ԱՄՆ ռազմաօդային ուժերի եւ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են ռազմական օդաչուների պատրաստման հարցը։ ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թամիրովը հանդիպել է ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Մարկ Սասեւիլի հետ, եւ կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության ներկա վիճակը, այդ թվում՝ ռազմական օդաչուների պատրաստման հարցը։ Ռուսական ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՄՆ-ում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Խազար Իբրահիմը, «կողմերը մտքերի խոր փոխանակում են անցկացրել» պետության հետ գործընկերության ծրագրի շրջանակներում Օկլահոմա նահանգի հետ համագործակցության ներկա վիճակի վերաբերյալ։ Ադրբեջանը Օկլահոմայի հետ գործընկերության համաձայնագիր է կնքել 2002 թ.՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պետական գործընկերության ծրագրի շրջանակներում։
Տեղեկանում ենք նաեւ, որ համագործակցության խնդիրներն էին, մասնավորապես, Ադրբեջանի օդանավակայանների վերակառուցումը, երկու երկրների բժշկական համալսարանների միջեւ հուշագրերի եւ համաձայնագրերի կնքումը։ Համաձայնագրով առաջարկվել է նաեւ դիտարկել Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի օպերատիվ փոխհամատեղելիության մակարդակի բարձրացման հարցը։ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետի տեղակալի հետ հանդիպումը տեղի է ունեցել բարձր մակարդակով։ «Կոմերսանտը» գրում է, թե, ընդհանուր առմամբ, Ռամիզ Թամիրովի այցը Միացյալ Նահանգներ եւս մեկ քայլ էր պաշտպանության եւ անվտանգության ոլորտում Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի բարեկամական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Չենք տա այն միամիտ հարցը, թե, ինչու է ԱՄՆ-ն օգնում Ադրբեջանին, եթե վերջինս անընդհատ հարձակվում է Հայաստանի վրա։ Սրա պարզ պատասխանը նախ այն է, որ օգնում են աշխատողին, ուժ թելադրողին։ Իսկ Ադրբեջանը այս պահին ե՛ւ ճիշտ է աշխատում, ե՛ւ ուժ է գործածում Հայաստանի հանդեպ։ Ոչինչ, որ ագրեսոր է, օկուպացնում է հայկական հողերը, մտնում է այլ պետության՝ Հայաստանի Հանրապետության տարածք, ոչինչ, որ 44-օրյայի ընթացքում ռազմական հանցագործութունների անգերազանցելի օրինակներ է ցույց տվել եւն։ ԱՄՆ-ն Ադրբեջանին է ձեռք մեկնում, որովհետեւ այս պահին նրա շահը թյուրքական կողմից է։ Երբ կա շահ, իրեն իբր ժողովրդավարության հայր կոչող ԱՄՆ-ը կարող է մոռանալ ժողովրդավարության հասնելու համար իր բոլոր թելադրանքները կատարած Հայաստանին եւ բռնել ժողովրդավարության հետ ոչ մի առնչություն չունեցող Ադրբեջանի եւ դրա բռնակալի ձեռքը։ Հաղթողի՛ ձեռք են բռնում, հաղթողի՛։ Ցավոք, մենք ամեն օր պարտվում ենք թյուրքական կողմին՝ 2020-ից ցայսօր։
Պարտվում ենք, որովհետեւ երբ թշնամին հարձակվում է ՀՀ-ի վրա, զոհեր ենք ունենում, վիրավորներ, տարածք ենք կորցնում, «պատերազմ» բառը գործածելու փոխարեն ասում ենք՝ սադրանք է, ագրեսիա է, միջադեպ է ու չգիտեմ է՛լ ինչ։ Հայաստանի տարածք ներթափանցած եւ հայ քաղաքացիական անձ սպանած ադրբեջանցի զինվորին ասում ենք ռազմագերի, ոչ թե ահաբեկիչ, թշնամուն էլ հակառակորդ ենք կարգում։ Դրա համար էլ մեզ մորթողին հյուրասիրում ենք, վիրահատում ենք, որ ապրի, հաց ենք տալիս ու խաղաղության ձեռք մեկնում։ Թշնամին մտնում է ՀՀ տարածք, մեր իսկ տարածքից կրակում մեզ վրա, ասում ենք՝ հայկական կողմը դիրքային կորուստներ չունի։ Մե՛ր տարածքից է կրակում մեզ վրա, սա դիրքային կորուստ չէ՞։ Եվ ինչո՞ւ ենք կարծում, թե ԱՄՆ-ը պետք է օգնի այսպիսի պարտվողական քաղաքականություն որդեգրածին…
Ի դեպ, ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին նոր չէ, որ «սիրային խաղի» տեսք է ստացել։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2018 թ. ֆինանսական տարում 58,6 միլիոն դոլար է հատկացրել, իսկ հաջորդ տարի՝ 42,9 միլիոն դոլար՝ Ադրբեջանի սահմանային եւ մաքսային ծառայություններին. այս մասին ասվում է Պենտագոնի զեկույցում (Կոնգրեսի համար), որը ստացվել եւ հրապարակվել է Վաշինգտոնի Միջազգային քաղաքականության կենտրոնի կողմից՝ որպես Անվտանգության աջակցության մոնիտորինգի (SAM) մաս: Ֆինանսավորման ծրագրերը ներառել են նախորդ տարիների համեմատությամբ Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության զգալի աճ եւ զգալիորեն գերազանցել տարածաշրջանի գրեթե ցանկացած այլ երկրին տրամադրվող օգնությունը: Այս երկու ֆինանսական տարիների ընթացքում Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը գերազանցել է Վրաստանին՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենահավատարիմ եւ տեսանելի գործընկերոջը տրվող աջակցությանը (այս մասին տեղեկանում ենք «casp-geo»-ից)։ Նկատի ունենանք, սակայն, որ Պենտագոնը չի հրապարակել ծրագրի 2019 թ. ֆինանսական տարվա բյուջեի ամբողջ տեղեկատվությունը, ինչը նշանակում է, որ ծրագրին հատկացված փաստացի գումարը կարող էր գերազանցել 42,9 միլիոն դոլարը («Eurasianet»-ին ասել է SAM-ի տնօրեն Քրիստինա Արավիան):
«Կասպիյսկի վեստնիկի» համաձայն՝ տարիների ընթացքում Ադրբեջանը տարբեր օգնություն է ստացել ԱՄՆ-ից՝ նավթով եւ գազով հարուստ Կասպից ծովում իր ռազմածովային եւ առափնյա ուժերը համալրելու համար: «Ահաբեկչության դեմ պատերազմի» առաջին տարիներին «Կասպյան գվարդիա» ծրագիրը օգնել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինների պատրաստմանը։ ԱՄՆ-ն նաեւ պարեկային նավեր է նվիրել Ադրբեջանին, ինչպեսեւ՝ Ղազախստանին եւ Թուրքմենստանին (ուշադրություն դարձնենք՝ երեք թյուրքական երկրների)։ ԱՄՆ տեսանկյունից Կասպից ծովը առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ «Իրանը նստած է նրա ափերին», եւ ԱՄՆ-ը երկար ժամանակ համակարգված աշխատում է օգնելու Ադրբեջանին՝ հակազդելու իրանական շատ ավելի ուժեղ ռազմական ներկայությանը կասպիցծովյան ավազանում: Ադրբեջանի միջոցով Իրանին հակազդելու ամերիկյան ականջները նաեւ 44-օրյային երեւացին։ Ու ոչ միայն ամերիկյան։ Նաեւ՝ բրիտանական, իսրայելական։
Այս ամենի անունը քաղաքականություն է, եւ ոչ մի երկիր մեղավոր չէ, որ մենք լավ չենք «խաղում», ճիշտ չենք աշխատում: Աշխարհը մեզ չծափահարեց նաեւ Արցախյան առաջին ազատամարտից հետո։ Բայց հաշվի նստեց արդյունքի հետ այդ ժամանակ եւ հետագա տարիներին։ Հիմա մեզ հետ իրականում չեն աշխատում, եւ մեր ձայնը լսելի չէ, որովհետեւ ՀՀ տարածք մտած ադրբեջանցուն բռնում են… քաղաքացիները: Մինչեւ ինքներս չուզենք իրավիճակը փոխել, այդ իրավիճակը չի փոխվի։ Ոչ մի պետություն մեզ չի ասելու, թե Հայաստանին կօգնի, որովհետեւ Հայաստանի իրավունքն արդար է, հողերը հայկական են, արհեստածին ու ակնթարթի պատմություն ունեցող Ադրբեջանը չի կարող պատմական հողերից խոսել եւ այլն։ Աշխարհը մեզ օգնության կգա միայն մեկ պարագայում՝ եթե ինքներս լրջագույն աշխատանքով խոսենք այդ ամենի մասին։ Կիրառակա՛ն գործելով խոսենք։ Մեզ աշխարհի օրենքներն ընդունել է պետք, առավելեւս՝ երբ կանգնած ենք թշնամուն դեմ հանդիման։ Առավելեւս՝ երբ թշնամու պետությունը ստեղծվել է հայապատկան հողերի վրա։ Մեզ նախ եւ առաջ այլ սահմանազատում է պետք՝ խղճի ու խեղճության։ Հենց զատեցինք, մեր վիճակը կտրուկ կփոխվի, եւ թնամին ինքը կզգա, որ հայը նույն հայն է…