Այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցաշարին կներկայանա լիարժեք կազմով: Մեր թիմը վերջին հավաքն անցկացրեց մայրաքաղաքի «Օլիմպավան» համալիրում՝ շարունակելով առաջնությանը նախապատրաստության աշխատանքները եւ ձգտելով շտկել անգամ ամենաաննշան թերությունները: Միաժամանակ կրկին ուշադրություն է դարձվել հավաքականի անդամների անհատական որակների բարելավմանը: Հերթական հավաքի արդյունքում հայ ծանրորդները լավ մարզավիճակ են ձեռք բերել եւ ասպարեզ դուրս կգան մարտական տրամադրվածությամբ:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հույսեր է կապում այն փաստի հետ, որ տղաները փորձառու մարզիկներ են, ունեն հաղթանակների փորձ: Նա կարծում է, որ դա կօգնի նրանց՝ հաղթահարելու հոգեբանական հնարավոր լարվածությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Երեւանում:
«Եթե հաշվի առնենք հավաքականի անդամ ծանրորդների անցած ուղին, կնկատենք, որ բոլորն էլ ծանրամարտում երկար տարիների փորձ ունեն: Ավելին՝ դա հաղթական փորձ է, որովհետեւ նրանք աշխարհի ու Եվրոպայի պատանիների, երիտասարդների ու մեծահասակների առաջնությունների մրցանակակիրներ են,- «ՀՀ»-ին ասաց Փաշիկ Ալավերդյանը:- Ամեն դեպքում՝ Հայաստանում կայանալիք առաջնությունը մեզ շատ է պարտավորեցնում, իսկ դա կարող է լարվածություն ստեղծել: Ընդհանրապես՝ լարվածությունը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ: Այս դեպքում ես հավատում եմ, որ տղաները կկարողանան խուսափել բացասական ազդեցությունից: Կրկնում եմ՝ բոլորն էլ փորձառու տղաներ են, նրանց համար սա շատ հետաքրքիր փորձ է, որ իրենց ազգակիցների առջեւ պետք է ասպարեզ դուրս գան ու ներկայացնեն սեփական հնարավորությունները: Եվ, ինչու չէ, նաեւ հաղթեն, որովհետեւ փորձառուների առավելությունն այն է, որ կարողանում են «տան պատերի» ներսում հանդես գալու հանգամանքը դիտել որպես հաղթանակի կարեւոր նախապայման: Հաջողություններ եմ մաղթում մեր հավաքականին: Ուզում եմ, որ մեր ժողովուրդն ու պետությունը զարգանան ու բարեկեցիկ դառնան: Թող խաղաղություն լինի, մնացյալը ժողովուրդը կանի»:
Ավելացնենք, որ Փաշիկ Ալավերդյանն արդեն հրապարակել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի կազմը:
Տղամարդիկ
Գոռ Սահակյան-67 կգ քաշային կարգ
Ռաֆիկ Հարությունյան-81 կգ
Անդրանիկ Կարապետյան-89 կգ
Դավիթ Հովհաննիսյան-96 կգ
Արա Աղանյան-96 կգ
Գարիկ Կարապետյան-102 կգ
Սամվել Գասպարյան-109 կգ
Պետրոս Պետրոսյան-109 կգ
Սիմոն Մարտիրոսյան-+109 կգ
Վարազդատ Լալայան-+109 կգ