Հայրենիքը միայն ապրելու տարածք չէ։ Արդի աշխարհը տալիս է ուզածդ վայրում ապրելու հնարավորությունը։ Այդ հնարավորությունը քեզ թույլ է տալիս ունենալ նոր բնակատեղի, ապրելու վայր, սերունդների համար՝ նոր ծննդավայր, բայց դա Հայրենիքը չէ։ Հայրենիքը հոգի է։ Ոչ ազգերը դա չեն հասկանա. ամերիկացին, իսպանացին, բրազիլացին, արգենտինացին, ավստրալիացին, պակիստանցին, թուրքը, ադրբեջանցին… հանգիստ կարող են ապրել այլ երկրում՝ սեփական բարեկեցության համար։ Հանգիստ, առանց կարոտի, առանց Հայրենիքի հանդեպ պարտականությունը չկատարածի մեղավորության եւն։ Հայրենիքը արմատ է, որին սերտաճած է ազգը։ Ոչ ազգերը այս ու այնտեղ ապրելուց ցավ չեն զգում՝ արմատից չեն կտրվել։ Կարող են կարոտել ծննդավայրը, բնակատեղին, աշխատատեղը, շրջապատը, բայց ոչ՝ հայրենիքը։ Հայրենիքը կարոտ է, հոգի է, արմատ է, շնչառություն է, զրկվելով՝ կարոտախեղդ են լինում, հոգին մարում է, արմատի կտրված տեղը ցավում, շնչառությունը լիաթոք չի լինում։ Հայրենիքն ազգիդ, տոհմիդ, ընտանիքիդ, գենիդ պատմությունն է։
Հայրենիք ունեցողների համար սարը զուտ բարձրություն չէ, Սիսն ու Մասիսն էլ պարզապես Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր երկգագաթ լեռը չէ։ Այն Մայր լեռ է, մեր փշրված երազանքների հիշեցումը, բայց գալիք ծրագրերի կենսատու հոսքն է, որ սնուցում է իրեն կպած Մայր հողը, Մայր հողի իրական տիրոջը։ Անընդհատ կարող ենք գրել, բայց չենք հասցնի ամբողջականացնել, որովհետեւ այն տիեզերական զգացողություն է։ Որ կհասկանա միայն հենց մե՛ր Հայրենիքի զգացողություն ունեցող՝ գենետիկ հայը։ Մնացյալը սոսկ բացատրություն է այլոց համար՝ այն էլ շա՜տ մոտավոր ու շա՜տ կիսատ…
Հայրենիք կամ ունես, կամ՝ ոչ։ Կամ՝ ազգ ես, կամ՝ ոչ։ Կամ՝ զտարյուն ես, կամ՝ խառնածին։ Այստեղից էլ բխող արժեհամակարգով, գործողություններով… Հայը դեռ երկար ճամփա ունի անցնելու մինչեւ իր Հայրենիքը վերատիրելը։ Քանի սերունդի գործ դա կլինի, կախված է մեր ա՛յս օրից։ Իսկ այսօրն այնքան զավեշտալիորեն ցավալի է, որ հազարամյակների մեր ազգն ստիպված է պայքարել, օրինակ՝ կոկա-կոլայից էլ տարիքով փոքր արհեստածին մի պետության դեմ, որ բառացիորեն ստեղծվել է մեր հողում՝ թյուրքական ինչ-որ ցեղախմբի «բալաստից»։ Բնույթն էլ նույնն է՝ անպետք բեռի պես։
Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ու այս բալաստը, որ Արցախյան առաջին ազատամարտին երկու ոտք ուներ, երկուսն էլ պարտքով վերցրել ու մեր առջեւից լեղապատառ ճողոպրում էր, այսօր զենք է թափ տալիս մեր գլխին, շուրջը, ոտքերի տակ։ Ադրբեջանի նախագահը հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, թե՝ «պատերազմից հետո անցած երկուսուկես տարիների ընթացքում շատ մեծ ուշադրություն է դարձվում բանակաշինության հարցերին»։ Բնականաբար, Հայաստանից դուրս չշպրտված թշնամին ակնկալիքներ ունի եւ ընդգծել է, որ իրենք «ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն ցանկացած իրավիճակի»։ Սա նշանակում է՝ Ալիեւը հասկանում է, որ իր համար բարենպաստ ժամանակներ են, եւ ինքը պատրաստ է հնարավորինս շատ ստանալուն։
Անկեղծ լինենք՝ սա մեր թողտվության հետեւանքն է։ Հստակեցնեմ «մեր»-ը, այսինքն՝ պետության։ Որովհետեւ հայ ռազմիկը (զինծառայող եւ կամավոր) 44-օրյային կռվել է, այսօր էլ պատրաստ է, բայց… պետությունն ամեն օր ասում է, թե գնում է խաղաղության օրակարգով։ Օրինաչափորեն ու բնականորեն ամեն օր տանուլ ենք տալիս, որովհետեւ գայլի դիմաց հանդարտ կանգնողը կերակուր է դառնում։ Բայց մենք գառ չենք, չէ, խոյ ենք, խոյ-հուրը, որի նշանի կարգախոսը «ես կամ»-ն է։ Բժշկական աստղագուշակությունում մարդու մարմնի մասերից Խոյը ղեկավարում է գլուխը, իսկ բնության մեջ խոյի նշանի ներդաշնակությունը անկառավարելի բոցն է։ Ասել կուզի՝ խոյը չի կարող անուղեղ ու հանգած լինել։
Ինչեւէ, սա հուզականության տիրույթից չէ, ամեն ինչ գիտական բացատրություն ունի՝ տոտեմից սկսած մինչեւ իրականություն։ Իսկ իրականությունը փաստում է՝ խաղաղություն չի լինելու մեր ու Ադրբեջան կոչվածի միջեւ, որովհետեւ ուժային հավասարակշռությունը տարածաշրջանում խախտված է։ Եթե իրապես խաղաղություն ենք ուզում, ապա պետք է վերականգնենք ուժային հաշվեկշիռը, այն է՝ Ադրբեջանը Հայաստանից պետք է վտանգ զգա ու շոշափելիորեն տեսնի դա։ Հակառակ պարագայում խաղաղությունը բացառված է, որովհետեւ մուրացկանին միլիոն չեն տալիս, կոպեկն է նրա բաժինը։ Ենթադրենք՝ այդ խաղաղությունը թյուրքը մեզ բաշխեց, ինչքա՜ն է տեւելու։ Մեկ ժա՞մ, մեկ օ՞ր։ Ճիշտ այնքան, ինչքան կոպեկի արժեքն է։
Այդ իբր խաղաղությունը միակողմանի է լինելու՝ մեր մարդկային ու տարածքային կորուստների հաշվին։ Խաղաղության համար երկու կողմ է պետք. Ադրբեջանը ե՛ւ խոսքով, ե՛ւ գործողություններով ամեն օր ասում է՝ չի՛ լինելու խաղաղություն, ինքը վերադառնալու է իր «պատմական հողեր»։ Խաղաղությունը վերացական հասկացություն չէ, իսկ մեր պետությունն այս շրջանակում է գործում, «կնքենք, հնարավոր է լինի»։ Եթե-ով ու հնարավոր է-ով խաղաղության չեն գնում։ Այդ խնդրական եթե-ներն են բերել այն իրավիճակին, որ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերից հարյուրավոր հեկտարներով տարածքներ ենք կորցրել։ Սյունիքի մարզում (տվյալները ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանինն են) փաստահավաք խումբն արձանագրել է, որ միայն Կապան համայնքի տարածքից եւ միայն 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների եւ հանցավոր ներխուժումների հետեւանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝ 2.400 հեկտար հատուկ պահպանվող հողեր, 170 հեկտար անտառային հողեր, 130 հեկտար համայնքային հողեր: Ընդհանուր՝ 2.700 հեկտար։ Այս 2.700 հեկտարից բացի, 1.000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա՛մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որեւէ աշխատանք, կա՛մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են կյանքի համար իրական վտանգների պատճառով: Մասնավորապես (ըստ գյուղերի)՝ Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ:
Խաղաղություն, իհարկե, ուզում ենք։ Բայց իրակա՛ն խաղաղություն՝ ոչ մեր տարածքների, ոչ մեր ազգի ու ոչ մեր ազգային պատվախնդրության հաշվին։ Իրական խաղաղության համար պիտի կրկնենք 90-ականների օրինակը, բայց նորովի ու արդեն բոլորովին այլ հետեւանքներով։