«Լավ ճարտարապետը պետք է նաեւ լավ նկարի, բայց չի նշանակում, որ լավ նկարիչը կարող է դառնալ լավ ճարտարապետ: Եթե այդպես լիներ, ապա Հայաստանի ամենալավ ճարտարապետը պետք է Մարտիրոս Սարյանը լիներ: Ալեքսանդր Թամանյանը շատ լավ էր նկարում, դրա համար էլ նրա ստեղծագործություններում արիստոկրատիկ երանգ կա, նրբագեղություն եւ մեծ հումանիզմ:
…Իմ խորին համոզմամբ, եթե ճարտարապետությունը ձգտում է կատարել իր հասարակական առաքելությունը, ապա այն պետք է ստեղծվի որպես գեղարվեստական կերպար, որպես արվեստի գործ, քանի որ մնացած ամեն ինչ փոփոխական է, նույնիսկ գործառույթը: Շրջակա միջավայրը ժամանակի ընթացքում կարող է փոխվել, եւ միակ անփոփոխ չափանիշը մնում է գեղագիտական կատարելությունը: Իհարկե, ճարտարապետությունը՝ իր գործառութային նշանակությամբ, պետք է համապատասխանի որոշակի պահանջներին, բայց ամեն ինչից բարձրը գաղափարն է: Պանթեոնը կամ իտալական Վերածննդի պալացոն, կամ հայկական միջնադարյան եկեղեցին, այս բոլորը համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներ են…»:
Ջիմ ԹՈՐՈՍՅԱՆ
Հանճարեղ Ալեքսանդր Թամանյանի նախագծած հայոց արեւային մայրաքաղաքի համապատկերում բարձրաճաշակ արվեստագետի անխամրելի իր ձեռագիրն է թողել արվեստում գեղագիտական կատարելությունը որպես բարձրագույն չափանիշ դավանած ու այդ սկզբունքով «քարը քարին դրած» Ջիմ Թորոսյանը՝ մեկը այն եզակիներից, որին նույնպես պարտական են Երեւանն ու երեւանցին, մենք՝ բոլորս, ում համար թանկ է հայոց հնօրյա ոստանը, հային հպարտություն ներշնչող նրա կառույց-կոթողներից շատերը: Բարեբախտություն էր, որ հենց նա էր Երեւանի գլխավոր ճարտարապետը 1971-1981 թթ., նա, որ կոչված էր վերակենդանացնելու թամանյանական մոռացված նախագիծը՝ քաղաքի հյուսիսային եւ կենտրոնական հատվածներն իրար շաղկապող «Կասկադը»՝ ծաղկանոցներով, աստիճաններով, շարժասանդուխքներով, ցուցասրահներով, ցուցադրաբակերով, շատրվաններով ու բացօթյա պարտեզների ցանցով: Այսօր հրաշք այս համալիրը մայրաքաղաքի ամենականչող ու հրապուրիչ վայրերից մեկն է՝ լի նաեւ օտարերկրյա այցելուներով: «Կասկադի նախագծի վրա աշխատելիս ես ու գործընկերներս բազմաթիվ էսքիզներ ենք արել, փորձելով պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ համալիրը: Քանի որ բաց երկնքի տակ էր՝ անհրաժեշտ էր, որ ներդաշնակ լինի բնության հետ,- տասնամյակներ անց այսպես էր վերհիշելու շքեղ այդ կառույցի նախագծային աշխատանքները տաղանդավոր արվեստագետը:- Շատ էինք ցանկանում, որ համալիրը արվեստների սինթեզ լինի՝ իր մեջ պարունակելով եւ ճարտարապետություն, եւ գեղանկարչություն, եւ երաժշտություն: Երբ իմ լավ ընկեր, շվեյցարացի ճարտարապետ Յուստուս Դահինդենը ժամանել էր Երեւան, Կասկադը տեսնելուց հետո հարցրեց, թե ինչպես եմ ես այն անվանում: Ես պատասխանեցի այնպես, ինչպես նշված էր գլխավոր հատակագծում՝ «Հանգստի գոտի»: Նա էլ ինձ ասաց. «Այն այդպես մի անվանիր, պարզապես ասա, որ Կասկադը երկնքի, բնության, ջրի եւ ծաղիկների միասնություն է…»:
Տաղանդավոր ճարտարապետի նախագծով է ստեղծվել Օշականի Հայոց գրերի հուշարձանը, քանդակագործներ Նիկողայոս Նիկողոսյանի եւ Արա Շիրազի համագործակցությամբ՝ Միքայել Նալբանդյանի, Պարույր Սեւակի, Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Եղիշե Չարենցի, Վիկտոր Համբարձումյանի արձանները: Նրա ձեռագրով են կերտվել Սեւակի, Մատիրոս Սարյանի տապանաքարերը, Վիլյամ Սարոյանի մահարձանը՝ Կոմիտասի անվան պանթեոնում: Ջիմ Թորոսյանն է հեղինակել Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» հոյակերտ կայարանը՝ վերգետնյա եւ ստորգետնյա կառույցների համալիրով: Աշխատանք, որն արժանանալու էր Հայաստանի պետական մրցանակի: Ժամանակակից արվեստի թանգարանը, Երեւանի քաղաքապետարանի նախկին եւ այժմյան շենքը՝ Երեւան քաղաքի պատմության թանգարանով, Սպիտակի կենտրոնական հրապարակը, աչքի ընկնող հասարակական ու առողջապահական հայտնի տարբեր կառույցներ:
Ճարտարապետի ստեղծագործությունների մեջ առանցքային տեղ ունեն նաեւ եկեղեցապատկան կառույցները: Նրա նախագծերով են կառուցվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող սուրբ Վարդան Մամիկոնյանի եւ սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող մատուռ-մկրտարանը, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հարեւանությամբ գործող սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, ճեմարանի նորակառույց հանդիսությունների սրահը, Մայր Աթոռի բացօթյա մուտք-խորանը:
Ջիմ Թորոսյանը վարպետ էր ոչ միայն ճարտարապետական նախագծային գործունեության մեջ, այլ նաեւ նկարչության ասպարեզում, ինչի մասին են վկայում նրա ձեռամբ կատարված ութ տասնյակից ավելի աշխատանքները: Ջրանկարների եւ գրաֆիկական գործերի հիմնական թեման Իտալիայի եւ Իսպանիայի քաղաքային ճարտարապետությունն է եղել: Տասնյակ նկարներ պատկերում են Հռոմը, Վենետիկը, Ֆլորենցիան, Ասսիզին… Փաստորեն, նկարչությունը նրա համար յուրահատուկ ճանապարհ էր դեպի ճարտարապետություն: Աստվածաշնորհ արվեստագետի նկարչական տաղանդի վկայություններից են նաեւ բեմական ձեւավորումները Երեւանի մայր եւ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոններում, մայրաքաղաքի 2750-ամյակին նվիրված տոնակատարությունների դրոշակները: Ուստի, հենց այնպես չէր երախտավորի այն խոսքը, թե՝ «ճարտարապետը նաեւ նկարիչ պետք է լինի…»:
Ջիմ Թորոսյանը հայտնի էր նաեւ մասնագետների միջազգային շրջանում. նրա ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բրյուսելում, Սոֆիայում, Վենետիկում, այլուր: Իսկ ինքը ունեցել է մի վերջին նվիրական ցանկություն, որի մասին միայն մի քանի մտերիմ մարդիկ են եղել տեղյակ՝ եկեղեցի կառուցել հայոց Վան քաղաքում: Գաղափար, որ ջերմորեն է ընդունել Ամենայն հայոց կաթողիկոսը եւ խրախուսել մտահղացումը… Դժբախտաբար, ճարտարապետի նվիրական այդ իղձը չէր կատարվելու…