«Հրաշալի է Մարիամ Գեւորգյանի պոեզիան: Նրա բանաստեղծական ձայնը ծնունդ է առնում հոգու խորքից եւ հեշտությամբ հասնում իր ընթերցողին: Անկեղծ եւ նրբազգաց այս բանաստեղծուհին իր բանաստեղծական արտահայտչամիջոցներով մերկացնում է իրականությունը եւ զգեստավորում այն ինքնատիպ փոխաբերությունների սքանչելի հանդերձանքով, որոնց հաճախ խորհրդանշական հարցերի դեր է վերապահված: Իսկ նրա բանաստեծության ռիթմի պարզությունը հաղորդում է արտասովոր մեղեդայնություն: Նա իրավամբ երգող բանաստեղծուհի է: Եվ նրան ուրախությամբ են կարդում ու լսում: Նրա երգերը բուրում են ուրախությամբ, իսկ սերը երախտապարտ է, որ ընկղմվում է նրա հանգերում: Մարիամը ինքնատիպ բանաստեղծ է: Նա ապրում է իր պոեզիայով: Նա եւ իր բանաստեղծությունները միասին զբոսնում են, եւ թող գնան, նրանք անհրաժեշտ են փողի մրցավազքի այս խելահեղ ժամանակներում, երբ մոռացվում են իրական արժեքները: Քանի դեռ մենք ունենք այս բանաստեղծուհուն, կունենանք շարժառիթ եւ ուժ՝ գալիք օրերին անհամբեր սպասելու: Այդ իսկ պատճառով, թանկագին Մարիամ, երգիր այն ձայնով, որը ներառում է մեր բոլորի՝ քեզ սիրողներիս եւ քո պոեզիայով հիացողներիս ձայները: Մինչ ես գրում եմ այս տողերը, ղողանջում են Բելգրադի եկեղեցու զանգերը: Ղողանջում են ուրախությամբ, քեզ համար, թանկագինս, եւ այն երգերի համար, որոնք, սպասում եմ, դեռ գրելու ես…»:
Ժամանակակից անվանի սերբ բանաստեղծ, լրագրող, հրատարակիչ Գորան Լազովիչի մեծարանքի այս խոսքերը հնչեցին հայ ընթերցողին տակավին գուցեեւ ոչ այնքան ծանոթ, բայց արդեն իսկ սեփական ինքնատիպ ձեռագիրն հաստատած բանաստեղծուհի Մարիամ Գեւորգյանի երախայրիք «Ագապե» գրքի շնորհանդեսի ժամանակ՝ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում: Ինչպես միջոցառման բացման իր խոսքում նշեց գրի ու գրականության, գրչի մարդկանց հանդեպ ակնածալից վերաբերմունք ունեցող գադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, «Ագապե»-ի շնորհանդեսը անձամբ էր նախաձեռնել՝ գրքի առաջին իսկ էջերին ծանոթանալուց հետո. «Մայրական քնքշանքով է մոտենում Մարիամն իր յուրաքանչյուր բառին: Գեղեցիկ է նրա խոսքը, որը մարդուն տանում է գեղեցիկ միջավայր: Մեր այս պաղ օրերի մեջ, ինչպես Սագան է ասում, նրա «Ագապե»-ն թող դառնա մի քիչ արեւ: Ինձ թվում է՝ Մարիամը զրուցում է բոլորիս հետ, զրուցում է բոլորիս փոխարեն…»: Եվ՝ մի քանի սեղմ-խտացված ու խորը ասելիքով բանաստեղծական մտորումների մատուցում՝ որպես համեմունք:
Վաստակաշատ գրականագետ Դավիթ Գասպարյանը, շնորհավորելով հեղինակին, ընդգծեց, թե որքան դժվար բան է գրքի հետ գործ ունենալը, այն հրատարակելը, ընթերցողի հետ հանդիպելը, ասելիքը նրան հասու դարձնելը: Գրականագետը նշեց նոր ժամանակներում գրականության, պոեզիայի հետընթացի մասին: Նա ընդգծեց երիտասարդ բանաստեղծուհու մինիմալիստական ոճը, բառերի ժլատ օգտագործումը, բանաստեղծությունն ավելորդ՝ շատախոսություններից զերծ պահելու առավելությունն ու ասելիքի խորությունը, ինչը ընթերցողին մտածելու կմղի: Այդպիսիք են ճապոնական հոգուներն ու թանկաները: «Մարիամի այս գրքի առանցքում սերն է, ինչը սքանչելի է: Բայց ես, որպես գրականության մարդ՝ հարց ունեմ մեր գրողներին ընդհանրապես՝ ո՞ւր է այս դժվարին ժամանակների մեր կյանքի գիրքը… Գալով Մարիամին, պիտի ավելացնեմ՝ չեմ կարծում, որ նրա հերթական գիրքը լինելու է նույն՝ «Ագապե»-ի հարթությունում: Ասել է, թե ընթերցողն սպասելու է հիանալի այս ժողովածուից ավելին…»:
«-Արդեն ծանոթ եմ գրքին եւ ուրախությամբ պիտի նշեմ, որ այն առանձնանում է ժանրային առումով, հոգեբանական ընկալումների տեսանկյունից, բանաստեղծական խոսքի լակոնիկությամբ,- իր տպավորություններն այսպես արտահայտեց բանաստեղծ, գեղանկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը:- Ինքս միշտ գերադասել եմ բանաստեղծական սեղմ տողերով շատ բան ասելու կարողությունը, ինչը շահեկանորեն հաջողվում է Մարիամ Գեւորգյանին: Ուստի, սրտանց ողջունում եմ գրքի ծնունդը՝ շնորհավորելով եւ հեղինակին, եւ նրա ընթերցողներին…»
Ասենք, որ գնահատանքի խոսք ասողները շատ էին, որոնց ելույթներն ընդմիջվում էին դասախոս-հեղինակի ուսանողների ասմունքով: Նաեւ հավելենք, որ նորընծա բանաստեղծուհու ստեղծագորխությունները տպագրվել են ոչ միայն հայրենի մամուլում, այլեւ դրսում. դրանք թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, պարսկերեն, սերբերեն: Մարիամն ինքն էլ է հայացնում օտար հեղինակներից շատերի պոեզիան՝ Ալան Պո, Ջորջ Բայրոն, Եվգենի Եվտուշենկո, Մարինա Ցվետաեւա, Վալենտին Գաֆտ, Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Գորան Լազովիչ, այլ բանաստեղծներ: Հայ բանաստեղծուհու մասին գրում են նաեւ հայրենիքից դուրս. նրա դիմանկարը տեղ է գտել «Մարդիկ եւ քաղաքներ» գրքում՝ ժամանակակից հանրաճանաչ մարդկանց դիմանկարների շարքում. «Նրա առաջ խոնարհվում են լորենիները…»:
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսք ասաց ներկաների ջերմ ու հիացական վերաբերմունքին արժանացած բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Մարիամ Գեւորգյանը՝ հիշեցնելով, որ հրատարակության է պատրաստում հերթական գիրքը: Հաջողություններ մաղթենք պայծառ հայուհուն: