Հայաստանի եւ սփյուռքահայ ծանրորդների մասնակցությունն ու նվաճած մեդալները (1946-2022 թթ.)
Ժամանակակից ծանրաձողի առաջին նմանակը ստեղծել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդի արքունական բժիշկ Իպոլիտ Տրիոն 17-րդ դարում: Այն անվանեցին «Ապոլոնի առանցք», որը կշռում էր 110 կգ եւ այսօր Փարիզի սպորտի թանգարանում է:
Ծանրությունների բարձրացման ստուգատեսներ են կազմակերպվել 1825 թ. Փարիզում, 1840 թ.՝ Լոնդոնում, 1868 թ.՝ Նյու Յորքում, 1873 թ.՝ Վարշավայում, 1880 թ.՝ Վիեննայում, 1885 թ.՝ Պետերբուրգում: Աշխարհի առաջին առաջնությունը կայացել է 1891 թ. Լոնդոնում, Եվրոպայի առաջին առաջնությունը՝ 1896 թ. Ռոտերդամում: Ծանրամարտն արդեն մեծ մասսայականություն էր վայելում, եւ պատահական չէ, որ ընդգրկվեց 1896 թ. ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի ծրագրում:
1905 թ. ստեղծվել է Ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիան, որը եւ հաստատել է միջազգային մրցումների կանոնադրությունը:
Ֆիզիկական հզոր ուժի տեր շուրջ 100 հայ անվանի դյուցազունների մասին է գրել Միքայել Չամչյանցը՝ սկսած Հայկ Նահապետից մինչեւ 17-րդ դարի անվանի զորականները, որոնց թվում են Սահակ Բագրատունին, Ատոմ Մոկացին, Արշավիր եւ Գազավոն Կամսարականները, Կոռնակ Կորովին, Արտավազդ Մանդակունին, Գայլ Վահանը, Աշոտ Մսակերը, Մանվել Մամիկոնյանը, Վասակ Սիսակյանը, Թաթուլ Վանանդյանը եւ այլք:
1919, 1921 եւ 1923 թթ. իրենց օլիմպիական խաղերն անցկացրին Հալեպի Շիրաճյան որբանոցի սաները, իսկ 1927 եւ 1929 թթ. «Հայկական օլիմպիական խաղեր» կազմակերպեցին Հալեպի մարզական միությունները՝ ծրագրում ընդգրկելով նաեւ ծանրամարտը: Հայաստանում մարզաձեւի ուղղությամբ առաջին քայլերը կատարվեցին 1920-ականներին: 1922 թ. Երեւանի միացյալ բանվորական ակումբում Ս. Մաթեւոսյանի ղեկավարությամբ ստեղծվեց առաջին խմբակը, որում մարզվում էր մոտ 20 երիտասարդ: 1923 թ. ծանրամարտով սկսեցին զբաղվել նորաստեղծ «Սպարտակ» կամավոր մարզական ընկերությունում:
1925 թ. ծանրամարտի խմբակ ստեղծվեց Լենինականում (այժմ՝ Գյումրի), որի աշխատանքները ղեկավարում էր Վարդան Ղասաբյանը: 1926 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Երեւանում կայացավ Համահայկական առաջին սպարտակիադան, որն անցկացվեց 5 մարզաձեւերից, այդ թվում՝ ծանրամարտից: 1928 թ. Հրաչ Մաթեւոսյանի ջանքերով ծանրամարտի խմբակ է բացվում Կիրովականում (այժմ՝ Վանաձոր):
Հանրապետությունում ծանրամարտի հետագա զարգացումը մեծապես նպաստեց հայաստանցի մարզիկների մասնակցությանը միջազգային մրցումներին: 1926 թ. Թբիլիսիում կայացած Անդրկովկասյան հանրապետությունների մրցումներին մասնակցեցին լենինականցի չորս ծանրորդներ: Նրանցից Գ. Մինասյանը, հնգամարտի գումարով (երկու ձեռքով սեղմում, պոկում եւ հրում, մեկ ձեռքով պոկում եւ հրում) բարձրացնելով 362 կգ, նվաճեց հաղթողի կոչումը: Իսկ Գ. Փարսադանյանը գրավեց 5-րդ տեղը: 1933-1935 թթ. ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը նվաճեց Սերգո (Սարգիս) Համբարձումյանը:
Համահայաստանյան 2-րդ տոնի ծրագրում՝ 1935 թ. կայացած համահայաստանյան 2-րդ սպարտակիադայում 25-ամյա ծանրքաշային ծանրորդ Սերգո Համբարձումյանը հնգամարտի մրցումներում միջազգային մակարդակի մարզական արդյունք գրանցեց՝ 509.9 կգ: Նույն այդ տարում մոսկովյան Կրեմլում մարզիկների եւ մարզական աշխատողների ընդունելության ժամանակ Սերգո Համբարձումյանը Իոսիֆ Ստալինին խոստացավ մոտակա տարիներին բարելավել աշխարհի չեմպիոն գերմանացի Յոզեֆ Մանգերի համաշխարհային ռեկորդը: Տքնաջան մարզումների արդյունքում 1935 թ. վերջին Սերգո Համբարձումյանը բարելավեց էստոնացի Լյուհաերի հրում վարժության աշխարհի ռեկորդը՝ այն հասցնելով 168.2 կգ-ի, իսկ եռամարտի գումարով բարձրացնելով 413.2 կգ՝ սահմանեց ԽՍՀՄ նոր ռեկորդ: Այնուհետեւ հանրապետությունում ծանրամարտն առավել բարձր մակարդակի հասցնելու նպատակով Հայաստան հրավիրվեց տաղանդաշատ մարզիկ եւ անվանի մարզիչ Յան Սպարեն, որի ղեկավարությամբ Սերգո Համբարձումյանի կողքին աճեցին միջազգային խոշոր ճանաչման արժանացած հայաստանցի մարզիկներ Ռուբեն Մանուկյանը, Իվան Ազդարովը, Գրիգոր Սիմոնյանը, Խաչիկ Մանդալյանը, Պերճ Օհանյանը, Մարկ Գուտովը, Գուրգեն Մինասյանը եւ ուրիշներ՝ սկիզբ դնելով ծանրամարտի հայկական դպրոցի հիմնադրման գործընթացի մեկնարկին: Իսկ Սերգո Համբարձումյանն իր խոստումը կատարեց 1938 թ. դեկտեմբերի 30-ին, երբ եռամարտում սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ (433.55 կգ եւ 8.550 կգ)՝ բարելավեց աշխարհի «ամենաուժեղ մարդու», գերմանական ազգի անպարտելիության եւ հզորության խորհրդանիշ համարվող Յո. Մանգերի անմատչելի համարվող ռեկորդը: Ձեւավորվեց ծանրամարտի հայկական դպրոցը. Ս. Համբարձումյանի կողքին իրենց արժանի տեղերը գրավեցին Ռուբեն Մանուկյանը, Իվան Ազդարովը, Խաչիկ Մանդալյանը, Գրիգոր Սիմոնյանը, Պերճ Օհանյանը, Գուրգեն Մինասյանը եւ այլք:
1937 թ. ապրիլին կայացած համամիութենական անհատական-թիմային առաջնությունում Հայաստանի ծանրորդների հավաքականը գրավեց 3-րդ տեղը: Հանրապետության ծանրորդների համար բերքառատ էր 1940 թ.: Միայն այդ մարզաձեւից կայացան 5 մրցումներ: Հանրապետության ծանրորդները սահմանեցին 12 հանրապետական ռեկորդ, իսկ Ի. Ազդարովը նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը: Նույն թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում կայացած ֆիզկուլտուրնիկների շքերթի շրջանակներում կազմակերպվեցին նաեւ ծանրամարտի մրցումներ, իսկ Երեւանի շինարարների ակումբի նախկին շենքում հիմնադրված ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կենտրոնական տանը բացվեց ծանրամարտի մասնագիտացված մարզասրահ:
Հանրապետության մարզական կյանքի ամենանշանակալից երեւույթներից էր 1947 թ. երեւանցի Ի. Ազդարովի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելը: Հայ ծանրորդները ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի առաջնություններին մասնակցում են 1948, իսկ օլիմպիական խաղերին՝ 1952 թվականից: Հիշարժան է Մ. Հակոբյանցի՝ 1948 թ. սահմանած համաշխարհային ռեկորդը սեղմում վարժությունում, որը հավասար էր 128 կգ-ի:
Հայկական ծանրամարտի դպրոցի ավանդույթները շարունակեցին օլիմպիական չեմպիոններ Ռաֆայել Չմշկյանը, Նորայր Նուրիկյանը, Յուրի Վարդանյանը, Հոկսեն Միրզոյանը, Իսրայել Միլիտոսյանը, աշխարհի չեմպիոններ Յուրի Սարգսյանը, Սերգեյ Առաքելովը, Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը, Եվրոպայի չեմպիոններ Վարդան Միլիտոսյանը, Խաչատուր Քյափանակցյանը, Աշոտ Դանիելյանը, Գեւորգ Դավթյանը, Գեւորիկ Պողոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Մելինե Դալուզյանը, Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը, Սամվել Գասպարյանը եւ այլք:
Հայկական ծանրամարտի պատմության ամենափայլուն էջերից մեկը գրեց Պավել Ղումաշյանի տաղանդաշատ սան, թբիլիսաբնակ Ռաֆայել Չմշկյանը. նա արժանացավ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոնի տիտղոսին, իսկ 1952 թ. Հելսինկիի (Ֆինլանդիա) 15-րդ օլիմպիական խաղերի 60 կգ քաշային կարգայինների ծանրորդների մրցումներում հայ մարզիկներից առաջինը նվաճեց օլիմպիական չեմպիոնի կոչումը:
Հայաստանում ծանրամարտը նոր վերելք ապրեց 1970-ականներին: Այդ վերելքի առաջամարտիկը դարձավ գյումրեցի ծանրորդ Վարդան Միլիտոսյանը, ով Մոնրեալում (Կանադա) կայացած 21-րդ օլիմպիական խաղերում նվաճեց արծաթե մեդալ, այնուհետեւ երկրորդ տեղը գրավեց 1978 թ. աշխարհի 52-րդ առաջնությունում, իսկ 1976 եւ 1978 թթ., հաղթանակներ տանելով Եվրոպայի առաջնություններում, դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Համարյա նույն ժամանակահատվածում ծանրամարտի համաշխարհային ասպարեզում փայլեց մեկ այլ հայ մարզիկ՝ բուլղարահայ Նորայր Նուրիկյանը, ով 1972-1976 թթ. դարձավ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի մարզիկներից առաջինն ու միակն է՝ արժանացած իր պետության՝ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության աշխատանքային հերոսի կոչման:
Այնուհետեւ, սկսած 1975-ից մինչեւ 1985 թ., հիրավի, իր հերոսական հաղթարշավն սկսեց աշխարհի բոլոր ժամանակների ամենահզոր մարզիկներից մեկը՝ գյումրեցի աշխարհահռչակ ծանրորդ, ԽՍՀՄ Լենինի, ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանների ասպետ Յուրի Վարդանյանը: Նա 1975-1985 թթ. 2 անգամ նվաճեց երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումը, դարձավ աշխարհի յոթակի եւ Եվրոպայի հնգակի չեմպիոն, նվաճեց 1980 թ. մոսկովյան 22-րդ օլիմպիական խաղերի ոսկին: Յու. Վարդանյանը սահմանել է 43 համաշխարհային ռեկորդ եւ 82.5 կգ քաշային կարգի ծանրորդներից առաջինն աշխարհում երկամարտի գումարով բարձրացրեց 400 կգ՝ հետագայում այն հասցնելով 405 կգ-ի (1984 թ., Վառնա): Համեմատության համար նշեմ, որ այսօրվա դրությամբ աշխարհի ռեկորդը 89 կգ քաշային կարգում հավասար է 392 կգ-ի: 1978-1982 թթ. փայլուն հաջողություններ ունեցավ կրասնոդարցի Սերգեյ Առաքելովը, ով երկու անգամ նվաճեց աշխարհի եւ մեկ անգամ՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը 110 կգ քաշային կարգում: Ծանրորդի երկարակեցության իրական օրինակ է Յուրիկ Սարգսյանը, որ պաշտոնական մրցումների, նաեւ աշխարհի առաջնությունների էր մասնակցում նույնիսկ 43 տարեկան հասակում: Նա մասնակցել է երեք օլիմպիական խաղերի եւ 1980 թ. Մոսկվայի 22-րդ օլիմպիական խաղերում արժանացել արծաթե պարգեւի: 1980-1993 թթ. Յու. Սարգսյանը, մասնակցելով աշխարհի 8 առաջնությունների, երկու անգամ արժանացել է չեմպիոնի կոչման եւ 6 անգամ դարձել մրցանակակիր: Նա Եվրոպայի կրկնակի չեմպիոն է եւ 12 համաշխարհային ռեկորդների հեղինակ: Միակ հայն է, որ մարզական երկարակեցության համար արժանացել է «ՄԱՐԶԱԿԱՆ ՕՍԿԱՐ» տիտղոսին (2007 թ.):
1982-1987 թթ. մեկ այլ հայաստանցի մարզիկ՝ Հոկսեն Միրզոյանը, 56, ապա 60 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, աշխարհի քառակի մրցանակակիր, 1988 թ. Սեուլի (Կորեա) 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն: Նա սահմանել է աշխարհի 12 ռեկորդ:
Օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկներից ամենամեծ հաջողության է հասել գյումրեցի ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, ով 1988 թ. Սեուլի 24-րդ օլիմպիական խաղերում շահել է արծաթե, իսկ 1992 թ. Բարսելոնի (Իսպանիա) 25-րդ օլիմպիական խաղերում՝ ոսկե մեդալ: Բացի օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսից, Ի. Միլիտոսյանը Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն է, աշխարհի առաջնությունների կրկնակի մրցանակակիր. սահմանել է աշխարհի 3 ռեկորդ:
Հայաստանի ծանրորդների հաղթարշավը շարունակեցին ավելի երիտասարդ մարզիկները: Խաչատուր Քյափանակցյանը 1993 թ. նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ 1994-1995 թթ. դարձավ Եվրոպայի առաջնության մրցանակակիր, Սերգո Չախոյանը 83 կգ քաշային կարգում 1994 թ. Թուրքիայում կայացած աշխարհի 66-րդ առաջնությունում արժանացավ արծաթե մեդալի, հաջորդ տարի բրոնզե մեդալներ նվաճեցին 76 կգ քաշային կարգի ծանրորդ Հովհաննես Բարսեղյանը եւ 91 կգ քաշային կարգի ծանրորդ Ալեքսան Կարապետյանը: 1998 թ. աշխարհի 69-րդ առաջնությունում երկրորդ մրցանակը, իսկ Եվրոպայի 77-րդ առաջնությունում երրորդ մրցանակը նվաճեց գերծանր քաշային մարզիկ Արա Վարդանյանը: Եվրոպայի 1999 եւ 2000 թթ. առաջնություններում չեմպիոնի կոչումը նվաճեց հայաստանցի մեկ այլ մարզիկ՝ գերծանր քաշային ծանրորդ Աշոտ Դանիելյանը, իսկ Սիդնեյի (Ավստրալիա) 27-րդ օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի արժանացավ Արսեն Մելիքյանը: 2006-2007 թթ. Եվրոպայի չեմպիոնի կոչում է նվաճել Գեւորգ Դավթյանը, իսկ 2007 թ. աշխարհի առաջնությունում՝ արծաթե մեդալ: 2008 թ. Եվրոպայի չեմպիոններ դարձան Սերգեյ Պետրոսյանը (ՌԴ, 62 կգ), Տիգրան Գ. Մարտիրոսյանը (69 կգ) եւ Տիգրան Վ. Մարտիրոսյանը (85 կգ), երկրորդ տեղը գրավեցին 2007 թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանը, երիտասարդների աշխարհի առաջնությունում 2-րդ տեղը գրավեցին Առաքել Միրզոյանը, Արամ Անդրիկյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը, 3-րդ տեղը՝ Սահակ Սահակյանը:
2008 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնություններում փայլուն հանդես եկավ Առաքելը, ով նվաճեց 3 ոսկե մեդալ, եւ ՌԴ մեր հայրենակից Դավիթ Բեջանյանը, երկրորդ տեղը գրավեցին Սահակ Սահակյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը, 3-րդ տեղը՝ Աղասի Աղասյանը եւ Աղվան Մելիքյանը: Առաքելը (69 կգ) 3 արծաթ նվաճեց նաեւ համաշխարհային ուսանողական խաղերում: Եվրոպայի պատանեկան առաջնությունում 2-րդ տեղ գրավեց Սմբատ Մարգարյանը:
Պեկինյան օլիմպիադայում հաջող հանդես եկան մեր ծանրորդները: 3 բրոնզե մեդալներ նվաճեցին Տ. Գ. Մարտիրոսյանը (69 կգ), Գ. Դավթյանը (77 կգ) եւ Տ. Վ. Մարտիրոսյանը (85 կգ), որոնք բավական լավ արդյունքներ են: Համեմատության համար նշեմ, որ հայ ծանրորդները վերջին մեդալը (բրոնզ՝ Արսեն Մելիքյան) նվաճել էին 2000 թ. օլիմպիական խաղերում: Մեր դյուցազունները 2008 թ. նվաճել էին 63 մեդալ (16 ոսկի, 30 արծաթ, 17 բրոնզ) եւ նվաճած մեդալներով Եվրոպայում ճանաչվեցին ուժեղագույնը:
Մեծ հաջողությունների են հասել նաեւ հայ ծանրորդուհիները, որոնք միջազգային մրցումներին մասնակցում են 2001-ից:
Հայաստանի մարզուհիներից առաջինը կանանց աշխարհի առաջնությանը մասնակցել է Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա կանադական Վանկուվեր քաղաքում 2003 թ. կայացած կանանց աշխարհի 16-րդ առաջնությունում 63 կգ քաշային կարգում գրավել է 20-րդ տեղը: Ի դեպ, հայուհին այդ մրցումների ժամանակ ընդամենը 16 տարեկան էր եւ նույն՝ 2003 թ. երիտասարդների առաջնությունում գրավել է 7-րդ տեղը, իսկ աղջիկների Եվրոպայի առաջնությունում (մինչեւ 17 տարեկանների մեջ) հայ մարզուհիներից առաջինն է չեմպիոնի կոչում նվաճել: Նույն մրցումներում Մելինե Դալուզյանը գրավեց 4-րդ տեղը: Մեկ տարի անց՝ 2004 թ. Եվրոպայի առաջնությունում, 17-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանն արդեն տեղ գրավեց առաջին վեցնյակում: 2004 թ. Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայաստանցի ծանրորդուհի Աննա Գովելյանը 44 կգ քաշային կարգում պոկում վարժությունում արժանացավ արծաթե մեդալի, իսկ երկամարտում գրավեց 4-րդ տեղը:
Ռուսաստանի Դաշնության հայազգի ծանրորդուհի Լյուբով Չաքրյանը 69 կգ քաշային կարգում 2003-2004 թթ. Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավեց 1-ին տեղը: 2005 թ. Եվրոպայի՝ երիտասարդների եւ պատանիների առաջնությունում 2 ոսկե, 4 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ նվաճեցին Մ. Դալուզյանը, Հ. Խուրշուդյանը եւ Ա. Գովելյանը:
Հայաստանցի ծանրորդուհիների համար ամենաբերքառատը 2006-2010 թվականներն են: Մելինե Դալուզյանը նախ 2006 թ. կանանց աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ, ապա Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արժանացավ ոսկե մեդալի, նույն առաջնությունում Թեհմինա Կարապետյանը վաստակեց բրոնզե մրցանակը: Եվրոպայի նույն թվականի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ երրորդ մրցանակակիր, իսկ Եվրոպայի պատանեկան առաջնությունում Քրիստինե Պետրոսյանն արժանացավ արծաթե պարգեւի:
2007 թ. կանանց աշխարհի առաջնությունում Մ. Դալուզյանը եւ Հ. Խուրշուդյանը գրավեցին 4-րդ, իսկ Նազիկ Ավդալյանը՝ 5-րդ տեղը, երիտասարդների աշխարհի չեմպիոն հռչակվեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Եվրոպայի՝ կանանց չեմպիոնների կոչումներ նվաճեցին Մելինե Դալուզյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը: Արծաթե մեդալի արժանացավ Նազիկ Ավդալյանը, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Հռիփսիմե Խուրշուդյանը, արծաթե մրցանակակիր դարձավ Մելինե Դալուզյանը: Պատանիների Եվրոպայի առաջնությունում 2-րդ տեղը գրավեց Հեղինե Եփրեմյանը: 2008 թ. Եվրոպայի չեմպիոնուհիներ դարձան Մ. Դալուզյանը եւ Նազիկ Ավդալյանը, ցավոք, միայն հրում վարժությունում ոսկե մեդալի արժանացավ Եվրոպայի նախկին չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը: Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 2-րդ տեղը գրավեց Հեղինե Եփրեմյանը, 3-րդ տեղը՝ Լիանա Մանուկյանը, Եվրոպայի պատանեկան առաջնությունում 3-րդ տեղը գրավեց Ալլա Սամվելյանը:
2008 թ. պեկինյան օլիմպիադայում հանդես եկավ Հ. Խուրշուդյանը, որը բավարարվեց իր համար չափազանց ցածր արդյունքներով, քանի որ Եվրոպայի առաջնությունից հետո չէր մարզվել: Տարեմուտին հայ ծանրորդուհիներն առաջին անգամ մասնակցեցին համաշխարհային ուսանողական խաղերին եւ նվաճեցին 6 մեդալ (4 արծաթ, 2 բրոնզ): Նազիկ Ավդալյանը երկամարտում գրավեց 2-րդ տեղը՝ բրոնզե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց 3 արծաթե մեդալներ՝ երկամարտում, պոկում եւ հրում վարժություններում:
2009 թ. Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում, շարունակելով ծանրամարտի հայկական դպրոցի ավանդույթները, Եվրոպայի չեմպիոնի կոչում նվաճեց տակավին երիտասարդ, օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդի եւ սան Առաքել Միրզոյանը (69 կգ): 2009 թ. աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց Տիգրան Գ. Մարտիրոսյանը: Պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց Տիգրան Վ. Մարտիրոսյանը, իսկ բրոնզե՝ Գեւորգ Պողոսյանը (հրում):
2009 թ. Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում փայլեց Սմբատ Մարգարյանը (56 կգ), որը նվաճեց թե՛ մինչեւ 23 տարեկան ծանրորդների, թե՛ երիտասարդների եւ թե՛ պատանիների Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ պատանիների աշխարհի առաջնությունում գրավեց 2-րդ տեղը: Մինչեւ 23 տարեկան երիտասարդների առաջնությունում եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հաղթեց 19-ամյա դյուցազն Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ), որին մեծ ապագա է սպասվում: 23 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճեցին նաեւ Աղասի Աղասյանը (77 կգ) եւ Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցներ Սերգեյ Պետրոսյանը (69 կգ) ու Դավիթ Բեջանյանը (105 կգ): Երկրորդ տեղն զբաղեցրին Աղվան Մելիքյանը (85 կգ) եւ Վարդան Դավթյանը (94 կգ), իսկ Վանիկ Ավետիսյանը (62 կգ) գրավեց երրորդ տեղը: Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղը գրավեց Ռուբեն Մամոյանը (62 կգ): Պատանիների Եվրոպայի առաջնությունում Րաֆֆի Մելիքյանը (69 կգ), Համլետ Պողոսյանը (94 կգ) եւ Հրաչ Ղարիբյանը (+94 կգ) նվաճեցին առաջնության արծաթե մեդալներ, Արեն Ներսիսյանը (77 կգ) բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում:
Տղամարդկանց աշխարհի առաջնությունում երկամարտում արծաթե մեդալներ նվաճեցին Առաքել Միրզոյանը (69 կգ) եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ): Պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց Տիգրան Վ. Մարտիրոսյանը (85 կգ, որը վնասվածք ստացավ եւ չմասնակցեց հրում վարժությանը), իսկ բրոնզե՝ Գեւորգ Պողոսյանը (հրում, 85 կգ):
Կարող ենք արձանագրել, որ 1946-2010 թթ. հայաստանցի եւ սփյուռքահայ 67 ծանրորդ-ծանրորդուհիներ, մասնակցելով աշխարհի 37 առաջնությունների, նվաճել են 150 մեդալ, որից 54-ը՝ ոսկե, 45-ը՝ արծաթե եւ 51-ը՝ բրոնզե:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց Առաքել Միրզոյանը:
2009 թ. կանանց Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) նվաճեցին Եվրոպայի փոխչեմպիոնների տիտղոսը, իսկ Մելինե Դալուզյանը բավարարվեց իր համար խորթ՝ 4-րդ տեղով՝ արծաթե մեդալ նվաճելով հրում վարժությունում: Եվրոպայի մինչեւ 17 տարեկան աղջիկների առաջնությունում Իզաբելա Յայլյանը (48 կգ) զբաղեցրեց 2-րդ, իսկ Քրիստինե Պետրոսյանը (63 կգ)՝ 3-րդ հորիզոնականը: Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ալլա Սամվելյանը (58 կգ) ոսկե մեդալ շահեց հրում վարժությունում:
Աշխարհի ծանրամարտի 2009 թ. առաջնությունում հայ մարզուհիները փայլուն հաջողության հասան: Առաջին անգամ հայկական ծանրամարտի պատմության մեջ գյումրեցի տաղանդավոր ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը 69 կգ քաշային կարգում երկամարտի 266 կգ արդյունքով նվաճեց կանանց աշխարհի չեմպիոնի կոչումը՝ ոսկե մեդալներ նվաճելով նաեւ պոկում (119 կգ) եւ հրում (147 կգ) վարժություններում: Սա աննախադեպ երեւույթ էր ծանրամարտի հայկական դպրոցի պատմության մեջ, որը կարելի է համեմատել աշխարհահռչակ ծանրորդ, աշխարհի 7-ակի չեմպիոն եւ 43 ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանի հաջողության հետ: Հռիփսիմե Խուրշուդյանը նախորդ տարվա անհաջողություններից հետո լավ մարզավիճակում էր եւ աշխարհի 2009 թ. առաջնությունում հանդես գալով մինչեւ 75 կգ քաշային կարգում՝ նվաճեց աշխարհի առաջնության բոլոր 3 բրոնզե մեդալները՝ 267 կգ արդյունքով (պոկում՝ 120 կգ, հրում՝ 147 կգ):
Հայ ծանրորդները 2010 թ. մասնակցեցին Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, որտեղ եւ բոլոր առաջնություններում բազմիցս բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը, 10 անգամ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը:
Նախ սկսենք Եվրոպայի՝ մեծահասակների առաջնությունից, որը, ինչպես միշտ, տարվա առաջին պաշտոնական առաջնությունն է եւ սկսվում է ապրիլի երկրորդ կեսին:
Փայլեցին Տիգրան Գ. Մարտիրոսյանը եւ Գեւորիկ Պողոսյանը, որոնք երկամարտում հռչակվեցին աշխարհամասի չեմպիոններ՝ մինչեւ 77 կգ եւ մինչեւ 85 կգ քաշային կարգերում, համապատասխանաբար երկամարտի 360 եւ 369 կգ արդյունքներով: Տիգրանը 2 ոսկի էլ նվաճեց պոկում (165 կգ) եւ հրում (195 կգ) վարժություններում՝ 2-րդ տեղը գրաված լեհ Շրամյակից առաջ անցնելով 9 կգ-ով:
85 կգ քաշային կարգում Գեւորիկ Պողոսյանը պոկում վարժությունում 6 կգ-ով պարտվեց 1-ին տեղը գրաված թուրք ծանրորդ Ի. Ինչեին (165 կգ), սակայն հրում վարժությունում 8 կգ-ով գերազանցեց նրան՝ 204 կգ-ով նվաճելով հրում վարժության ոսկին եւ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն՝ 369 կգ արդյունքով: Երկրորդ տեղը գրաված մեր մյուս ծանրորդը՝ «հավերժ երկրորդ» Արա Խաչատրյանը, իր ընկերոջը զիջեց 1 կգ-ով եւ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
Երկամարտում երկրորդ տեղը գրավեցին նաեւ մինչեւ 56 կգ քաշային կարգի ծանրորդ, դեռեւս պատանի Սմբատ Մարգարյանը (255 կգ)՝ հաղթողին զիջելով 1 կգ-ով եւ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը (432 կգ), կանանցից՝ Մելինե Դալուզյանը: Իր համար անսովոր 3-րդ տեղը գրավեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Մեր ծանրորդ-ծանրորդուհիները տուն վերադարձան՝ նվաճելով 7 ոսկե, 8 արծաթե եւ 4 բրոնզե մեդալներ:
Պատանիների Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի չեմպիոններ դարձան Սմբատ Մարգարյանը (մինչեւ 56 կգ) եւ Վլադիկ Կարապետյանը (62 կգ), երկրորդ տեղեր գրավեցին Գոռ Մինասյանը (+94 կգ) եւ Իզաբելա Յայլյանը (մինչեւ 53 կգ), 3-րդ տեղն զբաղեցրեց Միշա Մուրադյանը (+94 կգ): Մեր մարզիկները նվաճեցին 5 ոսկե, 6 արծաթե եւ 4 բրոնզե մեդալներ:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում փայլեց Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ)՝ նվաճելով բոլոր 3 ոսկե մեդալները եւ հռչակվելով աշխարհի չեմպիոն:
Համալսարանականների աշխարհի առաջնություններում Աղասի Աղասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը (մինչեւ 77 կգ)՝ հաղթելով թե պոկում (135 կգ) եւ թե հրում (181 կգ) վարժություններում: 3-րդ տեղ եւ 3 բրոնզե մեդալներ նվաճեց Վարդան Դավթյանը (մինչեւ 94 կգ): Ռուբիկ Մամոյանը (մինչեւ 62 կգ) ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում (120 կգ)՝ 8 կգ-ով գերազանցելով ապագա չեմպիոն Ալեքս Լիին, սակայն 0 միավոր վաստակեց հրում վարժությունում եւ զրկվեց չեմպիոնի կոչումից:
Օգոստոսին առաջին անգամ կայացան պատանեկան (մինչեւ 17 տարեկան) օլիմպիական խաղերը. մեր հանրապետությունից մասնակցեցին Սմբատ Մարգարյանը (մինչեւ 56 կգ) եւ Գոռ Մինասյանը (+85 կգ): Սմբատը բավարարվեց 3-րդ մրցանակով, իսկ Գոռը նվաճեց արծաթե մեդալը՝ 1 կգ-ով զիջելով խաղերի չեմպիոն իրանցի Կազեմինեջադին (351 կգ):
Սեպտեմբերի 16-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացավ աշխարհի առաջնությունը, որտեղ փայլեց 77 կգ քաշային գյումրեցի ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ում շնորհիվ Թուրքիայում բարձրացվեց հայկական դրոշը, եւ հնչեց ՀՀ օրհներգը: Տաղանդավոր ծանրորդը 373 կգ երկամարտի արդյունքով (173+200) նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը՝ 3 կգ-ով հետ թողնելով չին Ի. Լուին: Աշխարհի չեմպիոնի կոչումը հայորդի ծանրորդներից վերջին անգամ նվաճել էր Իսրայել Միլիտոսյանը՝ 1989 թ.: Մեծ սպասելիքներ կային Եվրոպայի չեմպիոններ Գեւորգ Դավթյանից (մինչեւ 77 կգ) եւ Տիգրան Վ. Մարտիրոսյանից (մ. 85 կգ), սակայն նրանք պոկում վարժությունում 0 վաստակեցին եւ դուրս մնացին պայքարից: Իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան նաեւ մեր մյուս ծանրորդները՝ չզբաղեցնելով մրցանակային տեղեր: Կանանցից Մելինե Դալուզյանը (մինչեւ 69 կգ) գրավեց 3-րդ տեղը՝ նվաճելով 3 բրոնզե մեդալներ, իսկ Հ. Խուրշուդյանը (+75 կգ) բավարարվեց 4-րդ տեղով:
Ցավոք, ծանր վնասվածքների պատճառով աշխարհի առաջնությանը չմասնակցեցին Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր Առաքել Միրզոյանը եւ աշխարհի 2009 թ. չեմպիոնուհի (միակը հայուհիներից) ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ:
Եվ, վերջապես, աշնանը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտվեց տարվա վերջին՝ երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որից մեր ծանրորդ-ծանրորդուհիները վերադարձան ռեկորդային՝ 24 մեդալներով (9 ոսկե, 11 արծաթե, 4 բրոնզե):
Երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց գերծանր քաշային Հայկ Հակոբյանը (390 կգ), մինչեւ 23 տարեկաններից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեցին Արայիկ Միրզոյանը (մինչեւ 69 կգ-341 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ-250 կգ)՝ նվաճելով բոլոր ոսկե մեդալները երկամարտում, երկրորդ տեղերն զբաղեցրին Էլեն Գրիգորյանը (մինչեւ 53 կգ), Ռուբիկ Մամոյանը (մ. 62 կգ), Աղասի Աղասյանը (մ. 77 կգ): Երկամարտում բրոնզե մեդալներ նվաճեցին Վանիկ Ավետիսյանը եւ Աղվան Մելիքյանը՝ համապատասխանաբար մինչեւ 69 կգ եւ մինչեւ 94 կգ քաշային կարգերում:
2010 թ. նվաճած ընդհանուր մեդալների քանակը հասցվեց 77-ի (31 ոսկի, 27 արծաթ, 19 բրոնզ), որն ավելի է 2009 թ. նվաճած մեդալներից թե՛ քանակական եւ թե՛ որակական առումով:
2001-2011 թթ. աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում հայ ծանրորդուհիները նվաճեցին 131 մեդալ (41 ոսկի, 50 արծաթ, 40 բրոնզ), որը լավագույն արդյունք է եւ վկայում է Հայաստանում կանանց ծանրամարտի կայացման եւ առաջընթացի մասին:
2011 թ. հայ ծանրորդ-ծանրորդուհիները մասնակցեցին Եվրոպայի եւ աշխարհի 8 առաջնությունների:
Պատանիների Եվրոպայի առաջնությունում (Ցեխանով, Լեհաստան) չեմպիոններ դարձան մինչեւ 53 քաշային կարգում Իզաբելա Յայլյանը (77+93=170 կգ) եւ +94 քաշային կարգում Գոռ Մինասյանը (181+209=390 կգ), որոնք ոսկի նվաճեցին նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Գ. Մինասյանը պոկում վարժությունում սահմանեց Եվրոպայի եւ աշխարհի ռեկորդ՝ 181 կգ:
Երկամարտում բրոնզե մեդալներ նվաճեցին Անդրանիկ Կարապետյանը (մինչեւ 69 կգ) եւ Մհեր Պողոսյանը (մինչեւ 94 կգ), պոկում վարժությունում նաեւ արծաթ նվաճեց Ա. Կարապետյանը, իսկ հրումում բրոնզ՝ Մ. Պողոսյանը՝ մեդալների ընդհանուր քանակը հասցնելով 10-ի (6 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ):
Երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում (Բուխարեստ, Ռումինիա) գերազանց հանդես եկավ Աղասի Աղասյանը (մինչեւ 77 կգ)՝ նվաճելով մինչեւ 23 տ. ծանրորդների չեմպիոնի կոչումը (150+180=330 կգ)՝ ոսկե մեդալ նվաճելով նաեւ հրում եւ բրոնզ՝ պոկում վարժություններում: Հայկ Հակոբյանը (+105 կգ) երկամարտում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ ոսկե մեդալ նվաճելով նաեւ պոկում վարժությունում: Մեր մյուս ներկայացուցիչ Ռ. Մամոյանը (մ. 62 կգ) արծաթ նվաճեց պոկում վարժությունում: Հաջող հանդես եկավ նաեւ մեր հայրենակից Ա. Սաֆարյանը (ՌԴ, մինչեւ 77 կգ)՝ երկամարտում գրավելով 2-րդ տեղը եւ ոսկի նվաճելով պոկում վարժությունում:
Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Գոռ Մինասյանը նվաճեց բոլոր 3 արծաթե մեդալները: Մեր ծանրորդները նվաճեցին 9 մեդալ (3 ոսկի, 4 արծաթ, 2 բրոնզ):
Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում (Կազան, ՌԴ) Էլեն Գրիգորյանը (մինչեւ 53 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ) նվաճեցին բոլոր 6 արծաթե մեդալները: Սմբատ Մարգարյանը հանդես եկավ իր հնարավորություններից ցածր եւ նվաճեց 1 (հրում) բրոնզե մեդալ:
Եվրոպայի 2010 թ. չեմպիոն Գեւորիկ Պողոսյանը (մինչեւ 94 կգ) նվաճեց բոլոր 3 բրոնզե մեդալները: Ցավալի էր մինչեւ 77 կգ քաշային կարգում հանդես եկող Արայիկ Միրզոյանի ելույթը, որը կողմնակալ մրցավարության պատճառով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նույն արդյունքով (160+187=347 կգ) զիջեց թուրք ծանրորդին՝ նվաճելով 1 ոսկի (պոկում) եւ 2 արծաթ՝ հավաքականի մեդալների քանակը հասցնելով 13-ի (1 ոսկե, 8 արծաթե, 4 բրոնզե):
Պատանիների աշխարհի առաջնությունում (Լիմա, Պերու) փայլեց Գոռ Մինասյանը (+94 կգ)՝ նվաճելով բոլոր 3 ոսկե մեդալները (174+205=379 կգ): Մինչեւ 85 կգ քաշային կարգում Միքայել Միքայելյանը նվաճեց բոլոր 3 արծաթե մեդալները, Անդրանիկ Կարապետյանը (մինչեւ 62 կգ) ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում (120 կգ) եւ բրոնզ՝ երկամարտում, իսկ 69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց (հրում) Ռազմիկ Օլթեցյանը՝ հավաքականի նվաճած մեդալների քանակը հասցնելով 9-ի (4 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ):
Պատանիների աշխարհի չեմպիոն հռչակվեց նաեւ ՌԴ քաղաքացի հայազգի Ռազմիկ Հունանյանը (մինչեւ 69 կգ ք/կ, 126+162=288 կգ):
Երիտասարդների աշխարհի առաջնությունում (Փենանգ, Մալայզիա) Գ. Մինասյանը (+105 կգ) ոսկի նվաճեց պոկում վարժությունում (178 կգ) եւ 4-րդ՝ անսովոր տեղը զբաղեցրեց երկամարտում, իր հնարավորություններից ցածր հանդես եկավ նաեւ Քրիստինե Պետրոսյանը (մինչեւ 53 կգ)՝ երկամարտում գրավելով 9-րդ տեղը:
Ամառային 26-րդ ունիվերսիադայում փայլուն հանդես եկավ Աղասի Աղասյանը՝ հռչակվելով ունիվերսիադայի չեմպիոն մինչեւ 77 քաշային կարգում (151+186=337 կգ)՝ Հայաստանի մարզիկներից առաջինը նվաճելով ունիվերսիադայի չեմպիոնի պատվավոր կոչումը:
Հիշեցնեմ, որ ինչպես օլիմպիական խաղերում, ունիվերսիադայում նույնպես մեդալներ տրվում են միմիայն երկամարտի հաղթողներին: Գերծանր քաշային կարգում (+105 կգ) Հայկ Հակոբյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մեր մյուս ծանրորդների ելույթներն անհաջող էին:
Եվ, վերջապես, նոյեմբերին Փարիզում (Ֆրանսիա) կայացավ մեծահասակների աշխարհի առաջնությունը, որից մեծ սպասելիքներ ունեինք: Հայաստանը ներկայացնում էր 9 ծանրորդ (3 աղջիկ, 6 տղամարդ), եւ վերջին 10 տարվա ընթացքում ամենաանհաջող ելույթներն էին (թիմային՝ 17-րդ տեղ):
Իրենց մոտեցումները ձախողեցին եւ 0 վաստակեցին Վանիկ Ավետիսյանը (մինչեւ 69 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ) եւ 69 կգ քաշային կարգում՝ Մելինե Դալուզյանը: Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը գրավեց 4-րդ տեղը 356 կգ արդյունքով (166+190)՝ միակ բրոնզը բերելով թիմին պոկում վարժությունում:
Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը ծանր վնասվածքից եւ 1 տարվա ընդմիջումից հետո զբաղեցրեց իր համար անսովոր 10-րդ տեղը (մինչեւ 77 կգ, 155+183=338 կգ), Սամվել Գրիգորյանը՝ մինչեւ 69 կգ քաշային կարգում զբաղեցրեց 11-րդ տեղը, Հայկ Հակոբյանը (+105 կգ)՝ 11-րդ տեղը, Նաիրա Հարությունյանը (+75 կգ)՝ 24-րդ տեղը: Կանանցից մեր վերջին հույսը Եվրոպայի եւ աշխարհի ուժեղագույն ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն էր, որը, սակայն, պոկում վարժությունում ծանր վնասվածք ստացավ եւ դուրս մնաց հետագա պայքարից: Այս մրցումների հայտնությունը իրանցի Բեհդադ Սալիմկորդասիաբին էր (+105 կգ), որը դարձավ աշխարհի չեմպիոն 464 կգ արդյունքով՝ պոկում վարժությունում սահմանելով աշխարհի ռեկորդ (214 կգ)՝ խլելով այն իր հայրենակից օլիմպիական չեմպիոն Հոսեյն Ռեզազադեհից (213 կգ, 12.09.2003 թ.):
Այսպիսով՝ Հայաստանի ծանրորդ-ծանրորդուհիները 2011 թ. Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճեցին 45 մեդալ (17 ոսկի, 16 արծաթ, 12 բրոնզ):
Աշխարհի հայազգի ռեկորդակիր ծանրորդների թիվը ավելացավ եւս մեկով: Բելգորոդում կայացած՝ Ռուսաստանի նախագահի գավաթի մրցումներում 105 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկավ Դավիթ Բեջանյանը՝ հրում վարժությունում սահմանելով աշխարհի ռեկորդ՝ 238 կգ, եւ նվաճեց Ռուսաստանի նախագահի գավաթը (17.12.2011 թ.):
2012 թ. հայ ծանրորդ-ծանրորդուհիները մասնակցեցին Եվրոպայի եւ աշխարհի 7 առաջնությունների եւ լոնդոնյան օլիմպիական խաղերին:
Մեծահասակների Եվրոպայի առաջնություններում Հայաստանը ներկայացնում էին 69 ք/կ ծանրորդներ Վանիկ Ավետիսյանը եւ Սամվել Գրիգորյանը, որոնք գրավեցին համապատասխանաբար 4-րդ եւ 10-րդ տեղերը, եւ գերծանր քաշային Հայկ Հակոբյանը, որը պոկում վարժությունում նվաճեց արծաթե մեդալ (195 կգ), հրեց 220 կգ (7-րդ տեղ) եւ 415 կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը (թիմային 17-րդ տեղը): 105 կգ քաշային կարգում փայլեց ռուսաստանցի հայազգի ծանրորդ, աշխարհի ռեկորդակիր Դավիթ Բեջանյանը՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ոսկի նվաճելով երկամարտում (405 կգ) եւ հրում վարժությունում (220 կգ) եւ արծաթե մեդալ՝ պոկում վարժությունում (185 կգ):
Եվրոպայի՝ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանից մասնակցեցին 4 ծանրորդ եւ 1 ծանրորդուհի, ովքեր նվաճեցին 8 մեդալ: Պոկում վարժությունում ոսկի նվաճեց գերծանր քաշային Հայկ Հակոբյանը (192 կգ), որը բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում (197 կգ) եւ երկամարտում (412 կգ), 2-ական արծաթ նվաճեց մինչեւ 77 ք/կ Տիգրան Կարապետյանը (պոկում՝ 153 կգ, երկամարտ՝ 342 կգ) եւ բրոնզ՝ հրում վարժությունում (189 կգ):
Անհաջող էին երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մասնակցած ծանրորդների արդյունքները: Տղաների 5 մասնակիցներից 3 բրոնզ նվաճեց գերծանր քաշային Գոռ Մինասյանը (191+230=421): Իզաբելա Յայլյանը բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում (80 կգ), երկամարտում բավարարվեց 4-րդ տեղով (178 կգ):
Հաջող էին մեր պատանի (մինչեւ 17 տ.) ծանրորդների ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում էին 7 պատանի եւ 2 աղջիկ:
Չեմպիոնի կոչումը նվաճեցին Ժորժ Եղիկյանը (մինչեւ 62 կգ քաշային կարգ, 113+138=251 կգ) եւ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը (154+176=330 կգ), որը նվաճեց բոլոր 3 ոսկե մեդալները՝ սահմանելով Եվրոպայի եւ աշխարհի 5 ռեկորդ (պոկում՝ 148 կգ, 154 կգ, երկամարտ 330 կգ):
Երկամարտում 2-րդ տեղը նվաճեցին 56 կգ ք/կ Գեւորգ Սարիբեկյանը (103+115) եւ Վարդան Միլիտոսյանը (69 կգ ք/կ, 133+160=293 կգ)՝ ոսկի նվաճելով պոկում վարժությունում: Վ. Միլիտոսյանը ընդամենը 1 կգ-ով զիջեց չեմպիոնին:
Բրոնզե մեդալներ նվաճեցին նաեւ 94 կգ ք/կ Սիմոն Մարտիրոսյանը (3) եւ +94 ք/կ ծանրորդ Միշա Վարդանյանը (2):
Աղջիկներից հիանալի հանդես եկավ Իզաբելա Յայլյանը (մինչեւ 53 կգ)՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը (80+97=177 կգ): Ռուսաստանը ներկայացնող Անի Սարգսյանը 63 կգ քաշային կարգում նվաճեց բոլոր 3 արծաթե մեդալները (80+108=188 կգ):
Հայաստանի մարզիկները նվաճեցին 19 մեդալ (9 ոսկե, 4 արծաթ, 6 բրոնզ)՝ թիմային հաշվարկով գրավելով 2-րդ տեղը:
Բավական թույլ էին մեր օլիմպիականների ելույթները լոնդոնյան ամառային օլիմպիական խաղերում: Մասնակցած 3 ծանրորդներից եւ 2 ծանրորդուհիներից միայն բրոնզե մեդալ նվաճեց գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը:
Իրենց մոտեցումները ձախողեցին մինչեւ 69 կգ ք/կարգում Առաքել Միրզոյանը, մինչեւ 85 կգ ք/կ Արա Խաչատրյանը եւ մինչեւ 69 կգ ք/կ Մելինե Դալուզյանը: Տղաներից մինչեւ 94 կգ ք/կ Նորայր Վարդանյանը համեստ արդյունքով (170+210=380 կգ) գրավեց 11-րդ տեղը: Հանրապետության ծանրամարտի պատիվը փրկեց Հռիփսիմե Խուրշուդյանը, ով, պոկելով 128 կգ՝ 3-րդ մոտեցումով եւ հրելով 166 կգ ծանրաձողը, 294 կգ արդյունքով նվաճեց միակ՝ բրոնզե մեդալը: Սա լուրջ նահանջ էր 2008 թ. պեկինյան օլիմպիական խաղերի համեմատությամբ, որտեղ մեր ծանրորդները նվաճեցին 3 բրոնզե մեդալ:
Համալսարանականների աշխարհի առաջնությունում հայ ծանրորդները նվաճեցին 14 մեդալ՝ գրավելով թիմային 2-րդ տեղը: Երկամարտում աշխարհի փոխչեմպիոններ հռչակվեցին 77 կգ ք/կ ծանրորդ Սամվել Գրիգորյանը՝ նվաճելով ոսկե մեդալ՝ հրում վարժությունում, 85 կգ ք/կ ծանրորդ Աղասի Աղասյանը եւ գերծանր քաշային Գոռ Հակոբյանը՝ 1 ոսկե եւ 2 արծաթե մեդալ նվաճելով նաեւ առանձին վարժություններում: Երկամարտում 3-րդ տեղն զբաղեցրին 56 կգ ք/կ ծանրորդ Սմբատ Մարգարյանը եւ 69 կգ ք/կ ծանրորդ Վանիկ Ավետիսյանը՝ 2 բրոնզե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում:
94 կգ ք/կ եւ գերծանր քաշային կարգի ծանրորդներ Վարդան Դավթյանը եւ Գոռ Հակոբյանը չեմպիոնի կոչումից զրկվեցին անձնական քաշի պատճառով՝ համապատասխանաբար 377 եւ 402 կգ արդյունքով զբաղեցնելով 2-րդ տեղը՝ չեմպիոնի կոչումը զիջելով ՌԴ ներկայացուցիչներ Կլիմանովին եւ Մեժգիխովին՝ թիմին բերելով եւս 3 բրոնզե մեդալներ:
Իր համար ոչ անսովոր տեղ զբաղեցրեց (5-րդ) ՌԴ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն հայազգի Սերգեյ Պետրոսյանը՝ 7 կգ-ով զիջելով կորեացի չեմպիոնին:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին Ա. Կարապետյանը (69 կգ), որն զբաղեցրեց 11-րդ տեղը, եւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը, որը զբաղեցրեց երկամարտում 3-րդ տեղը եւ արծաթե (պոկում) ու բրոնզե (հրում) մեդալներ նվաճեց առանձին վարժություններում:
Պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր 6 մարզիկ, որոնցից միայն Անդրանիկ Կարապետյանին հաջողվեց դառնալ աշխարհի չեմպիոն (մինչեւ 77 կգ, 155+176=331)՝ շուրջ 30 կգ-ով հաղթելով 2-րդ տեղը գրաված ՌԴ ներկայացուցիչ Ա. Լեֆլերին՝ սահմանելով պատանիների աշխարհի ռեկորդներ (պոկում՝ 155 կգ, երկամարտ՝ 331 կգ):
2012 թ. Հայաստանի ծանրորդ-ծանրորդուհիների արդյունքները բավական համեստ էին, որոնք նվաճեցին 52 մեդալ, բայց, ցավոք, մեդալների փայլով եւ երկամարտի արդյունքներով զիջում են նախորդ տարիների արդյունքներին:
Աղյուսակից երեւում է, որ պեկինյան օլիմպիադայից հետո 4 տարվա ընթացքում հայաստանցի ծանրորդները նվաճել են 245 մեդալ:
2013 թ. մեր ծանրորդ-ծանրորդուհիները Եվրոպայի եւ աշխարհի 9 առաջնություններում նվաճեցին 37 մեդալ, 15-ով պակաս, քան 2012 թվականին: Սակայն պակաս էր նաեւ ոսկե մեդալների եւ չեմպիոնների քանակը (8 ոսկի, 17 արծաթ, 12 բրոնզ): Սա վերջին 10 տարվա ամենավատ արդյունքն էր: Չեմպիոններ չունեցանք աշխարհի՝ մեծահասակների եւ երիտասարդների, Եվրոպայի՝ մեծահասակների, մինչեւ 23 տարեկանների եւ երիտասարդների առաջնություններում: Եվ միայն աշխարհի ու Եվրոպայի՝ 15 եւ 17 տարեկան պատանիների առաջնություններում ունեցանք 3 չեմպիոն: Ընդհանրապես՝ մրցանակակիրներ չունեցանք աշխարհի առաջնություններում եւ 27-րդ ամառային ունիվերսիադայում: Հայկական ծանրամարտի պատիվը բարձր պահեցին պատանիների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (+94 կգ) եւ մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Սարգիս Կիրակոսյանը (մ. 85 կգ), որոնք նվաճեցին 8 ոսկե եւ 1 արծաթե մեդալ:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում փոխչեմպիոն հռչակվեց ծանրքաշային Հայկ Հակոբյանը՝ նվաճելով բոլոր 3 արծաթները:
Երկամարտում փոխչեմպիոններ դարձան նաեւ պատանիներ Էդմոն Բաղդասարյանը (մ. 62 կգ), Արեն Մարտիրոսյանը (մ. 85 կգ) եւ Սոնա Պողոսյանը (մ. 63 կգ):
Եվրոպայի՝ երիտասարդների առաջնությունում երկամարտում բրոնզե մեդալ նվաճեցին Սմբատ Մարգարյանը (մ. 56 կգ) եւ Իզաբելա Յայլյանը (մ. 58 կգ):
Եվրոպայի մինչեւ 17 տարեկան պատանիների առաջնությունում 3-րդ հորիզոնականը երկամարտում զբաղեցրին Հենրիկ Խաչատրյանը (մ. 62 կգ), Մանուկ Մկրտչյանը (մ. 77 կգ) եւ Տաթեւ Խաչատրյանը (մ. 69 կգ)՝ նվաճելով նաեւ 3 բրոնզե մեդալ պոկում եւ հրում վարժություններում:
Վերը նշված 37 մեդալներից 29-ը նվաճեցին տղաները, 8-ը՝ աղջիկները:
Տարվա հերոսը պատանիների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է (+94 կգ), որը նվաճեց 5 ոսկե եւ 1 արծաթե մեդալ: Երեք ոսկի նվաճեց Եվրոպայի՝ մինչեւ 15 տարեկանների չեմպիոն Սարգիս Կիրակոսյանը (մ. 85 կգ):
2013 թ. առաջնություններում Ռուսաստանի Դաշնության թիմերում բավական հաջող հանդես եկան մեր հայրենակիցները՝ նվաճելով 19 մեդալ (6 ոսկի, 8 արծաթ, 5 բրոնզ): Երկամարտում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Դավիթ Բեջանյանը (մ. 105 կգ ք/կ): Նա նաեւ նվաճեց աշխարհի առաջնության փոխչեմպիոնի, իսկ ամառային ունիվերսիադայում՝ 3-րդ մրցանակակրի կոչումները: Եվրոպայի մինչեւ 23 տ. եւ երիտասարդների առաջնություններում չեմպիոնի կոչումը նվաճեց շնորհալի ծանրորդ Ռազմիկ Հունանյանը (մ. 77 կգ ք/կ): Կարեն Մարտիրոսյանը (+ 105 կգ ք/կ) փոխչեմպիոն դարձավ աշխարհի եւ Եվրոպայի՝ երիտասարդների մինչեւ 23 տարեկանների առաջնություններում:
2014 թ. ՀՀ ծանրորդները մասնակցեցին աշխարհի եւ Եվրոպայի 6 առաջնություններին եւ պատանեկան օլիմպիական խաղերին՝ նվաճելով 36 մեդալ (14 ոսկե+13 արծաթ+9 բրոնզ):
Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հայ ծանրորդները նվաճեցին 7 մեդալ (2+4+1), պոկում վարժությունում Սմբատ Մարգարյանը (մ. 56 կգ) եւ Տիգրան Մարտիրոսյանը (մ. 77 կգ) նվաճեցին ոսկե մեդալներ: Վանիկ Ավետիսյանը (մ. 69 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ) արծաթե մեդալներ նվաճեցին հրում վարժությունում եւ երկամարտում: Սմբատ Մարգարյանը բրոնզե մեդալ նվաճեց նաեւ երկամարտում: ՌԴ-ից մեր հայրենակից Ռազմիկ Հունանյանը (մ. 77 կգ) երկամարտում եւ հրում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալներ:
Եվրոպայի՝ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Ս. Մարգարյանը ոսկի նվաճեց հրում վարժությունում՝ երկամարտում բավարարվելով արծաթով, իսկ ՌԴ ներկայացուցիչ հայազգի Վանիկ Մկրտումյանը (մ. 56 կգ) հրում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ: Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում մեր ծանրորդները նվաճեցին 10 մեդալ: Սիմոն Մարտիրոսյանը (մ. 105 կգ) ոսկի նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում եւ երկամարտում՝ արծաթ: Երկու արծաթե մեդալ նվաճեց մինչեւ 77 կգ քաշային Նորայր Ավետիսյանը (հրում, երկամարտ): Երկու բրոնզե մեդալներ նվաճեց Հակոբ Մկրտչյանը (մ. 77 կգ, հրում, երկամարտ): Փայլեց Իզաբելա Յայլյանը (մ. 58 կգ)՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Մեր ծանրորդուհին ոսկի նվաճեց հրում վարժությունում եւ արծաթ՝ պոկում վարժությունում:
Մեր ծանրորդները հաջող հանդես եկան պատանիների Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով 15 մեդալ (6+3+6): Եվրոպայի չեմպիոններ հռչակվեցին Մարզպետ Մինասյանը (մ. 50 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+94)՝ նվաճելով բոլոր 6 ոսկե մեդալները: Սամվել Գասպարյանը (մ. 85 կգ) նվաճեց արծաթե մեդալներ պոկում, հրում վարժություններում եւ երկամարտում: Լեւոն Մանուկյանը (մ. 56 կգ) բրոնզե մեդալներ նվաճեց հրում վարժությունում եւ երկամարտում: Դավիթ Հովհաննիսյանը (մ. 69 կգ, պոկում, երկամարտ) եւ Հակոբ Մկրտչյանը (մ. 77 կգ, հրում, երկամարտ) նվաճեցին երկուական բրոնզե մեդալներ:
Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում մեր հայրենակիցներից ՌԴ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի ռեկորդակիր (հրում՝ 238 կգ) Դավիթ Բեջանյանը երկամարտում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ արծաթ նվաճելով հրում վարժությունում: Երիտասարդների աշխարհի առաջնությունում ՌԴ-ն ներկայացնող Անի Սարգսյանը (մ. 69 կգ) նվաճեց 3 բրոնզե մեդալները:
Մեր հավաքականի պատիվը բարձր պահեցին եւ պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոններ հռչակվեցին (միակը՝ բոլոր մարզաձեւերի մեջ) 77 կգ ք/կ ծանրորդ Հակոբ Մկրտչյանը եւ ծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը (+85 կգ):
2015 թ. հայ ծանրորդները մասնակցեցին աշխարհի եւ Եվրոպայի 7 առաջնությունների: Տարին հաջող սկսվեց Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ չեմպիոնի կոչումը նվաճեց մ. 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը՝ 351 կգ արդյունքով՝ արծաթե մեդալներ նվաճելով պոկում եւ հրում վարժություններում (160+191): Ընդամենը 1 կգ-ով զիջեց չեմպիոնին եւ երկամարտում բրոնզե մեդալ նվաճեց Անդրանիկ Կարապետյանը (350 կգ)՝ ոսկի նվաճելով պոկում վարժությունում (164 կգ), սակայն անձնական քաշով 300 գրամ ծանր լինելով՝ 350 կգ արդյունքով 2-րդ տեղը զիջեց գերմանացի ծանրորդին: Վատ հանդես չեկավ նաեւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը՝ նվաճելով 3 բրոնզե մեդալ:
Մայր դառնալուց հետո իր վերադարձը նշեց Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ)՝ բրոնզե մեդալ նվաճելով հրում վարժությունում եւ 4-րդ տեղը գրավելով երկամարտում:
ՀՀ թիմը 7 ծանրորդներով զբաղեցրեց թիմային 4-րդ տեղը:
Սփյուռքից առաջնությանը մասնակցեցին Կարեն Թովմասյանը (մ. 85 կգ, Նիդեռլանդներ) եւ Սարգիս Մարտիրոսյանը (մ 105 կգ, Ավստրիա)՝ տեղեր զբաղեցնելով առաջին տասնյակում:
Եվրոպայի մ. 23 տարեկանների առաջնությունում հաջող հանդես եկավ Սմբատ Մարգարյանը (մ. 56 կգ)՝ ոսկե մեդալ նվաճելով հրում վարժությունում (139 կգ) եւ արծաթ՝ երկամարտում` 241 կգ (102+139): 77 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց մեր հայրենակից, ՌԴ ներկայացուցիչ Ռազմիկ Հունանյանը՝ ոսկի նվաճելով պոկում եւ արծաթ` հրում վարժությունում՝ երկամարտում արձանագրելով 338 կգ արդյունք (150կգ+188 կգ): ՌԴ-ն ներկայացնող մ. 56 կգ քաշային Վանիկ Մկրտումյանը 4-րդ տեղն զբաղեցրեց երկամարտում, պոկում եւ հրում վարժություններում: Եվրոպայի երիտասարդների առաջնությունում (մ. 20 տ.) ՀՀ հավաքականը նվաճեց 16 մեդալ (5 ոսկե, 5 արծաթե եւ 6 բրոնզե)՝ թիմային հաշվարկով գրավելով 1-ին տեղը:
Երկամարտում չեմպիոնի կոչումը նվաճեցին Սամվել Գասպարյանը (մ. 94 կգ, 350 կգ (155+195) եւ Իզաբելա Յայլյանը (մ. 58 կգ, 194 կգ (88+106)` 2 ոսկի եւ 1 արծաթ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Երկամարտում 2-րդ տեղն զբաղեցրեց Կարուշ Ղուկասյանը (մ. 94 կգ, 350 կգ (158+192)` ոսկի եւ բրոնզ նվաճելով պոկում եւ հրում վարժություններում:
Երկուական բրոնզե մեդալներ նվաճեցին մ. 56 կգ քաշային Մարզպետ Մինասյանը (պոկում, երկամարտ) եւ մ. 77 կգ քաշային Նորայր Ավետիսյանը (հրում, երկամարտ): Պոկում վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց նաեւ Դավիթ Դավայանը (մ. 56 կգ):
Եվրոպայի՝ մինչեւ 17 տ. պատանիների առաջնությունում չեմպիոններ հռչակվեցին Համլետ Մնացականյանը (մ. 50 կգ), Լեւոն Մանուկյանը (մ. 62 կգ), Սարգիս Կիրակոսյանը (մ. 94 կգ) եւ Արփինե Դալալյանը (+69 կգ): Պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց Հրայր Հովհաննիսյանը (մ. 62):
Հաջող հանդես եկան նաեւ թիմի մյուս ծանրորդ-ծանրորդուհիները՝ նվաճելով արծաթե եւ բրոնզե մեդալներ: Ընդհանուր 18 մեդալով (9 ոսկի, 6 արծաթ, 3 բրոնզ) ՀՀ հավաքականը հաղթեց Եվրոպայի թիմային առաջնությունում:
Եվրոպայի մ. 15 տ. առաջնությունում չեմպիոններ հռչակվեցին Արմեն Գրիգորյանը (մ. 56 կգ) եւ Աիդա Մանուկյանը (+69 կգ)՝ ոսկի նվաճելով նաեւ պոկում վարժությունում: Պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց Ռաֆայել Հարությունյանը:
Երկամարտում փոխչեմպիոններ դարձան Ռ. Հարությունյանը (մ. 56 կգ) եւ Կարեն Մարգարյանը (մ. 69 կգ): Հրում վարժությունում արծաթե մեդալներ նվաճեցին Արմեն Գրիգորյանը (մ. 56 կգ), Կարեն Մարգարյանը (մ. 69 կգ) եւ Աիդա Մանուկյանը (+69 կգ)՝ ընդհանուր մեդալների թիվը հասցնելով 11-ի (5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ):
Աշխարհի երիտասարդների առաջնությունում չեմպիոն հռչակվեց Անդրանիկ Կարապետյանը (մ. 77 կգ), 335 կգ (155+180)՝ ոսկի նվաճելով նաեւ պոկում վարժությունում:
Մեր հայրենակից, ՌԴ ներկայացուցիչ Անի Սարգսյանը (մ. 75 կգ) բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը:
Աշխարհի 82-րդ առաջնությունում (Հյուսթոն, ԱՄՆ) Անդրանիկ Կարապետյանը (մ. 77 կգ) նվաճեց 2 բրոնզե մեդալ (պոկում+երկամարտ), Գոռ Մինասյանը (+105 կգ) արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում եւ բրոնզե՝ երկամարտում, իսկ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: ՌԴ-ն ներկայացնող Եվրոպայի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Դավիթ Բեջանյանը շատ մոտ էր աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուն, սակայն 242 կգ ծանրաձողը վերջին վայրկյանին չենթարկվեց նրան, եւ ծանրորդը ցավալիորեն զբաղեցրեց 2-րդ տեղը՝ ոսկե մեդալ նվաճելով հրում վարժությունում:
Տարեվերջին ՌԴ նախագահի գավաթի խաղարկությունում 425 կգ (195+230) արդյունքով 2-րդ տեղը գրավեց Գոռ Մինասյանը (+105 կգ), իսկ ԱՄՆ թիմից հանդես եկող Նորայր Վարդանյանը 94 կգ քաշային կարգում 373 կգ (171+202) արդյունքով գրավեց 6-րդ տեղը:
Աշխարհի եւ Եվրոպայի 2015 թ. առաջնություններում հայ ծանրորդ-ծանրորդուհիները նվաճեցին 62 մեդալ (24 ոսկի, 22 արծաթ, 16 բրոնզ), որը 26-ով ավելի է 2014 թ. նվաճած մեդալներից (36՝ 14+13+9) թե քանակական եւ թե որակական ցուցանիշների առումով: Սա հավաքականի գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի, Արտաշես Ներսիսյանի եւ հավաքականի մյուս մարզիչների քրտնաջան, նպատակասլաց աշխատանքի արդյունքն է:
2016 թ. հայ մարզիկները մասնակցեցին Եվրոպայի եւ աշխարհի 7 առաջնությունների եւ 31-րդ օլիմպիական խաղերին՝ նվաճելով 64 մեդալ (26 ոսկե, 20 արծաթե, 18 բրոնզե):
Նորվեգիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդ-ծանրորդուհիները նվաճեցին 18 մեդալ եւ 3 չեմպիոնական տիտղոս:
Մ. 77 քաշային կարգի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 367 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը՝ ոսկե մեդալներ նվաճելով նաեւ պոկում (170 կգ) եւ հրում (197 կգ) վարժություններում:
Տիգրան Մարտիրոսյանը նույն քաշային կարգում նվաճեց բոլոր արծաթե մեդալները 352 կգ (160+192) արդյունքով:
Երկրորդ տեղը 442 կգ (205+237) արդյունքով նվաճեց գերծանր քաշային Գոռ Մինասյանը՝ արծաթ նվաճելով նաեւ պոկում վարժությունում:
Սիմոն Մարտիրոսյանը` մ. 105 կգ, երկամարտում 402 կգ (182+220) արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի՝ արծաթ եւ բրոնզ նվաճելով պոկում եւ հրում վարժություններում:
Մեր հայրենակից Սարգիս Մարտիրոսյանը (մ.105 կգ), որը հանդես էր գալիս Ավստրիայի թիմից, բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում (181 կգ):
Գերազանց հանդես եկավ 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը, որը 237 կգ (105+132) արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ արծաթ եւ ոսկի նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Փայլեց Հռիփսիմե Խուրշուդյանը՝ նվաճելով բոլոր 3 ոսկե մեդալները, գերծանր քաշային կարգում 250 (113+137) կգ արդյունքով:
Հայաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց թե՛ թիմային եւ թե՛ մեդալների հաշվարկով:
Մինչեւ 20 տ. եւ մ. 23 տ. 2016 թ. Եվրոպայի առաջնությունում (Էյլաթ, Իսրայել) հայ ծանրորդ-ծանրորդուհիները գերազանց հանդես եկան եւ նվաճեցին 16 մեդալ (5 ոսկի, 5 արծաթ եւ 6 բրոնզ):
Թբիլիսիում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունում մեր հավաքականը մասնակցեց 4 ծանրորդով եւ 2 ծանրորդուհիներով:
Գերազանց հանդես եկավ Սիմոն Մարտիրոսյանը (մ. 105 կգ)՝ նվաճելով բոլոր 3 ոսկե մեդալները 412 կգ (187+225) արդյունքով: Թիմային հաշվարկով մեր ծանրորդները գրավեցին 5-րդ տեղը:
31-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը հանդես եկավ 5 ծանրորդով եւ 2 ծանրորդուհիներով:
Գերազանց հանդես եկան մ. 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը եւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը՝ նվաճելով արծաթե մեդալներ երկամարտում 417 կգ (190+227) եւ 451 կգ (210+241) արդյունքներով: Վատ հանդես չեկավ նաեւ Նազիկ Ավդալյանը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը 69 կգ քաշային կարգում 242 կգ (107+135) եւ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը` 440 կգ (195+245) արդյունքով զբաղեցնելով 4-րդ տեղը:
Լեհաստանում կայացած Եվրոպայի՝ մինչեւ 17 տարեկանների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեցին մ. 85 կգ քաշային Կարեն Ավագյանը՝ 330 կգ (150+180) արդյունքով նվաճելով բոլոր 3 ոսկե մեդալները, եւ +69 քաշային կարգի ծանրորդուհի Արփինե Դալալյանը՝ 213 կգ (89+124) արդյունքով՝ նվաճելով ոսկե մեդալ նաեւ հրում վարժությունում: Երկամարտում փոխչեմպիոն դարձավ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը՝ 335 կգ (155+180) արդյունքով ոսկե մեդալ նվաճելով պոկում վարժությունում եւ արծաթե մեդալ` հրում վարժությունում: Մինչեւ 56 կգ քաշային կարգում մրցանակային 3-րդ տեղը գրավեց Բաբկեն Բագրատյանը` 220 կգ (102+118) արդյունքով՝ արծաթե մեդալ նվաճելով պոկում վարժությունում եւ բրոնզե մեդալ՝ հրում վարժությունում: Մինչեւ 62 կգ քաշայինների մեջ պոկում վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց Արմեն Գրիգորյանը 115 կգ արդյունքով:
Լեհաստանում կայացած Եվրոպայի՝ մինչեւ 15 տարեկանների առաջնությունում մայրցամաքի չեմպիոնի կոչումը նվաճեց մ. 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը՝ 280 կգ (130+150) արդյունքով նվաճելով բոլոր 3 ոսկե մեդալները: Մինչեւ 94 կգ քաշային կարգում մրցանակային 2-րդ տեղը գրավեց Յաշա Մինասյանը՝ 246 կգ (112+134) արդյունքով՝ արծաթ նվաճելով պոկում եւ բրոնզ՝ հրում վարժություններում: Պոկում վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց Տիգրան Ամիրյանը՝ 110 կգ արդյունքով: Երկամարտում մ. 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ աղջիկների միակ ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը 156 կգ (68+88) արդյունքով՝ ոսկե մեդալ նվաճելով նաեւ հրում վարժությունում:
2017 թվականին ՀՀ հավաքականը աշխարհի մեծահասակների առաջնությանը չմասնակցեց, սակայն մնացած ութ առաջնություններում հասավ զգալի հաջողությունների: Խորվաթիայում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 414 (184+230) արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը` ոսկե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Գոռ Մինասյանը (+105 կգ) երկամարտի 446 կգ (211+235) արդյունքով նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը` արծաթե մեդալ նվաճելով նաեւ պոկում վարժությունում: Այստեղ չեմպիոնի կոչումը նվաճեց աշխարհի ռեկորդակիր Լաշա Տալախաձեն: Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ), երկամարտում հավաքելով 434 կգ, դարձավ բրոնզե մեդալակիր՝ բրոնզե մեդալ նվաճելով նաեւ հրում վարժությունում (244 կգ): Կանանց մրցապայքարում մինչեւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը, երկամարտում հավաքելով 227 կգ (101+126), դարձավ բրոնզե մեդալակիր` արծաթե մեդալ նվաճելով նաեւ հրում վարժությունում: Մեր մյուս ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը (մ. 90 կգ) 230 կգ (105+125) արդյունքով նույնպես երկամարտում գրավեց 3-րդ տեղը՝ բրոնզե մեդալ նվաճելով նաեւ պոկում վարժությունում: Մյուս ծանրորդները, բացի Անդրանիկ Կարապետյանից, իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Հայկական սփյուռքը ներկայացնում էին մինչեւ 105 կգ քաշայիններ Սարգիս Մարտիրոսյանը (Ավստրիա) եւ աշխարհի ռեկորդակիր Դավիթ Բեջանյանը (ՌԴ): Դավիթը ցավալիորեն 0 ստացավ պոկում վարժությունում, սակայն պայքարը շարունակեց եւ արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում (221 կգ): Սարգիս Մարտիրոսյանը երկամարտում զբաղեցրեց 4-րդ տեղը՝ 386 կգ (181+205) արդյունքով՝ արծաթե մեդալ նվաճելով պոկում վարժությունում: ՀՀ հավաքականը մեդալների հաշվարկով զբաղեցրեց 2-րդ տեղը, կանայք նվաճեցին 4 մեդալ: Երկամարտում Սոնա Պողոսյանը նաճեց բրոնզե մեդալ (101+126=227)՝ արծաթե մեդալ նվաճելով նաեւ հրում վարժությունում: Տաթեւ Հակոբյանը (մ. 90 կգ) պոկում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը (105+125=230):
Մինչեւ 23 տ. Եվրոպայի առաջնությունում (Դուրես, Ալբանիա) փայլեցին մ. 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը (170+190=360 կգ), մ. 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (162+197=359 կգ) եւ օլիմպիական փոխչեմպիոն ծանր քաշային Գոռ Մինասյանը (200+220 = 420 կգ)` դառնալով Եվրոպայի չեմպիոններ` թիմին բերելով 8 ոսկե եւ 1 արծաթե մեդալներ: Երկամարտում 3-րդ մրցանակային տեղ զբաղեցրեց 105 կգ քաշային Մկրտիչ Մկրտչյանը՝ բրոնզ նվաճելով նաեւ պոկում վարժությունում: Ժորժ Եղիկյանը բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում (մ 77, 175 կգ):
Աղջիկներից 3 արծաթե մեդալ նվաճեց մ. 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը (105+123=228 կգ), երկամարտի 195 կգ արդյունքով 3-րդ մրցանակակիր դարձավ մ. 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը` արծաթ (հրում) եւ բրոնզ (պոկում) նվաճելով նաեւ առանձին վարժություններում (85+110=195 կգ):
Սփյուռքահայ ծանրորդուհիներից փոխչեմպիոն դարձավ մ. 69 կգ քաշային Անի Սարգսյանը (ՌԴ)` արծաթ եւ բրոնզ նվաճելով նաեւ հրում եւ պոկում վարժություններում (96+119=215 կգ): Վատ հանդես չեկան նաեւ մ. 77 կգ քաշային Ռազմիկ Հունանյանը (երկամարտում 3-րդ տեղ, ՌԴ) եւ մ. 94 կգ քաշային Էդմոն Ավետիսյանը (Մեծ Բրիտանիա)` երկամարտում եւ առանձին վարժություններում զբաղեցնելով 4-րդ տեղը: ՀՀ թիմը նվաճեց 18 մեդալ (8 ոսկե+ 5 արծաթե+5 բրոնզե):
Եվրոպայի մ. 20 տ. առաջնությունում հայ ծանրորդները նվաճեցին 17 մեդալ (10+4+3): Փայլեցին Սոնա Պողոսյանը եւ Արփինե Դալալյանը` նվաճելով 6 ոսկե մեդալ՝ մեդալների հաշվարկով ապահովելով 1-ին տեղը Եվրոպայում:
3 ոսկե մեդալներ նվաճեց ծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը (197+236=433)` սահմանելով Եվրոպայի ռեկորդ:
Հրում վարժությունում ոսկի նվաճեց մ. 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը` երկամարտում նվաճելով փոխչեմպիոնի կոչումը, արծաթե մեդալ նվաճելով պոկում վարժությունում (167+207=374):
Երկու արծաթե մեդալներ նվաճեց (պոկում+երկամարտ) մ. 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (158+185=343): Նույն քաշային Կարեն Ավագյանը 3-րդ տեղն զբաղեցրեց պոկում վարժությունում (156):
Պոկում վարժությունում 3-րդ տեղը զբաղեցրեց նաեւ մ. 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը (135):
Եվրոպայի մ. 17 եւ մ. 15 տ. պատանիների առաջնությունում հայ ծանրորդ-ծանրորդուհիները նվաճեցին 25 (10+6+9) մեդալ:
Մինչեւ 15 տարեկանների մեջ չեմպիոններ դարձան մ. 50 կգ քաշային Արա Պողոսյանը (81+105=186), մ. 69 կգ քաշային Գեւորգ Ղահրամանյանը (105+133=238) եւ Լիանա Գյուրջյանը (78+105=183):
Ծանր քաշային Մարգարիտա Առաքելյանը բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում (84):
Մինչեւ 17 տարեկանների պատանիների մեջ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց մ. 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը 134+162=296 արդյունքով` արծաթ նվաճելով պոկում եւ բրոնզ` հրում վարժություններում:
Պոկում վարժությունում ոսկի նվաճեց Մոնթե Մելքոնյանը (մ. 50)` դառնալով փոխչեմպիոն (91+102=193)` բրոնզ նվաճելով հրում վարժությունում:
Փոխչեմպիոն դարձավ նաեւ մ. 62 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը (111+140=251)` բրոնզ եւ արծաթ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում:
Ռաֆիկ Հարությունյանը (մ. 85 կգ) ոսկի նվաճեց պոկում վարժությունում եւ դարձավ երկամարտի բրոնզե մրցանակակիր: Երկամարտում եւ պոկում վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց մ. 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը (136+160=296), Աիդա Մանուկյանը (մ. 75) 3-րդ տեղն զբաղեցրեց պոկում վարժությունում (82):
Աշխարհի երիտասարդների առաջնությունում փայլեց Սիմոն Մարտիրոսյանը (+105)` նվաճելով բոլոր ոսկե մեդալները (191+235=426): Երկամարտում բրոնզե մեդալներ նվաճեցին մ. 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը (160+205=365) եւ մ. 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (98+125=223)` արծաթ նվաճելով նաեւ հրում վարժությունում:
Հաջող էին մեր տղաների արդյունքները Թայվանում կայացած 29-րդ ամառային ունիվերսիադայում: Չեմպիոններ հռչակվեցին մ. 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը (180+221=401) եւ ծանր քաշային Գոռ Մինասյանը (200+230=430), փոխչեմպիոն դարձավ ծանր վիրահատությունից ապաքինված Անդրանիկ Կարապետյանը (մ. 85)՝ ընդամենը մեկ կգ-ով զիջելով (170+194=364) ղազախ Դ. Ուլանովին (365):
Չնայած մեր ծանրորդներն աշխարհի առաջնությանը չմասնակցեցին, ամփոփելով 2017 թ. արդյունքները՝ նշում ենք, որ ՀՀ հավաքականի նվաճած մեդալներն առավել են 2016 թ. նվաճածներից թե՛ քանակական եւ թե՛ որակական առումներով: ՀՀ հավաքականը նվաճեց 81 մեդալ (36 ոսկե, 21 արծաթե եւ 24 բրոնզե), որը վկայում է Հայաստանի եւ հայ ծանրորդների զբաղեցրած բարձր դիրքը Եվրոպայում եւ աշխարհում:
2018 թ. մեր ծանրորդները նվաճեցին 75 մեդալ, չնայած Եվրոպայի առաջնությանը եւ ամառային ունիվերսիադային չմասնակցեցին:
Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում փայլեց Սիմոն Մարտիրոսյանը (մ. 109 կգ)՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը՝ 1-ական ոսկե եւ արծաթե մեդալներ նվաճելով նաեւ հրում եւ պոկում վարժություններում (190+240=430):
Աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց գերծանր քաշային Գոռ Մինասյանը՝ արծաթե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում (205+245=450): Հակոբ Մկրտչյանը մ. 89 կգ քաշային կարգում հրում վարժությունում նվաճեց արծաթե մեդալ:
Պատանեկան օլիմպիական խաղերում մ. 77 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն հռչակվեց Կարեն Մարգարյանը (141+168=309):
Երիտասարդների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ Ռաֆիկ Հարությունյանը՝ արծաթե մեդալ նվաճելով նաեւ հրում վարժությունում: Մ. 94 կգ քաշային կարգում Սամվել Բաբակյանն զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ բրոնզե մեդալ նվաճելով նաեւ պոկում վարժությունում: Ծանր քաշայինների մեջ (+105 կգ) փոխչեմպիոն հռչակվեց Վարազդատ Լալայանը՝ արծաթ եւ բրոնզ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում (177+222=399):
Եվրոպայի՝ մ. 23 տարեկանների առաջնություններում ՀՀ թիմը նվաճեց 15 մեդալ: Մ. 85, մ. 94 եւ գերծանր քաշային կարգում աշխարհամասի չեմպիոններ հռչակվեցին Անդրանիկ Կարապետյանը (176+ 193=369), Հակոբ Մկրտչյանը (160+208=368) եւ Սիմոն Մարտիրոսյանը (190+230=420)՝ 5 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալներ նվաճելով պոկում եւ հրում վարժություններում:
Աղջիկներից Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Տաթեւ Հակոբյանը (մ. 90 կգ)՝ 2 ոսկե մեդալ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում (105+129=234): Մ. 63 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը նվաճեց 3 բրոնզե մեդալ:
Եվրոպայի մինչեւ 20 տ. առաջնությունում չնայած մեր ծանրորդները նվաճեցին 19 մեդալ (3 ոսկե, 10 արծաթե, 6 բրոնզե), սակայն չեմպիոն չունեցանք: Փոխչեմպիոններ դարձան Արփինե Դալալյանը (+90 կգ), Արմեն Գրիգորյանը (մ. 69 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (մ. 77 կգ), Սամվել Բաբակյանը (մ. 94 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+105 կգ): Երկամարտում բրոնզե մեդալակիր դարձավ Արսեն Մարտիրոսյանը (մ. 105 կգ):
Մեր ծանրորդ-ծանրորդուհիները նվաճեցին 6 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներ Եվրոպայի մ. 17 տարեկանների առաջնությունում: Չեմպիոններ հռչակվեցին Կարեն Մարգարյանը (մ. 77 կգ, 145+168=313) եւ Լիանա Գյուրջյանը (մ. 69 կգ, 86+107=193): Երեք բրոնզե մեդալ նվաճեց Միլենա Խաչատրյանը (մ. 63 կգ):
Եվրոպայի՝ մ. 15 տարեկանների առաջնության չեմպիոններ դարձան մ. 50 կգ ք/կ Գոռ Սահակյանը (80+98=178), մ. 77 կգ ք/կ Հարություն Գրիգորյանը (117+141=258), մ. 85 կգ ք/կ Գարիկ Կարապետյանը (115+146=261) եւ մ. 75 կգ ք/կ Մարգարիտա Առաքելյանը (72+90=162): Փոխչեմպիոն հռչակվեց մ. 69 կգ ք/կ Մնացական Աբրահամյանը: Թիմը նվաճեց 11 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:
Կատարի ծանրամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2018 թ. 5-րդ անգամ անցկացվեց այդ երկրի գավաթի խաղարկությունը՝ ուժեղագույններին տալով Օլիմպիական խաղերին մասնակցելու վարկանիշ: Հայաստանից այդ առաջնությանը մասնակցեց Եվրոպայի մ. 23 տարեկանների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտի արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ՝ արծաթե մեդալի արժանանալով նաեւ պոկում վարժությունում (161+180=341) եւ մեր ծանրորդների՝ 2018 թ. նվաճած մեդալների թիվը հասցնելով 75-ի (33 ոսկե, 22 արծաթե եւ 20 բրոնզե):
2019 թվականը բերքառատ էր հայ ծանրորդ-ծանրորդուհիների համար: Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նրանք նվաճեցին 118 (43 ոսկե, 43 արծաթե, 29 բրոնզե) մեդալ, որոնցից 38-ը՝ երկամարտում (14 ոսկե, 16 արծաթե, 8 բրոնզե): Եվրոպայի առաջնությունում չեմպիոն հռչակվեց 89 ք/կ Հակոբ Մկրտչյանը՝ ոսկի նվաճելով նաեւ հրում վարժությունում (164+207)՝ 371 կգ արդյունքով: Նույն քաշային կարգում պոկում եւ երկամարտի 360 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց Դավիթ Հովհաննիսյանը (165+195):
102 կգ քաշային կարգում երկամարտում եւ հրում վարժությունում 377 կգ արդյունքով (168+209) արծաթե մեդալներ նվաճեց երջանկահիշատակ Յուրի Վարդանյանի զարմիկ Սամվել Գասպարյանը:
Գերծանր քաշայինների մեջ (+109 կգ) պոկում վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց Գոռ Մինասյանը (200 կգ), երկամարտում բրոնզե մեդալ նվաճեց Ռուբեն Ալեքսանյանը (440 կգ)՝ արծաթե մեդալ նվաճելով նաեւ հրում վարժությունում (245 կգ):
Մինչեւ 109 կգ ծանրորդների մեջ երկամարտում փայլեց Սիմոն Մարտիրոսյանը՝ ոսկի նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում (192+235=427 կգ):
Մեդալների հաշվարկով Հայաստանի թիմը նվաճած 12 մեդալով (5+3+4) գրավեց 3-րդ տեղը:
Կանանցից արծաթե մեդալներ նավաճեցին մ. 59 կգ ք/կ Իզաբելա Յայլյանը (պոկում՝ 96 կգ) եւ 81 կգ ք/կ Լիանա Գյուրջյանը (հրում՝ 125 կգ): Մ. 87 կգ ք/կ Տաթեւ Հակոբյանը պոկում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ (105 կգ):
Եվրոպայի՝ մ. 23 տ. առաջնությունում չեմպիոններ հռչակվեցին Հակոբ Մկրտչյանը (375 կգ) եւ մ. 102 կգ ք/կ Սամվել Գասպարյանը՝ նվաճելով երկու ոսկե մեդալ (հրում եւ երկամարտ) եւ մեկ արծաթ (պոկում):
Իրեն հավասարը չունեցավ Սիմոն Մարտիրոսյանը՝ նվաճելով բոլոր երեք ոսկե մեդալները (198+236=434 կգ):
87 քաշային կարգում Տաթեւ Հակոբյանը երկամարտում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը՝ ոսկե եւ բրոնզե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում (105+125=230 կգ): Դավիթ Հովհաննիսյանը (մ. 85 կգ) երկամարտում 357 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ՝ բրոնզե եւ արծաթե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում:
Մեդալների հաշվարկով թիմը գրավեց առաջին տեղը՝ 7 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե՝ թիմային հաշվարկով գրավելով 3-րդ տեղը:
Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում մեր ծանրորդները նվաճեցին 20 մեդալ՝ 13 ոսկի, 4 արծաթ եւ 3 բրոնզ: Եվրոպայի չեմպիոններ հռչակվեցին Կարեն Ավագյանը (մ. 89 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ)՝ համապատասխանաբար 364 կգ եւ 400 կգ արդյունքով, երեք ոսկի եւ մեկ արծաթ նվաճելով պոկում եւ հրում վարժություններում: Երկամարտում 89 կգ ք/կ-ում 2-րդ տեղ գրավեց Արա Աղանյանը՝ 358 կգ արդյունքով՝ ոսկի նվաճելով նաեւ հրում (196 կգ) եւ արծաթ՝ պոկում (162 կգ) վարժություններում:
Աղջիկներից չեմպիոններ հռչակվեցին մ. 81 կգ ք/կ Լիանա Գյուրջյանը (205 կգ) եւ գերծանր քաշային (+87 կգ) Արփինե Դալալյանը (234 կգ)՝ ոսկե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Երկամարտում բրոնզե մեդալ նվաճեց Ռուբիկ Հարությունյանը (340 կգ):
Առանձին վարժությունում ոսկե մեդալ նվաճեց (պոկում) Մոնթե Մխիթարյանը:
Մինչեւ 17 տ. Եվրոպայի առաջնությունում մեր պատանիներն ու աղջիկները ռեկորդային՝ 25 մեդալ նվաճեցին: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Գառնիկ Չոլակյանը (մ. 49 կգ) 192 կգ արդյունքով՝ ոսկի եւ արծաթ նվաճելով նաեւ պոկում (87 կգ) եւ հրում (105 կգ) վարժություններում: Աղջիկներից չեմպիոն հռչակվեց +81 կգ ք/կ Լիանա Գյուրջյանը 223 կգ արդյունքով՝ ոսկի նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում (97+126): Երկամարտում փոխչեմպիոններ հռչակվեցին մ. 89 կգ ք/կ Գեւորգ Ղահրամանյանը (331 կգ) եւ մ. 96 կգ ք/կ Գարիկ Կարապետյանը՝ 345 կգ: Երկամարտում բրոնզե մեդալներ նվաճեցին մ. 61 կգ ք/կ Արա Պողոսյանը (260 կգ) եւ 102 կգ ք/կ Պետրոս Պետրոսյանը (311 կգ):
ՌԴ ներկայացուցիչներ, մեր հայրենակիցներ մ. 73 կգ ք/կ Գեւորգ Սերոբյանը եւ մ. 96 կգ ք/կ Արթուր Բաբայանը համապատասխանաբար 299 կգ եւ 353 կգ արդյունքով նվաճեցին բոլոր ոսկե մեդալները: Աղջիկներից երկամարտում փոխչեմպիոններ հռչակվեցին մ. 71 կգ ք/կ Միլենա Նազարյանը (201 կգ) եւ մ. 81 կգ ք/կ Մարգարիտա Առաքելյանը (191 կգ)՝ մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում՝ թիմի նվաճած ընդհանուր մեդալների թիվը հասցնելով 25-ի:
Մ. 15 տ. պատանիների առաջնությունում երկամարտի փոխչեմպիոններ դարձան մ. 49 կգ ք/կ Գարիկ Ոսկանյանը (182 կգ), մ. 55 կգ ք/կ Ռաֆիկ Մինասյանը (205 կգ), մ. 89 կգ ք/կ Ալեքսանդր Լազարյանը (290 կգ) եւ գերծանր ք/կ Ալբերտ Ռամազյանը (273 կգ): Աղջիկներից փոխչեմպիոններ դարձան մ. 49 կգ ք/կ Ալեքսանդրա Գրիգորյանը (151 կգ) եւ +81 կգ ք/կ Ջուլիետա Հովհաննիսյանը (179 կգ)` թիմի նվաճած մեդալների քանակը հասցնելով 17-ի (2 ոսկե, 13 արծաթե, 2 բրոնզե)՝ Եվրոպայի առաջնություններում նվաճած մեդալների ընդհանուր թիվը հասցնելով 92-ի:
Մեծահասակների աշխարհի առաջնությունում չեմպիոն հռչակվեց մ. 89 կգ ք/կ Հակոբ Մկրտչյանը 375 կգ արդյունքով՝ արծաթե մեդալ նվաճելով հրում վարժությունում (208 կգ): Աշխարհի չեմպիոնի կոչումը պահպանեց եւ փայլուն հանդես եկավ Սիմոն Մարտիրոսյանը՝ ոսկե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում (199+230=429):
+109 կգ քաշային կարգում փոխչեմպիոն դարձավ Գոռ Մինասյանը՝ նվաճելով երեք արծաթե մեդալներ (212+248=460): Նույն քաշային կարգում երկամարտում 437 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալ նվաճելով նաեւ հրում վարժությունում (245 կգ):
Երիտասարդների աշխարհի առաջնությունում 419 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց +109 կգ ք/կ Վարազդատ Լալայանը՝ արծաթ եւ ոսկի նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում (192+227): Պոկում վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց մ. 89 ք/կ Կարեն Ավագյանը (155 կգ): Աղջիկներից հրում վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց (140 կգ) +87 կգ ք/կ Արփինե Դալալյանը: Մեդալների հաշվարկով թիմը գրավեց 5-րդ հորիզոնականը, թիմային հաշվարկով՝ 7-րդը:
Պատանիների աշխարհի առաջնությունում փոխչեմպիոններ դարձան մ. 89 կգ ք/կ Գարիկ Կարապետյանը (137+168=365)՝ ոսկի եւ բրոնզ մեդալ նվաճելով պոկում եւ հրում վարժություններում, եւ մ. 76 կգ ք/կ Լիանա Գյուրջյանը (208 կգ)՝ արծաթե մեդալներ նվաճելով նաեւ պոկում (92 կգ) եւ հրում (116 կգ) արդյունքներով: Երկամարտում բրոնզե մեդալ նվաճեց մ. 89 կգ ք/կ Գեւորգ Ղահրամանյանը՝ բրոնզե մեդալ նվաճելով նաեւ պոկում (134 կգ) եւ արծաթ (170 կգ)` հրում վարժություններում: Երկամարտում բրոնզե մեդալ նվաճեց ՌԴ մեր հայրենակից մ. 73 կգ ք/կ Հմայակ Միսակյանը՝ բրոնզե մեդալ նվաճելով հրում վարժությունում (118+154=277 կգ):
Աշխարհի առաջնություններում մեր թիմը նվաճեց 26 մեդալ (8 ոսկի, 10 արծաթ, 8 բրոնզ)՝ ընդհանուր մեդալների թիվը հասցնելով 118-ի (Եվրոպայի առաջնություններ՝ 92 մեդալ+աշխարհի առաջնություններ՝ 26 մեդալ):
2019 թ. ՀՀ ծանրորդների թիմը մասնակցեց նաեւ օլիմպիական վարկանիշային Ալեքսանդրի եւ Կատարի 6-րդ գավաթի մրցումներին՝ երկամարտում նվաճելով եւս 21 մեդալ:
Ալեքսանդր Կուրլովիչի գավաթի առաջնությունում երկամարտում 411 կգ արդյունքով առաջին տեղը գրավեց գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը (180+231)՝ ոսկի նվաճելով նաեւ հրում վարժությունում: Նույն քաշային կարգում Գոռ Մինասյանը 410 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը՝ ոսկի նվաճելով նաեւ պոկում վարժությունում: Մ. 81 կգ ք/կ Անդրանիկ Կարապետյանը 343 կգ (161+182) արդյունքով գրավեց 2-րդ տեղը՝ ոսկի նվաճելով նաեւ պոկում վարժությունում:
Աղջիկներից մ. 59 կգ ք/կ Իզաբելա Յայլյանը 202 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը (92+110)՝ արծաթե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում:
Կատարի գավաթի առաջնությունում գերծանր քաշային Գոռ Մինասյանն զբաղեցրեց առաջին հորիզոնականը 424 կգ արդյունքով (198+226)՝ ոսկի նվաճելով նաեւ պոկում վարժությունում, Ռուբեն Ալեքսանյանը՝ 2-րդ տեղը 416 կգ (180+236) արդյունքով՝ ոսկի նվաճելով նաեւ պոկում վարժությունում: Կանանցից հաջող հանդես եկավ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը՝ գրավելով առաջին տեղը 232 կգ (105+127) արդյունքով՝ ոսկի նվաճելով նաեւ պոկում վարժությունում:
2019 թ. մեր ծանրորդ-ծանրորդուհիները նվաճեցին ռեկորդային՝ 139 մեդալ (51 ոսկե, 56 արծաթե եւ 32 բրոնզե):
Համավարակի պատճառով 2020 թ. աշխարհի, Եվրոպայի առաջնությունները եւ Օլիմպիական խաղերը չեղարկվեցին:
2021 թ. հայ ծանրորդները մասնակցեցին Տոկիոյի (2020 թ.) 32-րդ Օլիմպիական խաղերին, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:
2021 թ. Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կայացավ Մոսկվայում: Մասնակցեցին ՀՀ հավաքականի 14 ծանրորդ-ծանրորդուհիներ (10 տղամարդ, 4 կին)` նվաճելով 23 մեդալ (5+9+9): Երկամարտում չեմպիոններ հռչակվեցին մ. 89 կգ ք/կարգի ծանրորդ Կարեն Ավագյանը (175+200 = 375 կգ) եւ մ. 102 կգ ք/կարգի Սամվել Գասպարյանը 176+204=390 կգ արդյունքով` 2-ական ոսկի եւ արծաթ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում:
Երկամարտում փոխչեմպիոններ դարձան մ. 102 կգ ք/կարգի Արսեն Մարտիրոսյանը (171+209=380 կգ) եւ գեր ծանրքաշային Գոռ Մինասյանը (216+248=464 կգ)` 1 բրոնզե եւ 2 արծաթե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում:
Աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր ծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը (մ. 109 կգ) ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում (190 կգ), սակայն, ցավալիորեն, չհաղթահարեց 227 կգ ծանրաձողը հրում վարժությունում, երբ այդ քաշի բոլոր մարզիկներն ավարտել էին իրենց ելույթները, եւ 0 ստացավ. զգացնել տվեց մարզումների ժամանակ ստացած վնասվածքը (աշխարհի ռեկորդը պատկանում է իրեն` 240 կգ):
Երկամարտում բրոնզե մեդալներ նվաճեցին մ. 89 կգ ք/կ Անդրանիկ Կարապետյանը (170+195=365 կգ), մ. 96 կգ ք/կ Հակոբ Մկրտչյանը (160+212=372 կգ) եւ գերծանր ք/կ Վարազդատ Լալայանը (205+240=445 կգ)` 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում:
Բրոնզե մեդալ հրում վարժությունում նվաճեց մ. 81 կգ ք/կ ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` 196 կգ արդյունքով:
Կանանցից երկամարտում բրոնզե մեդալ նվաճեց մ. 81 կգ ք/կ Լիանա Գյուրջյանը (98+129=227 կգ)` արծաթե մեդալ նվաճելով նաեւ հրում վարժությունում:
Պոկում վարժությունում երկրորդ տեղը գրավեց մ. 55 կգ ք/կ Իզաբելա Յայլյանը՝ 90 կգ արդյունքով:
ՀՀ ծանրորդները նվաճեցին 20 մեդալ (5 ոսկե, 7 արծաթե, 8 բրոնզե): Կանայք` 3 մեդալ (2 արծաթ, 1 բրոնզ)՝ մեդալների թիվը հասցնելով 23-ի:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում (Տաշքենդ) չեմպիոն հռչակվեց մինչեւ 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը 355 կգ արդյունքով (162+193)՝ 2 արծաթե մեդալ նվաճելով պոկում եւ հրում վարժություններում` հրաժարվելով հրում վարժության երրորդ մոտեցումից: Մինչեւ 81 կգ քաշային կարգում Կարեն Մարգարյանը երկամարտում գրավեց 2-րդ տեղը՝ արծաթե մեդալ նվաճելով նաեւ պոկում վարժությունում (152+175=327 կգ): ՀՀ թիմը թիմային հաշվարկում գրավեց 9-րդ տեղը: Աղջիկների մրցապայքարում հիանալի հանդես եկավ մինչեւ 81 կգ քաշային կարգի ծանրորդ Լիանա Գյուրջյանը` դառնալով աշխարհի չեմպիոն 223 կգ արդյունքով (98+125)` արծաթե եւ ոսկե մեդալներ նվաճելով պոկում եւ հրում վարժություններում: ՀՀ թիմը մասնակցել է 7 հոգով (5 տղա+2 աղջիկ)՝ ընդհանուր հաշվարկում գրավելով 7-րդ տեղը եւ նվաճելով 8 մեդալ (2 ոսկի+6 արծաթ):
Ինչպես գիտենք, Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերը 2020 թ. փոխարեն կայացան 2021 թ. հուլիսի 27-ից օգոստոսի 13-ը: ՀՀ թիմը ներկայացված էր 2 մասնակիցով (1 տղա+1 աղջիկ):
Իզաբելա Յայլյանը մ. 59 կգ քաշային կարգում 223 կգ արդյունքով (98+125) Տոկիոյում զբաղեցրեց 7-րդ տեղը: Տղամարդկանցից հանդես եկավ աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, որը համարվում էր անվիճելի հաղթող: Պոկում վարժությունում բարձրացնելով 195 կգ՝ գրավեց 1-ին տեղը` սահմանելով օլիմպիական ռեկորդ: Հրում վարժությունում առաջին մոտեցմանը բարձրացրեց 228 կգ (աշխարհի ռեկորդը պատկանում է իրեն (240 կգ), բայց մյուս 2 մոտեցումներում չկարողացավ բարձրացնել 238 կիլոգրամանոց ծանրաձողը (միանգամից 10 կգ ավելի) եւ բավարարվեց օլիմպիական արծաթով՝ 423 կգ արդյունքով (195+228) միակ արծաթե մեդալը բերելով մեր թիմին:
Մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը հանդես եկավ պատանիների 10 եւ աղջիկների 4 ծանրորդ-ծանրորդուհիներով: Թիմային հաշվարկով տղաները գրավեցին 3-րդ տեղը, իսկ մեդալների հաշվարկով՝ 5-րդ տեղը` նվաճելով 3 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալներ: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց մ. 61 կգ ք/կ ծանրորդ Ռաֆիկ Մինասյանը՝ փոքր արծաթե եւ ոսկե մեդալներ նվաճելով պոկում եւ հրում վարժություններում 258 կգ արդյունքով (114+144 կգ): Երկամարտում 2-րդ տեղը գրավեց մ. 55 կգ ք/կ Մերուժան Եղոյանը՝ բրոնզե եւ ոսկե մեդալներ նվաճելով պոկում եւ հրում վարժություններում եւ երկամարտում հավաքելով 216 կգ (97+119 կգ): Երկամարտում, պոկում եւ հրում վարժություններում 3 բրոնզե մեդալ նվաճեց ծանր քաշային (+102 կգ) Ալբերտ Թումասյանը` բարձրացնելով 322 կգ (147+175 կգ): Մինչեւ 89 կգ ք/կ Ալեքսանդր Լազարյանն արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում` բարձրացնելով 170 կգ:
Աղջիկներից հաջող հանդես եկավ մ. 81 կգ ք/կ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը, երկամարտում գրավեց պատվավոր 2-րդ տեղը՝ արծաթե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում 196 կգ արդյունքով (83+113): Նրա երկամարտի եւ հրում վարժության արդյունքները մ. 15 տարեկան աղջիկների Եվրոպայի ռեկորդ է: Երկամարտում 5-րդ տեղը գրավեց +81 կգ ք/կ Ջուլիետա Ավանեսյանը: Մյուս ծանրորդուհիները (մ. 49 եւ մ. 59 ք/կ) հանդես եկան իրենց հնարավորություններից ցածր` չհաղթահարելով հրում վարժության արդյունքները եւ ընդհանուր 6 մոտեցումներից (պոկում, հրում) իրացրին միայն 1-ական մոտեցում: Թիմային հաշվարկում ՀՀ թիմը զբաղեցրեց 9-րդ տեղը, մեդալների հաշվարկով` 7-րդ տեղը:
Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում (Ռովանիեմի, Ֆինլ.) Հայաստանի թիմը հանդես եկավ տղաների 7 եւ աղջիկների 2 ծանրորդ-ծանրորդուհիներով:
Տղաները թիմային հաշվարկում գրավեցին 3-րդ, իսկ միավորների հաշվարկով՝ 1-ին տեղը: Աշխարհամասի չեմպիոններ դարձան մ. 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը՝ նվաճելով 1 բրոնզե եւ 2 ոսկե մեդալներ 230 կգ արդյունքով (100+130), մ. 67 կգ քաշային Գոռ Սահակյանը` նվաճելով բոլոր 3 ոսկե մեդալները 301 կգ (136+165) արդյունքով: Մ. 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը նվաճելով 2 ոսկե մեդալներ եւ երկամարտում հավաքելով 330 կգ (153+177)՝ հրում վարժությունում գրավեց 4-րդ տեղը: Հրում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց մ. 89 կգ Գեւորգ Ղահրամանյանը՝ երկամարտի 341 կգ արդյունքով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը 145+196 արդյունքով: 3-ական արծաթե մեդալներ նվաճեց մ. 81 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը 328 կգ արդյունքով (148+180): 2-ական արծաթե մեդալ նվաճեց եւ երկամարտում 2-րդ տեղն զբաղեցրեց մ. 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը 356 կգ արդյունքով (166+190):
Բոլոր 3 բրոնզե մեդալները նվաճեց մ. 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը 349 կգ (155+194) արդյունքով: Աղջիկներից 2-ական ոսկե մեդալներ նվաճեցին մ. 61 կգ քաշային Լիանա Գյուրջյանը եւ մ. 87 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոններ, համապատասխանաբար, երկամարտի 216 եւ 202 կգ արդյունքներով: Բոլոր 3 բրոնզե մեդալները նվաճեց մ. 76 կգ քաշային Միլենա Խաչատրյանը 220 կգ արդյունքով (99+121): Թիմային հաշվարկով մեր աղջիկներն զբաղեցրին 8-րդ տեղը, մեդալների հաշվարկով` 4-րդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց նաեւ ՌԴ-ն ներկայացնող Արթուր Բաբայանը (մ. 96 կգ ք/կ)` նվաճելով բոլոր 3 ոսկե մեդալները (167 + 198 = 365):
Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների երիտասարդների առաջնությունում փայլուն հանդես եկան ՀՀ ընտրանին ներկայացնող 6 ծանրորդներ` թիմային հաշվարկով գրավելով 3-րդ տեղը, իսկ մեդալների հաշվարկով՝ 1-ին տեղը: 2-ական ոսկի նվաճեց եւ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց մ. 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը՝ 345 կգ արդյունքով (155-190): 3-ական ոսկե մեդալներ նվաճեցին եւ Եվրոպայի չեմպիոններ դարձան մ. 89 կգ քաշային Կարեն Ավագյանը (165+195=360), մ. 109 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը (176+207=383) եւ գերծանր ք/կ Վարազդատ Լալայանը (206+241=447 կգ)՝ սահմանելով Եվրոպայի երիտասարդների 3 ռեկորդ:
Մ. 96 կգ ծանրորդ Արա Աղանյանը նվաճեց 1 ոսկե եւ 2 արծաթե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի փոխչեմպիոն (166+197=363 կգ): Մեդալների հաշվարկով թիմն զբաղեցրեց առաջին հորիզոնականը` նվաճելով 12 ոսկե եւ 2 արծաթե մեդալներ:
Պատանիների աշխարհի առաջնությունում (մ. 17 տ.) աշխարհի չեմպիոն հռչակվեց մ. 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը՝ ոսկի նվաճելով նաեւ հրում վարժությունում (141+182=323 կգ): 2-րդ մասնակից Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը (110+144=254):
2021 թ. վերջին կարեւորագույն մրցումն աշխարհի առաջնությունն էր, որը կայացավ դեկտեմբերի 7-17-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, որից մեծ սպասելիքներ ունեինք: Մեր հավաքականը մասնակցեց 9 ծանրորդով եւ 1 ծանրորդուհիով (Տաթեւ Հակոբյան, մ. 81 կգ ք/կ), որը պոկում, հրում վարժություններում եւ երկամարտում զբաղեցրեց 5-րդ տեղը, ինչը վատ արդյունք չէր: Տղամարդկանց հավաքականը հանդես եկավ 81 եւ նրանից բարձր 6 քաշային կարգերում՝ մինչեւ 96, մինչեւ 102 եւ +109 ք/կ հանդես գալով 2-ական ծանրորդներով: Մեր ծանրորդները նվաճեցին 10 մեդալ (1 ոսկե, 4 արծաթե եւ 5 բրոնզե): Ցավոք, հրում վարժությունում պատվիրած քաշերը չհաղթահարեցին եւ 0 ստացան Անդրանիկ Կարապետյանը (մ. 89 կգ, որը ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում), մ. 102 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը եւ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, որը բրոնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում` թիմին զրկելով թիմային հաղթանակի հնարավորություններից: Թիմի միակ ոսկե մեդալը նվաճեց Անդրանիկ Կարապետյանը (պոկում 175 կգ): 4 արծաթե մեդալներ նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը (պոկում 228 կգ) եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը (պոկում 211 կգ, հրում 246 կգ, երկամարտ 457 կգ), Գոռ Մինասյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին 2-ական բրոնզե մեդալներ` նվաճած մեդալների թիվը հասցնելով 10-ի:
Որպես միջազգային բարձրագույն կարգի մրցավար՝ հատուկ ուզում եմ նշել մրցավարների ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ, ԿՈՊԻՏ սխալներն աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ, որը 100 տոկոս անսխալ բարձրացրեց հրում վարժության 2-րդ մոտեցումը (237 կգ)՝ հոգեբանական ճնշում գործադրելով նրա վրա (աշխարհի ռեկորդը պատկանում է իրեն` 240 կգ, Աշխաբադ, 2018 թ. նոյեմբեր՝ նրան զրկելով չեմպիոն դառնալու հնարավորությունից)՝ հօգուտ ուզբեկ մարզիկի, որը դարձավ չեմպիոն: Թիմային հաշվարկով 428 միավորով Հայաստանի հավաքականն զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: 2021 թ. ՀՀ ծանրորդ-ծանրորդուհիները աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ Օլիմպիական խաղերում նվաճեցին 98 մեդալ (38 ոսկի (15-ը` երկամարտում), 33 արծաթ (10-ը` երկամարտում), 27 բրոնզ (10-ը` երկամարտում), որոնցից 35-ը՝ երկամարտում:
Ռուսաստանի եւ Ավստրիայի ներկայացուցիչներ Արթուր Բաբայանը (մ. 96 կգ) եւ Սարգիս Մարտիրոսյանը (մ. 109 կգ) երկամարտում համապատասխանաբար գրավեցին 14-րդ եւ 9-րդ տեղերը:
2022 թ. հոյակապ հանդես եկան մեր ծանրորդ-ծանրորդուհիները հոկտեմբերի 15-25 Ալբանիայի Դուրես քաղաքում կայացած երիտասարդների (մ. 20 տ.) եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Մ. 20 տ. առաջնությունում երկամարտում չեմպիոններ դարձան մ. 67կգ ք/կարգի ծանրորդ Գոռ Սահակյանը (301 կգ)՝ արծաթե մեդալներ նվաճելով պոկում (134 կգ) եւ հրում (167 կգ), մ. 89 կգ ք/կ Սուրեն Գրիգորյանը (340 կգ) արծաթե մեդալ նվաճելով պոկում վարժությունում (155 կգ) եւ փոքր ոսկի՝ հրում վարժությունում (185 կգ), եւ մ. 96 կգ ք/կ Գարիկ Կարապետյանը՝ ոսկե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում (171+196=367 կգ):
Երկամարտում երկրորդ տեղը զբաղեցրեց մ. 102 կգ ք/կ Պետրոս Պետրոսյանը՝ արծաթե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում (160+200=360 կգ):
Երկամարտում բրոնզե մեդալ նվաճեցին մ. 61 կգ ք/կ Ռաֆիկ Մինասյանը՝ 256 կգ արդյունքով՝ բրոնզե մեդալ նվաճելով նաեւ պոկում վարժությունում (186 կգ) եւ մ. 81 կգ ք/կ Մնացական Աբրահամյանը (323կգ)՝ արծաթե մեդալ նվաճելով հրում վարժությունում (180 կգ):
Հրում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց մ. 89 ք/կ ծանրորդ Գեւորգ Ղահրամանյանը (185 կգ): Ցավալիորեն Եվրոպայի չեմպիոնի կոչումից զրկվեց մ. 55 կգ ծանրորդ Գառնիկ Չոլակյանը, որը համարվում էր այդ ք/կ հավանական հաղթողը՝ ոսկի մեդալ նվաճելով պոկում վարժությունում (107 կգ), սակայն 0 ստացավ իր համար սովորական 130 կգ հրում վարժությունում` չեմպիոնի տիտղոսը պարգեւելով ռումին ծանրորդին, որը հաղթեց 232 կգ արդյունքով:
Ավստրիայի թիմից հանդես եկավ մեր հայրենակից մ. 81 կգ ք/կ Հմայակ Մինասյանը՝ ոսկե մեդալ նվաճելով պոկում վարժությունում` 147 կգ:
Հայաստանի տղաների թիմը մեդալների քանակով առաջինն էր` նվաճելով 18 մեդալ (7 ոսկե, 8 արծաթե եւ 3 բրոնզե)՝ շրջանցելով Թուրքիայի եւ Ուկրաինայի թիմերին: Թիմային հաշվարկով մեր թիմը նույնպես առաջինն էր` 660 միավորով շրջանցելով 2-րդ տեղը գրաված Վրաստանին (619 միավոր) եւ 3-րդ տեղը գրաված Թուրքիային (522 միավոր):
Մ. 20տ. աղջիկներից փայլուն հանդես եկան մ. 76 ք/կ Միլենա Խաչատրյանը 219 կգ արդյունքով, ոսկե մեդալներ նվաճելով նաեւ պոկում (99 կգ) եւ հրում (120 կգ) վարժություններում եւ մ. 81 կգ ք/կ Լիանա Գյուրջյանը` նվաճելով 3 ոսկե մեդալներ (98+125=223 կգ)՝ դառնալով Եվրոպայի չեմպիոններ:
Երկամարտում արծաթե մեդալներ նվաճեցին մ. 81 կգ ք/կ Էմմա Պողոսյանը (215 կգ)՝ բրոնզե մեդալ նվաճելով պոկում (94 կգ) եւ արծաթե մեդալ (121 կգ)՝ հրում վարժությունում, եւ ծանր քաշային (+87 կգ) Ջուլիետա Ավանեսյանը (206 կգ)՝ ոսկե մեդալ նվաճելով պոկում վարժությունում (95):
Պատվավոր երրորդ տեղը երկամարտում նվաճեց մ. 87 կգ ք/կ Մերի Թումասյանը՝ բրոնզե մեդալ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում (92+113=205 կգ):
Մեդալների հաշվարկով թիմը գրավեց 2-րդ տեղը` նվաճելով 14 մեդալ (7+3+4):
Թիմային հաշվարկով աղջիկները 3-րդն էին` 451 միավորով: Մեր ծանրորդուհիները նվաճեցին 32 մեդալ (14 ոսկե, 11 արծաթե, 7 բրոնզե): Տղաները թե մեդալների հաշվարկով, թե թիմային հաշվարկներով Եվրոպայում ճանաչվեցին ուժեղագույնները, աղջիկները մեդալների հաշվարկով 2-րդն էին՝ 14 մեդալ (7+3+4), իսկ թիմային հաշվարկով 3-րդն էին (451 միավոր, 6 ծանրորդուհի), որը նույնպես գերազանց արդյունք է:
Գերազանց հանդես եկան նաեւ մ. 23 տարեկան ծանրորդները՝ Եվրոպայի առաջնությունում նվաճելով 13 մեդալ (6+1+6):
Թիմային հաշվարկում տղաները (6 ծանրորդ) հավաքեցին 328 միավոր եւ զբաղեցրին պատվավոր 3-րդ տեղը՝ մեդալների հաշվարկով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: Աղջիկներից ունեինք 1 ծանրորդուհի (Լ. Սահրադյան), որը մ. 87 կգ ք/կ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` նվաճելով 3 բրոնզե մեդալներ:
Փայլուն հանդես եկան մ. 96 կգ ք/կ Արա Աղանյանը եւ 109-ից բարձր ք/կ ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ նվաճելով բոլոր 6 ոսկե մեդալները, երկամարտում փոխչեմպիոն դարձավ մ. 109 կգ ք/կ ծանրորդ Յաշա Մինասյանը՝ բրոնզե մեդալներ նվաճելով նաեւ պոկում, հրում վարժություններում: Բրոնզե մեդալ նվաճեց մ. 89 կգ ք/կ ծանրորդ Վ. Մանուկյանը (հրում):
Մ. 15 եւ մ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում (Ռաշին, Լեհաստան) հաջող հանդես եկան մեր պատանիները: Մ. 15 տ. առաջնությունում մեր երկու մասնակիցները նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ նվաճելով բոլոր 6 ոսկե մեդալները:
Մ. 56 կգ ք/կ Սերյոժա Բարսեղյանը (111+125=236 կգ) եւ մ. 67 կգ ք/կ Վալերիկ Մովսիսյանը (120+134=254 կգ) հիացրին հանդիսատեսին: Մ. 17 տ. առաջնությունում մեր թիմը հանդես եկավ 7 ծանրորդով:
Մ. 15 տ. պատանիների Եվրոպայի առաջնությունում 3-ական մեդալներ նվաճեցին եւ Եվրոպայի չեմպիոններ հռչակվեցին մ. 61 կգ ք/կ ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը (111+125=236 կգ) եւ մ. 67 կգ ք/կ ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը (120+134=254 կգ):
Ս. Բարսեղյանի պոկում վարժության 111 կգ-ը, երկամարտի 236 կգ-ը եւ Վ. Մովսիսյանի պոկում վարժության 120 կգ-ը պատանիների Եվրոպայի ռեկորդներ են: Մեդալների հաշվարկով ՀՀ թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը:
Մ. 17 տ. պատանիների ՀՀ թիմը թե՛ թիմային եւ թե՛ մեդալների գծով նվաճեց 3-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Միքայել Չոլակյանը (մ. 49 կգ)՝ նվաճելով 3 ոսկե մեդալ (81+101=182 կգ), փոխչեմպիոն հռչակվեց մ. 55 ք/կ Ժորա Գրիգորյանը՝ ոսկե մեդալ նվաճելով հրում վարժությունում եւ բրոնզ պոկում վարժությունում (100+125=225 կգ): 2-ական բրոնզե մեդալ նվաճեց մ. 96 կգ Աշոտ Մարգարյանը՝ երկամարտում եւ հրում վարժությունում նվաճելով բրոնզե մեդալ (128+159=287 կգ):
Հրում վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց Ռ. Պողոսյանը (մ. 89 կգ)՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը (125+160=285 կգ): ՀՀ ծանրորդները եւ թիմային (534 միավոր), եւ մեդալների գծով (9 մեդալ) գրավեցին 3-րդ պատվավոր տեղը:
Մ. 17 տ. աղջիկները նույնպես հաջող հանդես եկան Եվրոպայի չեմպիոնի կոչում 3 ոսկե մեդալով նվաճեց մ. 49 կգ ք/կ ծանրորդուհի Ալեքսանդրա Գրիգորյանը (73+94=167 կգ արդյունքով):
2 ոսկե մեդալ (հրում 115 կգ, երկամարտ 206 կգ) եւ 1 արծաթ (91 կգ) արդյունքով Եվրոպայի չեմպիոն կոչումը նվաճեց մ. 81 կգ ք/կ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը՝ (91+115=206 կգ) արդյունքով:
Մեկական բրոնզե մեդալներ նվաճեցին նաեւ մ. 71 կգ ք/կ Արինա Սուքիասյանը (պոկում` 80 կգ) եւ մ. 76 կգ ք/կ Աննա Ամրոյանը (հրում` 110 կգ): Մեր աղջիկների թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը՝ 423 միավորով, իսկ նվաճած մեդալներով 2-րդ հորիզոնականը` 9 մեդալով, որը մեր մարզիչների քրտնաջան աշխատանքի վկայությունն է: Հայ պատանիները (մ. 15 տ.+մ.17 տ.) նվաճեցին 24 մեդալ (15 ոսկե+2 արծաթե+7 բրոնզե):
Երիտասարդների աշխարհի, Հունաստանի Հերակլիոն քաղաքում մայիս ամսին կայացած առաջնությունում գերազանց հանդես եկան մ. 55 ք/կարգի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը՝ նվաճելով բոլոր 3 ոսկե մեդալները` 240 կգ արդյունքով (108+132): Հրաշալի հանդես եկավ նաեւ մ. 96 կգ ք/կ Գարիկ Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով` նվաճելով ոսկե մեդալ՝ ոսկե եւ բրոնզե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում (170+200): Երկամարտում արծաթե մեդալներ նվաճեցին մ. 89 կգ ք/կ Սուրեն Գրիգորյանը (150+185=340 կգ)՝ բրոնզե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում, եւ մ. 102 կգ ք/կ Պետրոս Պետրոսյանը 363 կգ արդյունքով՝ արծաթե մեդալ նվաճելով նաեւ հրում վարժությունում (161+202):
Երկամարտում բրոնզե մեդալ նվաճեց մ. 67 կգ ք/կ ծանրորդ Գոռ Սահակյանը` արծաթե մեդալ նվաճելով պոկում վարժությունում եւ բրոնզե մեդալ՝ հրում վարժությունում (137+165=302 կգ): Մյուս ծանրորդները հանդես եկան իրենց հնարավորություններից ցածր: Հայաստանի թիմը հանդես եկավ 8 ծանրորդով՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով 2-րդ տեղը, մեդալների հաշվարկով` 3-րդ տեղը:
Աղջիկների պայքարում միակ ներկայացուցիչը մ. 81 կգ ք/կ Միլենա Խաչատրյանն էր, որ երկամարտում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը (96+115=211 կգ): Մեդալների հաշվարկով տղաները երկամարտի արդյունքով գրավեցին երկրորդ տեղը, մեդալների ընդհանուր հաշվարկով` 3-րդ տեղը:
Մեքսիկայում հունիսին կայացած պատանիների աշխարհի առաջնությանը մեր ծանրորդները հանդես չեկան:
Սպասելիքները չարդարեցրին մեր ծանրորդները 2022-ին Բոգոտայում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում: Թիմից մասնակցեցին 102 քաշային Սամվել Գասպարյանը եւ +109 կգ ք/կ Վարազդատ Լալայանը, որոնք նվաճեցին 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ: Սամվել Գասպարյանը, ցավոք, մեկական մոտեցումներ իրացրեց պոկում (175 կգ) եւ հրում (214 կգ) վարժություններում՝ նվաճելով 2 բրոնզե մեդալ (պոկում եւ երկամարտ-389 կգ): Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում իրացնելով 215 կգ ծանրաձողը՝ նվաճեց արծաթե մեդալ եւ 461 կգ արդյունքով երկամարտում նույնպես զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մեր թիմի մյուս խոստումնալից ծանրորդ Գոռ Մինասյանը հանդես եկավ Բահրեյն երկրի թիմից եւ 462 կգ արդյունքով երկամարտում նվաճեց բրոնզե մեդալ: Նա բրոնզե մեդալ նվաճեց պոկում (212 կգ) վարժությունում եւ արծաթե մեդալ՝ հրում վարժությունում (250 կգ):
Ընդհանուր առմամբ 2022 թ. առաջնություններում ՀՀ ծանրորդները նվաճեցին 106 մեդալ (36 ոսկե, 34 արծաթե եւ 36 բրոնզե), որը զգալի հաջողություն է ծանրամարտի մեր դպրոցի համար:
Հայ ծարորդները 1946-2022 թթ. ընթացքում նվաճել են 1757 մեդալ (665 ոսկե, 637 արծաթե, 455 բրոնզե): Սփյուռքահայերի նվաճած մեդալներով այն կազմում է 1819 մեդալ (ոսկե` 685, արծաթե` 657, բրոնզե` 477), որը վկայում է ծանրամարտի ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ կայացման մասին:
2023-ի տարեսկիզբը հաջող էր հայ ծանրորդների համար: Ալբանիայում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում մեր պատանիները նվաճեցին 11 մեդալ` թիմային հաշվարկով գրավելով առաջին հորիզոնականը: Աշխարհի չեմպիոն հռչակվեց Սերգեյ Իսրայելյանը:
Վերը նշվածներից եւ ներկայացված աղյուսակներից երեւում է, որ Հայաստանը հպարտացել է իր դյուցազուններով եւ աշխարհում համարվում է ծանրամարտի առաջատար երկիր:
Հայազգի ծանրորդների հաջողությունների մեջ նշում եմ հանրահայտ մարզիչներ Գրիգոր Սիմոնյանի, Պավել Ղումաշյանի, Արսեն Գալոյանի, Սերգեյ Վարդանյանի, Երվանդ Ջեյրանյանի, Ռաֆիկ Հարությունյանի, Վիլորդ Երեգյանի, Գալուստ Ազիզյանի, Ռաֆիկ Խաչատրյանի, Սամվել Հակոբյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Վահան Բիչախչյանի, Հոկսեն Միրզոյանի, Պողոս Պողոսյանի, Փաշիկ Ալավերդյանի, Սարմեն Եսայանի եւ Արտաշես Ներսիսյանի կարեւորագույն դերը:
Առանձնահատուկ ուզում եմ նշել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 20-ամյա առաջին փոխնախագահ Գարուշ Կարապետյանի եւ Օլիմպիական խաղերի ու աշխարհի 7-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանի անուրալի դերը ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ կայացման եւ զարգացման գործում:
Այս առաջնությունը վարկանիշային է Փարիզում կայանալիք 2024-ի Օլիմպիական խաղերի համար եւ անկախ Հայաստանի առաջին խոշոր մրցումներն են 1985-ին կայացած ծանրամարտի «Բարեկամության գավաթ»-ի առաջնությունից հետո: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը, որտեղ Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկելու են շուրջ 40 երկրի մոտ 500 մարզիկ-մարզուհիներ: Մրցումների կազմակերպիչները (կազմ կոմիտեի նախագահ` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյան, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյան) ջանք ու եռանդ չեն խնայել եւ հսկայական ներդրում են կատարել մարզահամալիրը առավելագույնս պատրաստելու եւ մրցումները անցկացնելու համար:
Հուսանք, որ մեր ծանրորդ-ծանրորդուհիները, գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի եւ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ, կլինեն հաղթանակած ծանրորդների առաջատարների շարքում եւ ուրախություն կպարգեւեն ծանրամարտի երկրպագուներին:
Բարի երթ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:
Վանդոս Ղարագյոզյան
Մ.գ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ,
ՀՀ ԾՖ երկարամյա փոխնախագահ