Կան ամսաթվեր, որ անմիջապես աշխուժացնում են հիշողությունը, եւ մեր մտքի մեջ հառնում են իրադարձությունների շղթաներ, կերպարներ, հույզեր ու զգացմունքներ, առաջացնում տրամադրության որոշակի դաշտ` նեղվածություն կամ հպարտության զգացում, ոգեւորություն կամ անտարբերություն, բերկրանքի կամ հիասթափության վերապրում…
Հունիսի 22-ը այն ամսաթիվն է, որ ապրողներիս հիշողության առաջին սանդղակին է. այո, որեւէ մեկին կարիք չկա հիշեցնել Հայրենական մեծ պատերազմի մասին, որ սկսվեց այդ օրը` Կիեւի ռմբակոծումով, երբ Գերմանիան, Իտալիան, Ռումինիան պատերազմ հայտարարեցին Խորհրդային Միությանը. պատերազմ, որ մնաց մեր հիշողության մեջ որպես մարդկային թանկ կորուստների հավիտյան թարմացող վերք եւ արհավիրքից դուրս գալու հաղթանակի բերկրանք…
Շատերը` գուցե ոչ, բայց քչերը, որ սովորություն ունեն թերթելու պատմության դասագրքերը, կհիշեն նաեւ, որ հենց հունիսի 22-ին է Նապոլեոնը հարձակվել Ռուսաստանի վրա եւ անփառունակ լքել այդ երկիրը, ու որքան էլ Նապոլեոնը համարվի մեծ զորավար, նրա պարտությունը բանական մարդու հպարտության զգացումն է առաջացնում, քանզի ցանկացած ուժային ճնշում մարդու վրա, այն էլ մարդկային թանկ կորուստներով, դուրս է բանականությունից… Հիշողությունը նապոլեոնյան նվաճողական արշավանքի ու դրա ձախողման մասին պատմական արդարության զգացում է առաջացնում եւ հավատ սեփական ուժերի հանդեպ…
Կարեւոր իրադարձություններ շատ կան կյանքում, եւ դրանք կարեւորվում են այնքանով, որքանով մենք ենք կարեւորում։ Այդպիսի կարեւոր իրադարձություն է մեզ համար 1838 թ. հունիսի 22-ին Շուշիի թեմական հոգեւոր դպրոցի բացումը, որն ընդհատումներով գործել է մինչեւ 1920-ը։ Կար ժամանակ, երբ հարկ չկար խոսել կրթության ու մշակույթի դերի մասին, այնքան, որ այն համարժեք էր հացուջրին. ցավոք, ետխորհրդային շրջանում այնքան փոխվեցին արժեքներն ու այնքան նսեմացան կրթությունն ու մշակույթը նյութապաշտության տիրույթում, որ դեռեւս բանականության տիրապետող ուղեղն ստիպված է հոգեւոր արժեհամակարգի լուսանցքում հայտնված հասարակությանն ապացուցել կրթության, մշակույթի, գիտության եւ ընդհանրապես` իրական արժեքների դերն ու անհրաժեշտությունը մարդկային կյանքում։
Այն բանից հետո, երբ 1826 թ. պարսից 60 հազարանոց բանակը` թագաժառանգ Աբաս Միրզայի առաջնորդությամբ, պաշարեց Շուշին, եւ Շուշիի բերդի հերոսական պաշտպանությունն ստանձնեցին շուշեցի 1500 հայ կամավորականներ` օգնության դիմելով 1300 հոգանոց ռուսական կայազորին, եւ 48 օր տեւած հերոսական պաշտպանության շնորհիվ վերջնականապես ետ շպրտեցին պարսիկներին ու պահեցին անառիկ Շուշին, քաղաքն սկսեց ծաղկել ու զարգանալ։ Բարենպաստ պայմաններ ստեղծվեցին սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի համար, իսկ տարիներ անց իննամյա թեմական հոգեւոր դպրոցի բացումը է՛լ ավելի բարձրացրեց Շուշիի մշակութային դերակատարությունը տարածաշրջանում։
Ունենալ կրթօջախ, նշանակում է ունենալ կրթական մշակույթ, ունենալ կրթական մշակույթ, նշանակում է ունենալ մտավորապես կազմակերպված ու համակարգված հասարակություն` ինքնագնահատանքի ու ինքնապաշտպանության բարձր գիտակցականությամբ։ Թե ինչ դերակատարություն է ունեցել Շուշիի թեմական դպրոցը, բավական է հիշել նրա շրջանավարտներին ու նրանց ավանդը հայոց մշակութային գանձարանում, որտեղ իրենց հաստատուն տեղն ունեն Լեոյի գիտական ժառանգության բացառիկ էջերից` «Հայոց պատմություն» եռահատոր մենագրությունը, Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի» պատմավեպը, Գարեգին Ա Հովսեփյանցի «Գրչության արվեստը հին հայոց մեջ» աշխատությունը, Ստեփան Աղաջանյանի կտավները, շատուշատ ստեղծագործողների ինքնատիպ աշխատանքներ։ Շուշիի թեմական հոգեւոր դպրոցի աշակերտներից էր եւ Հայաստանի առաջին հանրապետության պետական-հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, ՀՅԴ կուսակցության անդամ Արամ Մանուկյանը, ով ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել Վանի նահանգապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ։ Այստեղ է սովորել եւ հայ բեմի երեւելի դեմքերից Վաղարշ Վաղարշյանը, ով վաստակել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի բարձր կոչումը (1954), դարձել ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1941 եւ 1952)։ Դպրոցի սաների շարքերը լրացնում են նաեւ այնպիսի գործիչներ, ինչպես Արշակ Աթայանը, Բախշի Իշխանյանը, Գրիգոր Ներսիսյանը, Հակոբ Խանլարյանը, Հակոբ Հովհաննիսյանը, Նիկոլ Դումանը, Սողոմոն Մելիք-Շահնազարյանցը, Վարդան Աբովյանը, Տմբլաչի Խաչանը, Վանա Իշխանը եւ այլք։
Հատկանշական է, որ Շուշիի դպրոցում դասավանդվել են ոչ միայն հայոց եւ ռուսաց լեզուներ, պարսկերեն, թվաբանություն, կրոն, պատմություն, երգեցողություն, այլեւ մանկավարժություն, որ առաջին անգամ դասավանդել է Սեդրակ Մանդինյանը, իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան, որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։ Այստեղ դասավանդել են այնպիսի մանկավարժներ, ինչպես Պետրոս Շանշյանը, Պերճ Պռոշյանը, Խորեն Ստեփանեն, Ղազարոս Աղայանը, Սեդրակ Մանդինյանը, Սահակ Մանվելյանը եւ այլք։ 1838 թ. դպրոցն իր գործունեությունն սկսել է 20 աշակերտով, այնուհետեւ`մինչեւ 1870-ը, հասել 158-ի, 1893-ին հավաքվել է 492 աշակերտ, իսկ 1909-ին` նվազել դրանց թիվը, հասնելով 374-ի։ Դպրոցի կյանքն աշխուժանում է, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863 թ. դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է դառնում Պերճ Պռոշյանը, ով դպրոցում դասավանդում է հայոց լեզու, հայ գրականություն եւ ազգային պատմություն։ Շանշյանի եւ Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը դառնում է եռդասյան՝ իր երկու ծխական դպրոցներով։ Դպրոցը վերանվանվում եւ կոչվում է «Եղիշյան ազգային հոգեւոր դպրոց»՝ ի պատիվ V դարի պատմիչ Եղիշեի։
1877-1878 ուստարում Շուշիի թեմական տեսուչ է դառնում փիլիսոփայության դոկտոր, խմբագիր եւ հասարակական գործիչ Վասակ Պապաջանյանը։ 1903 թ. դպրոցը փակվում է, վերաբացվում` 1905-ի աշնանը, այնուհետեւ բարեկարգվում 1908-1910 թթ.՝ տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանի ջանքերով, դադարեցնում գոյությունը ճակատագրական` 1920 թ., երբ մարտի 23-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակներն իրականացնում են հայերի կազմակերպված ցեղասպանություն, որի նպատակը Արցախը նվաճելն էր. այդ մասին Ադրբեջանի նախարարների խորհրդի նախագահին հասցեագրած զեկուցագրում նշել է տխրահռչակ Սուլթանովը. «Հուսով եմ, որ Շուշի քաղաքում Կենտրոնի եւ հայկական շարժման պաշտոնական ենթարկեցման հետ, Ղարաբաղում հայերի ենթարկեցման հարցը արագ կընդունի բարեհաջող վերջավորություն»։ Իսկ «հայերի ենթարկեցման հարցը» հենց հայերի ձեռքում էր, քանի որ կար ինքնապաշտպանության ու դիմադրության հնարավորություն` մոտ 400 զինված կռվողներ, որոնց ուժերը չօգտագործվեցին Ադրբեջանի կողմնակիցների ու թրքամոլ Գիգի աղայի պատճառով, ովքեր խանգարեցին հայկական ներս մտնող ուժերին գրավել գերիշխող դիրքեր։ Ադրբեջանական բանակի զինծառայողները, ովքեր զբաղեցրել էին հայկական թաղամասի տները, սկսում են վառել դրանք` խուճապ առաջացնելով բնակչության մեջ. բնակչությունն սկսում է փախչել դեպի Գավառ` Քարին տակի արահետով, եւ միայն մառախուղն ու ինքնապաշտպանության պատանիների դիմադրությունն են փրկում նրանց լիակատար կոտորածից, որի ժամանակ ցեղասպանվում է շուրջ 8 հազար հայ։ Շուշին դադարեց Արցախի մայրաքաղաք լինելուց…
Ավելորդ է ասել, որ պատմությունը կրկնվում է` ճակատագրական դառը թաս մատուցելով մեր ինքնությանը, եւ այսօր մեզանից է կախված մեր խաղաղությունը ամեն գնով պաշտպանելու կամքն ու զորությունը…