Հայաստան-Նախիջեւան սահմանը՝ ադրբեջանական զինված ուժերի երկու զինծառայողի ապօրինի հատելու փաստը մեծ արագությամբ վերածվեց Բաքվի քարոզչամեքենայի գործիքի: ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդատու Լուի Բոնոյի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե միջպետական սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողները պետք է «անհապաղ» վերադարձվեն: Ջ. Բայրամովն ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետին նաեւ այլ կեղծ քարոզչական թեզեր է մատուցել, որոնք նոր չեն, բայց առանձնակի դիտարկման է արժանի հենց ՀՀ իրավապահների կողմից ձերբակալված զինծառայողների մասին հայտարարությունը:
Այսօր Բաքվի բանտերում չհաստատված տվյալներով պահվում են 33 հայ ռազմագերիներ, որոնց խաբեությամբ է գերեվարել ադրբեջանական զինուժը: Հայ զինծառայողներին գերեվարել են այն դիրքերից, որտեղ նրանք կանգնած են եղել եռակողմ հայտարարության ստորագրման պահին, որի հիմնական դրույթով ամրագրված է, որ կողմերի զինված ուժերը կանգնում են այն դիրքերում, որտեղ գտնվում են ստորագրման պահին: Պատերազմն ավարտված լինելու հիմնավորմամբ դիրքերը զիջելու դեպքում Ստեփանակերտ ազատ վերադառնալու խոստմամբ գերեվարված հայ զինծառայողները տեղափոխվեցին Բաքվի բանտեր, բեմականացված դատավարություն կազմակերպվեց, նրանց մի մասին հաջողվեց ազատել գերությունից, սական 33 զինծառայող եւ քաղաքացիական անձ արդեն 2.5 տարի ադրբեջանական բանտերում են: Գերեվարվածների թվում է նաեւ լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, որին կեղծ մեղադրանքներով ադրբեջանական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել, այն դեպքում, երբ վերջինս իր կնոջ հետ ցանկացել է Շուշիից վերցնել իր տան իրերը եւ զինծառայող չի եղել:
Այս ապօրինության ֆոնին Բաքվից հայտարարում են բանակից փախած եւ զենքով ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողներին անհապաղ վերադարձնելու մասին: Մյուս կողմից էլ՝ ՀՀ իրավապահ կառույցներում դեռ քննության փուլում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կապանցի 56-ամյա բնակչի սպանության վարկածը: Այստեղ անհրաժեշտ է արձանագրել, որ վերջին երկու տարիների ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ, իրոք, մոլորված ադրբեջանցի զինծառայողներին հայկական կողմն առանց որեւէ նախապայմանի վերադարձրել է Ադրբեջան, նաեւ՝ Արցախի Հանրապետությունից:
Հայկական կողմի այդ պատրաստակամությանն ադրբեջանական կողմը որեւէ կերպ չարձագանքեց՝ շարունակելով գերության մեջ պահել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: Ավելին՝ ադրբեջանական կողմը թաքցնում է նաեւ այդ երկրի տարածքում գերեվարվածների իրական թիվը: Այդ մասին է խոսում Լաչինի միջանցքը փակ պահելու ընթացքում քարոզչական նպատակով Արցախի քաղաքացու ազատ արձակելու փաստը, այն դեպքում, երբ մինչ այդ ադրբեջանական կողմը ժխտում էր, որ արցախցին իրենց մոտ է:
Այսօր պաշտոնական Բաքվի գործողությունները տեղավորվում են աբսուրդի թատրոնի բոլոր ժանրերի մեջ: Գրեթե ամենամսյա, եթե ոչ՝ ամենշաբաթյա պարբերականությամբ միջազգային քաղաքական եւ իրավական կառույցներից, պետություններից կոչեր են ուղղվում Ադրբեջանի ուղղությամբ՝ կատարելու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես՝ անհապաղ ազատ արձակելու ռազմագերիներին, որոնք Բաքուն պարզապես արհամարհում է, իսկ այսօր պահանջում է իրենց վերադարձնել ՀՀ սահմանը զենքով հատած եւ ծանր հանցագործության մեջ կասկածվող զինծառայողներին:
Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը եւ, սեփական «ճշմարտությունից» բացի, այլ բան չի տեսնում, իսկ այն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փակուղի տանելու ուղիղ ճանապարհ է: Բայց ճշմարտությունը մեկն է բոլորի համար, որն ասում է, որ խնդիրները լուծելու համար փոխզիջում պետք է լինի, ինչը պահանջում է հավասարության նշան դնել բոլոր կալանավորվածների միջեւ, չնայած վերջին գերեվարված երկու ադրբեջանցիների դեպքում դա դժվար է, քանի դեռ սպանության դրվագը լիարժեք չի քննարկվել: