Մայիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները թեւակոխում են ընտրարշավի թեժ փուլ, եւ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը քաղաքական խաղասեղանին է դրել իր ձեռքում եղած բոլոր հաղթաթղթերը: Երբ պետությունը տնտեսական ծանր վիճակում է, երբ աննախադեպ արժեզրկմանը եւ տնտեսական ցուցանիշների անկմանը գումարվել են երկրաշարժի պատճառած 100 միլիարդ դոլարը գերազանցող վնասները, Թուրքիայի իշխող կուսակցությունը, թերեւս, կարող է օգտագործել միայն ռազմական ոլորտում, այն է՝ հարեւան Սիրիայում, Իրաքում, Լիբիայում իրականացրած ռազմական գործողությունների արդյունքները:
Ինչպես եւ սպասելի էր, որպես հիմնական հաղթաթուղթ, Էրդողանի կուսակցությունն ընտրապայքարում օգտագործելու էր 44-օրյա ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ: Պատերազմի ելքը մշտապես շեշտադրվել է Թուրքիայի առաջնորդի՝ Ադրբեջան կատարած եւ ներքին այցերի ժամանակ, որպես այդ երկրի ապահոված հաղթանակ: Այդ փաստը մշտապես ստիպված շեշտել է նաեւ Ալիեւը Թուրքիայի քաղաքական էլիտայի հետ հանդիպումների ժամանակ, ամենայն հավանականությամբ՝ պարտադրված, քանի որ իր երկրի ներսում զինվորական հանդերձանքով բեմադրած «մենաներկայացումների» ժամանակ վերջինս «հաղթանակը» մշտապես վերագրել է իրեն եւ ադրբեջանական բանակին:
Բայց այսօր Էրդողանի կուսակցությունը ընտրարշավի ընթացքում բացահայտ հայտարարում է, որ Արցախյան երրորդ պատերազմի ելքն իրենք են ապահովել: Այսպես՝ «Արդարություն եւ զարգացում» կոսակցության մարզային համակարգման կենտրոնի բացման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւելութ Չավուշօղլուն օրերս հայտարարել է, որ եթե այդ երկիրն իր ռազմարդյունաբերությամբ ներքին պահանջների բավարարումը 80 տոկոսի չհասցներ, հարվածային ԱԹՍ-ներ, ցամաքային հակաօդային հարձակողական համակարգեր եւ ուղղաթիռներ չարտադրեր, ապա Ադրբեջանը կդժվարանար գրավել Արցախի տարածքները: Այստեղ Չավուշօղլուն, թերեւս, «մոռանում է» հիշատակել Սիրիայից վարձու ահաբեկիչների՝ Արցախյան պատերազմում ներգրավման գործընթացը համակարգելու եւ բայրաքթարների կառավարմանը թուրքական ռազմական մասնագետների մասնակցության փաստի մասին: Բայց ճշմարտությունն այն է, որ Էրդողանի կուսակցությունն Արցախյան վերջին պատերազմն օգտագործում է որպես իր ընտրապայքարի հիմնական գործիք:
Նույն օրը Թուրքիայի մեկ այլ վիլայաթում արդեն Էրդողանն է թափահարում ռազմական խաղաթուղթը: Ելույթ ունենալով առաջին՝ «Անադոլու» տեղական արտադրության դեսանտային նավի՝ բանակին հանձնման միջոցառմանը, իշխող կուսակցության առաջնորդը հայտարարել է, թե հաջորդ տարի այդ երկրի ռազմական բյուջեն կհասցնի 75 մլրդ դոլարի՝ շեշտելով, թե երբ ինքը 2002-ին եկել է իշխանության, ռազմական բյուջեն եղել է ընդամենը 5.5 մլրդ դոլար: Էրդողանը նաեւ հայտարարել է, որ այդ ընթացքում ռազմարդյունաբերական ձեռնարկությունները 56-ից հասել են 2700-ի: Սակայն ուշագրավ է Թուրքիայի առաջնորդի խոսքի մեկ այլ հատվածը, որում նա շեշտում է, որ ռազմական արդյունաբերության զարգացման միջոցով Թուրքիան պատրաստվում է ապագա հնարավոր ռազմական իրավիճակներին:
Այսինքն, Էրդողանը բացահայտ հայտարարում է իր ղեկավարած վարչախմբի հաղթելու դեպքում այդ երկրի հետագա հնարավոր հարձակումների մասին, քանի որ բոլոր դեպքերում՝ եւ՛ Լիբիայում, եւ՛ Սիրիայում, եւ՛ Իրաքում, առավել եւս Արցախում Թուրքիան անմիջականորեն մասնակցել է ռազմական ագրեսիաներին եւ այլ պետության տարածքներ ներխուժումներով՝ ուղղակի կամ միջնորդավորված:
Այն, որ Թուրքիան ընտրարշավում հիմնական խաղաթուղթ է օգտագործում ռազմական գործոնը, նաեւ խոսում է թուրքական հասարակության շրջանում ձեւավորված համապատասխան պահանջարկի մասին: Վերջին տարիներին արմատական ազգայնական գաղափարախոսության զարգացմանը խթանած իշխանությունները լավ գիտեն, որ այդ գործիքը լավագույնն է ընտրապայքարի ժամանակ, որը կարող է նույնիսկ ստվերել տվյալ երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը:
Թուրքիաի իշխող էլիտան շահաբաժիններ է ձեռք բերում ներսում, բայց միանշանակ կորցնում ժողովրդավարական աշխարհում, քանի որ ոչ մի առաջադեմ արժեքային համակարգ կրող համայնք չի խրախուսում ոչ պաշտպանական նպատակներով ռազմական գործողությունները եւ ռազմական ուժի մեծացումը: Այս իրողությունների պայմաններում Թուրքիայի կողքին է Հայաստանը, որին Անկարան Բաքվի միջոցով շարունակում է առավելապաշտական պահանջներ ներկայացնել եւ խոսել ուժի սպառնալիքի դիրքերից: Հետեւաբար, հարեւան պետության ռազմական շեշտադրումը վերաբերում է տարածաշրջանի բոլոր երկրներին, նաեւ՝ Հայաստանին: