31 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում իրականացվեց խաղաղ բնակչության ծրագրավորված եւ դաժանությամբ աննախադեպ կոտորածը։ Դեռեւս ապրիլի 9-ի երեկոյան գյուղի ուղղությամբ սկսված տեւական հրետակոծումից հետո հաջորդ օրը ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժեցին ավան։ Տեղի աշխարհազորայինների փոքրաթիվ ջոկատին թեեւ հաջողվեց տարհանել բնակիչների մեծամասնությանը, սակայն մոտ 118 հոգի` հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք եւ երեխաներ, մնացին ավանում։ Նրանցից շատերը սպանվեցին եւ խոշտանգվեցին ադրբեջանական բանակի զինվորների կողմից, այնպես անողոքաբար, որին ընդունակ է միայն թուրք-ադրբեջանցին։ 45 հոգի գլխատվեց, շատերը ողջ-ողջ այրվեցին, իսկ ավելի քան 50-ը, այդ թվում՝ 9 երեխա եւ 29 կին, պատանդ վերցվեցին։ Նրանց մի մասին, այդ թվում՝ բոլոր երեխաներին, հետագայում հաջողվեց վերադարձնել, սակայն 19-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է, եւ վերջիններս համարվում են բռնի անհետացածներ: Այդ ռազմական հանցագործության հետեւանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ հայաթափվեց։ Մարաղայում, ըստ 1989 թ. բնակչության մարդահամարի՝ բնակվում էր 4660 մարդ։ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել էր ավան, Մարաղան անվանել էր «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։
«Մարաղայի կոտորածը Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունն էր եւ ադրբեջանական իշխանությունների՝ ազգային ինքնության հողի վրա զանգվածային ոճրագործությունների հերթական դրսեւորումներից մեկը: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ կանխամտածված ոճրագործությունները, ռազմական հանցագործությունները, դրանց անպատժելիությունն ու հերոսացումն Ադրբեջանի համակարգային քաղաքականության մաս կազմեցին եւ նոր դրսեւորումներ ստացան Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2016 թ. ապրիլյան ագրեսիայի, իսկ ավելի մեծ մասշտաբներով՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, որի հետեւանքով տեղահանվեցին նաեւ Հադրութի, Շուշիի եւ հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր»,- նշված է Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի երեկվա հայտարարության մեջ։
Ի վերջո, բոլոր այդ իրադարձությունները, ցեղասպանական գործողությունները մեկ շղթայի անբաժան օղակներն են, որոնք թերեւս չեն ընդհատվի այնքան ժամանակ, քանի դեռ հայ ազգի դեմ իրականացված հանցագործողություններից որեւէ մեկի կազմակերպիչներն ու իրագործողները չեն պատժվել։ Ինչպես Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի ոճրագործությունները, այնպես էլ՝ Մարաղայում տեղի ունեցածն առայսօր որեւէ քաղաքական եւ իրավական գնահատականի չեն արժանացել։ Անպատժելիության մթնոլորտը հանգեցրեց նաեւ 2016 թ. ապրիլյան ագրեսիային ու 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմին, դրանց ընթացքում եւս ադրբեջանական կողմից իրավանացված վայրագություններին ու ռազմական հանցագործություններին։ Ավելին, ներկայումս այն շարունակվում է Արցախի շրջափակմամբ։ Ցեղասպանության հայեցակարգի եւ «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը ժամանակին նշել է, որ «ցեղասպանությունը պարտադիր կերպով չի ենթադրում ազգային խմբի անհապաղ ոչնչացում։ Ցեղասպանություն նշանակում է նաեւ տարբեր գործողությունների համակարգված ծրագիր, որն ուղղված է ազգային խմբերի կյանքի կենսական հիմքերի խաթարմանը՝ նպատակ ունենալով ոչնչացնելու այդ խմբերն ամբողջությամբ»։ Լեմկինը նման ծրագրի բաղադրիչներից էր համարում քաղաքական եւ սոցիալական ինստիտուտների, մշակույթի, լեզվի, ազգային ինքնության, կրոնի, ազգային խմբերի գոյության տնտեսական հիմքերի ոչնչացումը, ինչպես նաեւ այդ խմբերին պատկանող մարդկանց անձնական անվտանգությունից, ազատությունից եւ կյանքից զրկելը, որպես ամբողջություն։ Այլ կերպ ասած՝ ցեղասպանության իրականացում թիրախավորված խմբին հյուծելու միջոցով:
Ցավալի է, բայց մեզ՝ ժամանակակակիցներիս թվում է, թե Մարաղան եւ մնացյալ ոճրագործությունները մնացել են անցյալում, եւ մանկական միամտությամբ սպասում ենք, որ Ադրբեջանը կհետեւի միջազգային հանրության կամ որեւէ պետության կոչերին ու հորդորներին եւ կգործի միջազգային իրավունքի շրջանակներում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Ռաֆայել Լեմկինի մատնանշած յուրաքանչյուր կետ համապատասխանում է Արցախի եւ ընդհանրապես Հայաստանի ու հայության դեմ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով վարած քաղաքականությանը։
Բոլոր այս ցեղասպանական գործողությունները ցույց են տալիս, որ հիմնախնդրի միակ լուծումը եւ հայության ֆիզիկական անվտանգության ապահովման գրավականն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն են, ինչն ամրագրվել է 1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագրում, սակայն հետագայում այն «մոռացվեց», եւ այդ մոռացության գինը վճարում ենք այսօր։