Ազատագրված Արցախի բնակավայրերում հաճախ էին կազմակերպվում տարաբնույթ փառատոներ, բերքի տոներ, այլ միջոցառումներ, որոնք բացահայտում էին մեր հայրենիքի այս հատվածի մշակույթն ու կենցաղը, պատմությունն ու ներկան։ Սակայն անցած 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով հազարավոր արցախցիներ այսօր հեռու են հարազատ տներից եւ ապրում են հայրենի եզերքի կարոտով։
Դեռեւս պատերազմի առաջին օրերին Երեւանում արդեն 20 տարուց ավելի գործող «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունն այլ կառույցների շարքում դարձավ տեղահանված արցախցիներին ապաստարանով, սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովողներից մեկը։ Այսօր էլ կենտրոնն արցախցիների կողքին է։ ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Աշտարակում հունիսի 19-ին Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը։ Քասախ գետի առափնյա թանգարանի տարածքում այդ օրվա ընթացքում Արցախի շունչն էր՝ հադրութցիներ, շուշեցիներ, քաշաթաղցիներ եւ այլք այստեղ էին՝ մասնակցելու փառատոնին։ Ներկա էին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։
«Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ տնօրեն Լիլիթ Մելիքյանը տեղեկացրեց, որ փառատոնի նպատակն է ուշադրություն հրավիրել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ արցախյան խոհանոցի, կենցաղի, արհեստների կենսունակության պահպանության նկատմամբ: Իսկ ինչո՞ւ Աշտարակում հարցին Լ. Մելիքյանը պատասխանեց. «Վայրն ընտրել ենք ոչ պատահական, տեղի բնությունը հիշեցնում է Հադրութ քաղաքը կամ Շուշին»։ 30 վարպետ զբաղված էին արցախյան ուտեստներ պատրաստելով։ «Կարեւորում ենք նաեւ բարբառների դերը։ Արցախցիները, որ սովորաբար Տող գյուղում կարողանում էին ունենալ նման փառատոն, նույնն այստեղ պետք է շարունակեն։ Տեղահանվածներն ապրուստի խնդիր ունեն, նրանք պետք է ինտեգրվեն նոր պայմաններին»,- հավելեց Լ. Մելիքյանը։ Կենտրոնի մենեջեր Օվսաննա Մարգարյանը կարեւորեց նման միջոցառումները, որպեսզի պահպանվի արցախյան մշակույթը, որ նույն տարածքի բնակիչները հաճախ շփվեն. «Հադրութում տարբեր, այդ թվում «Թթվի փառատոն» էր անցկացվում, մեր ցանկությունն է՝ արցախյան մշակութային որեւէ տոն չկորչի»։
Թանգարանի տարածքում տաղավարներ էին հատկացվել կիրառական արվեստի տարբեր նմուշների պատրաստման եւ վաճառքի համար։ Ցուցադրված էին նաեւ հայկական տարազներ։ Մի անկյունում ստեղծագործում էին «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաները՝ տնօրեն Իրա Թամրազյանի գլխավորությամբ։ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի տաղավարում ցուցադրվել եւ վաճառվում էին արցախցի տեղահանված կանանց ձեռագործ շալեր, զարդեր, տիկնիկներ եւ այլ պարագաներ։ Լուսիկ Գեղամյանը, ով մինչ պատերազմը բնակվում էր Բերձորում եւ քաղաքային մանկապարտեզի դաստիարակ էր, այժմ «Տերյան մշակութային կենտրոն»-ում պատրաստում է զարդեր։ Ասաց՝ սկզբնական շրջանում այս կենտրոն է այցելել սնունդ ու այլ անհրաժեշտ պարագաներ ստանալու համար։ Հետագայում տեսնելով, որ կա կենտրոնին օգնող կամավորների անհրաժեշտություն, դարձել է կամավոր, հետագայում սովորել ձեռագործ-վարպետի մասնագիտություն։
Նույն տաղավարում էր Հադրութի շրջանի Տող գյուղի բնակիչ Սեդա Միքայելյանը, ով դարձյալ պատերազմի պատճառով է տեղափոխվել Երեւան, այժմ ծնողների հետ վարձով է բնակվում։ Մինչ տեղահանվելը՝ աշխատել է մաթեմատիկայի ուսուցչուհի, ավարտել է ԱրՊՀ ֆիզմաթ բաժինը, իսկ ձեռագործությունն իր համար եղել է սիրած զբաղմունք, այժմ՝ արդեն աշխատանք։ Նրանց ստեղծագործությունների նախշերը վերցրած էին Վասպուրականի եւ Արցախի գորգերից։ Որոշ շալերի վրա հայոց այբուբենի տառերն են, այլ նախշեր։ Սեդան տեղում տղամարդու վերնաշապիկ էր գործում Վասպուրականի նախշերով։ Դավիթ Ավագիմյանն ու կինը՝ Անի Ավագիմյանը, Շուշի քաղաքից են տեղահանվել, այժմ 2 երեխայի հետ բնակվում են Աբովյան քաղաքում՝ վարձով։ Դավիթը նկարիչ է, ավարտել է Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան ուսումնարանը։ Նրա նկարներում Շուշի քաղաքն է, շուշեցիներ են։ Զբաղվում է նաեւ քանդակագործությամբ, կավագործությամբ։ Կնոջ հետ թղթից հայկական տարբեր տարածքների տարազներով տիկնիկներ են պատրաստել։ Ապրիլյան պատերազմի օրերին Դավիթին շուշեցիների ջոկատի հետ հանդիպել էի Մատաղիսում։ Հիշեցինք հերոսական այդ օրերը…
Փառատոնի տարածքում նաեւ արտերկրից զբոսաշրջիկներ կային, ովքեր հետաքրքրված էին արցախյան մշակույթով եւ գնումներ էին կատարում, զրուցում վարպետների հետ։ «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ին հատկացված տաղավարում ցուցադրված էին բրդե ձեռագործ ծածկոցներ եւ շալեր։ ՀԿ ներկայացուցիչ Լիաննա Պետրոսյանը տեղեկացրեց՝ արտադրանքը մաքուր բրդից է, եւ յուրաքանչյուր աշխատանք կատարվել է ձեռքով։ Նկարչուհի Թամարա Մարդանյանը, ով դիմանկարի վարպետ է, ասաց՝ շատ է այցելել Արցախ եւ ցանկանում է իր աշխատանքների վաճառքով օգնել տեղահանվածներին։ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղ Պ. Պռոշյանի տուն-թանգարանի վարիչ Մարինե Թումանյանն ասաց՝ արդեն 8 եւ ավելի տարի է՝ համագործակցում են «Տերյան մշակութային կենտրոնի» հետ տարբեր ծրագրերով։ Սիրով են տարածքը հատկացրել արցախցիներին։ Հավելեց՝ կա ծրագիր՝ հուլիսի սկզբին անցկացնել «Հին արհեստների նոր տունը» դասընթացներ։ Այն լինելու է նման երրորդ ծրագիրը, բայց այս անգամ՝ մեծահասկաների համար, եւ կարող են մասնակցել միայն Աշտարակում, մոտակա բնակավայրերում տեղավորված արցախցի կանայք։ Դասընթացները կավարտվեն նոյեմբերին, կդասավանդվեն կիրառական արվեստի տարբեր ճյուղեր, ասեղնագործություն, գոբելենագործություն եւ այլն։
Փառատոնի կայացման հետ կապված զրուցեցի ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի եւ ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանի հետ։ Ս. Ղազարյանն ասաց. «Նման բարդ իրավիճակներում այսպիսի միջոցառումները շատ կարեւոր են։ Մեր հայրենակիցներին տրվել է հնարավորություն ստեղծագործել, ունենալ զբաղվածություն մշակութային եւ սննդի ոլորտներում, իրացնել արտադրանքը։ Վերջերս մեր երեխաների նկարները վաճառվել են արտերկրում, աշխատանքը շարունակական է»։ Ա. Սիմոնյանը նույնպես կարեւորում է նման փառատոները. «Նման ծրագրի խնդիրը ծագել էր դեռ պատերազմի օրերին. բազում արցախցիներ թողել էին ամեն ինչ եւ հեռացել, ունեին ապրուստի խնդիր։ Բացի ապրուստից, նման ծրագրերը նաեւ զբաղվածության հարց են լուծում։ Ընթացքում տեղի են ունեցել մի շարք փառատոներ եւս։ Իհարկե, վարպետների մի մասը, բարեբախտաբար, վերադարձել է Արցախ, իսկ ովքեր այստեղ են, փորձում ենք նրանց համար զբաղվածության պայմաններ ստեղծել»։ Անդրադառնալով «Տերյան մշակութային կենտրոնի» հետ համագործակցությանը՝ Ա. Սիմոնյանն ասաց, որ պատերազմի սկզբից են համագործակցել, եւ այս կենտրոնն արցախցիներին աջակցող կարեւոր կազմակերպություններից է, որ օժանդակել է բնակարաններ հայթայթելով, հագուստով, սննդով։
Փառատոնը շարունակվեց մինչեւ երեկո։ Օրվա ընթացքում հադրութցի երեխաներին ուղեկցեցինք Աշտարակի Ծիրանավոր եւ Սպիտակավոր եկեղեցիներ։