Շարունակելով հավատարիմ մնալ ֆանտաստիկայի ժանրին՝ Ադրբեջանը չի դադարում պահանջներ դնել Արցախի ինտեգրման վերաբերյալ, այսինքն՝ փաստացի նախ առաջարկելով, ապա՝ հորդորելով, հետո՝ պահանջելով, ապա նաեւ ՝որպես նախապայման առաջադրելով, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովուրդն ինտեգրվի ադրբեջանական պետությանն ու հասարակությանը:
Հատկապես ապրիլի 24-ի նախաշեմին այդ ամենը հնչում է առավել զավեշտական: Թե ինչ է նշանակում հայերի ինտեգրումն ադրբեջանա-թուրքական հասարակությանը, պատմությունը վաղուց է հիշատակել: Ընդ որում՝ ոչ միայն հիշատակել է, այլեւ մտապահում է ցայսօր ու նաեւ վաղվա սերունդների համար, թե ավելի քան 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում ինչպիսին եղավ այդ, այսպես կոչված, «ինտեգրման» հետեւանքը: Իսկ հետեւանքն այն ցեղասպանությունն էր, որում մինչ այժմ այդպես էլ իրեն մեղավոր չի ճանաչում Թուրքիան, այն Թուրքիան, որ այսօր ցեղասպանության իրականացման հիմունքներ է դասավանդում Ադրբեջանին:
1915 թ. Թուրքիայում ցեղասպանվեցին, ունեզրկվեցին եւ հայրենազրկվեցին իրենց պատմական հայրենիքում, իրենց բնօրաննում ապրող եւ թուրքական պետությանը բռնի «ինտեգրված» շուրջ մեկ ու կես միլիոն հայեր: Նրանք ապրում, աշխատում, ստեղծագործում էին օսմանյան Թուրքիայում, որն օկուպացրել էր նրանց հայրենիքը: Նրանք ապրում էին «ինտեգրված», սակայն դարձան պետականորեն ծրագրված ցեղասպանության զոհեր, զրկվեցին իրենց տներից, ինչքից, ընդ որում՝ ոչ միայն հենց նրանք, այլ նաեւ նրանց սերունդները: Իհարկե, այսօր էլ Թուրքիայում ապրում են «ինտեգրված» հայեր, բայց, նրանցից բացի, ավելի լավ ոչ ոք չի զգում, թե ինչ է այդ «ինտեգրումը»: Ի դեպ, Հրանտ Դինքը նույնպես «ինտեգրված» էր ապրում Թուրքիայում…
Հիմա ընդամենը մի պահ պատկերացնենք, թե թուրքական այս «ինտեգրման» համապատկերում ինչ է նշանակելու Արցախի «ինտեգրումն» Ադրբեջանին: Չնայած ՝ ավելի լավ է չպատկերացնել, այլ՝ չմոռանալ, որ ադրբեջանական «ինտեգրման» հետեւանքն էին հայերի հանդեպ ցեղասպան գործողությունները Սումգայիթում, Բաքվում, Գանձակում արցախյան պայքարի սկզբնական շրջանում: Իսկ անողոք եւ ամենատես պատմությունը հիշում է գոյություն չունեցող Ադրբեջան պետությանն «ինտեգրված» հայերի հանդեպ վայրագություններ նաեւ 20-րդ դարասկզբին: Հիշեցնենք, որ այդտեղ եւս հայերն ապրում էին իրենց պատմական՝ հայկական աշխարհի մաս կազմող հայրենիքում…
Այսքանից հետո ի՞նչ ինտեգրման մասին է բարբաջում Ադրբեջանը…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ