Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ներքին լարվածությունն աստիճանաբար ավելի խիստ շեշտադրումներով հրապարակային դրսեւորումներ է ստանում: Այն առավել թեժացավ ադրբեջանական պետության արտաքին գործերի նախարար Բայրամովի՝ Իսրայել կատարած այցից հետո: Վերջին օրերին իրանա-ադրբեջանական «փոխհրաձգությունը» ինտենսիվացել է հատկապես դիվանագիտական ճակատում՝ ստանալով աննախադեպ բնույթ: Սա էլ՝ այն դեպքում, երբ գործնականում վերոնշյալ հարեւան պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան՝ Թեհրանի ադրբեջանական դեսպանատան աշխատակիցներին Բաքու հետ կանչելու որոշումից հետո:
Իրանը գերզգայուն գտնվեց Իսրայելի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ Կոենի արած հայտարարություններից հետո: Մահմեդական շիա ուղղությանը հետեւող հիմնական բնակչություն ունեցող պետության եւ Իսրայելի նման մերձեցումը չէր կարող հարցեր չառաջացնել Թեհրանում, առավել եւս, երբ Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարում է, թե Ադրբեջանն իրենց հետ համակարծիք է «Իրանից եկող վտանգների հարցում»: Կոենը հայտարարել էր, որ իրենք Բաքվի հետ պետք է համատեղ գործեն, որպեսզի թույլ չտան Իրանին զարգացնել միջուկային հզորությունները:
Իսրայելը մշտապես խոսում է Իրանի միջուկային ծրագրի «սպառնալիքներին» դիմակայելու մասին, ինչն առաջին հերթին ենթադրում է ուժային լուծումներ, որի մասին ակնարկեց նաեւ Կոենը՝ շեշտելով համատեղ «վստահելի եւ վճռական զինված ուժեր կազմավորելու» անհրաժեշտությունը: Չնայած Բայրամովն իր խոսքում խուսափեց հակաիրանական ձեւակերպումներից, բայց նրա այցն ու հանդիպումներն ինքնին այդ համատեքստում էին: Բնականաբար, դրան հետեւեց Իրանի ԱԳՆ խոսնակի պարզաբանման մասին հրապարակային դիմումը՝ ուղղված Բաքվին: Ադրբեջանից, սակայն, հնչեց պատասխան մեղադրանքը՝ իբր, ադրբեջանցի պատգամավորի դեմ զինված միջադեպի հետաքննության նախնական հետքերը տանում են դեպի Իրան:
Ադրբեջանն առաջին անգամ իր արտաքին գերատեսչության մակարդակով Իրանին մեղադրում է զինված միջադեպ կազմակերպելու մեջ: Միջադեպ, որի շուրջ միայն անորոշություններ են եւ բազմաթիվ անպատասխան հարցեր: Ստացվում է, որ Ադրբեջանը՝ իր արտաքին գործերի նախարարի՝ Իսրայելից վերադառնալուց հետո կտրուկ փոխեց սեփական հռետորաբանությունը եւ աննախադեպ մեղադրանքներ ուղղեց Թեհրանին: Բանն այն է, որ Ադրբեջանն ուղղակի չի կարող մերժել այն պետությանը, որը համարվում է պաշտպանության ոլորտում իր առաջին գործընկերը: Ավելորդ չէ հիշելը, որ 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանն իր բանակի սպառազինության հիմնական մասը գնել է այդ պետությունից: Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային ինստիտուտի տվյալների՝ 2016-20 թթ. Ադրբեջանի գնած զենքի խմբաքանակների մոտ 70 տոկոսը մատակարարվել է Իսրայելից: Այս միտումը շարունակվել է նաեւ 2020 թ. Արցախի դեմ իրականացված ագրեսիայից հետո:
Պարզ է, որ նման աջակցություն ստացած Բաքուն ի վիճակի չի լինի մերժել Իսրայելի որեւէ առաջարկ եւ այդ առումով հայտնվել է ծանր իրավիճակում: Ունենալով շիա հավատի հետեւորդ բազմամիլիոնանոց թալիշ եւ թաթ համայնքներ, որոնք բացահայտ հայտարարում են, թե երբեւէ դուրս չեն գա իրենց պատմական հայրենիք համարվող Իրանի դեմ, պաշտոնական Բաքուն լուրջ խնդիրների առաջ է կանգնած:
Միանշանակ է, որ Բաքվի հակաիրանական այս կեցվածքը չի ողջունում այդ երկրի քաղաքացիների մեծ մասը, եւ այսօր վերջինս ավելի շատ խնդիր ունի իր քաղաքացիների հարցերին պատասխանելու, քան դրսից հնչեցվածներին, հետեւաբար՝ իրանա-ադրբեջանական դիվանագիտական «փոխհրաձգության» մեջ Բաքուն պարտվում է՝ մի կողմից չկարողանալավ բացահայտ հայտարարել Իսրայելի հակաիրանական գիծը պաշտպանելու մասին, մյուս կողմից՝ իր քաղաքացիների տրամադրությունները բավարարելու հարցում: Փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ պահին ադրբեջանական իշխանությունները կարող են գործողության դիմել առանց սեփական քաղաքացիների կարծիքը հարցնելու, բայց հիպոթետիկ այդ քայլերն էականորեն այլ հետեւանքներ կարող են բերել՝ հաշվի առնելով Իրանի ահռելի ազդեցությունն ադրբեջանական շիա համայնքի վրա: