կորածներ են Վահան Ռաֆիկի Սիմոնյանը եւ Մելսիկ Արշակի Աթանեսյանը։
2001 թ. մարտի 31-ին Վակունիսում՝ «Սիսական» գնդի ազատամարտիկների պայթած «Ուրալի» մոտ բացվեց հուշակոթող-խաչքար՝ տղաների անունները վրան փորագրված։ Իսկ գյուղի դպրոցը, որը բացվել էր վերաբնակեցումից որոշ ժամանակ անց եւ ուներ մոտ 30 աշակերտ, անվանակոչվեց ի պատիվ ջոկատի հրամանատարի։ Տղաների նահատակության օրն էր, բայց Վակունիսում տոնական էր։ Ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարությունը, ՀՀ ու Արցախի Հանրապետության կառավարությունների ու Ազգային ժողովների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, «Սիսական» գնդի ազատամարտիկներ, նահատակ տղաների հարազատներ, հյուրեր։ Տոնական էր՝ հերոսների արյամբ ազատագրված ու սրբացած հողը վերահայացել էր։ Գյուղի միջնադարյան ավերակ եկեղեցում հայը մոմ վառեց։ Սրբավայր դարձավ նաեւ պայթած «Ուրալի» մոտ կանգնեցված թեւավոր խաչը։ Ու մինչեւ 2020 թ. դեկտեմբեր Վակունիսը մնաց հայկական։ Այս գյուղի դպրոցի միջանցքում Վուրգի ու իր հրամանատարությամբ կռված եւ մարտիրոսված տղաների լուսանկարներն էին, նրանց մասին պատմող փաստաթղթեր։ Եվ յուրաքանչյուր օր, մտնելով դպրոց, աշակերտներն առաջինը բարի լույս էին ասում Վուրգին, իր տղերքին։ Ու նրանց ոգով էլ հասակ էին առնում։ 20 տարվա ընթացքում դպրոցը տվեց շրջանավարտներ. տղաները դարձան զինվորներ ու հայրենի երկրի սահմանը պահեցին։ Չնայած մեծ դժվարություններին, ծանր օրերին, բայց Վակունիսում եւ առհասարակ Քաշաթաղի շրջանում հասակ էին առնում հայրենասեր երեխաներ՝ հայրենասիրության դաս սերտած նաեւ նահատակ, բայց հավերժ ողջ Վուրգից ու իր անմահ հերոսներից։
30 տարի առաջ դուք, ՏՂԵՐՔ, արեցիք անհավատալին՝ ազատագրեցիք Արցախ աշխարհն ու վերահայացրեցիք մեր հայրենիքի այն հատվածը, որը թշնամուն էր անցել անարդարության, նաեւ մեր անմիաբանության պատճառով։ Դուք արեցիք ավելին, քան կարող էիք ու մնացիք հավերժ հայրենիքի զինվոր ու ազատարար, ուսուցիչ սերունդների համար, բայց կներեք մեզ, ՏՂԵՐՔ… 2020 թ. 44-օրյա պատերազմն այլ էր. անհասկանալի, անմիաբան։ Այս պատերազմում, դրանից առաջ՝ 2016-ի քառօրյայի ժամանակ, ավելի շուտ՝ 2014-ի օգոստոսին եւ միշտ քաշաթաղցիները բանակի կողքին են եղել՝ սահմանին, առաջնագծում։ Կռվել են, պաշտպանել երկրի սահմանները, օգնել ամրաշինական աշխատանքներում, միաժամանակ շենացրել Քաշաթաղի շրջանը, նաեւ քո անունով կոչված Վուրգավան գյուղը, հերոս Վուրգ։ Նույն 44-օրյա պատերազմում անմահացավ նաեւ քո անվան դպրոցի սան Ժիրայր Գագիկի Մարգարյանը (ծնվել է 07. 01. 2002 թ.)՝ 6 քույրերի միակ ու ավագ եղբայրը, ով ամեն օր, մտնելով դպրոց, քեզ ու տղերքիդ էր ողջունում, ձեզնով ոգեւորված նստում դասի։ Բազում անգամ եմ ներկա եղել դպրոցում կազմակերպվող տարբեր հանդեսների, եւ միշտ էր Ժիրայրն ակտիվ, հաճախ՝ զինվորի դերում, ու հավերժ զինվոր մնաց։ Քո անվան դպրոցում ռազմագիտություն դասավանդող Հարութ Ալեքսանդրի Պետրոսյանը, ով ծնվել էր 1990 թ. Ստեփանակերտում, 2017 թ. ամուսնացել եւ տեղափոխվել էր Վակունիս։ Հաճախ էր արիության դաս անցկացնում ձեր հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ։ 2020 թ. սեպտեմբերի 29-ին, որպես պահեստազորային, մասնակցել է պատերազմին։ Սկզբում եղել է Վարանդայում, հոկտեմբերի 15-ից՝ Մարտունիում։ Նոյեմբերի 9-ի գիշերը նահատակվեց թշնամու ԱԹՍ֊-ի հարվածից։
Վուրգավան գյուղը շրջանի հարավային թեւում է՝ Հակարի գետի ձախ ափին։ Երբ վերահայացավ, կոչվեց ի պատիվ Վուրգ Ոսկանյանի։ Այս գյուղից էլ շատերը մասնակցեցին եւ ապրիլյանի, եւ 44-օրյայի մարտերին։ Վուրգավանցիներ Աշոտ Արայի Կոստանյանը (11. 05. 1998 թ.), ով նաեւ ձյուդոյի լավ մարզիկ էր, Վիգեն Վարդանի Խաչատրյանը (05. 11. 1986 թ.), ովքեր ավարտեցին տեղի դպրոցը, նույնպես անմահացան 44-օրյա պատերազմում՝ մշտապես հիշելով հայրենի հողն ազատագրողներին։ Այսօր դարձյալ գերության մեջ են Վուրգավանն ու Վակունիսը, Բերձորն ու Հոչանցը, որոնց ազատագրումը եղավ քաջերի շնորհիվ։ Կներեք մեզ, ՏՂԵՐՔ, չպահեցինք սրբազան հողը, կներեք նաեւ, 44-օրյայի նահատակներ, որ ձեր արյամբ շաղախված հող հայրենին թողեցինք թշնամուն։ Մարտի 31-ը «Սիսական» գնդի Վուրգ Ոսկանյանի հրամանատարությամբ գործող վաշտի նահատակ տղաների հիշատակի օրն է, որ կրկին վերածվեց տխուր օրվա, քանզի նրանց ազատագրած հայրենի երկիրը հանձնեցինք թուրքին։
Վուրգ Արշակի Ոսկանյանը ծնվել է 1941 թ. մայիսի 28-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում։ Եղել է Սիսիանի թիվ 1 դպրոցի զինղեկը։ Վուրգը Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։ 1989 թ. նրա մտահղացմամբ եւ «Ղարաբաղ» կոմիտեի աջակցությամբ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարեւանությամբ կառուցվել է Հայոց ցեղասպանության 74-րդ տարելիցը խորհրդանշող հուշարձանը։ Վուրգ Ոսկանյանը 1992 թ. օգոստոսից Սիսիանի նորաստեղծ թիվ 142 պահեստային գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաեւ գումարտակի հետախուզական դասակի հրամանատարն էր։ 1993 թ. պայմանագրային զինվորական ծառայության է անցել Սիսիանի թիվ Ն զորամասում՝ որպես զորամասի հրամանատարի ռազմական գծով տեղակալ։ Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով մասնակցել է ռազմական գործողություններին։ Կռվել է Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։ Նրա անունով են կոչվում Սիսիանի թիվ 4 դպրոցը, Արցախի Վուրգավան գյուղը։ 2012 թ. Սիսիանի Ազատամարտիկների հրապարակում տեղադրվել է Վուրգի հուշարձանը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան)։ «Սահմանները հսկում ենք միասին, պետք է կռվենք միասին, իսկ հարկ եղած դեպքում պետք է զոհվենք միասին։ Հետադարձ ճանապարհ չկա, ուրեմն` միայն առաջ».- ասում էր Վուրգն իր զինվորներին։ «Փառք Ձեզ, տղաներ։ Վուրգի հետ մեր ընկերությունն սկսվել է 1974 թ. սպորտային տուրիզմի մրցումների ժամանակ։ Ես Մասիսի թիմն էի բերել, Վուրգը՝ Սիսիանի։ Այդ օրվանից ընկերություն էինք անում։ 1989 թ. Մասիսի շտաբի դուռը բացվեց, ներս մտավ Վուրգը. հարցնում է՝ ո՞վ է հրամանատարը։ Ինձ են ցույց տալիս։ Մոտենում է. մեկ էլ գոռոցից բոլորը քարանում են. «Բաբաջա՛ն, դո՞ւ ես հրամանատարը…»։ Գրկախառնվում ենք, ծանոթացնում եմ ֆիդայիների հետ։ Մեկ-մեկ առիթ էր լինում՝ շփվում էինք, մինչեւ մի օր գույժը հասավ ինձ։ Հիշատակդ վառ, Վուրգ ջան, տղերքիդ հետ միասին»,- գրում է Արցախյան գոյամարտի մասնակից, մասիսցի Բաբաջան Բաբախանյանը։