Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Սրբոց տոներին նվիրված գանձարանային կանոնները» ժողովածուն, որում զետեղված են խլաթեցիական եւ հետխլաթեցիական խմբագրությամբ ստեղծված «Գանձարան» ժողովածուների անտիպ նյութերը: Գիրքը կազմողը, գանձերի, տաղերի, հորդորակների, մեղեդիների, փոխերի գիտական բնագրերը պատրաստողը հայ միջնադարյան հոգեւոր գրականության լավագույն գիտակ եւ բեղուն հետազոտող Վարդան Դեւրիկյանն է: Գիրքն ունի արժեքավոր առաջաբան, ծանոթագրություններ, գիտականորեն կազմած անվանացանկ, հոգեւոր երգերի սկզբնատողերի, օգտագործված ձեռագրերի ցանկ: Ձեռագրերը գրված են 14-17-րդ դարերում եւ ծնունդ են առել աշխարհագրական առումով տարբեր վայրերում՝ Վան, Հիզան, Խլաթ, Լիմ անապատ, Կաֆա (Ղրիմ) եւ այլն:
Հայկական ձեռագիր մատյանները դեռեւս շատ գանձեր ունեն իրենց մեջ. դրանց պատմական, ճանաչողական, գրական, քաղաքական, աստվածաբանական արժեքն անուրանալի է: Եվ այդ ամենի համար պարտական ենք հայոց եկեղեցուն, որը լուսավորության գործում փոխարինել է հայոց պետականությանն ու հիմք դարձել Հայոց պետականության վերականգնմանը: Տեղին է հիշել նշանավոր բյուզանդագետ ու հայագետ Նիկողայոս Ադոնցի հետեւյալ միտքը. «Ազգային եկեղեցի ունենալ նշանակում էր ունենալ սեփական մշակույթ, ինքնահատուկ լեզու, գրականություն, արվեստ, մեկ խոսքով՝ ամեն ինչ, որ բնորոշում է ամեն ազգի հոգեկան կյանքը» (Ն. Ադոնց, Երկեր, Բ, Եր., 2006, էջ 45):
Գրիգոր Խլաթեցու կազմած «Գանձարան» ժողովածուների անտիպ նյութերը Դեւրիկյանը հրատարակել է հետեւյալ բովանդակային ու իմաստային բաժանումով՝ Հին Կտակարան, Նոր Կտակարան, Ընդհանուր քրիստոնեական, Հայկական կանոններ:
Հին Կտակարանի բաժնում մտնող կանոնների մեջ զանազան միավորները ներկայացնում են ընդհանուր քրիստոնեական եկեղեցու նախահայրերին ու մարգարեներին: Նոր Կտակարանի բաժնում Մարիամ Աստվածածնի վերափոխմանը, Բեթղեհեմում մանուկների կոտորածին, Բարդուղիմեոս եւ Թումա առաքյալներին, Ստեփանոս Նախավկային, Ղազարոսի հարությանը եւ Հիսուսի կյանքին վերաբերող նյութերն են: Ընդհանուր քրիստոնեականում տեղ են գտել այն սրբացված անձինք, որոնք պաշտելի են բոլոր կանոնիկ քրիստոնեական եկեղեցիներում, ինչպես Գրիգոր Աստվածաբանը, Հովհան Ոսկեբերանը, Կոստանդինոս թագավորը, Եպիփան Կիպրացին եւ ուրիշներ:
Հայկական կանոնները սերտորեն կապված են հայ ժողովրդի պատմության հետ: Բնական է, որ դրանում տեսնում ենք առաջին դարում քրիստոնեություն ընդունած Եդեսիայի հայ արքա Աբգարին, առաջինը աշխարհում՝ Մեծ Հայքում, քրիստոնեությունը պետական կրոն հռչակած Տրդատ Մեծ թագավորին: Ֆ. Բրոկհաուզ եւ Ի. Էֆրոնի հանրագիտարանում Տրդատ Մեծի մասին կարդում ենք. «Տրդատ III Մեծ (286-342) խիզախորեն կռվել է Սասանյանների դեմ: 302-ին ընդունել է քրիստոնեությունը, հեթանոսական տաճարները փոխարինել է քրիստոնեական եկեղեցիներով ու վանքերով: Քրիստոնեությունը հռչակել է պետական կրոն: Նրա գահակալությունը եղել է Հայաստանի պատմության ամենաերջանիկ ժամանակահատվածը» (Ф. А. Брокгауз, И. А. Ефрон, Иллюстрированный энциклопедический словарь, М., 2012, с. 691):
Գրիգոր Խլաթեցու կազմած «Գանձարանի» նյութերի հրատարակումը յուրօրինակ ձեւով անմահացնում է XIV դարի երկրորդ կեսի եւ XV դարի առաջին քառորդի (1349-1425) հայ միջնադարյան եկեղեցու, գրականության, արվեստի, մանկավարժության մեջ մեծ դեր կատարած Գրիգոր Խլաթեցու անունը: Նա նշանավոր աստվածաբան-փիլիսոփա Հովհան Որոտնեցու աշակերտներից էր, մեծանուն Գրիգոր Տաթեւացու դասընկերը: Հայոց եկեղեցուն, հայերի լուսավորության գործին անմնացորդ նվիրված անհատականություն, որը նաեւ երաժիշտ ու մանրանկարիչ էր: Նա հայ եկեղեցու նոր վկաներից էր: Գրիգոր Խլաթեցու եղերական մահվան մասին Ողբ է գրել նրա արժանավոր աշակերտ Առաքել Բաղիշեցին:
Դեւրիկյանը բացատրում է այն սերտ կապերը, որոնք կան «Յայսմաւուրք» ժողովածուների ու գանձերի միջեւ: Ժողովածուի առաջաբանում անդրադարձ կա գանձի, տաղի, փոխի, մեղեդու, հորդորակի սահմանումներին, որոնք կատարվել են տարբեր հետազոտողների կողմից: Ժողովածուի հեղինակը դրանց հիման վրա ներկայացնում է իր հստակ սահմանումները:
Թեպետ գանձերի առաջին հեղինակ ընդունված է համարել Գրիգոր Նարեկացուն, սակայն, ինչպես վկայակոչում է Գեւորգ Դեւրիկյանը, Ասատուր Մնացականյանը Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի մեջ գտել է VIII դարի նշանավոր մատենագիր, թարգմանիչ, մանկավարժ Ստեփանոս Սյունեցու երկու տաղ, որոնք համապատասխանում են գանձարանային կանոնին: Երբ կարդում ենք Գրիգոր Խլաթեցու «Գանձարան» ժողովածու մտած՝ հայ իրականության հետ կապվող գանձերը, համոզվում ենք, որ հայ եկեղեցու գործիչները եկեղեցու ծեսը օգտագործել են ոչ միայն հավատացյալի մեջ քրիստոնեական եկեղեցու տասը պատվիրաններն ամրապնդելու, այլեւ հայրենասիրություն դաստիարակելու սրբազան գործին ծառայելու համար:
«Գանձարան» ժողովածուները, ինչպես նաեւ «Յայսմաւուրքները» սերտորեն կապված են հայ պատմիչների երկերին: Դրանց պոետիկայի գրեթե պարտադիր կանոններից է, որ ամեն մի բանաստեղծական տունն ավարտվում է աղաչեմք կամ խնդրեմք բառերով:
Գանձերը, որպես գրական տեսակ, լայն տարածում են գտնում հայ միջնադարյան գրականության մեջ տասներորդ դարից մինչեւ տասնյոթերորդը: Եվ երբեմն ստեղծվել են պատմական դեպքի թարմ ազդեցության տակ: Դրա պերճախոս օրինակը XVII դարի փիլիսոփա, բանաստեղծ, մանկավարժ Ներսես Մոկացու գանձն է՝ նվիրված Ագուլիսում 1617 թ. նոյեմբերի 18-ին նահատակված տեր Անդրեասին: Այն գրված է կատարված դեպքի թարմ ազդեցության տակ, գրված է Սյունյաց Մեծ անապատում եւ շարադրվել է՝ պահպանելով գանձի գրական տեսակի բոլոր կանոնները:
Գանձերը երգվել են եւ նշվել են նրանց համապատասխան մեղեդիները խազերի՝ միջնադարյան ձայնանիշների միջոցով: Գրիգոր Խլաթեցու կազմած գանձարանն ամբողջովին խազագրված է: Կարապետ Բաղիշեցին գանձին նախորդող կաֆայանման քառատողերում գրում է.
Կամիս ասել՝ գանձ եմ համով,
Ասա դու զիս եղանակով…
Եղանակէ դու զիս ձայնով…
Գրիգոր Խլաթեցու «Գանձարանում» հատկապես շատ են Ավարայրի հերոսամարտին նվիրված միավորները, որոնցում փառաբանվում են ոչ միայն նահատակված նախարարները, այլեւ հոգեւորականները: Եղիշեի պատմության մեջ եղած Ավարայրի ճակատամարտի նկարագիրը եւ գրքի վերջին՝ վկայաբանական գլուխը դարձել են գանձերի նյութ:
Տեղին է նույնությամբ մեջբերել գրքի առաջաբանն ամփոփող միտքը. «Գանձերը, լինելով կրոնաեկեղեցական խորունկ ապրումների եւ ազգային իղձերի արտահայտությունը, միեւնույն ժամանակ հարաբերվել են տվյալ դարաշրջանի հայ կյանքի, ազգային ակնկալիքների եւ մտահոգությունների հետ, հոգեւոր խորհուրդները առնչակցելով եւ կապելով հարազատ ժողովրդի ներկայի եւ գալիքի մտահոգություններին»:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ