Տարածաշրջանային հաղորդակցման ուղիների բացումն այլընտրանք չունի: Ուշ թե շուտ Ադրբեջանը վերադարձնելու է բոլոր հայ ռազմագերիներին եւ ստանալու է ահաբեկչության համար դատապարտված երկու սիրիացի ջիհադիստ ծայրահեղականներին: Առանց եռակողմ հայտարարության՝ ռազմագերիներին վերաբերող համապատասխան կետի կատարման հնարավոր չէ իրականացնել երկու երկրների տարածքով անցնող տրանսպորտային ուղիների վերաբացումը: Եթե մի պահ պատկերացնենք, որ հաջողվել է հաղթահարել բոլոր խոչընդոտները, ձեւավորվել է փոխվստահության ինչ-որ միջավայր, եւ սկսում են գործել երկու երկրների միջեւ գործող հաղորդակցության ուղիները, ապա այդ ժամանակ փորձագիտական դիտարկման կարիք կառաջանա, թե որ երկիրն ինչ է շահելու:
Թուրքիան առաջ քաշեց տարածաշրջանի 6 պետության համագործակցության ձեւաչափը: Դրան միանգամից հակադրվեց Վրաստանը՝ շեշտելով, որ Ռուսաստանի հետ չի պատրաստվում համագործակցել՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդիրների հետ կապված: Մի քանի օր առաջ էլ Վրաստանը հայտարարեց անդրկովկասյան երեք երկրների համագործակցության ձեւաչափով առաջ գնալու պատրաստակամության մասին:
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով Թուրքիայում կայացած դիվանագիտական ֆորումում, հայտարարեց, որ Թբիլիսին պատրաստ է եռակողմ ձեւաչափով աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան աշխարհաքաղաքական կարեւոր նախագծեր իրականացնելու համար: Զալկալիանին նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են, բայց եւ շեշտել, որ Հայաստանի հետ պատմական ու բարեկամական կապեր ունի: Նա նշել է, որ Թբիլիսին տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից պատրաստ է համագործակցել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով՝ շեշտելով, որ նման համագործակցության ամրապնդումը երկրի համար, անկասկած, առաջնահերթություն է։ Նա նաեւ շեշտել է, որ առանց տարածաշրջանային կայունության անհնար է խոսել զարգացման եւ բարգավաճման մասին: Նախարարը կողմերին հորդորել է ակտիվ աշխատել՝ չնայած սահմանափակ ռեսուրսներին:
Այսպիսով, Վրաստանը Թուրքիայի առաջարկած 6-ի պլատֆորմի փոխարեն առաջարկում է 3-ի ձեւաչափը՝ փաստացի մերժելով Ռուսաստանին եւ Իրանին, քանզի Թուրքիայի հետ արդեն ունի զարգացած ցամաքային եւ ծովային հաղորդակցման ուղիներ: Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի իր տարածքով անցնող «Հյուսիս-հարավ» հաղորդակցման ուղիների բացումը, որի նկատմամբ իրենց հետաքրքրությունն են հայտնել նաեւ Չինաստանը, Հնդկաստանը եւ Իրանը: Խոսքը Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Եվրոպա անցնող ցամաքային ուղու, մասնավորապես՝ երկաթգծի գործարկման մասին է: Վերջինիս ցամաքային հատվածն ընդհատվում է Աբխազիայում եւ անբավարար հզորությամբ գործում է Փոթիի լաստանավի աշխատանքի շնորհիվ, սակայն այն անհամեմատ ավելի թանկ է, քան ցամաքային երկաթգիծը: Աբխազիայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով Հայաստանի, Վրաստանի եւ Աբխազիայի միջոցով Ռուսաստան եւ Եվրոպա տանող հատվածը չի գործում:
Վրաստանը համառորեն չի ցանկանում բացել երկաթգծի այդ հատվածը, այն դեպքում, երբ 2008-ին պատերազմի մեջ մտած Ռուսաստանի հետ վերականգնված են գրեթե բոլոր հարաբերությունները: Ռուս զբոսաշրջիկների մեծ հոսք կա Ռուսաստանից, Լարսի ճանապարհով լիարժեք գործում է ավտոմոբիլային հաղորդակցությունն այդ երկու երկրների միջեւ: Վրաստանի այս համառությունը էական տնտեսական վնաս է հասցնում ոչ միայն Հայաստանին, այլեւ առաջին հերթին Վրաստանին: Այն Հայաստանը պահում է երկաթուղային բացարձակ շրջափակման մեջ:
Արցախի շուրջ կոմունիկացիաները բացվելու դեպքում Ադրբեջանը միանշանակորեն իրեն կվերապահի «Հարավ-հյուսիս» երկաթգծային ամենաէժան փոխադրամիջոցի մենաշնորհը: Իրանի Ջուլֆայից Նախիջեւանով եւ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթգիծը կապահովի կապը Ռուսաստանի հետ՝ դրանով փաստացի Վրաստանին եւ Հայաստանին զրկելով այդ գծից զգալի եկամուտներ ստանալու հեռանկարից: Մինչդեռ Իրանից Նախիջեւանով, Թբիլիսիով կամ վերաբեցվելիք Կարսով Աբխազիա տանող երկաթգծի ճանապարհը շատ ավելի շահավետ է իր անհամեմատ կարճ երթուղու պատճառով:
Վրաստանն այսօր պետք է արագ որոշի, թե որն է ավելի շահեկանը՝ Աբխազիայի հետ երկաթգծային հաղորդակցության բացման շնորհիվ հիմնահարցի կարգավորման շուրջ բարենպաստ բանակցային միջավայրի ստեղծումը, թե տարածաշրջանային այս կարեւորագույն ուղուց զրկվելը, որն ունի մեծ հեռանկար դրանում Չինաստանի եւ Հնդկաստանի ներգրավումից հետո: Վրաստանն ունի անհրաժեշտ պայմանները ճկուն եւ երկրի իրական շահերից բխող որոշում կայացնելու համար: